Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

14.08.2024   23:23

Ռեժիսոր, ՀՊարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը տոնեց իր ծննդյան 65-ամյակը։ Հոբելյանական օրը կոմեդիայի թատրոնը նախընտրեց տոնել բեմում՝ ներկայացնելով Ղազանչյանի նոր «Կնոջս անունը Մորիս է» բեմադրությունը։ Պիեսը ֆրանսիացի դրամատուրգ, կատակերգության ժանրի կարկառուն ներկայացուցիչ Րաֆֆի Շարտինի ստեղծագործությունն էր,  «Եղբայրական օգնություն կամ իմ կնոջ անունը Մորիս է»  վերնագրով։

Կատակերգությունն, ինչպես գիտենք, հաճախ բնորոշում են ըստ բովանդակության (բարձր կամ ցածր կատակերգություններ՝ Շեքսպիր «Ոչնչից մեծ աղմուկ», Մոլիեր «Միզանտրոպ», «Տարտյուֆ») և ձևի (դրությունների կատակերգություն Մոլիեր «Քաղքենին ազնվական», Շեքսպիր «Տասներկուերորդ գիշերը»)։ Գրական հենքն իր կառուցվածքային պայմանաձևով դրությունների կատակերգություն  է՝ ժանրին հատուկ անսպասելի կոմիկական իրավիճակներով, կերպարների արտաքինի բուֆոնադային վերափոխումներով և անսպասելի ինտրիգներով հյուսված։ Այստեղ գերիշխողը ստեղծված վիճակների կատակերգականությունն է, խճճված ինտրիգը, կերպարանափոխությունները և ստի մերկացումներն՝ անսպասելի, զավեշտալի կերպով։

Այսպիսով, Մորիս Լյուպպենը ֆրանսիական «Եղբայրական օգնության» ֆոնդի ակտիվ անդամ է։  Հավանաբար նոր անդամներ ներգրավելու հույսով թակել է Ժորժ Օդֆեյի բնակարանի դուռն ու հայտնվել նրա տանը։ Մորիսն անգամ չի էլ պատկերացնում, թե ինչպես պիտի փոխվի դեպքերի ընթացքն ու իր, թվում է՝ անմեղ առաքելությունը ինչ արկածների պիտի հանդիպի։ Ժորժ Օդֆեյը փորձանքի մեջ էխաբված, կատաղած սիրուհին ուր որ է կգա իր տուն՝ կնոջը պատմելու իրենց կապի մասին և վերջնականապես պարզելու հարաբերությունները։ Իրադարձությունների անսպասելի դասավորման արդյունքում, անսալով Օդֆեյի թախանձագին խնդրանքներին և մի կլորիկ գումար աշխատելու գայթակղությանը, համաձայնում է  կերպարանափոխվել: Ստանձնել տանտիրոջ կնոջ դերը, որպեսզի վերջինիս ազատի խաբված և այդ հանգամանքից կատաղած սիրուհու հետապնդումներից և սպառնալիքներից։

Բեմանկարչական աշխատանքը (բեմանկարիչ՝ Հակոբ Ղազանչյան) իր կառուցվածքի տրամաբանությամբ օգնում էր դերակատարներին միզանսցենային տեղաշարժերը անարգել իրականացնել։ Բնականաբար բեմում դրված յուքանչյուր իր պատահական չէ, և ոչ էլ ավելորդ։ Բեմում սովորական փարիզյան բնակարանի ինտերիեր է ստացված՝ կենտրոնում կարմիր բազմոցն է՝ փոքրիկ կարմիր բազկաթոռը, և սեղան. սպասվելիք թեժ կրքերի բոցավառման, խճճված ինտրիգերի առաջին ակնարկը: Երկրորդ պլանում փարիզյան համայնապատկերով պաստառներ են կախված՝ բացահայտ ակնարկելով գործողությունների կատարման տեղն ու ժամանակը։ Տվյալ համատեքստում հետաքրքիր և խոսուն լուծում էր հետին պլանում երևացող փողոցային լապտերը։ Այն ոչ միայն պատուհանից երևացող փողոցի տեսարանը ցուցադրելու համար էր դրված, այլև ծառայում էր որպես գործող անձերի մուտքը յուրովի կազմակերպելուն, որը ռեժիսորական ձեռագիր կարելի է դիտարկել։ Յուրաքանչյուր կերպար ներս էր մտնում այդ լապտերի հետևից՝ երաժշտական փոքրիկ նախերգով, իր բնավորությանը հատուկ ռիթմիկ շարժումների ուղեկցությամբ։

Կոկիկ, լակոնիկ և համապարփակ ոճով արված թե ռեժիսորական, թե երաժշտական ձևավորումները համապատասխանում էին խաղացվող նյութի թե ոճին, թե ասելիքին, թե մտահղացմանը։ Թեթևաշունչ այս գործն իր իրադրային կառույցներով անսահման երևակայելու և մեկը մյուսից բխող ծիծաղաշարժ դրություններ ստանալու հրաշալի հնարավորություններ է ընձեռում բեմադրիչներին։ Դրության և խոսքի կոմիզմը, չափազանցված բնավորություններն ու վիճակները, որոնք գործողությունը տանում են անսպասելի շրջադարձերի, ներկայացման մեջ առավել ընդգծվել էին գրոտեսկային կերպարանափոխումներով, հանդերձանքից մինչև բնավորության գծերը, պահվածքը։ Հակոբ Ղազանչյանի մասնագիտական աչքից դա, անշուշտ, չէր վրիպել։ Դերակատարների դիպուկ և ճիշտ ընտրությունից մինչև բեմադրական ամենաաննշան դետալները զարմանալիորեն տեղին էին աշխատում և օգնում կատակերգության ժանրին հատուկ թեթեևասահ գործողությունների կառուցմանն ու առաջ գնալուն։

Որպեսզի ասվածն առավել առարկայական լինի, խոսենք ըստ դերաբաշխման օրինակների:

Դերասան Իշխան Ղարիբյանը նոր չէ ամրագրել է իր տեղը շնորհալի դերասանների շարքերում։ Նրա կատակերգական կերպարները քաջածանոթ են հատկապես տարբեր գեղարվեստական ֆիլմերից և հեռուստանախագծերից։ Որտեղ նա խաղացել է խարակտերային բազմազան դերեր։ Յուրաքանչյուր անգամ նոր և անճանաչելիորեն ուրիշ։ Թեպետ նշված ձևաչափով մատուցված նյութը ոչ միշտ է որևէ գեղարվեստական կշիռ ունենում, կամ գրեթե չի ունենում, այնուամենայնիվ որոշ դերասաններ, շնորհիվ մասնագիտական պատրաստվածության, կարողանում են իրենց ձեռագիրը թողնել դրանց տեսարանաշարերում։ Իշխան Ղարիբյանն այդ դերասաններից է։  Նրա  Ժորժ Օդֆեյը կնամոլ, սակայն վախկոտ, անկամ տղամարդ է, ով խաբում է թե՛ իր կնոջը, թե՛ սիրուհուն։ Կրկնակի դավաճանություն գործած սեռատենչ տղամարդը ոչ միայն չի ընդունում իր բաժին մեղքն ու գոնե ուղղվելու փորձեր անում, այլև նոր ինտրիգներ ու խաբեության տաբերակներ է մտածում՝ ջրից չոր դուրս գալու և սիրային արկածները շարունակելու համար։ Դերասանի բեմական ներկայությունը ներկայացման սկզբից մինչև վերջ ուղեկցվում է զավեշտալի, տեղ-տեղ գրոտեսկային, որոշ դեպքերում չափազանցված խաղով, ընդհանուր առմամբ՝ պահպանելով ժանրից բխող պլաստիկական և ժեստային բոլոր սահմանաձևերը։

Ֆրանսիական «Եղբայրական օգնության» ֆոնդի ակտիվ անդամ Մորիս Լյուպպենի կերպարին Սամվել Դանիելյանը սուր կատակերգական բնութագծեր էր հաղորդել։ Նա ոչ միայն խաղում էր, այլև խաղացնում էր կերպարը՝ հանդիսականի աչքի առաջ։ Ընտրելով բավականին թեթև խաղաոճ իր դերակատարման համար՝ դերասանը, ռեժիսորական հաշվենկատ ցուցումներով, միանգամից ներգրավվում էր խաղային ընթացքի մեջ՝ դառնալով զավեշտալի իրադրությունների ակտիվ մասնակիցն ու հաճախ նախաձեռնողը։ Նրա միջոցով էր ռեժիսորը խառնել սիրային եռանկյունու անկյունագծերն ու նրա միջոցով էլ փորձում էր «իբրև թե» շտկել վիճակը՝ ինչ խոսք, անելանելի թվացող դրություններին տալով անսպասելի լուծումներ։ Կերպարի բնավորության տիպային հատկանիշներն իհարկե բխում էին կոմեդիայում դրված պատահական, անկանխատեսելի գործողություններից և դրանցով էլ պայմանավորում դերասանական մեկնաբանության տրամաբանությունը։

Մարիամ Ղազանչյանը այն հայ դերասանուհիներից է, ովքեր առանձնանում են աշխատասիրությամբ, մասնագիտության հանդեպ ընդգծված պատասխանատու վերաբերմունքով: Թերևս մասնագիտկան բարեխղճությունն է պատճառներից մեկը, որ վերջինս իր երկրորդ պլանի դերակատարումներում է նաև  ուշարժան և հիշելի կերպարային գծեր ներկայացնում։ Ոչ մակերեսայնորրեն հղկված ու կարգարվորված մասնագիտական ունակություններն այնպես է օգտագործում, որ հնարավորրինս զերծ մնա շտամպային կրկնողականությունից։ Եվ այս կատակերգության մեջ դերասանուհին մարմանվորել էր առանցքային կերպարին, ում պատճառով և շուրջն էր ստեղծվել ամբողջ խառնաշփոթը։ Ժորժ Օդֆեյի սիրուհին՝ Կատրինը խաբված կին է, Մարիամ Ղազանչյանի տարբերակում՝ իր իրավունքի տերը։ Կատաղի մի կին՝ բռնկուն, ինքնասածի ու կամակոր։ Խաբվածի կարգավիճակը չհանդուրժող ֆրանսուհին ոչ թե ինքն է անելանելի վիճակում հայտնվում, այլ այդ վիճակին է հասցնում ստախոս սիրեկանին: Վերջնականապես ստախոս սիրեկանի դիմակը պատռելու հստակ որոշումն ընդունած, ներխուժում է Օդֆեյի բնակարան և սկսում արդարություն պահանջել։

Կատրինը, Մարիամ Ղազանչյանի մեկնաբանությամբ, վայրի կատվիկի էր հիշեցնում՝ խաղային բոլոր մաներաներով, ժանրից բխող ժեստային և միմիկապլաստիկական վճիռներով։ Դերասանուհու բեմական ներկայության թեթևասահությունը անառարկելի հմայք ու խարակտերային գիծ էր տալիս կերպարին և հանդիսականին մղում իր կողմն անցնել՝ կարեկցելով կնամոլ տղամարդու քմայքներին զոհ դարձած կնոջը։

Բեմադրական աշխատանքին անդրադառնալիս, հարկ է նշել, որ ներկայացման ընթացքում պարբերաբար նկատելի էր փորձառությունից եկող ռեժիսորի ձևաբանական հմտությունը։ Նա դրությունից դրություն անցումներում սուր կոմիզմը կառուցում էր ինչպես դերասանական ճկուն խաղով, այնպես էլ ռեժիսորական խնդիրների ճիշտ մտահղացմամբ և տեղաբաշխմամբ, հատկապես՝ չափը չանցնելու հստակ տրամաբանությամբ։

Զգեստափոխված, կնոջ շարժ ու ձևով ծիծաղաշարժ գործող անձերին անհեթեթ դրություններում պատճառաբանված ներկայացնելը, որպես ռեժիսորական հնար, կարելի է ասել՝ կատարեց իր առաքելությունը՝ ինքնաբուխ ծիծաղ տարածելով հանդիսասրահում։ Սակայան, այլ էր հանգուցալուծումը։ Կանացի հագուստներով ճամարտակող տղամարդիկ, ովքեր ամեն ճիգ ու ջանք գործադրեցին գազազած Կատրինին համոզելու, որ տիկին Մարիոն Օդֆեյը կատաղի, սարսափելի խիստ և անզուսպ կին է, իրենք իսկ բացահայտեցին իրենց, քանի որ տարվել էին խաղով և այլևս չէին տարբերում իրականությունն ու հորինվածքը։

Մորիս Լյուպպենը խախտում է Ժորժ Օդֆեյի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը, անսպասելիորեն դառնում Կատրինի համախոհն ու սկսում օգնել նրան գործելու ընդդեմ Ժորժի։

Տեր և տիկին Թրուաբալները, ինչպես և ենթադրում է գործողության անսպասելիությունը, նույնպես պատահաբար են հայտնվել այդ բնակարանում։ Այս սովորական, ֆրանսիական ամուսնական զույգն անսպասելի դեպքերի շրջադարձերում պարոն Թրուաբալի բաճկոնի թևքի հետ քիչ էր մնում կորցներ իրենց խաղաղ ամուսնական տարիների համերաշխությունն ու վստահությունը։ Բարեբախտաբար թյուրիմացությունը հարթվում է, և նրանք հեռանում են առանց որևէ վնաս կրելու։

Ներկայացումը չէր ունենա իր յուրատեսակ շարժահամակարգը, եթե չլիներ գլխավոր ռիթմական ու տեմպային համեմունքը՝ երաժշտությունը (երաժշտական ձևավորումը՝ Հակոբ Ղազանչյանի)։ Այն առանցքային դեր ուներ ինչպես դերակատարների մուտքերի տեսարաններում, այնպես էլ՝ իրավիճակները սրընթաց զարգացնելու մտահղացումներում։

Անկանխատեսելի, անհեթեթ դրություններն ու կերպարների բնավորությունների վառ գծերը այս կատակերգության գլխավոր  արժանիքներից են։ Ֆրանսիացի դրամատուրգն իրավիճակների, գործողությունների ու կերպարների կառուցվածքներում կարողացել է չանցնել չափն ու այն մելոդրամայի կողմը չտանել։ Իսկ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի բեմում ստեղծագործական թիմին անշուշտ հաջովել է հավատարիմ մնալ գրական հենքի  և կատակերգության ժանրի բոլոր կանոններին ու դրություններին։ Դրա վկայությունը դահլիճում հերթապահող ծիծաղն ու համարժեք մթնոլորտն էր։

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

850 հոգի