05.10.2024 03:23
Համաշխարհային գրականության մեջ կան գործեր, «հավերժական թեմաներ», որ գրավել և միշտ գրավելու են հանդիսատեսին, ռեժիսորներին և դերասաններին, ստեղծագործողներին մղելու են գեղարվեստական նոր որոնումների, որքան էլ տարբեր լինեն նրանց ստեղծագործական մեթոդները: «Քամելիազարդ կինը» (կարծում ենք «Քամելիազարդ տիկինը» թարգմանությունը ճիշտ չէ, քանի որ տիկինով դիմել են ամուսնացած կանանց) 19-20-րդ դարերեում ամենաշատ բեմադրված ստեղծագործություններից է: Այն ունի հարուստ բեմական պատմություն: Թատրոնի պատմությունից փաստը հայտնի է՝ Դյումա-որդին վիպակի հաջողությունից ոգևորված էպիկական երկը վերածել է պիեսի։ 19-րդ դարում կամելիազարդ հերոսուհին դերասանուհիների համար դարձել է «մրցորդային» դեր, այնպես, ինչպես Համլետը դերասանների համար։ Թատերական մշակույթի համաշխարհային կենտրոններում թատերախմբերը հանդիպել են միմյանց։ Ռուսական և եվրոպական առաջատար թատրոնների միևնույն խաղացանկն ու դերացանկը բնականորեն ստեղծել են մրցակցային մի վիճակ, ինչն էլ դերասաններին մղել է որոնելու խաղի նոր գույներ և հոգեբանական ինքնուրույն վճիռներ։ Այս դերով են միմյանց հետ «մրցել» Սառա Բեռնարն ու էլեանորա Դուզեն, հայ բեմում` Աստղիկը, Մարի Նվարդը, Ազնիվ Հրաչյան և Սիրանույշը։ Մեր օրերում «Քամելիազարդ կնոջ» թատերայանցված ընթերցանությանը ներկա ենք գտնվել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական սրահում: Սիրանույշին նվիրված հոբելյանական երեկոյին ընթերցանության համար պիեսից ընտրվել էին այն հատվածները, որոնք ամենից շատ արձագանքն են գտել մամուլում և ժամանակակիցների հուշերում։ Դերակատարներներն էին Մարգարիտ Գոթիե- Անահիտ Կիրակոսյան, Արման Դյուվալ- Սամվել Թոփալյան, Ժորժ Դյուվալ- Դավիթ Հակոբյան:
Անսպասելի էր «Քամելիազարդ կինը» ստեղծագործությունը ժամանակակից թատրոնների խաղացանկում տեսնելը: «Թատրոն տանիքումը», որ երեկոյան հաճելի ժամանցի վայր է դարձել երևանցիների համար, հետաքրքիր խաղացանկային մարտավարություն է մշակել, գրավել հանդիսատեսին: Նրանց խաղացանկում հիմնականում դասական գործեր են, ճիշտ կլինի ասել ներկայացումներ, որոնց հիմքում դասական երկեր են: Նոր, ժամանակակից դրամայի որոնումները շատ հաճախ հանգեցնում են դասական գործերի վերափոխված (ռիմեյք) տարբերակների: Նրանք ներկայացնում են մի պատմություն, որն ինչ-որ ժամանակ հաջողություն է ունեցել, և նախորդների հաջողության շնորհիվ հետաքրքրություն են առաջացնում իրենց ստեղծագործության հանդեպ, պահպանելով հիմնական մոտիվը` ստեղծում են սեփական գեղարվեստական աշխարհը: Թատրոնում բեմական տարածքը պայմանական է: Կուլիսները պատշգամբ հիշեցնող բացօթյա տարածություններ են, ետնաբեմը բաց է, կամ, ավելի ճիշտ կլինի ասել, ետնաբեմը քաղաքի համայնապատկերն է, որտեղ կյանքն իրական է, լուսինն ու քամիները` նույնպես:
Մինչև ներկայացման սկսելը հանդիսատեսին հյուրասիրում են գինի, հյութ կամ գարեջուր: Վայելելով հնչող երաժշտությունը` կարելի է շրջել թատրոնի բաց «օթյակներում», հիանալ գիշերային քաղաքի համայնապատկերով: Մի պահ կարող ես հետևել փողոցի անցորդներին, ովքեր հայցքները հառում են խանութներին, բարձրահարկ շենքերի պատուհաններին, երևի մտովի ուզում են պատկերացնել այնտեղ ապրողների կյանքը: Մարդկանց միշտ հետաքրքիր են պատուհանից այն կողմում ապրվող կյանքերը: «Թատրոն տանիքումն» այդ հմայքն ունի: Թատրոնի հանդիսատեսը, կարծես, շրջված, հայելային պատկերով հետևում է պատուհանից այս կողմ ապրողների կյանքը, բայց արդեն դրսում հոսող կյանքի համատեքստում: Դրսում իրական կյանքն է, իսկ ներսում կրքեր են, ապրումներ, ճակատագրեր: Կարծես, հնարավորություն է ստեղծվում այդ բնակարաններից մեկում ապրող մարդկանց կյանքին ներկա լինել, տեսնել թե ինչ խնդիրներ ունեն:
Երբ հանդիսատեսը զբաղեցնում է իր տեղը, բոլորի ուշադրությունը գրավում է ետնաբեմի սեղանին փռված միջանցիկ քամիներից գալարվող սփռոցը: Բեմական տարածքի ձախ և աջ կողմերում թափանցիկ ապակիների հետևում հայտնվում են մարդիկ, կարծես, քամու բերանն ընկած: Մի կին, քամուց պաշտպանվելով ներս է ընկնում, աշնան տերևի պես դողալով, մրսած է ու հիվանդ: Մարգարիտն է, որը բեմադրության մեջ կրում էր Մարի անունը: Մարգարիտ անվան ժամանակակից տարբերակը կարող էր դառնալ Մագան կամ Մեգին, բայց նոր կամելիազարդ կինը իր համար ընտրել է Մարի անունը, ինչը կարծում ենք պատահական չէ: Այդ անունն է կրել «Քամելիազարդ կնոջ» նախատիպերից մեկը` Մարի Դյուպլեսին, ում անձամբ ճանաչել է երկի հեղինակը: Դյումա-որդու հերոսուհու կամելիաների ընտրությունը նույնպես վերցված է 19-րդ դարի քառասունական թվականներին Փարիզում հայտնի այդ կուրտիզանուհուց, ով սիրել է կրկնել, որ նախընտրում է կամելիաներ, որովհետև դրանք բույր չունեն, և հարուստ մարդկանց, որովհետև նրանք սիրտ չունեն: Երկի հեղինակի համար սա դարաձել է բանալի` վառ, կանչող ծաղիկ, երբ մոտենում ես, հիասթափեցնում է, որովհետև բույր չունի:
Բեմադրության հեղինակը (Մհեր Զաքարյան) չի ընդգծել, թե որ երկրում են դեպքերը զարգանում, խնդիր չի դրել վերակենդանացնել դարաշրջանը: Ժամանակակից միջավայրը պայմանական է, մոդեռնիստական լուծումներ ունեն միայն հերոսների հագուստները: Նրանք շփվում են ժամանակակից բառապաշարով, գրական երկից պահպանված է միայն գործողությունների ընթացքը: Հանդիսատեսին հետաքրքիր է դառնում տեսնել 19-րդ դարի հերոսներին մեր օրերում: Երկը, կարելի է ասել, բեմադրված է որպես հարաբերությունների դիմակահանդես. գեղեցիկ զգեստներ, դյութիչ, կրքոտ պարեր, բազմաոճ երաժշտություն: Անցյալ դարերի կուրտիզանուհին մերկապարուհի է դարձել, աղախինը` Նանինը` միանձնուհու հագուստով է, Արմանը առաջին տեսարանում հայտնվում է պարանոցին կապած փայլուն ժապավենով, մի շնիկի նման, ում հիմա պիտի նվիրեն (հետագայում, ռեժիսորը այս միտքը հասունացնում է: Այն տեսարանում, երբ հանդիպում են Մարիի նոր սիրեկանն ու Արմանը, խաղաթուղթ խաղալուց հետո վեճի են բռնվում, իրար վրա հարձակվում շան պես, խոսակցությունը վերաճում է հաչոցի): Արմանի հայրը` Ժորժ Դյուվալը (Արամ Կոստանյան) ավելի ուշ հայտնվում է հոգեառ հրեշտակի կերպարով: Մարգարիտի ընկերուհին` Պրյուդանսը (Մարի Գրիգորյան), իր համար ընտրել է ուսուցչուհու կերպարը (որոշ գործողություններ զարգանում են նրա դասերի միջոցով, օրինակ` Արմանն և Գաստոնը իմանում են, որ Մարգարիտն ապրում է իր նախկին կյանքով): Բեմի ձևավորումն էլ պայմանական է. հարդասենյակի է նման, աջ և ձախ կողմերում զարդասեղաններ են, որոնցից մեկի վրա գրված է Մարի Գոթիե: Ցուցադրվող ժամանակակից կյանքն ու դրան տրված պայմանականությունը թույլ չեն տալիս զգացմունքների, դրությունների, ապրումների անկեղծություն: Փոքրիկ ակնարկներ, թիկունքում` ծանոթ պատմություն...
Ռեժիսորը հրաժարվելով գեղարվեստական երկի մանրամասներից, դիմել է ընդհանրացումների: Այդտեղից էլ գործող անձանց բեմական վարքագիծը միշտ չէ, որ տրամաբանական շարունակություն է ունենում, կերպարների հարաբերությունները շփման մեջ հարուստ չեն նրբերանգներով:
Առաջնուհիների համբավ ձեռք բերած դերասանուհիները հիմնականում ներկայացրել են Մարգարիտի երկու տիպ: Ազնիվ Հրաչյան այս դերի ըմբռնումնով մոտ է եղել Էլեոնորա Դուզեին։ Նրա հերոսուհին չի սիրել այն միջավայրը, որտեղ ապրել է, դժվարությամբ է հավատացել Արմանի սիրուն և աստիճանաբար է տրվել զգացմունքին։ Հրաչյա-Մարգարիտի համար անսպասելի է եղել Արմանի սերը: Առաջին գործողությունում կռիվ է մղել իր անցյալի դեմ, երկրորդում` կռիվ իր երջանիկ ներկայի դեմ (Ժորժ Դյուվալին խոստացել էր հեռանալ որդուց` Արմանից): Նրա Մարգարիտը դիմադրությամբ է ընդունել երջանկությունը, դիմադրությամբ հրաժարվել նրանից: Հրաչյայի Մարգարիտի մահը անխուսափելի է եղել, թվացել է փրկություն։ Դուզեն նույնպես կասկածանքով է ընդունել սերը և հրաժարվելով՝ հաշտվել է մահվան հետ։
Սիրանույշի խաղը համեմատաբար ավելի մոտ է Սառա Բեռնարի դերակատարմանը։ Բեռնարի Մարգարիտը իմացել է, որ կարող է հմայել բոլոր տղամարդկանց։ Ոչ մի վայրկյան չի մոռացել և հանդիսատեսին էլ թույլ չի տվել մոռանալ, որ, նախ և առաջ, ինքը «քամելիազարդ» կին է։ Հերոսուհու ողբերգությունը սկսել է սիրահարվելու պահից։ Նրա հետ, պարզապես կատարվել է անսպասելի, իրենից դուրս մի բան, որին և տրվել է ակամա։ Բեռնարի հերոսուհու մահը եղել է հանկածակի, կռիվ է եղել կյանքի դեմ։ Սիրանույշի Մարգարիտը նույնպես սովոր է եղել փարիզյան շքեղ կյանքին, ապրել իրեն հաճելի միջավայրում և իր ընտրած կյանքով։ Անսպասելի զգացմունքով նա աստիճանաբար է ինքնազոհության գնացել և հանգչել է ոտքի վրա, մինչև վերջ հրաշքի սպասելով, թե կարող է կենդանի մնալ։ Նման մահը հատուկ է եղել թոքախտով հիվանդներին։
Մարի - Ռոզի Ավետիսովան իր դերի ըմբռնմամբ մոտ է Սիրանույշին, Սառա Բեռնարին: Նա գիտի, որ տղամարդիկ հեշտությամբ են իրենով տարվում, ինքնավստահ է և ապրում է իր ընտրած կյանքով, ունի բացահայտ արհամարհանք տղամարդկանց հանդեպ: Դերասանուհին առաջին պլան է բերում ինքնուրույն մի կետ, որ իր նախորդները չեն շեշտադրել. սայթաքել չի կարելի:
Վերը նշված դերասանուհիները դրամայում առանձնացրել են որոշ տեսարաններ, որոնց մասին հիշողությունները հավերժ մնացել են մամուլում և ժամանակակիցների հուշերում: Մարգարիտի և Արման Դյուվալի հոր հանդիպումը դրամայի հոգեբանական կարևոր տեսարաններից է։ Ալեքսանդր Դյումա-որդին նուրբ հոգեբանական անցումներով է կառուցել պիեսում կարևոր տեղ զբաղեցնող հատվածը: Այս հանդիպումից հետո հերոսուհու ճակատագրում շրջադարձ է կատարվում (պերիպետիա), պատումային գծի կտրուկ փոփոխություն` կանխորոշելով գործողության զարգացման հետագա ընթացքը:
Հայտնի է թե ժամանակին ինչպես է այն խաղացել դերասանուհի Ազնիվ Հրաչյան։ Նա խաղը կառուցել է այնպես, որ հոգեբանական անցումները մի քանիսը լինեն. սկզբում կարծել է թե Արմանի հայրը եկել է իրենց միությունը օրհնելու, հետո անակնկալի է եկել հոր խնդրանքից, ապա հանձնվել է ու հաշտվել դժբախտ ճակատագրի հետ։
ԳԱԹ-ում թատերայնացված ընթերցանության այս տեսարանը, նույնպես, տպավորիչ էր. Ժորժ Դյուվալը - Դավիթ Հակոբյանը լարված էր, եկել էր լուրջ խոսելու Մարգարիտի հետ, որ հանգիստ թողնի իր որդուն, չվարկաբեկի հասարակության աչքում։ Մտնում էր Մարգարիտի դերակատարը (Անահիտ Կիրակոսյան)` նույնպես լարված։ Կարծես՝ կռահում էր, թե ինչ զրույց էր սպասվում։ Երբ Մարգարիտն ասում էր, թե Արմանը տանը չէ, մի պահ հույս էր փայփայում, որ գուցե սխալվում էր, հայրը որդուն էր փնտրում, և սրանով էլ հանդիպումն կավարտվի, բայց ակնթարթը կարճ էր տևում: Դյուվալ հոր պատասխանը թե զրույցը հենց իր հետ էր, վերադարձնում էր նախկին լարվածությունը։ Անահիտ-Մարգարիտի երջանկությունը կորցնելու վախն ու տագնապը ակնհայտ էր։ Ժորժ Դյուվալը թշնամաբար էր տրամադրված: Տպավորիչ էր ընթերցանության այն հատվածը, երբ զրույցի ընթացքում Դյուվալ-Դավիթ Հակոբյանն աստիճանաբար փոխում էր խոսքի տոնայնությունը և ժամանակ առ ժամանակ հայացքն ուղղում Մարգարիտին, ստուգելու համար, թե արդյոք իր իմացած կինն էր կողքին։ Կասկածը մեծանում էր, որովհետև սկսում էր համակրել զրուցակցին: Բարկանում էր՝ Արմանի վրա, հուզվում, սրտնեղում իր պահվածքից ու խնդրանքից, և զրույցի վերջում արդեն, դժվարությամբ էր մղում Մարգարիտին բաժանման։ Մարգարիտ - Անահիտ Կիրակոսյանը սկզբում հեզությամբ համաձայնում էր օգնել սիրելիի հորը, պատրաստ էր ժամանակավոր հեռանալ Արմանից: Հերոսուհին փորձում էր հաշտության եզրեր գտնել սիրելիի ընտանիքի հետ։ Բայց երբ պարզվում էր, որ խոսքը ժամանակավորապես լքելու մասին չէ, այլ՝ ընդմիշտ հեռանալու, ընդվզում էր, խեղդվողի պես փորձում փրկել իրենց սերը, պատրաստ էր նույնիսկ ճանապարհից հեռացնել խանգարողին։ Ընդվզմանը հայր Դյուվալը պատասխանում էր կտրուկ, ծնողի պաշտպանական բնազդով, նորից թշնամանքով ու պահանջատիրոջ իրավունքով։ Մարգարիտը փորձում էր խղճահարություն արթնացնել, որ հիվանդ էր, ճիգ էր գործադրում դրանով պաշտպանվել, բայց դառնում էր ավելի անպաշտպան։ Անահիտ Կիրակոսյանի Մարգարիտը բարձրաձայնում էր հիվանդության մասին ու ինքն էլ հանկարծ հասկանում, որ ապագա չունի։ Արմանի հոր ներկայությունը ստիպում էր գիտակցել, որ իր նմանը չի կարող լինել արժանի մայր, կին։ Ահա այս միտքն էլ կործանում էր նրան` ստիպելով հանձնվել։ Դավիթ Հակոբյան-Ժորժ Դյուվալը բարկացած էր, բայց բարկացած էր, որ ստիպված է նման բան խնդրել, շատ լավ հասկանալով, որ խլում էր այդ կնոջից երջանիկ լինելու հույսը։
Այօրինակ տեսարանները դերասաններին հնարավորություն են տալիս ցուցադրելու իրենց վարպետությունը:
Եթե պիսը մեր ժամանակների տրամաբանության մեջ է, հոգեբանական դարձակետերը պետք է պահպանվեն, հանդիսատեսին հետաքրքիր է տեսնել ժամանակակից աղջկա և սիրած տղայի ծնողի հետ հանդիպումը մեր օրերի համատեքստում: Մինչդեռ, ռեժիսորը ճակատային լուծում է տվել տեսարանին: Մարի - Ռոզի Ավետիսովայի և Ժորժ Դյուվալ - Արամ Կոստանյանի հանդիպումը հարաբերությունների դիմակահանդեսի տրամաբանության մեջ էր: Մարին սպիտակ գիշերազգեստով է, հայտնվում է հայրը` հոգեառ հրեշտակի կերպարով: Կարծես, իրար են հանդիպել հրեշտակն ու սատանան: Ակնարկը մեկն է. այս մարդը խլելու է դարձի ճանապարհը բռնած մի կնոջ կյանք: Զրույցը միայն գործողությունների ընթացքն է պահպանում: Կաղապարված են դերասանների խաղային հնարավորությունները: Անտեսված է կերպարների հոգեբանական կյանքը: Նման մոտեցումը ավելի շուտ քողարկում է դերասանների հետ աշխատանքի բացերը, կամերային տարածքում դերասաններին զրկում է խաղի հնարավորությունից: Կարծում ենք, եթե դերասանուհուն տրվեր խաղի հնարավորություն վերը նշված տեսարանը շատ ավելի ազդեցիկ կլիներ: Ռոզի Ավետիսովան իր դրամատիկ դերասանուհու կարողությունները ի ցույց դրեց այլ տեսարաններում: Երբ արդեն սիրահարված է Արմանին, կյանքը փոխելու խնդրի առաջ է, բարձրաձայն մտածում է, ապագայի ծրագրեր կազմում: Հանում է իր կեղծամը, կարծես ազատվելով կյանքում բաժին ընկած իր դերից, իրեն թույլ է տալիս մի պահ թուլանալ, նույնիսկ երազել, որ ինքն էլ կարող է երջանիկ լինել: Հանդիսատեսի առաջ նստած է երջանկության ակնկալիքով մի աղջիկ` հարսի զգեստ հիշեցնող հագուստով, ով անցյալի հետ ուզում է մաքրել իր հին հաշիվները ու նոր կյանք սկսել. «կմարեմ բոլոր պարտքերս...»:
Չափազանց տպավորիչ էր Մարիի մենախոսությունը բարձրախոսով, հայելու առաջ` թիկունքով դեպի հանդիսատեսը. «Որ տղամարդը կուզեր, որ դու իր կինը լինես, որ երեխան կուզեր քեզ մայր կոչել...»: Այս տեսարանում ռեժիսորի և դերասանի համագործակցությունը տվել է իր արդյունքը: Իր գործից ու կյանքից հոգնած կինը շրջված է թիկունքով դեպի հասարակությունը, բայց հանդիսատեսը հայելու մեջ տեսնում է կործանված, լքված ու մենակ կնոջ:
Արման Դյուվալ - Անդրանիկ Աբրահամյանի խաղն հետաքրքիր է հանդիսատեսի հետ շփման մեջ: Հարցը, որն ուղված է հանդիսատեսին, ամաչեցնում է նրան: Առիթ է ստեղծվում կերպարը հասկանալի դարձնելու: Մեր առջև կանգնած է մի անփորձ, երիտասարդ, ով ուզում է համարձակ թվալ: Հետաքրքիր է, թե ինչպես է լսում Պրյուդանսին, երբ նա պատմում է, որ Մարին ծախել է իր ունեցած-չունեցածը, և դուքսն էլ նրան չի օգնում: Սակայն հոր հետ տեսարանում զրույցը կեղծ տոնայնության մեջ է, կարծես ճշտված չէին նրանց հարբերությունները: Ապա Անդրանիկ-Դյուվալը կարդում է Մարգարիտի նամակը, որն ավարտվում է. «Երբ կարդաս այս նամակը, ես արդեն ուրիշի սիրուհին կլինեմ»: Նախադասությունը կրկնում է երեք անգամ, երեքն էլ` նույն հնչերանգով: Բաց է թողնվում նոր նրբերանգներով դրությունը հարստացնելու հնարավորությունը:
Հետաքրքիր է մտածված Գոթիեի մահվան տեսարանը: Կենտրոնում Մարիի մահճակալն է: Տիրուհու ոտքերի մոտ նստած է Նանինը (Ցողիկ Մարտիրոսյան), ում միանձնուհու կերպարը նոր իմաստ է ստանում: Նա է Մարիին ճանապարհելու, գուցե, ավելի բարեհաճ աշխարհ: Տեղ-տեղ ընդհատում է տիրուհու խոսքն ու գործողությունները զարգանում են նրա պատմության մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ Մարիին մենք տեսնում ենք Նանինի հիշողության մեջ: Հայտնվում է երգչախումբը: Հնչում է «աշնան գիշերով իմ լքված սրտի...» երգը: Մարին հեռանում է դեպի քաղաքից կանչող լույսերը, այնտեղ, որտեղից եկել էր, բեմում թողնելով իր պատմությունը ավարտող միանձնուհուն: