Սեղմիր
ԷՍՍԵ

11.11.2024   03:16

Քննադատության գույնը, եթե, իհարկե, գույնով փորձենք այս երևույթը որակել, դեղինը կամ դեղնավունն է: Դեղինը սովորաբար զուգորդվում է նախանձի կամ հիվանդոտության հետ, սակայն կրիտիկային նման գույնով որակելու իմ միտումը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: 

Քննադատությունը ոչ որպես գիտություն առաջ է եկել անհատի ինքնաճանաչմանը զուգահեռ: Ճանաչում, որի հիմնաքարը տեսակի ձևավորումն է: Ընդ որում, տեսակ ասելով՝ նկատի չունեմ միայն արվեստի ընկալումները: 

Քննադատությունը սկիզբ է առնում մարդու ամենատարրական-հակասական զգացողություններից ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններից: Կրիտիկայի առաջին զարկն ուղղված է մարդու համար տհաճ կամ ոչ ընդունելի երևույթներին՝ պահպանելով հաճելին, իր տեսակը, որի հատկանիշները զարգացման այդ փուլում սուբյեկտը դեռ ի վիճակի չէ վերլուծելու: 

Այսպիսով, Չգիտականացված քննադատությունը ապրում-զգացողություն է, որը զգացմունք դառնալու հավակնություն ունի կամ իր ընդունել-ժխտելով սնում է զգացմունքները: 

Մի առիթով Ալֆոնս Դոդեն ասել է. «Գրողի մեջ ևս գոյություն ունի երկու ես: Առաջին՝ սիրող, ատող, բովանդակություն ստացող կամ տառապող եսը նման է բոլորին: Մյուս եսը թևածում է այդ ամենի վրա, անխռով մնում նույնիսկ ամենաուժեղ ցնցումների ժամանակ, դիտում է ու զննում»: 

Ատող, սիրող, տառապող, բովանդակություն ստացող առաջին եսը, ըստ իս, բնութագրում է ստեղծագործությունը, երկրորդ՝ թևածող եսի նշանակությունը միանգամայն այլ է: Զննող, անխռով եսը ստեղծագործողի դիտողական-վերլուծական հայացքն է, այլ կերպ ասած՝ արվեստագետի ներսում ապրող քննադատը: 

Իմ խորին համոզմամբ՝ արվեստի յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր ներսի վերլուծող քննադատը: Ավելին՝ մի ստեղծագործության ներքին քննադատը ոչ միայն նման չէ, այլև լիովին տարբերվում է մյուսից: Քննադատության վրիպումը հիմնականում կայանում է երկու եսերի չճանաչողության և ստեղծագործությունների քննաբանությունը չտարբերակելու մեջ: Քննադատի խնդիրն է տեսնել, թե որքանով է հեղինակին հաջողվել ոչ թե երկրորդ եսի գործունեությունը մխրճել առաջինի զգացողությունների ու ապրումների մեջ, այլ արվեստագետներին, իր իսկ զգայարաններով, ստեղծագործել սովորեցնել: 

Երկրորդ վրիպումն առավել ոչ մասնագիտական է: Մի ստեղծագործության ներսի քննադատին մյուսի հետ խառնելը՝ ասելով, որ  այս երկը մյուսից ավելի է հաջողված կամ տվյալ ստեղծագործությունն է կազմում արվեստագետի բուն ժառանգությունը, քանի որ առավել նման է նրա ոճին, վկայում է քննադատի թերի կրթության մասին:

Մի անգամ մի ճանաչված թատերագետ իր ուսանողներից մեկի հետ այցելում է մի բեմադրիչի, որը կրում էր այդ ժամանակին հարիր բոլոր կոչումներն ու տիտղոսները: Հանդիպման ընթացքում բեմադրիչը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է հաճոյանալ թատերագետին: Երբ տնից դուրս են գալիս, ուսանողը զարմացած հարցնում է. 

– Նա այդքան տաղանդավոր և մեծ լինելով՝ ինչո՞ւ էր նվաստանում Ձեր առաջ: 

Թատերագետը պատասխանում է. 

– Այո, նա մեծ է, մի մեծ հախճապակե ծաղկաման է, իսկ ես փոքր քար եմ, բայց ի զորու եմ այն կոտրելու: 

Արվեստը, ցավոք, ընդմիջվում է նման քննադատությամբ: 

Թատերագիտությունը առավել տարբերվում է հիշողության դերով: Այն ժամանակի ըմբռնման բացառիկ տաղանդով օժտված գիտնականներ է պահանջում: Մարդիկ, որոնք կկարողանան այսօրվա թատրոնն այսօր վերլուծել: 

Կրիտիկան նուրբ մանրուքների գիտություն է: Ասեկոսեն այս ոլորտում բացառելի է, սակայն ինտրիգը վերլուծությանը յուրօրինակ փայլ է հաղորդում: Քննադատի խնդիրը ինտրիգի և բամբասանքի միջև եղած հաճախ աներևույթ սահմանը գտնելն է: 

Մյուս հարցը պակաս կարևոր չէ: Կան քննադատներ, որոնք վերլուծում են արվեստագետի այն զգացողությունները, որոնք ենթագիտակցությունից են բխում, ուստի ներհայեցողական ապրումների կնիքն ունեն: Այսինքն՝ շատ անձնական են: Արվեստագետի ներսը տեսնելը չի նշանակում սոսկ նրա խոհանոցն ուսումնասիրել: Քննադատի խնդիրն է ստեղծագործողի ներսում խմորվող պրոցեսները զգալ: Պրոցեսներ, որոնք, երբեմն լույս աշխարհ չգալով կամ հետագայում կրճատվելով, նույնքան կարևոր են, որքան ինքը՝ Ստեղծագործությունը: 

Ի դեպ, «խոհանոց» մտնելը նույնպես փորձառություն և տաղանդ է պահանջում, ուստի հաջողվում է ոչ բոլորին: 

Ի վերջո, քննադատի հնարավոր ամենամեծ խոցը սեփական մտքերի բացակայությունն է: Նման դեպքում մտքերի պակասը լցվում, բայցև չի լրացվում բառերի առատությամբ: Միայն սեփական մտքեր ունեցող արվեստագետը կարող է ներքուստ ազատ լինել: Քննադատությունը ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ է: Ազատագրություն իր իսկ ճաշակին հաճելի երևույթների, ստեղծագործությունների ճնշումից: Բոլորից անկախ, սեփական հայացքով աշխարհին նայելու, սեփական մտքերով արվեստը վերլուծելու վայելքի անունը ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ է: 

Քանի որ գույնով սկսեցի, գույնով էլ փորձեմ խոսքս ավարտել: 

Արվեստն անօրինակ ալքիմիա է: Վաղ շրջանում ալքիմիայի պրոցեսային փուլերը կամ աստիճանները բնորոշվում էին չորս երանգներով՝ սևավուն, սպիտակավուն, դեղնավուն և կարմրավուն: Հետագայում, գործընթացի կրճատման պատճառով, գույներից մեկը՝ դեղնավունը, դուրս մղվեց: 

Թատրոնը այն պահին է թատրոն կոչվել, երբ չորս պատերից մեկը քանդվեց, և հանդիսատեսը ներսում կատարվող գործողությունների ականատեսը դարձավ: 

Չորրորդ պատը փլվեց, սակայն պատի երբեմնի լինելիության զգացումը դերասանին փոխանցվում է չգիտեմ ինչ անըմբռնելի շիճուկի ներարկմամբ, ասենք՝ գենետիկորեն:

 Քննադատության գույնը դեղնավունն է: Սակայն ազատագրված, սեփական մտքերով մտածող քննադատը կարող է կանգնել չորրորդ պատի դիմաց և ապացուցել, որ իր գործը ևս ալքիմիայի պրոցեսային աստիճաններից մեկն է: 

Ալքիմիա, որի սահմանները սկսվում ու ավարտվում են միմիայն արվեստի տարածքում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ Թեքգյոզյան

Նյութի աղբյուրը՝  Հովհաննես Թեքգյոզյան «Երկսեռ թատրոն» , էսսեների ժողովածու, Երևան. 2007 թ.,

55 հոգի