07.10. 2024 02:06
Անկախ այն հանգամանքից՝ հայկական թատերարվեստն առաջ է գնում, թե տեղում դոփում, անխաթար ժամանակն անցնում է՝ ‹‹հիշողական զգացողությունը›› տասնապատիկ անգամ գերազանցող թվացումներ մատուցելով: Օրինակ՝ անցած հինգ տարիները էմոցիոնալ հիշողության ֆիլտրումից հետո առավելագույնը հինգ ամիս է թվացնում: Այդօրինակ օրինաչափությամբ էլ ‹‹Հայ Ֆեստ›› կատարողական արվեստի միջազգային փառատոնն արդեն քսաներկուրերորդ անգամ է ընթանում, բայց թվում է, թե երկրորդ կամ երրորդ անգամ է այն անցկացվում: Ժամանակի պայմանվածության այս էֆեկտն իր հետ բերում է խաբուսիկության զգացողություն, ինչն ընդհանուր առմամբ բնորոշ է արվեստի հետ ծագող հարաբերություններին: Անշուշտ խոսքը պսեվդոքաղաքական այլանդակությունների արդարացուցիչ փաթեթավորմանը կամ էլ մեղմացուցիչ պատճառաբնմանը ծառայող ստերի մասին չէ: Այլ գեղարվեստական տեղեկատվության ընկալման ժամանակ տարանշանակության բնույթին աղերսվող մտահոգեկան գործընթացների: Այդ գործընթացների արդյունք ոչ միանշանակ տպավորությունների, որոնք հիմնականում երևակայության մասնակցությամբ են առաջանում:
Խոսենք նյութի առիթը հանդիսացած Հայ Ֆեստի առարկայական օրինակներով, որպեսզի ասվածն ավելի պարզորոշ դառնա: Փառատոնի բացմանը ‹‹Էվենտի Վերտիկալի›› (‹‹Ուղղահայաց թատրոն››) ներկայցրած ‹‹Խորանարդ›› աէրոշոուն (կրկեսի օդային զվարճահանդես), ինչ խոսք, տպավորիչ էր: Բայց այդ տպավորությունները մեծավ մասամբ, եթե ոչ մետաֆորիկ, ապա նվազագույնը` սիմվոլային նյութի ազդեցությամբ ծագած են: Ուրեմն և իրապաշտական ու համատարած չեն (իչպես, որ օղու բաժակը տեսնելիս, բոլորը կարծում են որ դա ըմպանակ է, այլ ոչ թե երեխայի պետքաման): Զգացողություններն ու դրանցից բխող հետևությունները ինդիվիդուալ են, քանի որ ամեն մեկն այդ յուրահատկությունը ձևավորող իր առանձնահատուկ զգայական փորձառությունը, գիտելիքային պաշարն ու հոգեկան միջավայրն ունի: Եվ վերամբարձ կռունկի օգնությամբ երեսունից երեսունհինգ մետր բարձրությունից կախված մետաղական խորանարդի ներսում և շուրջբոլորը կատարվող գործողություններն էլ տարընկալման բավական տարողունակ հնարավորություն են ստեղծում: Չորս կանանց մարմինների միջոցով օդային ձևաստեղծումներ են հրամցվում, ապա պատռելով խորանարդի մոմլաթե թաղանթը նրանք դուրս են գալիս խորանարդի միջից՝ այնտեղ թողնելով իրենց ստվերները:
Սա նրանց կեցության առաջին շերտն էր: Որոշ ժամանակ անց խորանարդի կողմերը փակվում են անթափանց կտորով, և օդամարզուհիներն իրենց գործողություններով սկսում են դրա հետ հարաբերվել: Վերջում կրկին նույն խորանարդի վերնամասից կտորե ճոճարաններ են դեպի վար կախվում՝ օդային քառյակի անդամներին իրենցում ամփոփելով: Այս ամենը բազմաբնույթ հանդիսականի զգացողական գունապնակներում տարատեսակ էսթետիկական հույզեր է հարուցում, այլազան գաղափարադրությային հավանականություններ հրամցնում: Մարդու բնական հնարավորություններից դուրս ընկած տիրույթում կատարվողն, անխոս, գրավում է գրեթե բոլորին, բայց այդ եղելությունը նույնական եզրակացությունների չի հանգեցնում: Մեկի համար իտալացիների ներկայացրած առարկայական և շարժակերպային նշանների իմաստային հանրագումարը մարդու ներքին և արտաքին աշխարհների ներդաշնակ համադրման կարելիության մասին էր: Մեկ ուրիշի համար էլ դա այն մասին է, որ մոմլաթե շերտի պատռումով նրանք իրենց ներքին արգելքներն են փորձում հաղաթահարել, ինչը հանգեցնում արտաքին աշխարհի պատնեշին բախվելուն՝ դրան կուլ գնալու պարտադիր պայմանով: Երրորդի համար էլ օդակախ խորանարդային ելույթը պարզապես ակրոբատիկ հնարավորությունների էսթետիկ ներկայություն էր: Ինչպես տեսնում ենք՝ ամեն երևակայություն իր ուրույն հուզամտածական լրացումն է թելադրում վերջնարդյունքում ստացվող տպավորությանը:
Վերոգրյալն ավելի ըդգծուն է դարձնում 2024 թ. փառատոնի համար Արթուր Ղուկասյանի ընտրած ներկայացումներից ‹‹Ներխուժում›› - ը: Շառլ Ազնավուրի հրապարակում Սլովենիայի Հանրապետության ներկայացրած Փողոցային ինտերակտիվ թատրոնի նմուշը, որի գրոտեսկային գերխնդիրը ծայրահեղ կոնտրաստային հակամիասնությունից նորահայտ արտահայտչականություն ձևավորելն էր: Սակայն լոկ արտաքուստ 21-րդ դար մտած Հայաստանում, դա սուր հակասական ազդակներ է սաղմնավորում՝ մերժողական իրավիճակի բերելով: Ամբողջապես վարդագույն, մի քիչ զվարճալի, մի քիչ զզվելի, մի քիչ էլ սարսափելի կերպարները թե՛ իրենց արտաքին տեսքով, թե՛ այսպես ասած արտառոց վարքագծով միանգամայն տեղավորվում էին գրոտեսկի կազմաբանության ու ձևաբանության ծիրում: Փայտերի միջոցով քայլող, տձև կառուցվածքով, բարձրահասակ ու կուզիկ արարած, որ կարող է անգամ աղբամանը քչփորել, հնդկացու՝ ամերիկյան բնիկի կիսամերկ հանդերձանքով վարդագույն ներկված տղամարդ, ոտքերից զուրկ մարդու պես հատակի վրայով քողարկված անիվներով ընթացող նույներանգ այլ կերպար: Եվ նրանք բոլորը իրենց հետևողների հետ հարաբերվում են ձայնարձակումային լեզվով:
Ուղղակի ‹‹Լյուդ Գրուփ››-ի ստեղծագործական խումբը մեղմության, նրբության արդեն իսկ աքսիոմատիկ նշանակություն ունեցող գունանշանը (ոչ միայն աղջիկ նորածինների զգեստներն ու պարագաներ են վարդագույն, այլև բրուտալության հակապատկեր լեսբիական համայնքը) միաձուլել է գրոտեսկայինի՝ կոպտության, սրության և փոքրիշատե այլանդակության հետ: Ստեղծվել է մի սիմբիոզ, ինչը անգիտակցական ընդվզում էր առաջացնում հատկապես դրոշմաձևային պատկերացումներով առաջնորդվող հանդիսատեսի պարագայում (թեպետ, թատերաց ինկվիզիցիան էլ էր հուզվել...):
Այո՛, նրանցից ոմանց պարագայում այդ արարածները կարող են մինչև անգամ գորտնուկապատ քայլող ծլիկների զազրելի տպավորություն թողնել: Սակայն ուրիշների համար էլ ֆանտասմագորիկ աշխարհից հրապարակ ներխուժած բառիս բոլոր իմաստներով ոչ սովորական էակներ, որոնք իրենց աշխարհազգացողության ու կենսամշակույթի հետ են կարծես փորձում մեզ ծանոթացնել: Կնշանակի՝ կրկին անգամ երևակայության, էմոցիոնալ ինտելեկտի և այդ ամենը մանիպուլացնող ենթագիտակցական զուգորդկան մտածողության բնույթով պայմանավորված իրողության տարակերպ ընկալման հարց է ընդամենը և ոչ ավելին: Իսկ Հայ Ֆեստը, հետայսու էլ իր ստանձնած մշակութային առաքելությանը հավատարիմ մնալով, այսպես ասած՝ պարտավոր է հնարավորինս զանազան ներկայացումներով հարստացնել հայ թատերասերի ու թատերական գործչի հուզաշխարհը: