Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Եթե մեռնել.... , բայց առայժմ ապրել է պետք։ Դուք այս եզրահանգման կգաք, երբ այցելեք Համազգային թատրոն ու ականատեսը լինեք այնպիսի մի հրաշքի, որ կոչվում է «Մարդը ափի մեջ»։ Միշտ արդիական ու ուսուցանող Պարույր Սևակի` կրքով ու կյանքով լի, խորը փիլիսոփայություն, սուր միտք ունեցող, հանճարեղ ստեղծագործությունները կարծես հենց այդ պահին են ծնվում, մարմին են առնում, հենց աչքիդ առաջ նոր միտք են ստանում, նոր ասելիք, կպչում են սրտիդ, հոգուդ, քեզ քեզնից պոկում, տանում հեռուներ ու նորից վերադարձնում, սովորեցնում պահը վայելելու, կյանքն արժևորելու, քեզ ու կողքինիդ սիրելու արվեստը։

Տաղանդավոր մարդկանց` Նարինե Գրիգորյանի (բեմադրություն) և Տաթև Ղազարյանի (բեմական խոսք) ջանքերով ստեղծված այս ներկայացումը դրական առումով տարբերվում է ասմունքին վերաբերող ընդունված պատկերացումներից.նրանք ( Նարեկ Բաղդասարյան, Անդրանիկ ՄիքայելյանՀարություն Սարգսյան, Միլենա Ղազարյան) պարզապես չեն ասմունքում .բանաստեղծության ամեն բառի, տողի հետ ապրում են և ապրեցնում, երգում են, հուզվում ,հուզում, իրենք էլ նոր կերպարանք են կարծես ստանում ու նորացնում ունկնդրին...

Բեմին եղած տպավորիչ երիտասարդների շնորհիվ այնքան խորն ես ընկղմվում սևակյան փիլիսոփայության մեջ, որ հանկարծ ես,դուն ի վերջո դառնում են մենք, հայտնվում ափի մեջ։ Սևակյան տողերը հնչեցնողներին հավասար հավատում ես ,որ աշխարհում կա ջահելություն, կա կյանք, կա սեր, շատ ուզում ես, որ անխուսափ մահը տանի ոչ հերոսին, այլ` մարդուկին, ու մեկ էլ լցվում ես ատելությամբ խավարի հանդեպ,որտեղ միտք չի ծնվում ... , օգնություն ես խնդրում` ցավդ մեղմացնելու ու գժվում ես` հասկանալով, որ գժվելով են ատում, սիրում, և գերադասում ես միշտ գիժ լինել։

Զգացումների տեղատարափի մեջ հանկարծ աղաչում ես ինքդ քեզ և բոլորին, որ չվախենան անկեղծ խոսքից, ու այս մեքենայացված դարում փորձում ես գտնել ամենակարևոր հարցի պատասխանը. ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի դեռ կարելի է մարդուն մարդ պահել... Իրար լսող, իրար հետ խոսող ու վիճող դերասանների հագուկապը, դեմքի արտահայտությունը,շարժումները` ամեն բառին համահունչ, տարածքը` անհրաժեշտ իրերով ու ուրույն ձևավորմամբ, գեղեցիկ ու հաճելի երաժշտությունը (Արմեն Շահինյան)` ամեն բառի ու շարժման հետ խոսող, 60 րոպե հիացնում են,զարմացնում ու ոգևորությամբ վարակում ...

Այսքանից հետո գլխումդ պտտվում է. «Ապրել,ապրել,ապրել է պետք...»։

15.09.2024 թ.

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

894 հոգի