Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Բարկանալ թե չբարկանալ,սա է խնդիրը։ Այս հարցի պատասխանը կգտնեք, երբ տեսնեք Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան» և Հ. Ք. Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի» հեքիաթների իր նմանը չունեցող բեմադրությունը (Նարինե Գրիգորյան)։ Վարագույրը բացվում է թե չէ, զարմանքն ու հիացմունքն արդեն դառնում են դիտմանդ ուղեկիցը մինչև ավարտը։ Գունային գեղեցիկ համադրություն,բեմի հետաքրքիր ձևավորում, երաժիշտներ, հատուկ բեմականացման համար գրված երաժշտություն, դերասան֊երգիչ (Հայկ Պետրոսյան)` իր հրաշալի կատարումներով, տաղանդավոր ու վառ դերասաններ և շատ խորը ասելիք։

Տերը (Գագիկ Մադոյան)` իր կարևորությունն ընդգծող կլորիկ փորով, ժլատ ու հարուստ մարդուն բնորոշ դեմքի արտահայտությամբ, հանկարծ կորցնում է իր «փոքրիկ թալանը» ու մի բան էլ ավել, քանի որ չուներ շատ կարևոր մի բան` համբերություն։ Բա տիրոջ կինը (Տաթև Ղազարյան) `շքեղ հանդերձանքով, ճոխ բարեմասնություններով, աղայի կնոջը բնորոշ դեմքով, շարժումներով, խոսքով, ..., աչք կտրել չէր լինում։ Այս աղայական զույգը, որ ջանում էր շատ ժրաջան, բայց անվարձ ծառա ունենալ, առաջին հանդիպած ծառայի հետ պայման է կապում, թե ով շուտ բարկանա... , գործը գլուխ է գալիս, ծառան բարկանում է, աղայական զույգն էլ գոհ ու երջանիկ վայելում է իր ձեռքբերումը, մինչև հայտնվում է մյուս ծառան ու այն օրն է գցում նրանց, որ աղան որոշում է. կինը կկու կդառնա, կհայտնվի անտառում ու կկանչի` վերջ դնելով ծառայի հետ կապած պայմանին։

Բայց էդ եղանակին ի՞նչ կկու։ Քիչ էր մնում կկուն ... , ու աղան մի լավ բարկանում է, դե ծառան էլ, իր աշխատածը (մի բան էլ ավել ) վերցրած, եղբոր պարտքը փակած, վերադառնում է։ Այստեղ են ասել. որտեղ ձերը կասեք ,այնտեղ էլ՝ իմը։ Մի ուրիշ հրաշք էր երկրորդ հեքիաթի բեմադրությունը։ Ինչ հրաշալի է, երբ ընտանիքում ամուսինները հոգատար են միմյանց հանդեպ, սիրում ու հարգում են իրար ու ինչ անում են` իրենց մտքում ունեն իրենց կյանքի ընկերոջը ժպիտ ու գոհություն պարգևելը։

Տաթև Ղազարյանի ու Սերգեյ Թովմասյանի տպավորիչ խաղը կասկածի տեղ անգամ չթողեց ,որ տեսածդ հենց այն շատ իրական, հնարավոր ու գերադասելի տարբերակն է ընտանեկան անդորր ու օրինակելի կյանքի։ Հենց այսպիսի մթնոլորտում են հնարավոր ձեռքբերումներն։ Պապիկը այնքան անմիտ փոխանակում է անում. իրենց ապրուստի միակ միջոցը` ձին, տանում է ու փոխում կովի,ոչխարի..., վերջում մի պարկ փտած խնձորի հետ առաջնորդվելով ոչ թե շահույթով, այլ իր պառավին ուրախացնելու միտումով։

Այս անմիտ փոխանակման ականատեսները գրազ են գալիս` համոզված, որ տատիկը պապիկին առնվազն մի լավ կնախատի, ու եթե այդպես չեղավ ,նրանց կտան մի պարկ ոսկի։ Սիրով իր ամուսնուն սպասող տատիկը լսում է անհեթեթ փոխանակման ողջ պատմությունն ու այդ ամենի մեջ գտնում դրական մի բան.փտած խնձորները կտան այն հարևանին, որ դժգոհում էր, որ անգամ փտած խնձոր չունի։ Համբերությունը, սերը, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ աղքատ ընտանիքին հարստացրին։

Իր նմանը չունեցող այս ներկայացումը նորից է ապացուցելու, որ Համազգային թատրոնը տաղանդավոր մարդկանց թատրոն է, որոնց ջանքերով ստեղծված ներկայացումները մարդկանց ներքուստ առողջացնում են։ Շնորհակալություն, սիրելի Նարինե Գրիգորյան, շնորհակալություն բեմին եղած և այս հրաշք ներկայացմանը ծնունդ տված տաղանդավոր մարդիկ: 

07.08.2024

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

1266 հոգի