10.11.2024 03:36
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» բեմադրությունն իր անունը կրող թատրոնում
Հին է այս վերնագրի միտքը, շա՜տ հին, որ գալիս է երեւի այն ժամանակից, երբ հորինվել է փողը: Հին, բայց ոչ հնացած, դժբախտաբար: Դեռ հակառակը, դա մեր օրերում ավելի արդիական է հնչում: Ամենազոր է փողի քսակը, որ ըստ Թումանյանի «Պոետն ու մուսան» պոեմի՝ կարող է տգեղին գեղեցիկ դարձնել, վաշխառուին՝ բարերար, տգետին՝ հարգի ու խելոք, նա է պըճնում ճակատը լիրբ ավազակի, կանգնեցնում արձան անվախճան փառքի։
Բազմաթիվ են այս թեմայի արծարծումները դարեր ի վեր: Հայ գրականության մեջ եւ թատրոնում նույնպես: Դրանց շարքում Պարոնյանի գրվածքն ունի իր մնայուն տեղն ու չխամրող արժեքը՝ ինքնատիպ մտահղացմամբ, կատակերգական գույների անսովոր առատությամբ, սրամտությամբ շողացող երկխոսություններով:
Գրական երկի ճակատագիրը վճռում է ոչ այնքան իր բուն արժեքը, որքան սերունդների՝ վերաբերմունքը նրա հանդեպ: Հայ ծիծաղի Հանճարը 1880-ին «Մեծապատիվ մուրացկանները» տպագրելիս երեւի չէր էլ մտածում, որ իր գրվածքին մեծ ապագա է սպասվում և որ դա պիտի դառնա ոչ միայն ընթերցողի, այլեւ հանդիսատեսի մշտակկկան ուղեկիցը, մրցելով եւ հատկապես բեմի համար գրված «Ատամնաբույժն արևելյան» եւ «Պաղտասար աղբար» պիեսների հետ:
Ժամանակն է դատավորը, եւ ժամանակի հոլովույթի մեջ այդ գործը գրական եւ բեմական բախտավոր կյանք ունեցավ. անցյալ դարի վերջերից արդեն արեւելահայ թատերական գործիչները գրվածքը բեմին հարմարեցնելով՝ թատրոնի սեփականությունը դարձրին:
Գրական երկն անսպասելիորեն կենդանություն է առնում, երբ հանկարծ հայտնվում է այնպիսի հասարակական պայմանների մեջ, որ նման է նույն այդ երկը ծնող պայմաններին:
Պարոնյանի մտքով կարո՞ղ էր անցնել, որ «Մեծապատիվ մուրացկանների» հրատարակությունից 112 տարի հետո կլինի անկախ Հայաստան, եւ այդ Հայաստանում կստեղծվեն այնպիսի շուկայական հարաբերություններ, ուր փողի քսակից կախված՝ գրողը, ուսուցիչը, դերասանը կլինեն նույնպիսի կարեկցանքի արժանի, ինչպես իր ժամանակներում:
Եվ այդ Հայաստանի մայրաքաղաքում դրվածքը բեմ կհանվի ու կհնչի իբրեւ հենց այստեղ եւ այս օրերին ստեղծված ժամանակակից երկ։
Այդ գործը՝ բեմ հանելն ու հնչեցնելը, արել է Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն իր գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի գլխավորությամբ եւ առաջին անգամ ցուցադրել իր նորակառույց շենքի բացման օրը՝ 1992-ի սեպտեմբերի 25-ին: Թատրոնի շքամուտքի առաջ բացման հանդես արվեց, որ կարող էր ավելի կարճ տեսել եւ ճաշակով մատուցվել: Այդպես չարվեց, բայց, ի վերջո, դա չէ կարևորըը, այլ այն, որ գրեթե քսանամյա թափառումից եւ այս օրվա կարոտով սպասելուց հետո թատերախումբն ունեցավ իր սեփական տունը, իր փառավոր հանգրվանը, եւ դա մեր թատերական տարեգրության մեջ մտավ իբրեւ պատմական օր՝ առանց որևէ չափազանցության: Հազվագյուտ ուրախ օր՝ տխուր ժամանակներում:
Սովորաբար թատերախոսությունը սկսում են գովեստով եւ ավարտում կշտամբանքներով: Այս անգամ կամենում եմ հակառակն անել։
Այս բեմադրության թերի կողմերրը քիչ չեն. Իրար հետևից ասենք միանգամից վերջացնենք. գործի դրված ռեժիսորական միջոցների ավելորդ գերարտադրություն, որոշ դրվագների կոպիտ ընդգծվածություն, աղմուկի ու շարժման հոգնեցնող առատություն մեկի փոխարեն մի քանի ֆինալային տեսարան, որ զուր տեղը ձգում-ձգձգում են ներկայացումը, մի խոսքով՝ չափի զգացման պակաս, որ այլ բան չէ, քան ճաշակի, բեմական կուլտուրայի պակասը: Վերջապես, մեր թատերական մշակույթից անբաժան խոսքի կուլտուրայի ցածր մակարդակը. բանն արեւմտահայերենի դեմ արվող մեղանչումները չեն միայն, այլեւ այն, որ երբեմն չես հասկանում, թե դերասաններն ինչ են ասում, չխոսելով այլեւս երգերի մեջ հնչող խոսքի մասին, որ անմատչելի է կատարելապես: Եվ, այսուհանդերձ, այսքան թերություններով հանդերձ՝ հաջողված ներկայացում: Արմեն Էլբակյանը գործը բեմադրել է այնպես թափով ու համարձակ, Պարոնյանի հետապնդած մտքի այնպիսի սուր զգացողությամբ, որ աշխատանքի թերի կողմերը ոչ թե չես նկատում, այլ չես ուզում նկատել: Ստացվել է կյանքով առլեցուն, նվիրումով խաղացվող եւ հանդիսատեսին համակող ներկայացում: Սա է ամենից գլխավորը, որին հասել են բեմադրիչը եւ բազմաթիվ դերակատարները:
Բեմադրությունը գնահատելի արժեք չէր ունենա, եթե լիներ ընդամենը մի կատակախաղ, որ պատմում է, թե ինչպես գավառացի մի մեծահարուստ գալիս է Պոլիս` ամուսնանալու մտադրությամբ եւ ամենքից կողոպտված, հոգնած ու զզված, վերադառնում է իր ապահով տունը: Դա սյուժեն է: Բեմադրիչ Էլբակյանի արժանիքն այն է, որ նա կարողացել է բեմականորեն բացահայտել գրական երկի բուն բովանդակությունը՝ «ընչազուրկ մտավորականները եւ ոսկու իշխանությունը» թեման, ոչ միայն՝ ինչպես է փողի քսակը բարձրացնում մարդու հասակը այլեւ՝ ինչպես է քսակի բացակայությունը նվաստացնում մարդկանց, դատապարտում մուրացկանի վիճակի: Ուրեմն՝ կատակերգության հետ ողբերգություն, այն, ինչ կոչվում է տրագիկոմեդիա։ Այստեղ բեմադրիչին լավ ծառայություն է մատուցել դերասան Ռոբերտ Ղամբարյանը` մուրացիկի դերի տպավորրիչ կատարմամբ, որ սառը ջուր է լցնում ուրախ ծիծաղի վրա։ Ծիծաղի հոսքն ընդհատելով թշվառության սարսուռ ազդող շեշտերով։ Նաեւ Զարուհի Խաչատրյանը, որ բեմադրիչի լավ գտնված չորս ձանիներից առաջինն է (միայն թե, չգիտես ինչու իտալական կոմեդիա դելլարտևից առնված այս ձանիները ծրագրում կոչվում են փահլեւաններ): Սա ձանիներ ամենաճկունն է. ամենից եռանդունը եւ տպավորիչը, որին եւ բեմադրրողը վվստահել է ասել Պարոնյանի գլխավորր միտքը, որ իր գրվածքը հրատարակել է «ոչ այնքան մեղադրելու նպատակով ազգային խմբագիրներն, հեղինակներն, բանաստեղծներն այլն, որքան ներկայացնելու համար ապագա սերնդյան ժամաակիս գրական մարդոց ողբալի կացությունն…»: Վատ չի ասում դերասանուհին, բայց պետք է ավելի լավ ասի։ Այս մտքի բեմական ցայտուն արտահայտությունն է ռեժիսորաբար լավ մշակված սրճարանի տեսարանը: Այստեղ է, որ Աբիսողոմ աղան իրեն զգում է որպես դրության տերը, առաջվա միամիտը չէ այլեւս, հասակը բարձրացել է արդեն, եւ շրջապատի մարդիկ կաշվից դուրս են գալիս տիրոջը հաճոյանալու համար: Պետք է տեսնել, թե նրանք ինչպիսի՜ ակնածանքով են ձեռքից ձեռք տալով, իբրեւ թանկագին մասունք, նրան մատուցում թիկնոցը (այս տեսարանը բեմադրիչն առել է Վարդան Աճեմյանի 1934 թվականի հռչակավոր բեմադրությունից, եւ լավ է արել՝ բեմական հին արժեքի հետ կամուրջ կապելով): Դրամատերը եւ կարիքից հացկատակ դարձած պատվազուրկ մարդիկ. «մեծապատիվը» Պարոնյանի դառը հեգնանքն է միայն:
Դերակատարներ շատ ունի ներկայացումը, եւ լավ դերակատարներ, բոլորին անդրադառնալ հնարավոր չէ: Բայց գլխավոր դերակատարին անցնելուց առաջ չի կարելի արժանին չտալ Մանուկ աղայի եւ Շողակաթի դերերը խաղացող դերասաննե րին. Բորիս Պեպանյանին, որ արտիստական վարպետությամբ, թեթեւոտն ճկուն խաղով անձնավորում է խոսելու կատաղությամբ բռնված, պաշտոնամոլ «ազգայինջի» («թաղական պիտի ըլլա») Մանուկ աղային, Մելինե Համամջյանին՝ այս թատրոնի, ինչպես ընդունված է ասել, սյուներից մեկին, որ հեղինակի լեզվի եւ գործողության միջավայրի զգացողությամբ ներկայացնում է պոլսահայ քաղքենուհու կերպարը:
Իսկ Աբիսողոմ աղայի անձնավորումն արդեն առանձին խոսակցության նյութ է։ Հայտնի դերասաններ են խաղացել դերը՝ Արամ Վրույրից մինչեւ Լեւոն Զոհրաբյան եւ Համբարձում Խաչանյան: Խաղացել է նաեւ Հովհաննես Աբելյանը, եւ Դ. Դեմիրճյանն այն կարծիքին էր, որ ոչ զտարյուն կատակերգակի Աբիսողոմ աղան էր ամենաճիշտը: Նույն համեմատությամբ կարող ենք ասել՝ Պաղտասար աղբարի դերը զտարյուն կատակերգակ շատ դերասաններ են խաղացել. Եւ մեծ հաջողությամբ, բայց «ամենաճիշտ» Պաղտասարը, երեւի, ոչ զտարյուն կատակերգակ Հրաչյա Ներսիսյանինն էր` հասցված տրագիկոմեդիայի աստիճանի:
Շահում Ղազարյանն Աբիսողոմ աղայի դերում ընթանում է նույն այս հունով եւ իր մեծ նախորդի պարզ երեւացող դուրեկան ազդեցությամբ: Նրա խաղը բնավ «օպերետային» չէ, կարծես կատակերգական էլ չէ, բայց ծիծաղելի է անպայման Նա կրում է ներկայացման դերասանական ծանրությունը, ուսն առած քաշում, առաջ տանում ներկայացումը: Կասեք բնական է, որ այդպես լինի, գլխավոր դերակատարն է, շարունակ ինքն է բեմի վրա: Բայց խաղի որակը կա եւ դերի մեկնությունը:
Որակը բարձր է: Դերասանը ժանր չի խաղում, այդքան կատակերգական դերում կատակախաղի չի հանձնվում: Սա խաղի այն որակն է, որ համապատասխան է Ստանիսլավսկու մեծ սկզբունքին` ժանր չպիտի խաղալ. ժանրի զգացողությունը անհդիսատեսը պիտի ունենա եւ ոչ թե դերասանը:
Դերի մեկնաբանությանը գանք: Երկու տարբեր, նույնիսկ Հակադիր Աբիսողոմ աղաներ են եղել: Մի ծայրում գավառացի թանձրամիտ մեծահարուստ, որ կողոպտվում է անխնա և այդքանը միայն, մյուս ծայրում՝ նույն թանձրամիտ մեծատունը որ նույնպես կողոպտվում է, բայց, ի վերջո դառնում է մեծ նպատակներ հետապնդող գործարար մարդ: Այս վերջինը Վարդան Աճեմյանի 1934-ի նշանավոր բեմադրության մեջ Լեւոն Զոհրաբյանի փայլուն անձնավորմամբ: Սրա համար «Տրապիզոնը նեղ կուգա» այլեւս, սա ուզում է մայրաքաղաքում հաստատվել ու ծավալվել, ուստի եւ դրամը տալիս է ոչ թե ստիպված, այլ հանուն նպատակի: Ագրեսիայի զոհն ինքն է դառնում ագրեսոր: Իհարկե, կերպարն այսպես վերափոխելու համար Աճեմյանն ազատ էր վարվել բնագրի հետ, ստեղծել էր գրական նոր կոմպոզիցիա: (Դա սովորական բան էր արվեստի սոցիոլոգիացման այն ժամանակներում, 1927-ի «Պաղտասար աղբարի» Պաղտասարը գլուխն առած ուզում էր փախչել Խորհրդային Հայաստան այդպես էլ ասում էր Երեւանի առաջին պետ - թատրոնի բեմից):
Այս ներկայացման մեջ բեմադրիչն ու դերակատարը խելացի են վարվել՝ դերի մեկնության մեջ ընտրելով միջին ճանապարհը: Այս Աբիսողոմը ոչ հեռավոր նպատակներ հետապնդող գործարար մարդ է, ոչ էլ հիմարաբար կողոպտվող ապուշ: Ինչո՞ւ ապուշ, երբ գրվածքի ամենից խելացի եւ սրամիտ խոսքերը հենց նրան են պատկանում, խոսքեր, որ ախալցխացի դերասանն ասում է այնպես անճիգ, արեւմտահայերենի օրգանական զգացողությամբ, ինչպես անճիգ ու բնական խաղում է` կերպարին հարազատ շարժուձեւով: Շահում Ղազարյանի Աբիսողոմը ոչ թե հիմար մարդ է, բնա՛վ, այլ փառասիրության մղումով հիմարացող մարդ՝ մարդկային սովորական թուլություն: Սա յուրովի հմայիչ, բարի մարդ է, որ անկեղծորեն, ի սրտե ուզում է, որ ամեն հայ մարդ լավ ապրի, որ ինքը «ամեն բանի շիտակը կուզե»: Եվ շատ իզուր նրա տեքստի մեջ անճաշակ հավելում է արվել, թե նա ոչ թե տասնութամյա, այլ տասնվվեցամյա աղջիկ է ուզում. արված է ի սեր կերպարը նսեմացնող ավելորդ ծիծաղի: Նույնը պիտի ասել նաև նրա «բալետային» իրոք որ ծիծաղշարժ պարի մասին։ Բայց սրանք վերաբերում են մանրամասներին: Ամբողջության մեջ կերպարի այսօրինակ մեկնությունը Ղազարյանի առաջնակարգ խաղը մեծապես նպաստում են Պարոնյանի գործի ճիշտ ըմբռնմանը՝ բանն Աբիսողոմի կամ մյուսների մարդկային նկարագիրը չէ, այլ այն, որ «ոսկին է կառավարում աշխարհը», եւ բոլորը նրա հլու ստրուկներն են: Զուր չէ, որ այս միտքը մեկից ավելի անգամ ասում է գլխավոր հերոոսը, եւ դա է իբրեւ գլխավոր մոտիվ անցնում ներկայացման միջով՝ նաեւ զվարթ խմբերգերի տեղին միջամտությամբ: Ներկայացման երաժշտության հեղինակը Ստեփան Լուսիկյանն է։ Նրա աշխատանքի գնահատությունը երաժշտագետի գործն է, ասենք միայն, որ երաժշտությունն ախորժալուր է եւ բռնում է գրական հիմքի ու բեմադրության ոճին: Նույնը վերաբերում է նկարիչ Սարգիս Արուտչյանի աշխատանքին, բազմափորձ, հմուտ նկարիչն արել է պայմանական ձեւավորում. ստեղծելով լայնաշունչ բեմադրության հարկավոր միջավայրը:
Դերենիկ Դեմիրճյանը, 1914-20 թվականների ողբերգական ժամանակն աչքի առաջ ունենալով, նկատել է, որ կյանքի ամենածանր պայմաններում առաջ է մղվում կատակերգությունը. զվարճալի հանդիսանքը: Խորաթափանց գրողն առաջին հայացքից տարօրինակ երեւույթը բացատրել է կենսաբանական անհրաժեշտությամբ: Ծիծաղը կատարում է ինքնապաշտպանական դեր, օգնում է մարդկանց փարատելու գերստրեսային հոգեվիճակը, դիմագրավելու դժվարությանը:
Հիմա էլ նույնն է:
Եվ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնն ունի այդպիսի հարկավոր պաշտոն ու պարտավորություն: Առավել եւս գնահատելի, երբ նա ցույց է տալիս ոչ թե պարզապես զվարճալի, այլ այնպիսի իմաստալից, հանդիսատեսի հետ խելացի խոսող ներկայացում, ինչպիսին այս բեմադրությունն է:
Է՜Հ, եթե այսքան դժվար ժամանակներում թատերական ներկայացումները պետք են, ուրեմն՝ այսպիսի թատերախոսու- թյուններն էլ պետք են:
Նյութի աղբյուրը՝ «ԱԶԳ» /օրաթերթ, 31 հոկտեմբեր 1992