Հայ. - Պրակրիտական դրամա
Հնդ. (սանսկրիտ. ) - prâkrtâ bhâshâ - բնական, ժողովրդական
Ռուս. - Пракритская драма
Անգլ․ - Dramatic Prakrits
Հին հնդկական թատերգության տարատեսակ։ Մինչև 14-րդ դարը ծաղկում է ապրել, այնուհետև ժողովրդին անհասկանալի դառնալու հետևանքով աստիճանաբար կորցրել է նշանակությունը։ Մ.թ.ա. V դարից գրականություն ներթափանցած պրակրիտների դրամատուրգիական տարատեսակը գոյատևել է մինչև 18-րդ դար։ Գրվել է միջին հնդկական լեզուներով (պրակրիտական լեզուներ)։
Պրակրիտները եղել են արտահայտությունը ջայնիզմի՝ կրոնաբարոյախոսական այն ուսմունքի, որն հակադրվել է բրահմանիզմին և շահել ժողովրդական ստորին զանգվածների համակրանքն իր ուսմունքի գլխավոր դրույթով. մարդիկ՝ անկախ իրենց դասային-կաստայական պատկանելությունից, հոգեպես հավասար են։ Հետևաբար պրակրիտով գրված շատ դրամաներ հաճախ արտահայտում էին հեղինակների հումանիստական գաղափարները՝ հաղթահարելով դասական թատրոնի պալատական և արիստոկրատական սահմանափակումները։ Հին հնդկական դրամատուրգիական թատրոնի տեսության համաձայն («Նաթյաշաստրա») սանսկրիտի փոխարեն պրակրիտն օգտագործում էին ցածր խավերի և կաստաների, ինչպես նաև կանանց և երեխաների կերպարների խոսքը գրելու համար: Պրակրիտական թատերգությունը ջայնիզմի մարդասիրական գաղափարներն արտահայտել է ժողովրդական զանգվածներին մատչելի միջոցներով, պատկերել կրոնական հնազանդությանը չառընչվող հերոսական կերպարներ, հակադրվել բրահմանիզմին և պալատական թատրոնի դասական քարացած ձևերին։
Պրակրիտական դրամայի կերպարներին հերոսականությունից, կրոնական հնազանդության հետ անհամատեղելի պաթոսից բացի, հատուկ պետականության բարձր գիտակցությունը, բրահմանիզմի քննադատությունը։ Մի շարք պիեսներում արհեստավորների, առևտրականների, ստորին կաստաների ներկայացուցիչների էպիզոդիկ կերպարները պատկերված են մեծ սիրով և մանրամասնությամբ։
9-րդ դարից սկսած դրամատուրգիայում մեծանում է պրակրիտի նշանակությունը, հայտնվում են ամբողջությամբ պրակրիտով գրված պիեսներ (Կարպուրա-Մանջարի Ռաջաշեխարա, 9-րդ դար)։ Ստեղծվում է նոր ժանր-sattaka (պարային պիես)։ Որը տարբեր աղբյուրներում ստուգաբանվում է uparupaka-ի ձև պրակրիտում։ Այն տարբեր կերպ է բացատրվում. այն ծագում է sa + atta («դրամա» կամ «պար» դրավիդյան ծագում ունեցող բառ) + ka-ից: Ընդունված է բնորոշելու պարով ուղեկցվող դրամատիկական ներկայացումը։ Մեկ այլ հետազոտող բառի ծագումը կապում է սանսկրիտի sat արմատից, որը նշանակում է ցույց տալ, ցուցադրել, դրսևորել:
Այսպիսով, եթե ընդհանրացնենք, այն նշանակում է «տեսարան, զվարճահանդես, ցուցադրություն», որտեղ գերակշռում էր պարը, խոսքային մասը ետին պլան էր մղված: Սատտակայի ստուգաբանության վերաբերյալ մի կետում լեզվաբանները համակարծիք են, նրանք միաձայն ընդունում են այն, որպես դրամատուրգիական գրվածքում պարի և երաժշտության գերակայությունը: Վիշվանաթայ Սահիտյադարպանան («Գրականության հայելին», 14-րդ դար) այն սահմանում է որպես դրամա՝ գրված պրակրիտի տեքստով և առանց պրավեսակայի կամ վիշկամբհակայի (ներածական կամ կապող տեսարանների)։
Պրակրիտ ընդհանուր անունով են կոչվել միջին հնդկական բարբառները (մոտ 38 պրակրիտներ), որոնցով գրված են Աշոկիի արձանագրություները մ․թ․ա․ III դար։
Եղել է խոսակցական լեզու, ենթարկվել է գրական մշակման։ Պատկանում է հնդեվրոպական ընտանիքի հնդիրանական ճյուղի միջին հնդկական լեզուներին։ Պրակրիտներից հնագույնը պալի լեզուն է, որը իր տարածումը գտավ մ․թ․ա․ I հազարամյակում և համարվում է, որ այդ լեզվով էր Բուդդան քարոզում իր ուսմունքը։ Այս լեզուն զգալիորեն տարբերվում է հին հնդկական, ինչպես նաև դասական սանսկրիտից, դրա նախօրինկաները կարելի է տեսնել հնագույն քերականական գրվածքներում։
Հետագայում արդեն ի հայտ են եկել պրակրիտները, որոնք չնայած սանսկրիտի գերակայությանը աստիճանաբար ձեռք են բերում գրական լեզվի կարգավիճակ; Սկզբում դրանք օգտագործվում են դրամատուրգիայում, այնուհետև, որքան էլ դա պարադոքսալ թվա, պրակրիտի գրականությունը դառնում է սանսկրիտով գրված գրականության անբաժանելի մասը և երբեմն ընդօրինակվում սանսկրիտով գրված գրականության կողմից։ Օրինակ, 11-րդ դարում գրված Անանդանադրհանայի (սանսկրիտով) պոետիկայի մասին տրակտատը՝ «Դհվանյալոկայում» առկա են պրակրիտով գրված բազմաթիվ տեքստեր՝ (Ռաջաշեխարայի սանսկրիտի լեզվով ստեղծագործող բանաստեղծի «Կարպուրամանջարի» շաուրասենի պրակրիտով գրված պիեսը. «Սանսկրիտով գրված ստեղծագործության լեզուն կոպիտ է, իսկ պարկրիտով գրվածը նուրբ է և գեղեցիկ, նրանց միջև տարբերությունը նման է կնոջ և տղամարդու միջև եղած տարբերության»։
Լեզվաբանության տեսանկյունից պրակրիտին բնորոշվում է որպես թեքական լեզվական համակարգ (ըստ լեզուների ձևաբանական (տիպաբանական) դասակարգման՝ աշխարհի լեզուների մի խումբ (մյուս խմբերն են՝ անջատական, կցական, բազմահամադրական)։ Թեքական լեզուներին հատուկ կառուցվածքային առանձնահատկություններն են՝ ներքին թեքման առկայությունը, այսինքն՝ արմատահնչյունի փոփոխությամբ բառային և քերականական իմաստներ տարբերակելը (միևնույն արմատից, բառից տարբեր բառեր կամ քերականական ձևեր ստեղծելը), միևնույն մասնիկի (վերջավորության) մեկից ավելի քերականական իմաստ արտահայտելը, ինչպես, գրաբար՝ (զ)տունս, որտեղ բառաձևի ս մասնիկն ունի հոլովի և թվի քերականական իմաստներ: Մասնիկավորման բնույթը, ավելացող մասնիկը կարծես միահյուսվում է հիմքին և շատ դեպքերում հիմքն առանց մասնիկի անկախ (իբրև ինքնուրույն բառաձև) գործածվել չի կարող: Թեքական կառուցատիպ ունեն հիմնականում սեմա–քամյան և հնդեվրոպական լեզուները, ընդ որում, ներքին թեքումը ավելի բնորոշ է սեմականին, թեքական մասնիկավորումը՝ հնդեվրոպականին։ Անխառ թեքական լեզուներ չկան։
Մյուս հին հնդ-արիական լեզուներից (տես սանսկրիտ) այն տարբերվում է հնչյունաբանության բնագավառում մի շարք առանձնահատկություններով՝ դիֆթոնգների (երկբարբառ) վերափոխումը մոնոֆթոնգի (միաբարբառ), միջձայնավորական դիրքում պայթական բաղաձայների սղում կամ հնչյունավորում, շնչեղ բաղաձայնները փակող տարրի կորուստ, բաղաձայնային խմբերի պարզեցում (հնչյունների առնմանում, լիահնչյունություն)։ Ձևաբանության ոլորտում՝ կրկնակա?կ?նի անհետացում, հոլովման և խոնարհման համակարգերի պարզեցում։
14-րդ դարում պրակրիտական դրաման լեզվական դժվարությունների պատճառով սկսում է կորցնել իր գաղափարա-գեղրավեստական արժեքը և պրակրիտով գրված գրականությունը գոյատևում էր սանսկրիտով գրված գրականության, հետագայում նաև նոր հնդ-արիական լեզուների հետ։
Պրակրիտի գրական ժառանգությունը արժեքավոր նյութ է Հնդկաստան հին և միջնադարյան պատմության, կրոնի, փիլիսոփայության և գրականության ուսումնասիրության համար։ Իրենց գեղարվեստական արժանիքներով, շատ ստեղծագործութուններ չեն զիջում սանսկրիտի գրականությանը: Պրակրիտով գրվել են բազմաթիվ գրական արձակ ստեղծագործություններ, բանստեղծություններ։ Կա տեսակետ, որ «Մահաբհարաթայի» և «Ռամայանայի» հիմնական սյուժեները ի սկզբանե գրվել են պրակրիտով, այնուհետև քրմերի և զինվորական կաստաների ներկայացուցիչների ջանքերով մշակվել և գրվել են սանսկրիտով։ Պրակրիտով գրված գրականության զգալի մասը, որը թվագրվում է մ․թ․ 1-7 դարերին, եղել է կրոնական թեմայով, աշխարհիկ գրականությունը ընդգրկում էր իր մեջ արձակը, չափածոն և դրաման։ Բացի այդ սանսկրիտով գրված դրամաների զգալի մասի դիալոգները պրակրիտով էին գրվում։ Սկզբում դա արվում էր գործող անձերի սոցիալական և տեղային բնութագրումները տալու համար, բացառությամբ թագավորների և բրահմանների։ Արդյունքում դասական սանսկրիտական դրամաներում այն դառնում է ոճական հնար, պոետիկայի պարտադիր կանոն։ Պրակրիտի գրականության կարևորագույն դիալեկտներից են մահարաշտրին, շաուրասենին, մագադին, արդդհամագադին և փայշաչին։
Մահարաշտրին, որով խոսում էր Մահարաշտրան՝ երգերի, լիրիկական և էպիկական պոեզիայի լեզուն էր։ Մահարաշտրիում հարուստ գրական ավանդույթն արտացոլված է այնպիսի նշանավոր անթոլոգիաներում, ինչպիսիք են «Սատտասայը» (մշակվել է 3- 7-րդ դարերում) և «Վաջալագգան»: Մահարաշթրիի երգերը մեզ են հասել ժողովածուների, պոետիկայի դասագրքերի, սանսկրիտի և պրակրիտի դրամաների տեսքով:
Պրակրիտի բառարանում երբեմն հանդիպում ենք հնագույն բառեր, որոնք առկա են վեդայական սանսկրիտում, բայց բացակայում են գրական լեզվում՝ դասական սանսկրիտում, ինչպես նաև բառեր, որոնք ընդհանրապես առնչություն չունեն սանսկրիտի հետ և պահպանվում են միայն հնդեվրոպական մյուս լեզուներում։ Նման բառեր ունեցող բարբառը, հավանաբար, հետագայում բաժանվել է տարբեր բարբառների, որոնցից էլ առաջացել են պրակրիտի բարբառները։ Պրակրիտի բարբառներից են պալին, որոով գրված են հյուսիսային Հնդկաստանի բուդդայականների կանոնական բառերը և մագարաշտրին, կամ սովորական պրակրիտին (կամ հասկանալի պարկրիտին, հնդկական միջնադարյան գրական լեզուն)։ Պրակրիտով տարբեր բարբառներով գրված արձանագրությունները հայտնի են դարձել հնդկական դրամայից՝ շաուրասենի, մագադհի, դադշաչի, ավանտի և այլն: Տեղացի քերականների և գրողների մոտ առկա են հակասական տեղեկություններ դրամաներում օգտագործված պրակրիտի բարբառների քանակի մասին։ Հին հնդկական քերականության հետազոտող, պրակրիտի ամենահին քերականության հեղինակը քերական՝ Վարառուչին առանձնացնում է ընդհամենը չորս դրամատիկական բարբառներ՝ մագարաշտրին, որը ծագել է սանսկրիտից, շաուրասենին (նույն ծագումով) և մագադհի և փայշաչի (սա ամենակոպիտ բարբառն է. համարվում է ցածր կաստաների կամ ոչ արիական ցեղերի չար ոգիների և կերպարների լեզուն):
Մագարաշտրին, ըստ պոետիկայի և ճարտասանության տեղացի տրակտատների, կանացի երգերի լեզուն էր, ուստի այն կարելի է անվանել սովորական պրակրիտի բանաստեղծական բարբառ։
Մագադին ծառաների, իշխանների և բարձրաստիճան մարդկանց լեզուն էր։
Շաուրասենին, ի տարբերություն, վերոնշվածների ամենաշատն էր օգտագործվում դրամատիկական ստեղծագործություններում, (հատկապես արձակ հատվածներում): Այս դրամատիկական բարբառով խոսում էին ազնվական տիկնայք և նրանց աղախինները, տղաները, ներքինիները, ամենացածր աստիճանի աստղագուշակները, այնուհետև հիվանդներն ու խելագարները, ինչպես նաև նրանք, ովքեր կուրացած են իշխանության ցանկությամբ կամ նվաստացած են աղքատությունից:
Սանսկրիտով գրված դրամաներում, հասարակության վերին դասին պատկանող տղամարդիկ խոսում էին սանսկրիտով, իսկ կանայք և ցածր սոցիալական խավերի ներկայացուցիչները՝ պրակրիտով. Գոյություն ուներ նաև դրամայի հատուկ տեսակ (սատտակա), որտեղ բոլոր կերպարները խոսում էին պրակրիտի՝ Ռաջաշեխարայի «Կարպուրամանջարի» (10-րդ դար) և այլն։
Ոչ մի դրամատիկական գրվածքում չենք հանդիպում տեսաբանների թվարկած պրակրիտի բոլոր տարատեսակներին միառժամանակ. դրամաների մեծ մասում պրակրիտի երեքից ավելի բարբառ չկա։ Պրակրիտի գրականության նշանակալից (գուցե ծավալով ամենամեծը) մասը Շվետամբարասի (ջայնիզմի երկու հիմնական ուղղություններից մեկը) սրբազան տեքստերի դրույթն է և դրան կից բացատրական գրականությունը, որոնք գրված են արդամագադի պրակրիտով։ Դիգամբարայի սուրբ տեքստերը գրված են պրակրիտի շաուրասենիի բազմազանությամբ: Ջայնիզմի փիլիսոփաները (Կունակունդա և ուրիշներ) իրենց չափածո տրակտատները գրել են պրակրիտով։ Հինդուները (Պրավարասենա, 4-րդ դար) և ջայնները (Վիմալա Սուրի, 4-5-րդ դդ.) «Ռամայանան» թարգմանել են պրակրիտով։ Մահարաշտիի պրակրիտով ստեղծվել են բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք ըդգրկվել են տարբեր անթոլոգիաներում։
Գրականության ցանկ
1. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, Ներածություն, Ե.,1955, հ. 1–6, Ե., 1952։
2. Հախվերդյան Լ., Թատերագիտական բառարան, Եր. 1986։
3. Պետրոսյան Հ.Զ., Գալստյան Ս.Ա., Ղարագյուլյան Թ.Ա., Լեզվաբանական բառարան, Երևան, Հ ՍՍՀ ԳԱ, 1975.
4. Бескровный В. М. Пракриты, Краткая литературная энциклопедия, Т. 5 / Гл. ред. А. А. Сурков. - М. 1962-1978:
5. Э p м а н В. Г., Теория драмы в древнеиндийской классической литературе, в кн.: Драматургия и театр Индии, М., 1961.
6. Серебряков И. Д., Древнеиндийская литература. Краткий очерк, М., 1963
7. Театральная Энциклопедия в 5т., том 4, М., 1965.
8. С.С. Тавастшерна, Понятие языковой нормы ы древнеинддейских языковедов и лингвоффилософов, cyberleninka.ru/ponyatie-yazykovoy-normy ...
9. Б.А. Зхарьин, Лексическое поле ''передвижение в эфире'' в древном индоарийском, cyberleninka.ru/article/n/leksicheskoe-pole ...
համահավաքող՝ ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան
խմբագրելի
03.09.2024