Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

10.08.2024  02:23

ԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Հայ մեծ դերասանուհի Սիրանույշը (1857-1932) կյանքի վերջում, ավելի ստույգ՝ 1922-1930 թթ., բնակվելով Կ. Պոլսում, փաստորեն անգործության էր մատնվել: Չէ՞ որ նա ողջ էությամբ ապրել էր միայն բեմով, գեղարվեստով, որին նվիրվել էր ամբողջովին: Իսկ այդ տարիներին, Պոլսում հայերեն ներկայացումներն արգելված լինելով, ավելի էր սրվել նրա կարոտը բեմի, ընդհանրապես թատրոնի հանդեպ: Մեզ հասած հատուկենտ նամակները (մի զգալի մասը սևագիր և թերի), որոնք նա գրել է հարազատներին ու արվեստակիցներին, դերասանուհու ապրած հոգեկան խռովքի բնորոշ պատկերներ են: Սիրանույշի ձեռագրերում մնացել է «Մեր հայ քննադատները» փոքրիկ երկասիրությունը՝ սևագիր երկու տարբերակով, որոնցից մեկը գրված է արևելահայերեն, մյուսը՝ արևմտահայերեն, թեև նրա գործածած լեզուն, ինչպես և Պետրոս Ադամյանինը, եղել է երկուսի միասնությունը: Այն գրված է տարբեր չափերի թղթերի վրա, թանաքով և սև ու քիմիական մատիտներով, հանգամանք, որը վկայում է, թե դերասանուհին աշխատել է ընդմիջումներով: Սիրանույշն այդ մտորումները գրի է առել 1920-ական թվականների առաջին կեսերին, երբ լրացել էր նրա բեմական գործունեության 50-ամյակը: Նա վերհիշում է անցյալը, երբ 1907-ին Բուլղարիայում, 1908-ին Եգիպտոսում, 1912-ին Մոսկվայում թատերագետները նրա խաղը համեմատել են եվրոպական թատրոնի նշանավոր դերասանուհիներ Սառա Բեռնարի, Էլեոնորա Դուզեի հետ: Սիրանույշին իրավացիորեն զայրացրել է նման գնահատականը: Նա անդրադարձել է նաև արվեստի գնահատության հարցերին, որոնք ուրույն արժեք են դերասանուհու գեղագիտության պարզաբանման առումով: Սիրանույշի հրապարակվող նյութն անավարտ է: Տեքստը պատրաստելիս վարձել ենք հնարավորին չափ ամբողջացնել սևագիր էջերը, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենանք նրա հայացքների մասին: Ձեռագիրը պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնում, Սիրանույշի ֆոնդում:

ԲԱԽՏԻԱՐ Հովակիմյան

Մեր հայ հասարակության մեջ շատ ինքնավստահ քննադատներ ունենք, որոնցմե, եթե կարելի է ասել, ի բաց առնելով մի երկուսին, որոնք եթե ոչ իսկական քննադատներ, բայց գոնե իբր նուրբ դատողներ, շատ զգույշ կերպով են մոտենում գեղարվեստի ամենաառաջին աստիճանի վրա կանգնած դերասանի մը խաղը քննադատելու համար: Հարգելով այս հազվադեպ գրողները, դժբախտաբար, մնացյալ բոլոր բացառիկ միջակ կարողություններ... բացահայտ կերպով կշեշտեն իրենց ցավալի անկարողությունը: Եվ ամենացավալին այն է, որ քննադատելով դերասանի մը խաղը, կամա-ակամա քննության կենթարկեն իրենց քննադատականը՝ հաստատելով իրենց իմաստակությունը:

Բայց, որովհետև, գեղարվեստի բարձր աստիճանները չեն ընդունիր համբակ և հանդուգն քայլեր, այս միամիտ քննադատները ոտնձգություն անելով, հանկարծ կզգան թե բարձր աստիճաններ մագլցելու տենդից, դողում են և սահելու վտանգից ազատվելու համար կաշխատեն կառչել որևէ հաստատուն սյունից և իրենց այդ հաս- տատուն սյունը Տիկ. Սառա Պեռնարն է: Բայց, որովհետև, գեղարվեստի նրբություններու մեջ մտնելու, դերասանի մը ներկայացուցած տիպարի հոգեբանությունը ըմբռնելու, անձնավորությունը պատկերացնելու տեսակետով շատ աղքատիկ պաշար մը ունին և կարողություննին բացարձակ կերպով բացակայում է, ուստի իրենց վիճակը քիչ մը անել դրության մեջ զգալով, բան մը ըսած ըլլալու համար, խեղճ Տիկին Սառա Պեռնարի անունը կշահագործեն և կգրեն՝ «Տիկ. Սիրանույշը մեր հայ ժողովուրդի Սառա Պեռնարն է»: Շատ եմ լսել և կարդացել այս ոչ մխիթարական ֆրազը, բայց երբեք չեմ կարողացել հաշտվել մի ուրիշի պատմուճանով զգեստավորվելու մտքի հետ: Ինչու՞ իմ փոքրիկ հայ ժողովուրդը իմ փոքրիկ անձնավորության մեջ ինձ գնահատելու համար մի ուրիշի անձնավորության պատկերն է ուզում մարմնացնել իմ մեջ։ Ավելի լավ չէր ըլլալ, որ ես իմ ժողովուրդի միայն «Սիրանույշը» լինեի, ոչ թե խեղճ Սառա Պեռնարն էլ հոգնեցնեին և ինձ հետ միացնեին, որպեսզի կարենայի ես ինձանից մի ամբողջություն կազմել:

Տեր Աստված, քանի դժբախտ եմ ես: Որքան էլ փոքր լինեմ, այնուամենայնիվ, ես կցանկամ, որ ինքս իմ անունով միայն հիշվեմ, ոչ թե մի ուրիշի անունով հեղինակություն մը ներկայացնեմ... S. Սիրանույշ այսինչ դերի մեջ այսպես խաղաց, այնպես խաղաց և յուր գերազանց խաղի նրբություններով մեզ հիշեցնում է Դուզեին... Ազնիվ պարոն քննադատներ, ես ավելի ուրախ պիտի ըլլայի, եթե միայն ինքս ինձ հիշեցնեի: («Կովկասյան ռուս օրաթերթերի քննադատները մեծ գովեստով են խոսում տաղանդավոր տիկ. Սիրանույշի խաղի մասին՝ համեմատելով նրան Դուզեի հետ»): Գեղարվեստը կատարելագործության չի կարող հասնել, որովհետև անհան է... Ոչ մի հանճարի արտադրությունը չպիտի համարվի կատարելագործված, քանի որ այդ մեծ մարդը եթե հարյուր տարի ալ ավելի ապրի, նույն հանճարը կրնա աստվածացնել յուր գործը, բայց երբեք չի համարեր իր արվեստը կատարելագործված: Ուստի, այդ հիման վրա, ես ինձ բախտավոր չպիտի համարեի, եթե նույնիսկ Սառա Պեռնարի հետ իմ անունին միացնեին Տուզե, Երմոլովա, Քամիսարժևսկայա և այլ անուններ, որոնցից ամեն մեկը զատ-զատ տաղանդ է և ամեն մեկը մյուսին գերազանցող ույժ մը ունի իր մեջ: Քանի որ այս բոլոր անուններն իմ անունին կպցնելով ոչ անոնք կատարելություն մը կներկայացնեն, ոչ ալ զիս կատարելության կրնան հասցնել, ուստի ավելորդ ուժասպառություն մը պիտի զգայի իզուր ուրիշի թևերով թռչելու հոգնությունը կրելով, մանավանդ որ եթե ես հայ թատրոնի փոխանակ Սիրանույշը լինելու Սառա Պեռնար լինեի: Ես իմ հիսուն տարվա լուրջ գործունեությամբ, իմ հայ թատրոնի, հայ ժողովրդի հարազատը չպիտի համարվեի, այլ անունների կամ միայն Սառա Պեռնարի շնորհիվ ես մի ույժ պիտի ներկայացնեի ինձանից։ Մինչդեռ այդ փառահեղ անունը մոտեցնում էին իմ համեստ անունին: Ես փոխանակ ուրախանալու, կարեկցությամբ դիտում էի այդ միամիտ դեմքերը՝ որ ոչ Սառան Սիրանույշից զանազանել գիտեն, ոչ էլ Սիրանույշը Սառայից... ոչ էլ այդ երկու դեմքերու մեջ եղած ուժերը չափելու կամ քննելու կարողությունը ունին:

Սառան մեծ դեմք է, մեծ ույժ է, մեծ տաղանդ է: Բայց ինչու՞ անպայման Սառան պետք է փնտրեն իմ երկար տարիների ծանր աշխատանքիս մեջ:

Ես ունեցեր եմ ոչ միայն եվրոպական, այլև ասիական խաղեր, ինչպես, օրինակ՝ ռուսական, վրացական, տաճկական, պարսկական, հնդկական, հայկական և այլն, որոնց բնավորությունները գծելու, բնորոշելու համար պետք է ծանոթ լինել այդ ազգությունների պատմության և նրանց բարքերն ուսումնասիրած ըլլալ՝ կարենալ ստեղծելու համար իսկական հերոսը կամ հերոսուհին: Քանզի արևելյան տիպարները, ինչպես եվրոպացիներունը, համամարդկային չեն: Անոնք շատ յուրահատուկ կամ ինքնուրույն, օտարոտի և առեղծվածային բնավորություններ ունեն: Օրինակ՝ տաճիկ, պարսիկ, եգիպտացի, արաբացի, հնդիկ (արևապաշտ), մնացյալները՝ բոլորն ալ մահմեդականներ են: Բայց ոչ մեկը մյուսի չի նմանում ոչ բարքով, ոչ տարազով, ոչ բնավորությունով, ինչպես ռուս կինը երբեք հայ կնոջ նման չէ, ոչ էլ հայ կինը՝ վրացուհուն, չնայելով, որ ամենքն էլ նույն տարազը կկրեն:

Ես գիտեմ, որ ինչպես եվրոպացիք՝ ոչ ֆրանսուհին կնմանի անկլուհու, ոչ անկլուհին՝ գերմանուհու և այլն։ Եվ ես թե եվրոպական և թե ասիական տիպարները զատ-զատ ուսումնասիրած եմ, ոչ մի դերասանուհի մի հատիկ հայուհու դեր չեն կատարած։ Ուրեմն, եթե ես բացի եվրոպական պիեսները, որոնց գրեթե բոլոր հին ու նոր ռեբերթուարը ներկայացուցած եմ, առավել ևս ստեղծած, օրինակ՝ Ռասինի «Ֆեդրա», Տյումա որդու «Գամելիազարդ տիկինը», Վքթոռ Հյուկոյի «Անճելո Մալբիեռի», «Էռնանի», «Թշվառներրը», Հաուպտման, Զուտերման, Պեռնշթայնի «Իզրայելը», Տաստաևսկու «Իդիոթը» (ռուս կյանք), Իշխան Սումբատովի «Իզմեննան» (վրաց կյանք), Շանթի «Հին աստվածները» - իշխանուհի (հայ կյանք), այդ նշանակում է, որ ես իմ ուսումնասիրություններուս մեջ անոնցմե ավելի հետաքրքիր, օտարուհի և տիպիկ ստեղծագործություններ եմ ունեցել: Հետևաբար՝ ո՛չ Սառա, ո՛չ Ռաշել, ո՛չ օրիորդ Կրուասել, ո՛չ Ռեժան, ո՛չ Ժան Հատինկ, ոչ ալ ռուս դերասանուհիներից Երմոլովա, Ֆեդոտովա, Սավինա, Քամիսարժևսկայա, Ժիխըրևա-հրեուհի, ո՛չ Տուզե-իտալուհի, ո՛չ էլ Յավորսկայա...

***

Մեր հասարակության մեջ մի քանիսներ համոզված լինելով, որ մեծ գովեստ մը ըրած կըլլան, եթե իմ գեղարվեստական որևէ խաղին գովասանություն մը ընելու համար շապլոն օրինակ մը ունեն, որ կկրկնեն՝ Տիկ.Սիրանույշ մեր բեմին Սառա Պեռնարն է: Մինչդեռ չգիտեն, թե դրանով որքան կվիրավորեն լսողությունս, կհիվանդացնեն: Իմ լսելիքը կարծեք մրջյուն կմտնի: Որովհետև, եթե ես իմ հսկա ռեբերթուարի մեջ ունեցեր եմ դառն աշխատություն մը, արդյոք Տիկին Սառա Պեռնար որևէ մասնակցություն ունեցած է իմ հոգնության մեջ: Երբ ես երկար տարիներ եմ տքնել, թե իմ կյանքի մանրամասնությունները, թե բնության գեղեցկությունները և արհավիրքները և թե՛ ընդհանուր մարդկության ուսումնասիրությունները, որ կես դարն անցել է, Տիկին Սառան բան մը զգացե՞լ է, երբ ես անքուն գիշերներ եմ լուսացրել և իմ երևակայած աստղս ձեռք գցելու համար մտքի խոյանքով մը բարձրացել եմ մութ գիշերվա աստեղազարդ երկնակամարը, որոնել եմ լույսը, ճշմարտությունը, բարին և առաքինին: Անհուն բնության ծոցի մեջ ցանկացել եմ փնտրել իմ թռիչքները, իմ իդեալը: Ես խոր լռության մեջ տառապել եմ, տքնել եմ, հոգնել եմ: Արդյոք Տիկ.Սառան այդ ժամերուն, երբ մարդիկ կքնեին, ինձ տեսել է գոնե երազում: Կարող եմ երդվել, որ՝ ոչ: Չնայելով, որ պատիվ ունեցեր եմք Պոլսո մեջ ծանոթանալու միմյանց, բայց ի՞նչ գործ ունի ինձ հետ իմ ուսումնասիրություններու մասին մտածելու: Գուցե այդ խոր գիշերներուն նա անուշ-անուշ քնած էր և նույնիսկ եթե արթուն ալ ըլլար, չէր մտածեր թե Տիկին Սիրանույշ իր փոքրիկ հայ ժողովրդի համար ջղերը կքայքայե անքուն գիշերներու ծանր աշխատանքով և անոր անունը չի վայելեր իր աշխատանքի արդյունքը, այլ իմ՝ Սառա Պեռնարի անունով կգովաբանվի:

Մինչդեռ, այդ ժամերուն, երբ Սիրանույշ քրտինքը կսրբեր, Սառան երազի մեջ կըսեր՝ ես քուն, բախտս արթուն: Եվ եթե Սիրանույշն ավելի բարձր կանգնած լիներ և, դժբախտաբար, մեր տգետ միջավայրի մեջ չսպառեր իր ուժերը և միջոցներ լինեին քաղաքներ, այցելելու ամբողջ խմբով, ես ավելի քան համարձակ կխոստովանեմ թե ոչ մեկ ֆրանսիացի չեք կարող գտնել, որ թույլ տա իր դերասանուհուն ըսել՝ Տ. Սառա դուք մեր Սիրանույշն եք: Եվ նա կատարելապես իրավունք ունի իր Սառան Սիրանին չնմանեցնելու՝ յուր ազգայնական անձնասիրությունը չվիրավորելու համար, քանի որ Սիրանույշը ոչ մի աշխատանք չէր ունեցեր Սառայի մարմնացրած հերոսուհին նկարելու: Նույնքան ալ Սառան ոչ մի աշխատանք չէր ունեցեր Սիրանույշի մարմնացուցած հերոսը պատկերելու համար: Հետևաբար՝ Սառան իր ստեղծագործության հեղինակն է, Սիրանույշն իր ստեղծագործության հեղինակն է, որովհետև ամեն մի գեղարվեստագետ յուր մտածելակերպը և յուր խաղը ունի: Ոչ նա կընդունի, որ ինքը ինձ նմանի, ոչ ալ ես կընդունեմ, որ ես իրեն նմանիմ:

Սառան պիտի ջղայնանար այդ խոսքերից, ինչպես ես եմ ջղայնանում, որովհետև ես նույնպես ոչ մի մասնակցություն չեմ ունեցեր իր ծանր աշխատանքներու մեջ: Այդ ինձ վիրավորական պիտի համարեի, եթե մեծ արտիստուհու անունը իմ անունով շփոթեին և առոչինչ համարեին Սառային սեփական անունը, որ իր դառն աշխատանքով է միայն ձեռք բերել...

Եթե ես իմ ինքնուրույն խաղովս աշխատեր եմ զանազան տիպեր ստեղծել, նշանակում, որ ես ինքս եմ քանդակել իմ արձանը և ոչ թե ուրիշը ինձ օգնական կանչել: Եվ եթե իմ կերտածը հրաշակերտ մըն է, ուրեմն ինչու՞ պիտի իմ անունս ջնջվի և ես դառնամ հայոց Սառա Պեռնարը (ոչ, չեմ ընդունիր) և ոչ հայոց Սիրանը: Քանի որ այդ աշխատանքը ես եմ տվել իմ գործին, ուստի իմ գործը իմ անունով պետք է հիշվի: Ինչպես ասել է մեծն Նաբոլեոն՝ ես ինքս եմ իմ նախահայրը։ Այդպես էլ ես ինքս ուզում եմ լինել իմ նախահայրը։ Այդպես ես էլ կփափագեի, որ իմ աշխատանքի, իմ քրտինքի համեստ արդյունքը ես ինքս միայն նվիրած ըլլայի հայ հասարակության: Իսկ երկու դերասանուհու ամբողջություն մը շատ չէ՞ր լինի արդյոք մեր փոքրիկ ժողովուրդի համար, երբ մի դերասանուհուն էլ դեռ անկարող է ապահովել:

Նոքա, որոնք որ զիս կհորջորջեն հայոց Սառա Պեռնար, իրավունք չունին իմ անքուն գիշերներուս աշխատանքը և քրտինքը ուրիշի անունով բարձրացնել: Ուրեմն, ես ինչու՞ պիտի ըլլայի հայ բեմի Սառա Պեռնարը, քանի որ իմ բոլոր աշխատանքս և զոհաբերություններս, կրած հուզումներս ես սիրով նվիրել եմ իմ հայ ժողովրդին՝ իբրև հայուհի Տիկ. Սիրանույշ:

ՍԻՐԱՆՈւՅՇ

Նյութի աբյուրը՝ Գարուն, 199

295 հոգի