Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

29.10.2024  01:01

Վերջերս ֆրանսիացի դերասանուհի Աուրելիա Իմբերտի հետ զրուցելիս, երբ քննարկում էինք աշխարհի և դրա համատեքստում մեր երկրի կենսամշակութային խնդիրները, ինքնաբերաբար երևան եկավ երևույթի համընդգրկունության գերխնդիրը: Մասնավորապես սենտիմենտալ հայրենասիրության պարզունակ պաթոսով գերհագեցած ինքնախաբեությունը, որի գաղափարահուզական թիկունքում հասարակական հետաքրքություններն առաջնորդող անառողջ տրամաբանությունն է: Եվ հենց այսօրինակ իրողությունների քննման էր կարծես միտված ՆՓԱԿ-ում Միքայել Աթասունցի հեղինակած ‹‹Հայրենիք›› ներկայացումը: Կարևոր ու ցավոտ հարցեր վեր բարձրացնող բեմադրություն, որի գաղափարադրույթային եզրահանգումը ժողովրդի հիվանդ լինելն է: Դեռևս անբուժելի հուզամտածական վարակ, ինչի ախտանշանները թռչնանշանային մոլուցքի հարուցած սնամեջ ինքնության մասին են մեզ գուժում: Հիվանդության պատմության համապատկերում ստիպում եղելության պատճառահետևանքային հստակումներ թելադրող մեղադրական ինքնահարցումի հետ առճակատվել:  Չխուսափել ինքդ քեզ տրվող պատասխանից՝ հետևյալ ախտորոշիչ հարցի. եթե ֆեոդալական - ճարտատիրական աշխարհընկալմանը հավատարիմ մնալով ամենուր ու անընդհատ, նույնիսկ՝ ինքդ քեզ խաբում ես, քցողին քծնում, ընկածին հեծնում, դրանք ծաղրաբար բարձրաձայնող բանաստեղծին պալատական բառախաղացի պիտակին զրպարտչաբար արժանացնում և գավառամիտ աշխարհազգացողությամբ այդ ամենը հպարտ-հպարտ «հայավարի» կոչում, հապա էլ ինչու՞ ես քաղքենական չքմեղանքով լացահարց կապում, թե «ո՞րն է բաբո մեր հայրենիք», երբ փաստացի ինքդ ես այդ երկրի հեռանկարը բարոյապես եղծողը:

Ստացվում է՝ կոնցեպցիոն տեսանկյունից, ստեղծագործական խումբը գավառամիտ քաղքենության դրսևորումներից պաթոլոգիկ ինքնախաբեությանը անկյունաքարային նշանակություն տվող էպիկրիզային եզրակացության է հանգեցնում: Նմանօրինակ կնճռոտ թեմայի հարցում մինչև վերջ անկեղծ լինելու նրանց փորձն անխոս ուրախացնող է, քանի որ վերջին տարիներին մեր առջև ծառացած այս մեգաթնջուկի զուտ հետևանքային բեմական ընթերցումների ականատեսն էինք լինում: Ասես չէին խիզախում պատճառական կողմին քննադատական ռեալիզմի լիարժեք, այլ ոչ լուսավորչական իրապաշտության կողմնապահ բացախոսությամբ անդրադառնալ, եղելությունն ըստ էության մեկնաբանել: Արի ու տես, որ երիտասարդ ռեժիսորը փորձել է այդ փշոտ դաշտը մտնել, ինչն ամենևին պատահականության արդյունք չէ: Իր արտահայտչական նախասիրություններով թատերական պոստմոդեռնիզմի գեղագիտությանը ձայնակցող այս ռեժիսորի բոլոր բեմադրություններում կարմիր թելով անցնում է առողջ բանականության ուղեկից ինքնահեգնանքը (իր հիմնած թատերական միավորն անգամ այդ հոգետրամաբանությամբ «Վատ թատրոն» է անվանակոչել): Ստեղծագործողի համար թանկ հատկություն, որը շատ դեպքերում օգնում է նրան զերծ մնալ պաթոսապաշտի ծեքծեքուն ինքնահիացումից:

Այստեղ՝ վերոհիշյալ ներկայացման պարագայում, կենսական նյութի մեկնաբանումն այդ դատարկախոս ինքնաբավարարման դեմ է, բայց թեման լեցուն է պաթետիկ ծուղակներով, որոնցից միշտ չէ, որ հաջողվում է խուսափել ներկայացման հեղինակին: Դրա վտանգը կանխազգալի էր դեռ նախասկզբնական վերջնարդյունք վերնագրից: Դասականությանը վայել ֆունդամենտալություն խոստացող վերնագիր, որ ավելի շատ գաղափարաձևային կաղապարման է հանգեցնում, քան թե արտահայտչական դիպուկության: Թվացյալ հավաքականությամբ չափազանց ընդհանրական բարոյահոգեբանական հասկացողություն, որին մեկ բառով հայրենիք ենք կոչում: Չկա, թեկուզև գաղափարաբառի հետ պոստմոդեռնիստական խաղի անարխիստական համարձակությունը: Հայրենիք և վե՛րջ… իսկ ու՞ր է այդ դեպքում վերջին տարիների բազմաչարչար անհայրենիքի հավաքական կերպարը, որ այս պարագայում հակամիջանցիկ գործողության առաքելությանն է զինվորագրված: Աթասունցի ուսուցչի՝ ձևաստեղծման վարպետ Վահե Շահվերդյանի ‹‹Երկիր հայրենի›› ներկայացումից փոխառված կիսաագրեսիվ, գանգրահեր երիտասարդ կնոջ պայմանական  ներկայությու՞նն է այդ գործառույթն իրականացնում: Եթե այո, ապա այն խիստ թերի է՝ միջանցիկ գործողության բեռը տանող Մայր Հայաստանի կերպարի ‹‹շատախոսության›› հետ համեմատած: Նույնիսկ որպես սիմվոլային ներկայություն հնացած թվացող:

Թեպետ Կառլ Աբրահամյանի ներկայացրած համանման կերպարը ուշագրավ ու հետաքրքրական էր: Պոստիրոնիկ եզրագծերին մերձեցող լռություն է գոյաձևում այս դերասանի բեմական ներկայությունը: Ծերունական բազմափորձությունից սերող մահահոլով իմաստնության նրբերնագ կա նրա դեմքի արտահայտության մեջ, որը միախառնվում է ծպտված ցինիզմ ուրվագծող վերջինիս պլաստիկական վճռի հետ: Դա ամենից ցցուն արտահայտվում է Հայաստանի քարտեզն ուրվագծող սեղանի մասնատման տեսարանում. կտորները պարեղանակի ներքո ուրախ զվարթ  գլխավերևում պահած պարելով այս այն կողմ տանելը: Հուսադրող էր նաև Անի Քիթափսզյանի եկեղեցու սիմվոլիկ կերպարի հոգեբանական վճիռը: Խոսում է ցածր, գրեթե խուլ ձայնով, արտահայտչական ելակետ դարձնելով քրիստոենական խոնարհությունը: Մայր Հայաստանի դերակատար Արաքսյա Մելիքյանի համար առանձնապես բարդ խնդիր չէ ՆՓԱԿ-ի արձագանքող ակուստիկայի պայմաններում ձայնի ճշգրիտ ռեգիստր գտնելը, որովհետև նա տարիներ ի վեր այդ հարցում շատ ավելի բարդ խնդիր է լուծել ակադեմիական թատրոնի սկվսող և չվերջացող անսահման բեմում: Գաղտինիք չէ, որ այնտեղ լսելի լինելը տեխնիկական պատրաստվածություն է պահանջում: Պարզապես սենտիմենտալ և պաթետիկ տեքստեր են վերջինիս դերաբաժնում սպրդած, որոնք հանդիսատեսի համբերության հաշվին են իրենց բեմական գոյությունը քարշ տալիս: Եվ առհասարակ, այն հատվածներում, երբ ներկայացման գլխավոր պատասխանատուն պատմականի հուզական բեռը պոստմոդեռնիստական չեզոքությամբ (չշփոթենք բրեխտյան օտարման հետ, որն այդ չեզոքությունը նաև ցուցադրում է) իբրև արտահայտչամիջոց օգտագործելու փոխարեն այն ռոմանտիկական շնչով արտահայտչակերպի է վերածում, գլուխ է բարձրացնում գործը փչացնող էկլեկտիկան:

Սա ոճերի հակամիասնություն չէ, այլ անհամադրելիի մեկտեղման անհաջող փորձ: Հետևաբար նյութն իբրև ոգեսնունդ ընդունողի համար էլ միանգամից շատ կերակուր ստամոքս ուղարկածի որձկոցի զգացողություն առաջացնող: Այս բոլոր խնդիրները ծագում են նաև այն փաստացի իրողությունից, որ իր ներկայացումների դրամատուրգիական պատասխանատուն նույնպես Միքայել Աթասունցն է: Ռեժիսորը չունի մասնագիտական համապատասխան կրթություն, հետևապես և տեխնիկական հմտություններ և նրա տեքստերը դրամատուրգիական խմբագրման են կարոտ: Տվյալ հմտությունների առկայությունը թույլ չէր տա դիպաշարային կորագիծը (եթե անգամ այն պոստմոդեռնիստական դեկոնստրուկտիվ տեսակին է պատկանում) արխիտեկտոնիկական խարխլմամբ ձևաստեղծել: Հրաժարվել անիմաստ կրկնության և միապաղաղության տպավորություն թողնող դրվագներից: Նաև տեսարանային ճշմարիտ շարակարգում կհուշեր, որը հետևողի հոգեզգացական պարզորոշությունը կապահովեր: Խնդիրն իհարկե շտկելի է, քանի որ Աթասունցը դրոշմաձևերով արվեստ նմանահանող անդառնալի միջակություն չէ:

Ոչ միայն օժտված, այլև ազատամիտ կնոջ կերպարի յուրահատուկ տեսակը բեմ բերող դերասանուհի է Տաթև Թարյանը: Այն քչերից մեկն է, ով, այդ ազատագրվածությունը վերարտադրելիս ո՛չ ազատականի կեցվածքով բարդույթավորված քաղքենու, ո՛չ էլ սանձարձակությունը իբրև ազատաբարոյություն սաղացնողի է վերածվում: Անկաշկանդ տրվում է առաջադրվող հանգմանքներից բխող ռեժիսորական խնդրին՝ անկախ դրա կնճռոտությունից: Նա կարողանում է՝ չնայած իր այնքան էլ մեղմ չհնչող ձայներանգին, այնուհանդերձ, բեմում լինել կանացի: Անգամ, եթե ենթադրյալ դրությունը գռեհկության տիրույթում է: Ուստի և արդեն իսկ կարողացել է իր մասնագիտական կարողությունների հանդեպ հարուցել հետաքրքրություն առ այն՝ թե նոր դերկատարումն ինչպիսի՞ն կլինի: Ուրեմն և սպասենք նրա հաջորդ դերակատարմանը՝ հուսալով որևիցե նոր հոգեկան որակի բեմական ընթերցման անուղղակի մասնակիցը լինելուն:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

Լսնկ.  ԳԱՌՆԻԿ Ճաղարյան /մշակումը՝ ՌԵՎՄԱԼ Եդիգարով

1484 հոգի