Ինչպիսի՞ մարդ ես դու. ոտնատակ անո՞ղ, թե՞ ոտնատակ լինող, եթե Ստալինն է ժամանակիդ հերոսը և Աստվածը... Սերը, մեծ սերը փրկու՞մ է, թե՞ կործանում մարդուն... Ինչպե՞ս է մարդը փոխվում` կախված իրավիճակից, ինչպե՞ս է ընկերդ դառնում թշնամիդ, բայց շարունակում ընկեր մնալ, ինչպե՞ս է սիրելիդ դառնում օտար, բայց շարունակում սիրելիդ մնալ, ինչպե՞ս է հայրենակիցդ դառնում անհայրենիք ... ( բարեբախտաբար ոմանք երբեմն հիշում են,որ դու ու ինքը նույն արմատներն ունեք): Ինչպե՞ս է մարդ արարածը, իր մեջ եղած լույսը մոռացած, խավարը սնում, շատացնում ու զոհաբերվում ու զոհաբերում մյուսներին... Ինչպե՞ս է փոխվում մարդը վախի ազդեցությամբ, ինչքա՞ն դիմացկուն է մարդը, և քանի՞ պայծառ մարդ չդիմացավ, մինչդեռ նրանք աշխարհը ավելի լավն էին դարձնելու...
Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակը` խղճի ու անխղճության, զգացածի ու ապրածի, արածի ու չարածի, տեսածի ու լսածի, կույր ու խուլ ձևանալու... պատմությունը, տալիս է այս և էլի շատ հարցերի պատասխանը։ Այս պարզ, բայց միևնույն ժամանակ հանճարեղ ստեղծագործությունը երկու շատ սովորական մարդու սիրո պատմություն է, փոխադարձ սեր` անմնացորդ նվիրումով, մաքուր ու գեղեցիկ բնության նման, տիեզերքի չափ մեծ, բայց զավեշտալի և ողբերգական ավարտով։ Ողբերգություն, որ համամարդկային էր ժամանակի համար. կործանվեց մարդկային մի չքնաղ շերտ, մարդու բարձր տեսակ... Աշխարհում միշտ գոյություն ունեցող քստմնելի ուժը, երախը բաց, նրանց էլ հասավ. կորան արևը, լույսը, հույսը, կյանքը վերջացավ... , միևնույնն չէ՞ այսուհետ։
Իսկ ներկայացումը շատ արագ քեզ` դիտողիդ, դարձնում է դեպքերի ականատեսը (այստեղ իրենց մեծագույն դերն ունեին երկու տաղանդավոր մարդիկ` Դավիթ Հակոբյանը և Տաթև Ղազարյանը), հերոսների հույզերի ու ապրումների կրողը, արածի ու չարածի պատասխանատուն, մի պահ նույնիսկ մոռանում ես, որ դու նրանցից մեկը չես ու սկսում ես ատել քեզ քո մտքերի համար, սիրել քեզ քո մտքերի համար, հիանալ քեզնով ու խղճալ ինքդ քեզ քո թուլության համար... Մաթեմատիկական ճշգրտությամբ ընթացող գործողությունները երկու ժամ շարունակ անչափելի զարմանքի ու հիացմունքի աղբյուր կարծես լինեն,որ հագեցնում են ծարավդ։
Մտածում ես, թե ինչ է հնարավոր անել բեմին, երբ վարագույրը բացվում է, ու դիմացդ ընդամենը երկու սպիտակ քառակուսի է` պատ և հատակ, և երկու պարան` անկյունում պահված, բայց շնորհաշատ մարդկանց (Նարինե Գրիգորյան, Անդրանիկ Միքայելյան, Վիկտորիա Ռիեդո֊Հովհաննիսյան) մտքի ու ջանքի շնորհիվ հետաքրքիր լուծումներով այնքան շատ բան ես տեսնում բեմին, որ աչքերդ լայն բացած նայում ես ու նայում, ագահորեն կլանում ես տեսածդ ու չես կշտանում... Վերը նշվածին գալիս են լրացնելու ամբողջ ընթացքում ականջդ շոյող,հոգիդ տակնուվրա անող երգերն ու երաժշտությունը (երաժշտությունը`«Հող», իսկ երգչախմբի ղեկավար` Լիլիթ Եդիգարյան) և հնարամիտ լուծումներով զգեստները (Թամարա Բարոյան)։
27.09.2024