Հայ. - Իմերսիվ թատրոն
Ռուս. - Иммерсивный театр
Անգլ. – Immersive theatre
Ֆրանս. - Théâtre Immersif
Իտալ. - Teatro immersivo
Իսպ. - Teatro de immersión
Գերմ. -Immersives Theater
Ժամանակակից ինտերակտիվ թատրոնի ամենից հայտնի ձևերից մեկը: Հեղափոխական արվեստի ձև, որը վերասահմանում է ավանդական թատրոնի փորձը՝ կոտրելով սահմանները դերասանների և հանդիսատեսի միջև: Այս ժանրը հանդիսատեսին վերածում է մասնակցի՝ ստեղծելով յուրօրինակ գրավիչ և անհատական ճանապարհորդություն պատումի միջով: Այդ ճանապարհորդության ընթացքում Իմերսիվ թատրոնը գործում է այսպես կոչված ընկղման մեխանիկայի սկզբունքով՝ ( ժամանակակաից արվեստի immersive art - ից փոխառված և immersive ուղիղ իմաստով նշանակում է ներգրավվածություն) հենվելով է մի քանի հիմնական տարրերի վրա: Դրանցից առաջինը ձևաչափի ինքնատիպությունն է: Անսովոր վայրեր, ոչ ստանդարտ սցենարներ, անսպասելի սյուժետային շրջադարձեր։ Բեմադրությունները հաճախ տեղի են ունենում ոչ թատերական տարածքներում, ինչպիսիք են լքված շենքերը, պահեստները կամ պատմական վայրերը, որոնք վերածվում են դեկորացիաների։ Իմերսիվ թատրոնում միջավայրը նախագծված է ուսումնասիրելու և փոխազդելու համար: Այստեղ կարող են ներառված լինել գաղտնի սենյակներ, թաքնված հատվածներ և մանրմասն մշակված առարկաներ։
Իմերսիվ թատրոնը ներգրավում է բոլոր զգայարանները, ոչ միայն տեսողությունն ու լսողությունը: Հանդիսատեսը կարող է հանդիպել տարբեր մատերիաների, հոտերի և նույնիսկ համերի՝ ուժգնացնելով այլ աշխարհում գտնվելու զգացողությունը: Ի տարբերություն գծային սյուժեով ավանդական թատրոնի, իմերսիվ թատրոնը հաճախ ներկայացնում է մասնատված պատմվածքներ: Հանդիսատեսը կարող է ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Ներկայացումն անկանխատեսելի է, ուստի մարդը կարող է մի քանի անգամ ներկա գտնվել բեմադրությանը՝ տեսնելու սյուժեի բոլոր տարբերակները։
Այստեղ հանդիսատեսն ինքն է որոշում ինչ դիտել և ինչ հաջորդականությամբ, բեմ չկա, դերասանները շփվում են հանդիսատեսի հետ, նրան ներգրավելով ներկայացման ընթացքին, որոշ դեպքերում նույնիսկ հյուրասիրում հենց ներկայացման ժամանակ։ Այս փոխազդեցությունը կարող է տարբեր լինել. թեթև` որտեղ հանդիսատեսը պարզապես քայլում է տարածության մեջ, կամ ավելի ուղղորդվող, որտեղ նա կարող է ներգրավվել զրույցների, կամ պատմության անբաժանելի մաս կազմող գործողության մեջ:
Իմերսիվ թատրոնի ինտերակտիվ բնույթը խթանում է ավելի մեծ զգացմունքային կապ հանդիսատեսի և պատմվածքի միջև: Ներգրավվածությունը կարող է հանգեցնել անհատականացման, քանի որ յուրաքանչյուր մասնակցի փորձը եզակի է, ձևավորվում է նրա ընտրությամբ և փոխազդեցությամբ: Դերասանների հետ շփումը և շրջակա միջավայրի ֆիզիկականությունը կարող են ուժեղացնել հուզական արձագանքները և բերել զգացմունքային ինտենսիվության: Հանդիսատեսը հաճախ նշում է, որ այս դեպքում էլ ավելի է կապվում կերպարների և պատմության հետ: Կարևոր է նաև շեշտել, որ մասնատված պատմվածքը միավորելը պահանջում է ակտիվ ներգրավվածություն և քննադատական մտածողություն՝ ուժեղացնելով ներկայացման ինտելեկտուալ ազդեցությունը:
Իմերսիվ թատրոնը նաև կարող է խթանել սոցիալական փոխազդեցությունը հանդիսատեսների միջև, քանի որ նրանք միասին որոշակի ճանապարհ են անցնում և կիսվում բացահայտումներով ու փորձով:
Հայտնի են նաև Իմերսիվ թատրոնի դոկումենտալ և մեկ հանդիսատեսի համար նախատեսված ձևաչափերը: Իմերսիվ թատրոնն ունի իր բարդություններն ու խնդիրները: Մասնավորապես`լայնածավալ, մանրամասն դեկորացիաների և մեծ ռեսուրսների անհրաժեշտությունը պահանջում է զգալի ներդրումներ: Նման միջավայրերի անխափան աշխատանքի ապահովումը կարող է դժվար լինել: Հանդիսատեսի հոսքը վերահսկելը, միաժամանակ պահպանելով ինքնաբուխության պատրանքը, ևս շատ կարևոր է: Անվտանգության հետ կապված խնդիրները պետք է լուծվեն՝ չխափանելով հանդիսատեսի ներգրավվածությունը: Իմերսիվ թատրոնը նպատակ ունի նաև հասանելի լինելու բոլորին, ներառյալ հաշմանդամություն ունեցող հանդիսատեսին, և սա պահանջում է մանրակրկիտ պլանավորում և ձևավորում:
Դերասանների համար նմանատիպ ներկայացմանը մասնակցելը ևս մեծ մարտահրավեր է: Նրանք պետք է լինեն հարմարվող, կարողանան արձագանքել հանդիսատեսի փոխազդեցություններին իրական ժամանակում՝ պահպանելով կերպարը և առաջ տանելով պատմվածքը:
Թատերական այս ժանրի առաջացման նախադրյալներ կային Հին Հռոմում, երբ մնջախաղը հանդիսատեսին թույլ տվեց մասնակցել ներկայացմանը։ Իմերսիվ թատրոնի արմատները կարելի է գտնել 20-րդ դարի սկզբից՝ ոգեշնչված տարբեր ավանգարդիստական շարժումներից, ինչպիսիք են օրինակ դադաիզմը և սյուրռեալիզմը: Այս շարժումները, որ հայտնի են իրենց էքսպերիմենտալ և հաճախ սադրիչ բնույթով, ազդել են Իմերսիվ թատրոնի զարգացման վրա՝ մարտահրավեր նետելով ավանդական պատմողական կառույցներին և խրախուսելով հանդիսատեսի ներգրավվածությունը: 1960-ականներին Ալլան Կապրոուի նման արտիստները առաջ քաշեցին «հեփենինգները» (իրադարձություններ), որոնք լղոզում էին արվեստի և կյանքի սահմանները՝ ուղղակիորեն ներգրավելով հանդիսատեսին ներկայացման մեջ: Օրինակ 1969 թվականին իտալացի ռեժիսոր Լուկա Ռոնկոնին եկեղեցում բեմադրեց ‹‹Ռոլանդ Կատաղի›› ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը կարող էր քայլել շարժվող հարթակների միջև և ընտրել իրադարձության զարգացման տարբերակներ։
Մեծ ազդեցություն է ունեցել նաև Ռիչարդ Շեխների ‹‹էկոլոգիական թատրոնը››: Նման փորձառություններ կատարողները շեշտում էին միջավայրի կարևորությունը թատրոնում՝ ստեղծելով այնպիսի ներկայացումներ, որոնք օգտագործում են ողջ տարածքը և ներգրավում հանդիսատեսին ֆիզիկապես և էմոցիոնալ առումով: Իսկ 1985 թվականին բրիտանացի ռեժիսոր Ռուպերտ Հոլմսը ներկայացրեց ‹‹Էդվին Դրուդի առեղծվածը›› ինտերակտիվ մյուզիքլը, որտեղ հանդիսատեսը կարող էր ինքնուրույն ընտրել ավարտը։ Սա իսկական բեկում էր թատերական արվեստի մեջ։
Ժամանակակից Իմերսիվ թատրոնը մեծապես պարտական է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Punchdrunk-ը և Third Rail Projects-ը, որոնք կատարելագործել են մշակված, ինտերակտիվ բեմադրություններ ստեղծելու արվեստը, որտեղ հանդիսատեսը խորասուզվում է մանրակրկիտ մշակված աշխարհ:
Իմերսիվ թատրոնի ներուժն ու բազմազանությունը արտացոլող բեմադրություններից են՝
1. Sleep No More by Punchdrunk.
Գործողությունները կատարվում են 1930 ականներին, լքված հինգհարկանի հյուրանոցում, որի տարածքը կազմում է ավելի քան 9 հազար քառակուսի մետր: Ներկայացված է Շեքսպիրի «Մակբեթ»-ի ադապտացիա՝ մասնատված տեսարաններով։ Ներկայացմնան ընթացքում հանդիսատեսը կրում է դիմակ և ազատ է թափառել հյուրանոցի բազմաթիվ սենյակներում՝ հանդիպելով տեսարանների և կերպարների : Դիմակները ստեղծում են անանունության զգացողություն` ուժեղացնելով ընկղմվածությունը :
2.Then She Fell Third Rail Projects-ից:
- Վայրը: Նյու Յորքի Ուիլյամսբուրգ քաղաքի լքված հիվանդանոց
Ոգեշնչված Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» ստեղծագործությունից, բեմադրությունը կենտրոնացած է Ալիսի ճանապարհորդության վրա սյուրռեալիստական, երազային միջավայրում:
Ներկայացմանը մասնակցում է 15 հանդիսատես։Նրանք ամբողջ բեմադրության ընթացքում բաժանված են երկու կամ երեք հոգանոց խմբերի,որոնց երթուղիները մանրակրկիտ մտածված ու ստուգված են ռեժիսորի կողմից։ Լսարանի փոքր չափը թույլ է տալիս անհատականացված փոխազդեցություն դերասանների հետ:
3. The Grand Paradise by Third Rail Projects.
Այստեղ արդեն տեսնում ենք 1970-ականների արևադարձային հանգստավայր: Հեդոնիզմի և ինքնաբացահայտման այս պատմությունը հրավիրում է հանդիսատեսին ուսումնասիրելու ուտոպիայի և կորած դրախտի թեմաները: Հյուրերին խրախուսվում է շփվել ինչպես դերասանների, այնպես էլ շրջապատի հետ՝ մասնակցելով ծեսերին, խաղերին և զրույցներին, որոնք բացահայտում են պատմության ավելի խորը շերտերը:
Տեխնոլոգիաները զարգացման հետ զուգահեռ զարգանում է նաև Իմերսիվ թատրոնի ներուժը: Վիրտուալ և ընդլայնված իրականության նորամուծությունները նոր սահմաններ են բացում այս ժանրի համար. VR-(վիրտուալ իրականություն)-ը կարող է ստեղծել ամբողջովին թվային Իմերսիվ միջավայրեր՝ թույլ տալով անսահման հնարավորություններ դեկորացիայի ձևավորման և հանդիսատեսի փոխազդեցության մեջ: Tender Claws-ի «The Under Presents»-ի նման բեմադրություններն արդեն սկսել են ուսումնասիրել այս ներուժը:
Մինչդեռ AR-ը (ընդլայնված իրականություն) կարող է մեծացնել ֆիզիկական տարածքները թվային տարրերով՝ ստեղծելով հիբրիդային միջավայրեր, որոնք միախառնում են իրականն ու վիրտուալը: Այս տեխնոլոգիան կարող է թույլ տալ նույնիսկ ավելի նորարարական և ծավալուն պատմություններ:
Այժմ գոյություն ունեն նաև պատմությունների ինտերակտիվ հարթակներ: Echo-ն և Storyliner-ը նման հարթակներ են, որոնք ուսումնասիրում են հանդիսատեսին ներգրավելու նոր ուղիներ՝ ինտերակտիվ թվային պատմվածքների միջոցով՝ առաջարկելով ևս մեկ ճանապարհ Իմերսիվ փորձառությունների համար:
Ռուսաստանում Իմերսիվ թատրոնի սկզբունքքով արված աշխատանքներից հայտնի է Ա.Պուշկինի «Դուբրովսկի» անավարտ ավազակային վեպի հիման վրա Մաքսիմ Դիդենկոյի համանուն ստեղծագրծությունը, որի ընթացում գերակայում էր սևի գույնի և արյան ճնշող զգացողությունն ու մարմնի էսթետիկան:
Հայաստանում Իմերսիվ թատրոնի սկզբունքով արված ներկայացումներից է Իլյա Մոշչիցկու «Կեռասի այգի» մենաներկայացումը (դերակատար՝ Եկատերինա Կրամարենկո):
Ինչպես նաև Սերգեյ Դովլաթովի պատմվածքների հիման վրա ՆՓԱԿ -ում Ալեքսեյ Գայլիտի բեմավորած «Ճամպրուկ» ներկայացումը:
Իմերսիվ թատրոնը դինամիկ և զարգացող արվեստի ձև է, որն ընդլայնում է ավանդական ներկայացման սահմանները: Հանդիսատեսին պասիվ հանդիսատեսից վերածելով ակտիվ մասնակցի՝ այն տրամադրում է հարուստ և գրավիչ փորձ, թույլ է տալիս ժամանակավորապես մոռանալ առօրյա հոգսերն ու խնդիրները՝ սուզվելով ֆանտաստիկայի աշխարհ։
Օգտագործված գրականություն
1. Иммерсивный Театр / Википедия
2. Machon, Josephine. *Immersive Theatres: Intimacy and Immediacy in Contemporary Performance*. Palgrave Macmillan, 2013.
3. White, Gareth. *Audience Participation in Theatre: Aesthetics of the Invitation*. Palgrave Macmillan, 2013.
4. McKinney, Joslin, and Scott Palmer. *Scenography Expanded: An Introduction to Contemporary Performance Design*. Bloomsbury, 2017.
5. Punchdrunk's official website: www.punchdrunk.com
6. Third Rail Projects' official website: www.thirdrailprojects.com/
7. Иммерсивный Театр, www.culture.ru/immersivnyi-teatr/
8. Дияна Каранович., Что такое «Иммерсивный Театр» и почему ответа нет, ptj.spb.ru/chto-takoe-immersivnyj-teatr
02.09.2024