Ռուս. - крепостной театр
Հայ. - ճորտատիրական թատրոն
Անգլ. - serf theatre
Ազնվական դասի մասնավոր թատրոնը ճորտատիրական Ռուսաստանում։ Ազնվականների տնային թատրոն՝ ճորտերի մասնակցությամբ։ Սկզբնավորվել է XVII դարի վերջում և գոյատևել մինչև ճորտատիրական իրավունքի վերացումը (1861թ.)։ Ծաղկման շրջանում թատրոնների թիվը հասել է շուրջ 170-ի։ Դրանցից լավագույնները սիրողականից հասել են մասնագիտական մակարդակի, ունեցել են դրամատիկական ու երաժշտական ներկայացումների հարուստ խաղացանկ:
Խաղացվող պիեսների մեծ մասը ազնվականները փոխառում էին ֆրանսիական դասական թատրոնի խաղացանկից, 18-րդ դարի վերջից միայն ռուս դրամատուրգների պիեսները սկսեցին հայտնվել՝իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկի՝ կոմս Ալեքսանդր Վորոնցովի գավառական թատրոնի բեմում։ Այս թատրոններից են սերում ռուսական բեմի մի շարք հայտնի դերասաններ, որոնցից է օրինակ ռուս ռեալիստական թատրոնի հիմնադիր՝ Միխայիլ Շչեպկինը: Ճորտատիրական թատրոնի արտիստների իրավազուրկ և բռնի կյանքն իր ողբերգական էջերով տեղ է գտել նաև ռուս գրականության մեջ։*
* Գերմանացի Ֆ. Բերխհոլցը 1722 թ. նոյեմբերի 15-ին գրած իր հուշերում պատմում է Ռուսաստանում ապրած իր զարմանքի մասին, թե ինչպես է մի դերասան իր ընկերոջ հետ որոշում ներկայացման պաստառներ կպցնելիս նաև ողորմություն խնդրել, ինչի համար խիստ պատժվում է մտրակի 200 հարվածով։ Հաջորդ օրը, ի զարմանս օտարերկրացու, նույն դերասանը, ասես ոչինչ էլ չի պատահել, խաղում է թագավորի դերը, ազնվական աղջիկների ու տիկնանց, խաղընկերությամբ։ «Դա այստեղ սովորական հարց է»- ասում է Բերխհոլցը, «Չեմ կարողանում հասկանալ՝ որն է ավելի սովորական, որ դերասանը պատժվում է մահակներով, թե, որ ճորտ տղամարդը խաղում է ազնվական տիկնանց հետ»:
17-րդ դարում ազնվականների առօրյան մեծամասամբ բաղկացած էր արարողակարգերից, էթիկետի կանոններից և պայմանականություններից։ Բարձրաշխարհիկ կանայք և տղամարդիկ հաճախ ձանձրանում էին միօրինակ առօրյաներից։ Տնային թատրոնը դարձավ այդ ձանձրույթը փարատելու միջոցներից մեկը, բացի այդ, քաղաքակիրթ հասարակության շրջանակներում հույզերի վառ դրսևորումները չէին խրախուսվում, իսկ բեմի վրա մարդը կարող էր իրեն ամեն բան թույլ տալ՝ կրքեր, վիշտ և նույնիսկ դաժանություն։ Այս ժամանակաշրջանում դերասանական արվեստը ցածր դասի մասնագիտություն էր համարվում, ուստի բարձրաշխարհիկ ազնվականները չէին կարող ստանալ դերասանական կրթություն և հանդես գալ պրոֆեսիոնալ թատրոններում, սակայն անարգել կարող էին խաղալ սեփական տնային թատրոնում՝ իրենց ընտանիքի անդամների և հարևանների առջև։ Որոշ թատրոններում խաղում էին միայն ազնվականները կամ նրանց երեխաները, իսկ ճորտերը կատարում էին միայն անդրկուլիսային աշխատանքներ (բեմի կառուցում, դեկորացիաների և զգեստների արտադրություն, երաժշտական նվագակցություն և այլն), մյուսներում խաղում էին և՛ սիրող ազնվականներ, և՛ ճորտ դերասաններ: Այս սիրողական ներկայացումների շնորհիվ ընտանիքի առօրյան աշխուժանում էր։ Նրանք շաբաթներ շարունակ պատրաստվում էին ներկայացման առաջնախաղին: Ընտրում էին ստեղծագործությունը, կատարում էին դերաբաշխում, ստեղծում էին դեկորացիաներ, հատուկ զգեստներ էին կարում, դիմահարդարվում և փորձեր անում։ Աստիճանաբար այս ամենը զարգացում ապրելով հասավ մասնագիտական մակարդակի և հետագայում կալվածատերերի տնային թատրոնները՝վերածվեցին մուտքավճարով հանրային թատրոնների։
Կալվածատերերը տնային թատրոններ ստեղծում էին ոչ միայն ժամանցի համար դա հարստությունն ու կրթվածությունը ցուցադրելու ևս մեկ միջոց էր: Սեփական թատրոն ունենալը նույնքան մեծ հեղինակություն ունեցող ձեռք բերում էր, որքան շնանոցը, ձիանոցը կամ էկզոտիկ բույսերի ջերմոցը։ Թատրոնով տարված ազնվականները, շատ հաճախ, իրենց սպասավորների երեխաներին (նաև գյուղերից ընտրում էին ճորտերի գեղեցիկ և շնորհալի երեխաների) ուղարկում էին գիշերօթիկ դպրոցներ, որտեղ նրանք ստանում էին բարձրակարգ կրթություն։ Այնտեղ նրանց սովորեցնում էին ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, նկարչություն, պար, երգեցողություն, հումանիտար և ճշգրիտ գիտություններ։ Նրանք լավագույնս տիրապետում էին դասական պարի հմտություններին, բնագրերից կարդում էին Շեքսպիր և Մոլիեր։ Ուսումն ավարտելուց հետո ամենախելացի և շնորհալի ուսանողները դառնում էին դերասաններ, իսկ մյուսները՝ կամ թատրոնի աշխատողներ (հագուստի ձևավորողներ, դիմահարդարներ, երաժիշտներ, պարուսույցներ) կամ վերադառնում էին՝ ծառայելու տիրոջ տանը։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը համընդհանուր չէր: Հաճախ հենց անգրագետ ճորտերն էին խաղում Օֆելյա կամ Էդիպ։ 18-րդ դարը Ռուսաստանում ազնվական դասակարգի ծաղկման շրջան էր։ Ազնվականների տիրապետության տակ էին գտնվում բնակեցված հողերի վիթխարի տարածություններ։ Ազնվականները ունեին դասակարգային շատ իրավունքներ և առավելություններ: Ազատված լինելով պարտադիր զինվորական ծառայությունից, և տեղական ինքնակառավարման ոլորտում լայն լիազորություններ ունենալով, ստանում էին անասելի մեծ եկամուտներ և զբաղեցնում էին ամենաբարձր պաշտոնները։ Լայն հնարավորություններ ունեցող հարուստ և պաշտոնյա ազնվականները շատ էին ճամփորդում և նպատակադրված էին յուրացնել արևմտյան և հատկապես Ֆրանսիական մշակութային արժեքավոր երևույթները։ Ազնվական կալվածատերերի տներում սիրողական բեմերի ի հայտ գալը, թատրոնի հանդեպ համընդհանուր մոլուցքի հետևանք էր, որը գրավել էր ռուս հասարակությանը Ելիզավետա և Եկատերինա կայսրուհիների օրոք: Երկու կայսրուհիներն էլ խորապես հետաքրքրված էին թատերական նորարարություններով, դիտում էին արտասահմանյան թատերախմբերի ներկայացումներ և հոգ էին տանում ներքին «կադրերի» ձեռք բերման ու թատերախմբի զարգացման համար։ Շատ առումներով պրոֆեսիոնալ ռուսական թատրոնի ի հայտ գալը կապվում է Եկատերինա II-ի անվան հետ: 1744 թ․ Եկատերինա Երկրորդի նշանադրության օրը տրված «Ծաղիկների բալետ» ներկայացումը, ընդունված է համարել ճորտերի առաջին ելույթը բեմի վրա։ Չնայած այն բանին, որ դեռևս 22 տարի առաջ, ըստ Բերխհոլցի, այդ երևույթը արդեն եղել է Ռուսաստանում, այդուհանդերձ, ավելի ճիշտ կլինի ճորտատիրական թատրոնի սկիզբը թվագրել Եկատերինա Երկրորդի նշանադրության օրվանից, քանի որ հենց նրա հովանավորությամբ և մեծ ուշադրության շնորհիվ է կայացել ճորտատիրական թատրոնի ծաղկումը։
Ազնվական թատրոնի խաղացանկում ներառված հեղինակներից Ալեքսանդր Սումարոկովի, Դենիս Ֆոնվիզինի և Պյոտր Պլավիլշչիկովի աշխատանքները, որպես կանոն, նվիրված էին ռուս ժողովրդի խնդիրներին։ Ավելի ուշ տնային բեմերում սկսեցին խաղալ նաև Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի և Նիկոլայ Խմելնիցկինու պիեսները։ Դրամատուրգների նոր սերունդն ամբողջությամբ կենտրոնացած էր Ռուսաստանի պատմության և կենցաղի շուրջ: Սակայն ազնվականները զգուշանում էին չափազանց ազատ մտածողությամբ պիեսներ բեմադրելուց. դա կարող էր վատ ազդեցություն ունենալ իրենց հեղինակության վրա։ Պաշտոնյաներին քննադատելն ու ճորտատիրությունից դժգոհելը ճորտատիրական թատրոնների համար տաբու (արգելված) թեմաներ էին։ Այդ պատճառով Ալեքսանդր Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը երկար ժամանակ միայն պլանավորվող ներկայացումների ցուցակներում էր մնում, իսկ Իվան Կռիլովի և Ալեքսանդր Օստրովսկու պիեսները ընդհանրապես արգելված էին:
Տնային թատերախմբերը բաղկացած էին մոտ 50–60 հոգուց, այդ թվում՝ երաժիշտներ, նկարիչներ, մեքենավարներ, դերձակներ, վարսահարդարներ և դերասաններ։ Կալվածքային թատրոնի դերասանը, ինչպեսև ցանկացած ճորտ, զուրկ էր իրավունքներից, հետևաբար ճորտատերը ամեն պահի կարող էր դերասանին ուղարկել ծանր աշխատանքի, պատժել՝ ամենափոքր սխալի համար, կամ վաճառել նրան։ Կային «առաջնակարգ» և «երկրորդ կարգի» դերասաններ։ Դա կախված էր նրանց խաղացած դերերից, արտաքին և ձայնային տվյալներից։ Առաջնակարգ ճորտ-դերասանները «թանկ ապրանք» էին համարվում և շատ հաճախ թագավորական թատրոնները մեծ գումարներ էին վճարում նրանց, ազնվականների թատերախմբերից գնելու համար։ Այդպես 1800թ. Ալեքսքնդր I-ը, 32 հազար ռուբլու դիմաց, Պյոտոր Ստոլիպինից գնեց ամբողջական թատերախումբ, նվագախմբի հետ միասին (այժմյան արժույթով դա մա քանի տասնյակ միլիոնին է համաեմատական)։
Մինչև 18-րդ դարի 70-ականների վերջը հարուստ արիստոկրատների կիրքը տնային թատրոնների նկատմամբ մեծ թափ էր առնում։ Ոմանք (ինչպես, օրինակ, Շերեմետև հայրն ու որդին) սրտի թրթիռով և խորը հետաքրքրությամբ էին վերաբերվում թատրոնին՝ այն դիտարկելով ոչ թե որպես զվարճանք, այլ որպես արվեստ նաև կրթված ու զարգացած հասարակություն ձևավորելու ռեսուրս։ Ոմանք թատրոնը համարում էին նորաձևության անփոխարինելի բաղադրիչ և ներկայացումներ կազմակերպելու հարցում փորձում էին գերազանցել տնային թատրոնների մյուս սեփականատերերին՝ թատրոնի դահլիճը, դեկորացիաները, հագուստները հասցնելով ճոխության և նրբագեղության վերին աստիճանին։ Իսկ ոմանք էլ դերասանական խաղը կատարելության հասցնելու մոլուցքով տարված, դիմում էին ծայրահեղ միջոցների: Այս առումով շատ հայտնի էր Կոմենսկու ճորտատիրական թատրոնը Օրլովի նահանգում։ Կոմս Սերգեյ Կոմենսկին, ով թատրոնի մոլի սիրահար էր, դաժանորեն պատժում էր իր դերասաններին անգամ ամենափոքր սխալի համար։ Լրագրող Միխայիլ Պիլյաևն իր «Հրաշալի էքսցենտրիկներ և օրիգինալներ» գրքում գրել է. «Օթյակում՝ թատրոնի տիրոջ դիմացի սեղանի դարակում մի գիրք կար, որտեղ նա անձամբ գրի էր առնում բեմում նկատած սխալները կամ բացթողումները, իսկ հետևում՝ պատից, մի քանի մտրակ էր կախված։ Յուրաքանչյուր գործողությունից հետո նա գնում էր կուլիսներ և այնտեղ հաշվեհարդար տեսնում մեղավորների հետ, որոնց ճիչերը երբեմն հասնում էին հանդիսատեսի ականջին»։
Իշխան Նիկոլայ Շախովսկոյը, ով տնային թատրոն ուներ Նիժնի Նովգորոդում, շատ ավելի դաժան էր վարվում։ Սխալների համար նա ճորտ դերասանների վզին պարսատիկներ էր հագցնում, որոնք թույլ չէին տալիս նրանց քնել, անգամ պառկել։Նրա հրամանով դերասաններին կապել են աթոռներին և փայտերով ծեծել։ իշխանը թույլ չի տվել դերասանուհիներին խոսել տղամարդկանց հետ: Ներկայացման ժամանակ դերասանը չի կարողացել մեկ մետրից ավելի մոտենալ զուգընկերոջը։ 25 տարեկան դառնալուց հետո իշխանն ամուսնացնում էր դերասանուհիներին՝ և նրանց փոխարինում՝ երիտասարդ կադրերով։
Սկզբում ճորտերի թատրոնն, իհարկե, բացառապես քաղաքային երևույթ էր: 17-րդ դարում թատրոնները հիմնվում էին միայն Մոսկվայում և Մոսկվայի մարզում, այնուհետև այդ տենդենցը տեղափոխվեց նաև Ռուսաստանի ավելի հեռավոր անկյուններ։ 18-րդ դարի վերջում արդեն, «տնային թատրոն» ստեղծելու գաղափարը ամուր ներթափանցեց կալվածատիրական հասարակության մեջ. ճորտային արվեստը սկսեց ծաղկել մեծ թափով։ Ներկայացումներն արդեն գերազանցում էին ուղակի «Տնային ժամանց» լինելու սահմանները, և տնային թատրոնը վերածվեց գեղարվեստական երևույթի։ Տնային ներկայացումների շնորհիվ թատրոնը հասանելի դարձավ հասարակության ավելի լայն շրջանակներն և տարածվեց ամբողջ Ռուսաստանի տարածքով։ Թատրոնին զուգահեռ զարգանում էին նաև դերասանական արվեստը, երաժշտությունը, նկարչությունն ու ճարտարապետությունը։ 19-րդ դարի երկրորդ կեսին արդեն Մոսկվայում կար ընդամենը երկու կայսերական թատրոն՝ Մեծ և Փոքր թատրոնները, և ավելի քան 20 խոշոր կալվածքային թատրոններ՝
1. Շերեմետևների
2. Շչերբատովի
3. Յուսուպովի
4. Պ.Մ.Վոլկոնսկու
5. Վոլկենշտեյնի
6. ՎորոնցովիԱ.Ռ.
7. Վսևոլոժսկու
8. Գլադկովի
9.Գորիխվոստովայի
10. Ուկրաինայում Դ.Ի.Շ
11. Դոլգորուկայայի
12.Յուսուպովի
13.Կոմենսկու
14. Նորիշկինի
15. Պոզնյակովի
16.Պոտյոմկինի
17. Տոնեևի
18. Հորվաթի
19. Շոխովսկոյի
Դրանցից ամենահայտնին կոմս Շերեմետևի կալվածքային թատրոնն էր Կուսկովոյում։ Եկատերինա II-ը պարբերաբար այցելում էր այս թատրոնի ներկայացումներին: Կոմս Պյոտր Շերեմետևը Կուսկովոյում գտնվող սեփական կալվածքային թատրոնը հիմնել է 1760-ական թվականներին։ Բայց թատրոնը ծաղկել և հայտնի է դարձել ողջ Ռուսաստանում, շնորհիվ նրա որդու՝ Նիկոլայ Շերեմետևի։ Նա ժամանակակից արվեստը ուսումնասիրել էր արտասահմանում կրթություն ստանալու տարիներին։ Եվրոպայից վերադառնալիս, երիտասարդ Շերեմետևը դժգոհում էր և չէր պատկերացնում իր կյանքը Ռուսաստանում։ Սակայն տեսնելով հոր հիմնադրած թատրոնը, տարվում է դրանով և ամբողջությամբ նվիրվում այն վերափոխելու և կատարելագործելու աշատանքներին: Նիկոլայ Պետրովիչ Շերեմետևը շեշտը դնում էր դերասանների կրթության վրա՝ փորձելով առավելագույնս կատարելագործել նրանց հմտություններն ու վարպետությունը։ Հրավիրվում էր հայտնի պարուսույցների՝ դերասաններին պար դասավանդելու համար, երաժիշտները դասեր էին առնում ճանաչված վիրտուոզներից, դերասանի վարպետություն էին դասավանդում Մոսկվայի Մեդոքս հանրային թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները։ Ավելին, ամենատաղանդավոր ուսանողներին ուղարկում էին Սանկտ Պետերբուրգ սովորելու։
Ապագա դերասաններին հավաքագրում էին դեռ մանկուց։ Նրանց սովորեցնում էին գեղեցիկ հագնվել, գրագետ խոսել և ունենալ գեղեցիկ կեցվածք։ Իհարկե այդ ամենը հեշտ չէր տրվում նրանց. Շատ ժամանակ դերասանները իրենց ուսումնառության ծանրաբեռնված օրերը անցկացնում էին քաղցած և ուժասպառ վիճակում։ Այդուհանդերձ Շերեմետևները հարգանքով էին վերաբերվում իրենց դերասաններին չէին նվաստացնում նրանց և առավելևս չէին ծեծում։ Նրանց անվան կողքին գրվում էր նաև ազգանունը, ինչը դժգոհություն էր առաջացնում ազնվական խավի շրջանում։ Ընդհանուր առմամբ թատերախմբում կար 200 ճորտ դերասան։ Կուսկովոյի թատրոնի խաղացանկը ներառում էր 100 բեմադրություն՝ ողբերգություններ և օպերաներ, կատակերգություններ և բալետներ։ Գիտակները ասում էին, որ Կուսկովոյի թատրոնը Ռուսաստանի լավագույն բեմն է։ Աստիճանաբար Կուսկովոյի թատրոնի հնարավորությունները դադարեցին բավարարել Շերեմետևի պահանջները, ուստի 1792 թ. Օստանկինոյում սկսվեցին նոր պալատի շինարարական աշխատանքները:
Օստանկինոյի պալատը թերևս միակ թատրոնի շենքն է, որը նույնությամբ պահպանվել է 18-րդ դարից մինչև մեր օրերը։ Այս պալատը եզակի է իր տեսակի մեջ, քանի որ կառուցվել է հատուկ թատրոնի համար (մյուս բոլոր պալատները կառուցվել են ապրելու համար)։ Նախագծային աշխատանքներում ներգրավված են եղել տեղի լավագույն ճարտարապետները։ Թատրոնը նախագծվել է եվրոպական լավագույն թատրոնների մոդելներով։ Ճորտ ճարտարապետներ Ալեքսեյ Միրոնովը, Գրիգորի Դիկուշինը և Պավել Արգունովը ստանձնեցին նախագիծը։ Հենց Արգունովը նախագծեց դահլիճը և լուծեց բեմի օպտիկական տեսանելիության խնդիրը։ Դահլիճը հնարավորություն էր տալիս հանդիսատեսին տեսնել բեմը ցանկացած վայրից, բայց ամենագլխավորն այստեղ ակուստիկայի հարցն էր։ Շատ կարևոր էր, որպեսզի 250 հանդիսատեսից և ոչ մեկը ձայն անգամ բաց չթողնի։ Պալատի մարգարիտներն էին համարվում թատրոնի մեքենայացված դեկորացիաների ու բուտաֆորների, և դիմահարդարման սենյակները։ Օստանկինոյի թատրոնի յուրօրինակ առանձնահատկությունն այն էր, որ թատրոնի դահլիճը ընդամենը 20 րոպեում վերածվում էր պարասրահի. հատուկ մեխանիզմները բարձրացնում էին աթոռներն ու բուտաֆորական հենասյունները, և իջեցնում ջահերը: Ծանր դեկորները փոխվում էին բառացիորեն 2-3 րոպեում: Այս տեխնիկան ստեղծել է ճորտ վարպետ Իվան Պրյախինը։
Զուտ այն պատճառով որ այս վայրում ամենակարևորը թատրոնն էր, ջեռուցումն ապահովված չէ ոչ' թատրոնում, ոչ' պալատում, թեև յուրաքանչյուր սենյակում կան վառարաններ և բուխարիներ, բայց 200 տարվա ընթացքում դրանք միայն մի քանի անգամ են վառվել։ Թատրոնը ոչ միայն Օստանկինոյի կալվածքի մի մասն էր, այլ առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում դրանում, և «թատերականությունը» արտացոլվում էր ամբողջ պալատի ձևավորման մեջ։ Թատրոնի բացումը տեղի ունեցավ 1797 թ.։ Որոշ ներկայացումներ Կուսկովից տեղափոխվեցին Օստանկինո, օրինակ՝ Գրետրիի «Սամնիտների ամուսնությունները» օպերան, որտեղ փայլեց Շերեմետևների բեմի աստղը և կոմսի սիրելին՝ Պրոսկովյա Ժեմչուգովան: Բեմադրվում են նաև նոր, է´լ ավելի խնամքով ու շքեղ ձևավորված ներկայացումներ։ 1795 թվականի ամռանը այստեղ բեմադրվել է «Իզմայիլի գրավումը» երաժշտական պիեսը, որը գրել էր Իզմայիլի վրա հարձակման մասնակից Պավել Պոտյոմկինը։
Արվեստի այս յուրօրինակ օջախը երկար չգործեց. 1801 թվականի օգոստոս ամսին տեղի ունեցավ Նիկոլայ Շերեմետևի կյանքի օրոք վերջին ներկայացումը և շուտով թատերախումբը ցրվեց, իսկ մյուս Շերեմետևները, ում պատկանում էր կալվածքը մինչև 1917 թվականը, Օստանկինո կալվածքի շքեղ թատերաբեմում այլևս ներկայացումներ չբեմադրեցին։ Որոշ ճորտ դերասանների և այլ մասնագետների ազատություն շնորհվեց։ 1801 թվականի նոյեմբերի 6-ին տոհմական արիստոկրատ Նիկոլայ Պետրովիչ Շերեմետևը պաշտոնապես ամուսնացավ իր նախկին ճորտ և իր տնային թատրոնի դերասանուհի Պրոսկովյա Իվանովնայի հետ, որը հանրությանը հայտնի էր Ժեմչուգովա կեղծանվամբ։ Այսօր աննշան թվացող այս իրադարձությունը դիտվում է որպես լուսավոր Ռուսաստանի հասարակական կյանքի առաջխաղացման հարցում, տեղի ունեցած կարևոր իրադարձություն:
Կոմս Ս.Մ.Կոմենսկու թատրոնը ստեղծվել է 1815 թ. և գոյատևել է մինչև 1835 թ. որպես ավանդական ճորտատիրական թատրոն։ Ա.Ի. Հերցենի տեղեկացմամբ՝ Կոեմենսկին մեծ եկամուտներ էր ստանում թատրոնից և շատ հարուստ էր։ Նա կրքոտ արվեստասեր էր, ռուսական լայնաթափ բնավորության, մեծ ճաշակի տեր ու շքեղության տակտ ունեցող մարդ։ Ժամանակակիցները կոմս Կոմենսկուն անվանում էին «խելագար»՝ չժխտելով, սակայն, որ նա իր ժամանակի ամենակրթված մարդկանցից էր: Ուներ ընդարձակ գրադարան, թարգմանում էր դրամատիկական գործեր եվրոպական լեզուներից, և մի քանի գրքերի հեղինակ էր։ Զինվորական ծառայությունը թողնելուց հետո կոմսը բնակություն հաստատել Սոբուրովում գտնվող իր հոր կալվածքում՝ Օրյոլից մի քանի մղոն հեռավորության վրա: Այստեղ Կոմենսկին թատրոն է կառուցում։ Դա սյուներով երկհարկանի շենք էր, որտեղ երկու տասնամյակ շարունակ ներկայացումներ են տրվել։ Ըստ ժամանակակիցների՝ Կոմենսկու թատրոնի ներկայացումները մեծ բավականություն են պատճառել Օրյոլի բնակիչներին, ովքեր պարծենում էին, որ ի տարբերություն այլ գավառների, իրենք ունեն սեփական թատրոն, որը այցելուներ էր գրավում ոչ միայն Օրյոլ գավառի շրջաններից, այլև շրջակա գավառների քաղաքներից։ Կոմս Կոմենսկու թատրոնը հանրային էր և հասանելի՝ բոլոր ցանկացողներն։ Ինքը՝ կոմսն էր վաճառում տոմսերը, նա նաև հրատարակում էր «Ռուսների բարեկամ» ամսագիրը, որտեղ տպագրում էր հատվածներ պիեսներից և մտորումներ ներկայացումների վերաբերյալ (հրատարակվել է ամսագրի 6 համար)։ Ներկայացումները տրվում էին շաբաթական երեք անգամ, թատրոնի խաղացանկում ընդգրկված էին Դ.Ի.Ֆոնվիզինի, Ա.Ս.Կռիլովի, Ա.Ս. Գրիբոեդովի, Վ. Շեքսպիրի և Ֆ. Շիլլերի պիեսները։ Բացի դրամատիկական խմբից, թատրոնում ընդգրկված էին նաև օպերային խումբ, բալետի խումբ, երգչախումբ և երկու նվագախումբ։ Բեմանկարիչը իտալացի հայտնի նկարիչ Դոմենիկո Սկոտին էր։ Թատրոնի գոյության առաջին վեց ամիսների ընթացքում ցուցադրվել է 82 ներկայացում՝ 18 օպերա, 15 դրամա, 41կատակերգություն և 6 բալետ։ Կոմենսկին տարբեր հողատերերից գնում էր տաղանդավոր ճորտ-դերասաններ իր թատերախմբի համար, ինչպես նաև հրավիրում էր հանրահայտ «ազատ» արտիստների, գլխավոր դերակատարումների համար օրինակ՝ Մ. Ս. Շչեպկինին: Կոմսի կրթված լինելու փաստը, նրա սերը դեպի թատրոնը և հետաքրքրությունների լայն շրջանակը չխանգարեցին, որպեսզի նա դաժանաբար վարվի իր ճորտ արտիստների հետ։ Կոմենսկին սնանկացավ, 1834-ին նա ազատություն տվեց իր ճորտ արտիստներին։ 1835 թվականին կոմս Կոմենսկին մահացավ անհայտության մեջ։
Գավառական թատրոններից աչքի է ընկել նաև կոմս Ա.Ռ.Վորոնցովի ճորտական թատրոնը, որը գտնվում է Տամբովի գավառի Ալաբուխի գյուղում, ապա՝ Վլադիմիրի նահանգի Անդրեևսկոյե գյուղում։ Վորոնցովը՝ իր ժամանակի ամենակրթված մարդկանցից մեկն էր, և 18-րդ դարում ռուս ազնվականների շրջանում տարածված Գալլոմանիայի մոլի հակառակորդը։ Հետևաբար, նրա թատրոնի խաղացանկը հիմնականում ներառում էր ռուս դրամատուրգների պիեսներ՝ Պ. Սումարոկով, Դ. Ի. Ֆոնվիզին, Պ. Ա. Պլավիլշչիկով, Մ. Ի. Վերյովկին և այլն։ Թատերախմբի ընդհանուր կազմը տատանվում էր 50-60 հոգու սահմաններում, որն իր մեջ ներառում էր՝ դերասաններ, երաժիշտներ, նկարիչներ, դերձակներ, վարսահարդարներ և այլն: Վորոնցովի անվան թատրոնում բալետային խումբ չկար, և երբ պարային տեսարաններ էին պահանջվում, հրավիրվում էին հատուկ պարող կանայք ում անվանում էին «бабы, кои пляшут»։
18-19-րդ դարերի սահմանագծին՝ ճորտատիրական թատրոնը սուր ճգնաժամ էր ապրում։ Այս երևույթը բացատրում են հետևյալ պատմական փաստերը: Երբ Եկատերինա II-ը մահանում է, հրաման է տրվում 10 ամսով փակել բոլոր զվարճանքի կենտրոնները։ Եղած թատրոնները փակվում էին, կամ վաճառվում, իսկ նորերը չէին ստեղծվում։ 19-րդ դարի 40-ականները կարելի է համարել ճորտատիրական թատրոնի անփառունակ և վերջին օրերը։ 1861թ. ճորտատիրական իրավունքի վերացման հետ ավարտվեց նաև ռուսական ազնվականության ծաղկման շրջանը, այդպիսով վերջ դնելով նաև ֆեոդալական պետության հողի վրա ստեղծված ու հզորացած թատրոնի այդ տեսակի գոյությանը։ Ռուսաստանի պատմությունը թևակոխեց դասակարգային պայքարի մի շրջան, երբ ակնհայտ է դառնում, որ տիրող՝ «անձերի սեփականատիրության» կարգը, չի կարող անփոփոխ մնալ։ Գրեթե հինգ տարի Բառնաուլում գործում է Ճորտատիրական Թատրոնը, որը կիսասիրողական թատրոն է:
Օգտագործված գրականություն
1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, երևան 1986 թ․ 209 էջ,
2․ Дынник Т. А. Крепостной театр. М. - Л., 1933; 337 стр.
3. Дынник Т. А. Крепостные актеры, Москва 1927 г. 48 стр.
4. Крепостной театр, www.culture.ru/komu-zabava-komu-iskusstvo
5. Крепостные театры русских дворян, www.culture.ru/krepostnye-teatry-russkikh-dvoryan
ԳԱՅԱՆԵ Թովմասյան
03.09.2024