01.08.2024 23:35
Մինչև հիմա դերասանական արվեստի սահմանը չափ վում էր հզոր (ասենք շեքսպիրյան) անհատականությունների կերտմամբ: Այսօր քիչ այլ է. ժամանակակից թատրոնն իր դիտանկյունն ու տեսանկյունն է բերում դերասանական արվեստին: Հենց այս առումով է հետաքրքրական դերասանական նորագույն սերնդի գործունեությունը: Մեզանում այդ սերնդի առաջատարներից է Կարինե Ջանջուղազյանը: Նուրբ, բարեկազմ, կանացի, և խոշոր, սևորակ ու խռովահույզ աչքեր։
Եվ բեմական նրբագեղություն, թեև քիչ կան դերասանուհիներ, որոնք նման «խիզախությամբ» իրենց այլակերպեն բեմում: Իոնեսկոյի «Ռնգեղջյուրում» (ռեժ.՝ Արթուր Սահակյան) նա Տնային տնտեսուհին է, նաև Ժանի մտապատրանքի կինը: Ահա Կարինե Տնային տնտեսուհին, տափակ, ներս ընկած կուրծք, դուրս ընկած որովայն, կոտրատված շրջագծերով մարմին, անճոռնի հողաթափերի մեջ միմյանց առաջև ընկնող, ծուռտիկ ոտքեր, անգույն, լմփոշ զգեստ, ճմրթված տձև գլխարկ: Պատկերացրեք՝ այս բոլորով հանդերձ, շա՜տ կանացի ու հմայիչ (ինչպե՞ս է շարունակ հալվելով փլվում կողքի տղամարդու վրա): Գաղտնիք, որ հավանաբար մարդու ներսից է գալիս, նրա մարդկային խորքերից, ինչը ոչ մի դպրոցով ձեռք չես բերի, ներքին հմայք, արտաքին արտահայտչակերպ, քանդակային պլաստիկա, խոսքի, ձայնի դյութիչ ելևէջներ։ Համազգայինի «Շիկացած ամուսինը անկողնում» ներկայացման մեջ նրա վերջին հերոսուհին Հելենն է, բոլոր երանգները կորցրած, իր ձայնի պես մաշված մի պոռնիկ, որ շարունակ ժամացույցին է նայում և հաշվում հերթական տղամարդու հետ գտնվելու րոպեները... Քանդակային, բալետային վայելուչ շարժուձև, քայլք, որ այնպես լավ են արտահայտում Սայմընի կատակերգության հատկանիշները: Ի դեպ, միմիայն կեցվածքով, պլաստիկայով նա կարող է ստիպել քեզ հուզում ապրել, սրտաշարժվել: Հիշենք «Ռնգեղջյուրում» նրա մերկ ու բոկոտն, անմազ գլխիկով, որբուկին, որ վտիտ ուսերը գրկած մի բուռ կարեկցանք է, երբ տաքանում է երդիկից ընկած շողի մեջ... Փորձիր անհաղորդ մնալ, երբ նույն որբուկը բարալիկ թևիկներով շարունակ փորձում է գրկե՞լ, թե պահել իրենից շատ մեծ լույսի գունդը՝ մարդկության կենսատու աղբյուրը... Այն, ինչ նա անում է կատարելապես «անխոս» դերերով՝ դժվար է հաղորդել, պետք է միայն տեսնել ու զգալ, զգալ, թե ինչպես է անտես ուղիներով դերասանուհին ներսդ լցնում բարի հույզերով ու մտահոգությամբ, կարեկցանքով՝ մարդկության մի անզոր ու թշվառ մասի հանդեպ, թե ինչպես է նրա արվեստը մաքրում, բարիացնում քեզ: Մասնագետ աչքը տեսնում է, թե ինչպես է Կարինեն սեփական դերասանական խնդրից զատ, սևեռուն ուշադրությամբ իրացնում բեմադրական կոնցեպցիայում ունեցած իր «բաժինը»:
Կերպարի հետ ինքնամոռաց «նույնացումը» (ինչպես Փափազյանը կասեր) այլ ենթադրության չի տանում: Դրամատիկ, քնարական կերպարների կողքին, նա, դեռևս ուսանելու տարիներին, ունեցել է գրոտեսկային, կատակերգական, զավեշտական մի ամբողջ դիմաշար, ինչպես Պոլի («Երեք գրոշանոց օպերա»), Բեաթրիչե («Սեր, ջազ, սատանա»), Կուրտիզանուհի («Սխալների կոմեդիա»), իսկ թատրոնում՝ Միրանդոլինա («Հյուրանոցի տիրուհին»), երբեմն նաև հակադիր ժանրերը մեկտեղելով մեկ կերպարում՝ Արմենուհի («Լեռնային կակաչներ»), Խորթ աղջիկ («Վեց պերսոնաժ...») և այլ գործերում: Նախ արժանին հատուցենք նրա բեմական առաջին ուսուցչին՝ պրոֆեսոր, մանկավարժ Կիմ Արզումանյանին, որի սանուհին եղավ գեղարվեստաթատերականի դերասանականում (1978 82)։ Եվ հենց այստեղ էլ նա նկատվեց ու հրավիրվեց հեռուստատեսություն: Ռեժիսոր Գրիգոր Արզումանյանը նրան միանգամից հանձնեց երկու դեր: Առաջինը Ագնեսն էր՝ Զորայր Խալափյանի ««Ա» և «Բ» ուղևորները» պիեսում: Մյուս դերը 16 ամյա Քրիստինան է «Արվեստագետի մահը» դրամայից. ամեն օր նա ելնում է վաղորդայնի հետ, վիթի պես սլանում ծով, ապա հայտնվում թաց մազերով, շառագունած ու երջանիկ՝ միանգամից կյանք ու թարմություն հորդելով շուրջը: Թվում է՝ բուռն ու անկառավարելի մի աղջիկ է նա, սակայն Կարինեն նրան օժտում է կուսական ամոթխածությամբ, խորքից եկող մաքրությամբ, որը թեև թովում է, բայց և պատշաճ հեռավորության վրա է պահում դիմացինին: Երևի թե արվեստում ազգային նկարագրի հայտածումը (երբ օտարներին է ներկայացնում) այսպես պետք է հասկանալ։ Ե՛վ Ագնեսը, և՛ Քրիստինան բնորոշվում են դրանով: Կարինեի հերոսուհին մեր հիշողության մեջ մնում է քնարական տրամադրությամբ, բանաստեղծական սավառնումներով:
Հետո նրա ճանապարհը խաչվեց մի վառ երիտասարդի՝ Արմեն Բայաթյանի հետ ու տարավ Գորիսի թատրոն: Խանդավառ, միմյանց ու թատրոնի սիրով թևավորված երկուսի համատեղ կյանքը գեղեցիկի որոնումով մի նախերգ եղավ, որն, ավաղ, կարճ տևեց: Իսկ մինչ այդ Շեքսպիրի «Սխալների կոմեդիան» հանճարին հաղորդվելու բերկրանք չէր միայն, այլ գեղարվեստական համախումբ հարցերի լուծման մեջ սեփական կարելիություններն ստուգելու, որոշակի դասեր առնելու և ինքնաճանաչման իրողություն: Երկուսն էլ օժտված էին «բեմի շնչառությունն» զգալու անխաբ տարերքով, բայց գիտեին, որ զգալը քիչ է, պետք է զգացածին ձև ու մարմին տալ, գեղարվեստորեն տեսանելի դարձնել: Այդ ճանապարհի ձեռքբերումներից մեկն էլ պատմական մի բարդ գործ էր՝ Հայկ Վարդանյանի «Կիբոսա, 7-րդ դարը», ուր Կարինեն խաղում էր հույն զորավար Վասիլիկոսի մեծափառ կնոջ (էլենի) դերը:
Նրանք ցանկացան մի հրավառություն անել Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» կատակերգությամբ: Գուցե անիմա՞ստ է չկայացած գործի մասին դատելը, բայց չէ՞ որ օրեր էր մնացել բեմելուն: Կասկած չկար, որ նրանք գլխովին նետվել էին գործի մեջ և անպայման մի ինչ-որ նշանակալի բան կանեին: Եվ կանեին, եթե դժբախտ պատահարը չհատեր Արմենի կյանքը...
Հետո դերասանուհին, որ մի քանի ռեժիսորների հետ աշխատանքի փորձ ուներ, վաղամեռիկ ընկերոջ մասին ասելու էր.
- Ինձ համար նա մեծ ռեժիսոր էր: Շատ բան եմ սովորել նրանից: Հրաշալի էր զգում դերասանին: Կորցնելով նրան՝ ես շատ բան կորցրի:
Հիմա նրան կյանքի հետ կապողը միակ դուստրն է ու թատրոնը: Նա փոխադրվեց Երևան ու ընդունեց միաժամանակ «Թատրոն համազգայինի» ու «Թատրոն փորձարանի» հրավերը: Անասելի աշխատատար թատրոններ: Բայց հենց աշխատանքի մեջ էր նա ուզում թաղել իր վիշտը: Թատրոնի կուլիսներում էլ մեծանում է նրա դուստրը և, հաճախ, մոր խաղընկերը դառնալով, տարիքին անհամապատասխան այնպիսի հասուն խաղ դրսևորում, որ զարմանք է շարժում։ Ինչպես ասում են, թատրոնի համար է ծնված: Վերը հիշածից բացի, Կարինեն «Թատրոն փորձարանում» կերտեց և մի աներևակայելի բարդ, սոցիալական ու հոգեբանական ոլորտներում բզկտվող կերպար, Խորթ աղջիկը՝ Պիրանդելլոյի «Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» պիեսից: Իսկ Պիրանդելլոյին թատրոնները հազվադեպ են դիմում՝ ժանրային հակադիր բևեռումների մեկ տեղման, թատերական ընդունված օրենքները փլուզելու միտումնավորության հետևանքով: «Վեց պերսոնաժն» արժանացավ ոչ միայն մեր, այլև արտասահմանյան մամուլի ու մասնագետների բարձր գնահատանքին (Հարավսլավիայի Սորենտոյի թատերատոնին): Կարինեի հերոսուհու մասին դժվար է գրել. այն իր բևեռացումներով անկանխատեսելի էր, դժվար տեղավորելի թատերական սովոր ոճաբանության և երևակայության մեջ։ Ասենք միայն, որ նա ցնցում է զգացումի խորությամբ, զարմացնում ֆանտաստիկ պլաստիկայով, թեթևությամբ ու խիստ ժամանակակից «ժանրախառնությամբ»:
Մինչ «Համազգայինն» իր դռները կբանար հանդիսականի առջև, Կարինեն երևաց երկնագույն էկրանին՝ Ս. Նորմանի «Բարի գիշեր, մայրիկ» դրամայում: Կյանքի հորձանուտն ընկած երիտասարդ կին է Ջեսսին։ Ապրում է մոր հետ, բայց տպավորությունն այնպիսին է, թե ինքն է անմռունչ մայրը, իսկ մայրը՝ քմահաճ ու եսասեր, երես առած նրա աղջիկը։ Կարինե Ջեսսիի ձայնում, հայացքում, մատների ճկման ու թուլացման, ձեռքի ընկնող շարժման մեջ այնքա՜ն ցավատանջ բան կա, հոգնություն, ելք գտնելու ճիգ, որ շնչահեղձ ես լինում:
Միանգամայն այլ է Արմենուհին՝ Հայկ Հակոբյանի «Լեռնային կակաչներում»: Այս կերպարը կարելի է նորություն համարել մեր թատերգության մեջ, և դերասանուհու արարումն էլ վերաճում է թատերական երևույթի (այսպիսի անձնավորման համար նախկինում տարվա լավագույն դերակատարման մրցանակ էր շնորհվում):
Ստիպված ենք խոստովանել, որ Արմենուհու մասին ևս դժվար է գրել, նրան պետք է տեսնել՝ զգալու համար, թե ինչի է ունակ դերասանի արվեստը: Սնդիկի պես հարաշարժ: Մեկ սեղանի տակ է, մեկ՝ լուսամուտի գոգին, մեկ ցատկում է այգի, մեկ՝ թաքնվում, մեկ՝ հանկարծակի հայտնվում է ու բարոմետրի չափ զգայուն է, ոչ մի տեղ և ոչ մի պահ իրեն չկրկնող, «անկանխատեսելի» արարքների հակված մի էակ: Սակայն իր հերոսուհու հախուռն դրսևորումների միջից դերասանուհին խնամքով զատում ու հուզական արտասովոր ուժով առաջնագիծ է բերում կերպարի համար ամենակարևորը, բանալին: Դերասանական հուզաշխարհի ու խոհականության վարպետ՝ տարրալուծման (չվախենանք բառից), մանրամասներով կենսագրություն, ավանդույթներ հաղորդելու միջոցով, դերասանուհին իր արվեստով և իրենով ոչ ավելորդ անգամ հավաստում է դասական ռեալիզմի և հոգեբանական թատրոնի սկզբունքների ընդելուզման փայլուն օրինակ` մեկընդմիշտ ի չիք դարձնելով տեխնիկական միջոցներով, ուրիշների ձայնագրված երգ ու խաղով. էֆեկտներով հաջողություն որոնող «սուտ» դերասանների ջանքերը: Կերպարի արարքների հիմնավորումը նա փնտրում է զգայական ու ենթագիտակցական, նախածին այն մղումներում, որ ընդհուպ տանում են այսպես կոչված «ակունքների թատրոնը»:
Բեմական տասներկու տարին ետևում մնաց: Այդ ընթացքում Կարինեն շատ կերպարներ կերտեց, սակայն թվում է, թե նա շյուղ առ շյուղ իր հոգուն հարազատ մի կերպար է արարում՝ ժամանակակից կնոջ, դժվար ճակատագրի, հուզախռով կնոջ կերպարը, որը կեցության լաբիրինթոսում ջանում է իր մարդկային բարոյականին հավատարիմ մնալ և ամբողջականությունը պահպանել` ներքին և արտաքին հակասություններից երկատվելով: Նա պիտի տանի իր խաչը, որքան էլ ծանր լինի, որքան էլ՝ ուժից վեր:
Այդպիսին է իսկական արվեստագետի, որոնողի ու գտնողի ճամփան: Ուրիշը չկա՛, չի՛ կարող լինել: Ափսոս, որ հոգսաշատ մեր առօրյայում մենք զլանում կամ մոռանում ենք արժանին տալ արժանավորին:
Նրա փոքրիկ ընտանիքում, նրա կողքին հասակ է առնում դստրիկը՝ Աննան: Մոր հետ հիշենք և նրան, գուցե բեմում մի օր էլ նրան հանդիպենք: Անհնար չէ, քանի որ «խնձորը ծառից հեռու չի ընկնում»: Իսկ առայժմ մեր այսօրվա թատրոնի երկնակամարում շողացող առաջին մեծության աստղերից առաջինը նա է՝ Կարինե Ջանջուղազյանը:
Նյութի աղբյուրը՝ Գարուն, 1995թ.