Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

05.11.2020   19:44

Վավերագրական արձակի ամենամեծ ստեղծագործողներից մեկը՝ բելառուս գրող, Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիեվիչը, իր գրքերում անվերջ հունցելով ժամանակի խմորը՝ վերապրած, խմորված, ապրված, «օգտագործված» ժամանակին տվել է «second hand-ժամանակ» ձևակերպումը:

Համազգային թատրոնում ընթանում է Նարինե Գրիգորյանի «Հաղթանակի գենեզիս» վավերագրական ներկայացումը, որն արված է ամեն քայլափոխին չհանդիպող docudrama Ժանրում և որում նույնպես մեկ ժամից մի փոքր ավել «հագնում ենք» բոլորիս կողմից արդեն իսկ մաշեցրած ժամանակը (1988-1994թթ.):
Նարինե Գրիգորյանը, Արման Նավասարդյանը և Վարշամ Գևորգյանը զրուցա-օրագրային ձևաչափով կիսվում են իրենց հիշողություններով, որոնք համակցվելով բռնում են թատերական հետագիծ և ոճավորում:

Եթե Ալեքսիեվիչի ուսումնասիրության օբյեկտը սովետական մարդն էր՝ «homo soviticus»-ը, ապա այստեղ այդ օբյեկտը նաև թևակոխում է մեզ համար ավելի ակտուալ «homo post- soviticus» ուսումնասիրության տիրույթ ու դրանով ստեղծում հնարավորություն միավորելու ամենալայն հանդիսատեսի շրջանակ, քանի որ այսօր՝ 2018-ին եթե կա գեթ մեկ հետահայաց թեմա, որը միավորում է անխտիր բոլորին դա հետանկախության հույզերն են, որոնց ներքո մեկը նոր պիտի ծնվեր, մյուսը՝ մանուկ էր, մյուսը՝ ուսանող, մյուսն արդեն տարիքն առած, մյուսը՝ ծեր, բայց բոլոր-բոլորը՝ մասնակից: Շրջան, երբ էքզիստենցիալ դիսկուրսը վերացական փիլիսոփայական կատեգորիայից վերածվել էր օրհասական և առօրեական օրակարգի (ճշմարիտ տավտոլո՛գիա) 

Վավերագրական ներկայացման ձևաչափը երևի թե չի պարտադրում վերաիմաստավորում, վերլուծություն կամ եզրակացություն, բայց բերում է այն մտքի, որ «ազգային գաղափար» կոչվող ուրվականը, որին անվերջ որոնում են շատ ազգեր, այդ թվում և մենք անկախությունից հետո մնում է այնուամենայնիվ Արցախը:
Լրիվ այլ հարց է, թե մենք որքան ենք այն արժեվորում, ինչպես ենք հարաբերվում, բայց անկախությունից ի վեր մենք չենք ունեցել ավելի ունիվերսալ դոկտրին:
Չէ՞ որ այդ տարիները բոլոր չափորոշիչներով կարելի է որակել որպես «կորսված ժամանակ» , բայց որը և պարադոքսալ կերպով տվեց մինչ այդ չտեսնված «գտնված երազ»:
Մյուս կողմից էլ իհարկե կարող եք չփնտրել վերաիմաստավորման եզրույթներ ու դիտել ներկայացումը պարզապես՝ որպես երեկոյան համազգային քրոնիկոն, որի զգեստապահարանում յուրաքանչյուրը անպայման կգտնի իրեն շատ ծանոթ հոտով ու հարազատ ծակոտիներով «second hand ժամանակը»:

07.11.2020

ԿԱՐԵՆ Ավետիսյան

 

1075 հոգի