21.10.2024 01:51
Ոճական բազմազանության և թատերական նոր մոտեցումների համատեքստում հետաքրքիր է քննել «Թատրոն տանիքում»-ի բեմադրությունները` ողբերգություններ ու կատակերգություններ, մելոդրամաներ, էպիկական երկեր...
Յուրաքանչյուր բեմադրություն նոր ռեժիսորի մուտք է թատրոն, նոր դերասանախմբով: Արտիստները տարբեր թատրոններից են, կան նաև ուսանողներ: Առիթ ունեցել ենք խոսելու «Քամելիազարդ կինը» ներկայացման մասին, որի հիմքում ընկած էր Ալեքսանդր Դյումա-որդու երկի վերափոխված տարբերակը: Ոչ վերափոխված, ավելի շուտ փոփոխված է բեմադրված Վասիլի Սիգարևի «Ստի դետեկտոր» ստեղծագործությունը, որին ռեժիսոր Արթուր Սարիբեկյանը անդրադարձել է երկու անգամ: Առաջին անգամ այն բեմադրվել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում՝ «Կրքոտ հաշվետվություն» վերնագրով։ Դերերում էին Արմեն Մարգարյանը, Տաթևիկ Միրզոյանը և Վահագն Սիմոնյանը։ «Թատրոն տանիքում» այն կրում է «Բարև սիրելիս» անվանումը: Դերերում են Արմեն Մարգարյանը, Իշխան Ղարիբյանը և Անի Կիրակոսյանը: Ստեղծագործության թեման մարդու կողմից իր բարոյական «ես»-ի ձեռքբերումն է: Մինչ բեմադրությանն անդրադառնալը, ընթերցողին ներկայացնենք վերը նշված թատրոնի յուրահատկությունը:
Թատրոնն ունի «ունիվերսալ» բեմական տարածք, և բեմադրության ոճն է ընտրում իր միջավայրը: Կան բացօթյա ներկայացումներ, ներկայացումներ, որոնց կուլիսներն ու ետնաբեմն են մնում բացօթյա տարածքներում: Կան նաև կամերային ներկայացումներ: Բեմական արվեստի առանձնահատկությունները պայմանավորված են բեմական տարածությամբ և տարածքի տեսակով (բաց, փակ)։ Թատրոններում, որտեղ բեմն անշարժ է, երեք կողմից շրջապատված է պատերով և դահլիճից բաժանված բեմով, հանդիսատեսի համար հստակ է սահմանը՝ ստեղծագործողների և իր միջև: Առանձնացված է այն տարածքը, որտեղ արվեստ է ստեղծվում: Բացօթյա ներկայացումներին հանդիսատեսն ու դերասանները գտնվում են միևնույն հարթության վրա: Սա հետաքրքիր զգացողություն է արթնացնում հանդիսատեսի մոտ, պատրանք է ստեղծվում, որ գեղարվեստական ստեղծագործության և դիտողի տարածությունը ընդհանուր է:
«Քամելիազարդ կինը» բեմադրությունը հանդիսատեսը դիտում է ամֆիթատրոնից, բեմը առաջին շարքում նստած հանդիսատեսի հետ նույն հարթության վրա է: Մյուս շարքերում նստող մարդիկ ներկայացումը տեսնում են վերևից: Այս թատրոնի հանդիսատեսը, ստացվում է, որ ներկայացումները տեսնում է կամ նույն հարթության վրա, կամ վերևից: Անսովոր և հետաքրքիր զգացողություն է, տպավորություն, որ դիտում ես շատ մոտ օթյակից:
«Բարև սիրելիս» ներկայացման ժամանակ ստեղծագործական կազմը բեմական տարածքը տարել է ավելի խորք: «Բացօթյա կուլիսները» թողել է հանդիսատեսի թիկունքում, ետնաբեմը փակել է վարագույրով, հանդիսատեսին թողել է ամֆիթատրոնում: Ստեղծվել է կամերային մթնոլորտ:
Բեմադրված պիեսը փոփոխությունների է ենթարկվել, փոխված են հերոսների անունները և որոշ մանրամասներ: Փոփոխություններն արված են հեղինակի մտածողության և ստեղծագործության տրամաբանության մեջ:
Հիպնոտիզյորին նա տվել է Գոդո անունը: Թվում է՝ ընդամենը անունն է փոխվել: Բայց արված փոփոխությունը վերաիմաստավորել է հեղինակի պայմանական աշխարհը, ավելին, նոր հետաքրքիր իմաստ է բերել: Ժամանակակից պիեսներին հատուկ է մերժելը ժամանակի կոնկրետ պատմական նշանները, նրանք դիմում են մարդկային հավերժական գոյության համընդհանուր կատեգորիաներին, ինչպիսիք են` կյանքը և մահը, հավատը և հուսահատությունը, սերը և մենությունը: Նրանց պատմությունները ժամանակ չունեն, կարևոր չէ եղել է նման բան, թե դեռ նոր պիտի լինի: Հերոսները ապրում են Գաբրիել Գարսիա Մարկեսի («Հարյուր տարվա մենություն») նկարագրած սենյակում. «Ժամանակը նույնպես իր շարժման ընթացքում արգելքների է զարնվում ու վթարվում է. ահա թե ինչու ժամանակի մի պատառ կարող է պոկվել ու խցանվել որևէ մի սենյակում` որպես առաջ սուրացող հոսանքի անշարժ մի մասնիկ»: Երկի հեղինակը նույնպես հիպնոտիզյորի բերանով ասում է. «Երևի այս ամենը եղել է մի անգամ։ Հնարավոր է, որ տեղի է ունենում հենց հիմա: Միգուցե մի օր կլինի»:
Ինչ-որ մի տեղ, ինչ-որ ժամանակ ապրող հերոսների (կին և տղամարդ) հարաբերությունները մտել են փակուղի, օգնության կարիք ունեն: Պիտի հայտնվի մեկը, ով կփրկի իրենց հարաբերությունները, ում սպասում են ենթագիտակցորեն: Թատերայնորեն հետաքրքիր է, որ գա Գոդոն, ում սպասել են այլ ժամանակում, այլ հեղինակի հերոսներ, մտածել են, որ գա՝ կփրկվեն: Ռեժիսորի փոքրիկ գյուտը հարստացրել է պատմությունը: Ուշագրավ է Իշխան Ղարիբյանի Գոդոյի արտաքին կերպը: Հագին մի հին պիջակ է, մի քիչ թափթփված, չխնամված արտաքինով, վստահություն չներշնչող մարդ, որ առաջին հայացքից ինքն էլ օգնության կարիք ունի: Մեկ ակնոց աչքերին է կրում, մյուսը` ճակատին։ Միայն թե ճակատինը ավելի շուտ եռակցման համար նախատեսված ակնոց է՝ կրկնափականներով։ Կարծես թե զոդելու է եկել, բայց ի՞նչը։ Այն տանը, որտեղ նա հյուր է, կոտրված են միայն հարաբերությունները։ Տանն էլ սովորական, աղքատիկ միջավայր է ստեղծված, որը բնակիչների մասին պատմում է ընդհանուր գծերով. իրարից հեռու դրված մահճակալներ, սառնարան, լվացարան և տարօրինակ կերպով մի քանի հեռուստացույց։ Մահճակալները հուշում են, որ ամուսինները միասին չեն քնում, վիճել են։ Ապրում են ծանր կենցաղով։ Հեռուստացույցները ժամանակի այն հաղորդիչ խողովակներն են, որով կապ է ստեղծվում ժամանակների հետ, ազդանշաններ, գուցե նաև հաղորդագրություններ փոխանցում դիտողին։
Սյուժեն, առաջին հայացքից, չափազանց պարզ է՝ հիպնոտիզյորը կնոջ կանչով գալիս է սովորական թվացող ընտանիք։ Խնդրանքը մեկն է. հարբեցող ամուսինը մոռացել է, թե որտեղ է թաքցրել ընտանեկան խնայողությունները, պետք է գտնել թաքստոցը: Հիպնոսողը միայն փողի թաքստոցը չէ, որ գտնում է, նա մտնում է հերոսների հոգու գաղտնարանները և դուրս բերում պատմության ընթացքը փոխող գաղտնիքներ։ Ներկայացումը բաժանված է երկու մասի։ Կնոջ և տղամարդու բախումը չի ստանում սյուժետային վերջնական լուծում, այլ ավարտվում է մի նոր անլուծելիության մեջ և սկիզբ է դնում նոր ընթացքի: Առաջին մասում հիպնոսողի միջոցով կինն է ճանաչում ամուսնուն, բացահայտում գաղտնի պահված դրվագներ։ Պարզվում է, որ սիրուհիներ է ունեցել, իր սիրելի զգեստը, որ իբրև ամուսինն էր գնել իր համար, գողացված է, աշխատանքի մասին ճիշտը չի ասել... Երկրորդ մասը սկսում է, երբ արթնանալով հիպնոսից Ադին (դեր.՝ Արմեն Մարգարյան) տեսնում է կնոջը՝ հիպնոսացնողի հետ մահճակալին։ Պարզելու համար կապ կա Գոդոյի և Էնջլի միջև, պահանջում է հիպնոսացնել հրեշտակի անուն ունեցող կնոջը։ Պարզվում է, որ նրա կյանքում զարհուրելի գաղտնիքներ կան։ Ադին տիկնոջ առաջին ամուսինը չէ, և ավելին, իրենից առաջ կինը քսանից ավելի տղամարդ է ունեցել: Անազնիվ սկսած հարաբերությունները պիտի փակուղի մտնեին։
Սա իրավիճակների և կերպարների հոգեբանական կատակերգություն է ռոմանտիկ մելոդրամայի նոտաներով:
Ժամանակը մերժելու տրամաբանության մեջ է գտնված բեմադրության ոճը: Պայմանականորեն երկու մասի (գործողության) բաժանած բեմադրության յուրաքանչյուր մասը սկսում է ավարտվող տեսարանով: Այսինքն` հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է ավարտվելու գործողությունը, հետո դերասանները ցուցադրում են` ինչ դեպքեր են նախորդել սուր իրավիճակներին:
Երեք գործող անձինք անընդհատ գտնվում են բեմում: Ռեժիսորը գործող անձանց փոխհարաբերությունները կառուցել է այնպես, որ երկուսը զարգացնեն գործողությունը, երրորդը, ժամանակ առ ժամանակ, լինի հետևողի դերում: Թվում է` վտանգված է դերասանական խաղի անընդմիջությունը: Սակայն, Իշխան Ղարիբյանի դերակատարումը տպավորիչ էր հատկապես այս տեսարաններում։ Նույնիսկ ստատիկ վիճակներում շարունակում էր դիմախաղով, կեցվածքով ու հայացքով պահպանել գործողության անընդմիջությունը։ Նրա շփումը խաղընկերների հետ չէ, այլ նրանց ստեղծած իրավիճակների, որոնցով պայմանավորված` դերասանի անձնավորումը երբեմն դրամատիկական, երբեմն էլ կատակերգական երանգ էր ստանում:
Դինամիկ կերպով փոխվում են իրավիճակները, և գործող անձանց մի հոգեվիճակից մյուսին անցումը դերասաններին խաղի նոր հնարավորություն է ընձեռում։ Կինը, որ հարձակվողի, քննողի դերում էր, երկրորդ հատվածում հայտնվում է քննվողի, մեղավորի վիճակում: Չենք կարող անտեսել երիտասարդ դերասանուհի Անի Կիրակոսյանի մտածված խաղը: Նրա Էնջլը օժտված է հոգեբանական նրբերանգներով: Ամուսնուն սիրող կին է: Միօրինակ, անհետաքրքիր կյանքի ընդվզման մեջ, ամուսնուն ուղղված մեղադրանքների արանքում, հոգատարություն և կարեկցանք է ցուցաբերում: Ընտանիքը փրկելու հույսը չի ուզում կորցնել: Հիպնոսի ենթարկված ամուսնուն հարցնում է, թե արդյոք սիրուհի ունեցե՞լ է: Հանդիսատեսը տեսնում է, որ նա գիտի պատասխանը, բայց շատ է ուզում հակառակը լսել, հարցնում է ու պատասխանը լսելու վախ ապրում: Դրական պատասխանից հետո թևաթափ է լինում: Մեկը մյուսին հաջորդող հարցերը նոր դրություններ են ստեղծում բեմում: Հարցից հարց աճում է խոսքի դրամատիզմը, ներքին ինտոնացիան գնալով լարվում է: Գործողությունը չի հանգուցալուծվում: Դրամատիկական լարվածության մեջ փոխվում է սյուժետային գծի ընթացքը: Այս հերոսները վիճում են ոչ թե հակասությունները հարթելու, այլ գաղտնիքները բացահայտելու ենթագիտակցական մղումով: Դերասանուհին օժտված է չափի զգացումով, դրությունը կրում է ներսից, հետաքրքիր էր դառնում, հատկապես, երբ իր հերոսուհու հոգեվիճակները կրում էր անշարժ կեցվածքում: Անին ունի բեմի համար հաճելի ձայներանգ (տեմբր): Հատկապես կամերային տարածքում խոսքն ավելի է ձգտում հոգեբանական հավաստիության, բնականության, որին նա տիրապետում էր:
Արմեն Մարգարյանի կերպարին հատուկ է ցրվածությունն ու ապակենտրոնացումը: Նրա դերը կառուցված է խաղային վիճակի ներշնչումով: Կատակերգական էֆեկտի հասնելու համար դերասանը գործող անձի վարքագիծը հարստացրել է հակադրություններով: Իր կյանքը ալկոհոլով քայքայած մարդը, ով արթնացում է ապրել, հետաքրքրվել է կնոջով, ուզում է իմանալ դավաճանվա՞ծ է ինքը, թե ոչ, կասկածների և խառնաշփոթի մեջ, գրեթե նույնքան կարևոր է դարձնում մեկ բաժակ խմելը, քանի դեռ կինը թմրեցման մեջ է: Տեսարանը դինամիկ է և ծիծաղելի: Գիտի, որ կինը հիպնոսի մեջ է, իրեն չի տեսնում, բայց մի կողմ է քաշվում, թիկունքով շրջվում դեպի կինը, կարծես, թաքնված խմում: Ադին սովոր է գաղտնի խմելուն: Տեսարանը կառուցված է դերի ներքին տրամաբանությունը պահպանելով: Նա գործում է շատ արագ, որովհետև խմիչքի կարիք ունի: Պլաստիկորեն արտահայտիչ է դերասանի խաղը: Ամեն բաժակի հետ թուլանում է նյարդային վիճակը, եթե մինչև խմիչքը Ադի-Մարգարյանը ուներ ուշադրության երկու պլան, պահ էր որոնում խմելու համար, հիմա արդեն սկսում է կենտրոնանալ: Առաջին պլան է գալիս անձնական խնդիրը. վստահ է, որ կնոջ մասին ամեն ինչ գիտի, բայց Էնջլի խոստովանությունը հիասթափեցնում ու կործանում է։
Հիպնոտիզյորը նոր էջից սկսելու հնարավորություն է ստեղծում։ Նրանց միասին լինելու ճանապարհն անցնում է սուր բախումների, ինքնախոստովանության ու ճանաչման միջով։
Վերջին տեսարանում միզանսցենը կառուցված է այնպես, կարծես եկեղեցում գլուխ գլխի տված, դեմ առ դեմ կանգնած զույգ լինեն, որ հիմա աստծո առաջ պիտի խոստանան հավերժ միասին լինել, իսկ Գոդոն մեջտեղում է կանգնած քահանայի պես, նա է նրանց միացնողը:
Ներկայացումն ունի անսպասելի, երջանիկ ավարտ։ Հերոսները կարողանում են ներել միմյանց թուլություններն ու մեղքերը։ Հանդիսատեսը ստանում է լավատեսության և միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող, ավելի բարի լինելու լիցք։