Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

05.11.2024   22:02

Երիտասարդական նոր թատրոնների, թատերախմբերի մասնակցությունը թատերական կյանքին, հետաքրքիր ու թարմ մթնոլորտ են ստեղծել ասպարեզում, նրանք ակտիվորեն մասնակից են թատերական մտքի զարգացման և ձևավորման գործընթացներին: Այսօր, երբ ամեն ինչ զարգանում է սրընթաց, ձեռք է բերում խելահեղ ռիթմ և արագություն, երբ երեկվա ձեռք բերածը կարող է անգույն և անհետաքրքիր թվալ, արվեստագետներին իրենց ստեղծագործական երևակայությունը և ինտուիցիան մղում է փնտրելու անսպասելի, աննախադեպ, նոր տարածքներ և կերպաձևեր: Բեմական արվեստի նոր մոտեցումների ձգտումը երիտասարդ ստեղծագործողներին մղում է նոր դրամայի, նոր ոճական ուղիների և մեթոդների որոնման: Բոլորիս աչքի առաջ փոխվում են թե´ բեմադրության տեխնիկաները, թե´ թեմաների ընտրությունը, թե´ դերասանների խաղի մոտեցումները:

Նկատում ենք նաև, որ ավելի հաճախ են ներկայացվում մոնոդրամաներ, փսիխոդրամաներ, սոցիոդրամաներ, վավերագրական դրամաներ: Նման ժանրերի ստեղծումը և ակտիվացումը արտացոլում է ժամանակակից մարդու հոգեբանական, սոցիալական և մշակութային վիճակը: Հասարակության մեջ տեխնոլոգիական զարգացումը և սոցիալական մեդիան հաճախ հանգեցնում են մարդկային հարաբերությունների նվազման, մարդիկ իրենց ավելի մեկուսացած են զգում, և կարող ենք ասել, որ բեմական արվեստը նրբորեն արձագանքում է այդ խնդիրներին: Հատկապես երիտասարդ ստեղծագործողների անսպառ ձգտումը` հանդիսատեսին ներկայացման մեջ ներգրավելու, նրա հետ շփման մեջ մտնելու, նոր հարցեր են առաջ քաշում: Արդյո՞ք սա թատրոնի մարդու արձագանքը չէ ժամանակակից մարդու մենությանը և սոցիալական մեկուսացմանը: Արդյո՞ք թատրոնը, ստեղծելով ինտերակտիվ և անմիջական մթնոլորտ, փորձում է բավարարել այդ կարիքը: Սրանք հարցեր են, որ պետք է հետաքրքրեն արվեստի սոցիոլոգիայով զբաղվողներին:

Ժանրային փոփոխություններին զուգահեռ նկատվում է նոր «հիբրիդային» թատերական համակարգի առաջացման նշաններ, որոնք իրենց մեջ համատեղում են արևմտյան և ռուսական դպրոցների որոշ սկզբունքներ: Ռուսական դպրոցին հետևող դերասանները, ովքեր սովոր են իրենց խաղում ընդգծել հույզերն ու զգացմունքները, սկսել են գրեթե նույնչափ կարևորել մարմնի լեզուն (շարժման միջոցով զգացմունքների արտահայտումը):

Այս միտումները թատրոնը հետաքրքիր և բազմաբնույթ են դարձնում: Ավանդական ներկայացման ձևերը փոփոխվում են նաև կախված բեմադրական անսովոր տարածքներից: Պոստդրամատիկական թատրոնին բնորոշ Site specific ֆորմատով՝ բեմադրություններ են արվում, գիտահետազոտական ինստիտուտներում, լքված գործարաններում, տաճարների ավերակների մեջ, շենքերի տանիքներին կամ նկուղներում, կայարաններում, գնացքներում, այգիներում…

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ առաջին հերթին նոր տարածքները հնարավորություն են տալիս ավելի շատ ստեղծագործական նախագծեր իրականացնել, նպաստավոր պայմաններ են ստեղծում դերասանների և ռեժիսորների համար: Այսօրվա արտիստը չի սպասում երբ իրեն կհրավիրեն այս կամ այն դերը խաղալու: Նա Ջուլիետ կամ Կարմեն կխաղա տանիքում, Համլետ` կայարանում, այգիներում կբեմադրի «Դոն Ժուան»: Հնարավորություններն անսպառ են, հանդիսատեսն` ամենուր:

Ուշադրության պիտի արժանացնենք ևս մի փաստ, որ ակադեմիական թատրոնները, նույնպես, ձգտում են ունենալ ոչ ավանդական հարթակներ (օրինակ` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը): Նրանք բեմադրում կամ վերաբեմադրում են ներկայացումներ թատրոնների բակերում, այգիներում կամ այլ բացօթյա վայրերում: Ուրեմն, խնդիրը միայն ստեղծագործական հարթակի մասին չէ:

Ի՞նչ է տալիս արվեստագետներին ավանդական թատերական բեմից դուրս ստեղծագործելը։ Եվ ինչո՞ւ են թատրոնները ձգտում ունենալ բեմադրական նոր և տարբեր տարածքներ` անկախ իրենց ստեղծման նախնական տեսակից: Աչքի առաջ ունենալով Թատրոն Տանիքումի, Բյուրականի Հանդ Art այգու, Բաբելոն թատրոնների հաջողված փորձը, նկատում ենք, որ այս թատրոնները ունեն իրենց «հավատարիմ» հանդիսատեսը: Այսինքն, հանդիսատեսի հետաքրքրությունը դեպի ոչ «սովորական» բեմերը նույնչափ մեծ է, որքան ստեղծագործողներինը:

Նախ, քննենք թե ինչ փոփոխություններ են կրում «փակ» և «բաց» բեմերում արված բեմադրությունները, քանի որ թատերական արվեստը և դրա առանձնահատկությունները պայմանավորված են բեմական տարածությամբ և այդ տարածքի տեսակով։

Ավանդական մեծ բեմերում իրականացվող ներկայացումները, սովորաբար, ընդգրկում են մեծ տարածություններ և օգտագործվում են խոշոր բեմական ձևավորումներ, դեկորացիաներ, հատուկ լուսային և ձայնային էֆեկտներ: Մեծ բեմերում արվող բեմադրությունները պահանջում են մեծ ծախսեր: Դերասանական արվեստն ունի իր ուրույն արտահայտչաձևերը և բեմական խոսքի տեխնիկան (շշուկով ասված խոսքն, անգամ, պետք է հասնի վերջին շարքերում նստած մարդկանց): Հանդիսատեսի հետ հարաբերությունները թատերական դասական համակարգում առանձնահատուկ բնույթ են կրում: Հստակ է սահմանը դերասանների և հանդիսատեսի միջև: Հանդիսատեսը դերասաններից բաժանված է «չորրորդ» պատով: Խաղացանկում ընդգրկված ներկայացումներն ավելի երկար են խաղացվում, նախատեսված են ավելի մեծ թվով հանդիսատեսի համար:

Բեմադրական հնարանքներն ու դերասնների արտահայտչաձևերը փոխվում են նույնիսկ մեծ բեմերից փոքր բեմ տեղափոխվելու դեպքում: Հայտնի փաստ է, որ կամերային թատրոնների զարգացման հետ, թատրոն թափանցեցին նոր պիեսներ և նոր խաղաոճ: Այդ թատրոններում դերասանների ու հանդիսատեսի միջև ընկած փոքր տարածությունը ավելի անմիջական և մտերմիկ մթնոլորտ է ստեղծում: Դերասանները ցուցադրում են ավելի նուրբ և զուսպ խաղ, քանի որ նկատելի է յուրաքանչյուր մանրուք: Նրանք կարող են խոսել առանց ձայնը լարելու: Թատրոնի մտերմիկ մթնոլորտում արտիստները հանդիսատեսին հասանելի են թվում: Ներկա գտնվող մարդիկ էմոցիոնալ ներքաշվում են ներկայացման գործողության մեջ: Փոքր բեմերի մեծամասնությունը, հատկապես նրանք, որ զբաղվում են փորձարարությամբ, հանդիսատեսի հետ շփման նոր եղանակներ են փնտրում: Սա չի բացառում, որ կան փոքր բեմեր, որոնք գործում են մեծերի սկզբունքով` պահպանելով «չորրորդ պատի» գոյությունը հանդիսատեսի և դերասանների միջև: Դեկորացիայի քանակի անխուսափելի կրճատումը (տարածքի փոքրության պատճառով) փոքրացնում է ծախսերը: Կամերային թատրոններում ներկայացումները կարող են ավելի արագ փոփոխվել: Այս թատրոնները ավելի բաց են փորձարարական և նորարարական բեմադրությունների համար: Օրինակ՝ «Մեկ քառակուսի մետր» (բեմական տարածքը մեկ քառակուսի մետր է, ինչը միջնադարյան միստերիալ թատրոնի «pageant» - ներն ու տաղավարներն է հիշեցնում) թատերական միջազգային փառատոնը (ՆՓԱԿ - ում հիմնադրված), որը մինչ օրս էլ  տարաբնույթ փորձարարությունների հարթակներից մեկն է:

Ի տարբերություն փակ բեմական տարածքների (թատրոնների), որտեղ հնարավոր է վերահսկել ստեղծված միջավայրը, բաց բեմական տարածքներում ստեղծագործողները պետք է հաշվի նստեն բնական միջավայրի հետ: Մթնոլորտը, լույսը և եղանակը, անսպասելի ձայները (մեքենաների աղմուկ, բնական ձայներ) կարող են ազդեցիկ դեր ունենալ ներկայացման վրա: Ինչ-որ առումով ներկայացման ընթացքը անկանխատեսելի է: Ավանդական թատերարվեստի սիրահարների համար «իրական» վայրերի ընտրությունը անսովոր է, գուցե մերժելի, քանի որ տեսարանները «խորհրդանշական» բնույթ չունեն: Եթե թատրոնում ընտրվում է պիեսը, և բեմական ձևավորումը արվում է գրական հենքին ու մթնոլորտին  համապատասխան, ապա այս դեպքում, հնարավոր է, որ տարածքը, մթնոլորտը հուշեն արվեստագետին բեմադրելու մի որևէ ստեղծագործություն: Հաճախ գրվում են նոր պիեսներ կամ բեմի համար չգրված գրական երկը հարմարեցնում են բեմի պահանջներին: Բնական միջավայրը ընդունում են որպես ենթադրվող հանգամանքներ, օգտվում բնական լույս ու ստվերից, միզանսցենները կառուցում՝ անկանոն տարածքները նկատի ունենալով: Ներշնչման աղբյուրը դառնում է բեմական միջավայրը: Ստեղծագործողը խաղ է սկսում միջավայրի հետ, որովհետև բեմական ձևավորումը չի բխել պիեսից, ըստ այդմ էլ, ցուցադրվող պատմությունը պետք է արդարացնի «բեմական ձևավորումը»: Ներկայացման ընթացքում կարող են լինել կերպարներ, դեկորացիաներ, որոնք գտնվում են «դահլիճում» ( հանդիսատեսի թիկունքում կամ նրա շուրջ) և դուրս են գործողությունից: Տրվելով մթնոլորտի պայմանականությանը, հանդիսատեսը, կարծես, այդ չի էլ նկատում, և շփման մեջ է մտնում, երբ գալիս է նրանց «գործուն» պահը:

Բաց բեմերը դերասանների համար նոր մարտահրավերներ են ստեղծում, հատկապես, հանդիսատեսի ուշադրության վերահսկման առումով: Բնության պատկերները, քաղաքային տեսարանները, կողմնակի ձայները կարող են նվազեցնել հանդիսատեսի կենտրոնացումը: Գուցե սրանով է պայմանավորված նաև ներկայցումների ինտերակտիվ բնույթը, ուղղակիորեն դիմելով հանդիսատեսին, ներգրավելով նրանց խաղի մեջ, փորձում են ուշադրությունը պահել դեպի ներկայցումը:

Բաց տարածքներում, միշտ չէ, որ հանդիսատեսի և դերասանների միջև սահմանը հստակ է, պատրանք է ստեղծվում, որ գեղարվեստական ​​ստեղծագործության և դիտողի տարածությունը ընդհանուր է: Բեմական գործողությունները տեղի են ունենում են ոչ միայն բեմում, այլև հանդիսատեսի շուրջ: Այդպիսի մթնոլորտում դերասանները անմիջականորեն հաղորդակցվում են հանդիսատեսի հետ, ինչն էլ ներկայցումներին տալիս է ինտերակտիվ բնույթ: Հանդիսատեսի մոտ ստեղծվում է տպավորություն, որ ինքն ազդեցություն ունի ընթացող գործողությունների վրա: Հոգեբանական առումով դերասանի և հանդիսատեսի միջև վստահության և համակրանքի հատուկ մթնոլորտ է ստեղծում` նրանց փոխադարձ համակեցության համար: Այս տեսակի հաղորդակցությունը հնարավոր է նաև փակ բեմերում, սակայն բաց բեմում այն ​​առավել տարածված է և օրգանական։

Բաց բեմում գերիշխում է ավելի ազատ վերաբերմունքը հեղինակային տեքստի նկատմամբ: Բաց տարածությունները իրենց մեջ կրում են նոր համատեքստ, որը կարող է փոխել կերպարների և թեմաների ընկալումը: Բեմական ձևավորման պայմանականությունը, բնական միջավայրի փոփոխությունները արտիստներին ստիպում են ավելի ճկուն լինել:  Կախված ռեժիսորի մտահղացումից, բաց բեմերում փոփոխվում են շեշտադրումները: Երբեմն գլխավորը արտիստն է, որ գտնվում է ընտրված տարածության մեջ, երբեմն գլխավոր է դառնում տարածքը, որ շրջապատում է արտիստին: Վայրի աշխարհագրական, պատմական կամ մշակութային արժեքը նույպես ազդեցություն է ունենում:  Ինքնատիպ տարածքները կարող են փոխել հանդիսատեսի ընկալումը և ստեղծել նոր տրամադրություններ, որոնք չեն կարող իրականանալ ավանդական բեմում:

Յուրաքանչյուր նոր տարածք, նոր ձևաչափ, նոր մոտեցում կարևոր է դառնում ոչ միայն ստեղծագորողների համար, այլև հանդիսատեսի:

Այս գործընթացները հարստացնում են թատերական փորձը և ընձեռում նոր հնարավորություններ բեմկան արվեստի զարգացման համար

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1187 հոգի