30.07.2024 01:59
Վերջերս մամուլում, լրատվության միջոցներով հաճախ են արծարծվում հայ մտավորականության դերի, գործունեության հարցերը Հայաստանի նոր կեցության պայմաններում: Զարմանալի կերպով իրենք՝ մտավորականները, խնդրին մոտենում են այնպիսի ընդհանրական հայեցակետերից, որ հարցադրումները զրկվում են որոշակիությունից, ինչը նշանակում է՝ հազիվ թե կարողանան գործնական օգտավետություն ունենալ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այսօր մտավորական ընդհանուր անունով կոչվող դասը: Կարելի՞ է դատել նրա բոլոր ներկայացուցիչներին նույն մոտեցմամբ, նույն պահանջներով ու չափանիշներով: Մտավորականությունը պիտի նմանեցնել այն անտառին, որ լոկ հեռվից է թվում ամբողջական, համասեռ զանգված։ Իրականում ծառատեսակներից յուրաքանչյուրը պահանջում է իր գոյությանն անհրաժեշտ հատուկ հողն ու միկրոկլիման, խնամքի եղանակն ու միջոցները: «Տեսակավորման» առաջին սկզբունքը, երևի, պետք է կատարվի ըստ գիտությունների երեք խոշորագույն ճյուղերի՝ զուտ գիտություններ, տեխնիկական և հումանիտար: Վերջինին առնչվում, բայց ինքնուրույն ոլորտ է կազմում արվեստն իր բոլոր դրսևորումներով:
Տարբեր ասպարեզներում մասնագիտացում ստացած ու գործող մտավորականների մեջ ավելի շատ կարելի է գտնել զատորոշ գծեր, քան ընդհանրություններ: Եվ նրանցից յուրաքանչյուրի պաշտոնն ու դերը յուրօրինակ է, անկրկնելի: Երկրի առօրյայում նրանց ճիշտ տեղը դիպուկ գտնելու համար նախ պետք է ճանաչել մտավորականներին՝ ըստ իրենց բնագավառի թողած դրոշմի, մտավոր կառուցվածքի, հոգեբանության ցայտուն գծերով և գերիշխող պահանջարկներով ու երկրորդ-երրորդական նրբերանգներով: Չէ՞ որ ամեն գիտություն որոշակի սպասելիքներ ունի տվյալ մասնագետից և տարիների ընթացքում վարքագծի բնորոշ ու կայուն հատկություններ է ձևավորում: Պատահական չէ, որ ուշիմ աչքը կարողանում է արտաքին շարժուձևից, խոսելու կերպից գուշակել, թե դիմացինը ո՞ր «աշխարհի» ներկայացուցիչ է: Առաջին հարցն այստեղից է բխում: Մտավորականության մասին խոսող մեր մտավորականներն արդյոք լավ գիտեն գոնե բուն իրենց ասպարեզի գործիչներին, իրենց գործընկերներին: Խոսքն անձամբ ճանաչած, ավելի կամ պակաս մտերիմ դարձածներին չի վերաբերում, այլ՝ դասերին, խմբավորումներին, ըստ իրենց կենսափորձի, մասնագիտության: Որովհետև խոսել ողջ հայ մտավորականության անունից, նույնքան անձնապաստանություն է թվում, որքան ամբողջ հայ ազգի: Իսկ ամենաէականը, բոլորի մասին հոգալով՝ կարելի է դատապարտել իրեն, ոչ ոքի մասին հոգ չտանելով: Որոշակի առաջարկներն ու զոր ծերն են օգտաբեր, երբ ուղղված են որոշակի խմբավորումների ակնկալիքներին, պահանջներին։ Եթե մտավորականն իրոք փափագ ունի ծառայելու իր ժողովրդին, ազգային իր պետությանը, պետք է ամենից առաջ ինքն իրեն ճանաչի: Քանի որ մարդկանց ճանաչելու պարտավորությունն ընկած է առաջին հերթին հումանիտար գիտությունների ներկայացուցիչների գերակշիռ մասի վրա, կարծում եմ, այդ գործի նախաձեռնողները մենք պետք է լինենք: Սկսենք սկզբից: Մտավորակա՛ն, ծանիր զքեզ:
Ստանձնելով Հայաստանի կառավարումը, նոր իշխանություններն առաջին հերթին երևի ուզեցին պարզզել՝ ի՞նչ ժառանգություն է մնացել իրենց: Խոսք բացեք այդ մասին, և չորս կողմից նույն միտքն է լսվելու. քայքայված, անմխիթար տնտեսություն՝ արդյունաբերության մեջ, գյուղում, մշակույթում:
Որքան էլ ճշմարիտ, բավարար չի լինի նման պատասխանը, քանի դեռ չունի որոշակի ճյուղային, թվական, չափային տվյալներ։ Հանրապետությունում, հավանաբար, կատարվում են նաև ժողովրդագրական հետազոտություններ: Դարձել ու սևեռուն քննության առարկա է դառնալու ազգի «մտավորականություն» կոչվող դասը:
Անցյալում մտավորականության ներունակությունը բնութագրվում էր մեկ-երկու չափանիշով.
ա. տոկոսային հարաբերությամբ՝ բնակչության քանակի հետ բաղդատելով,
բ. գիտական աստիճանների, պատվավոր ու գիտական կոչումների, տիտղոսների թվով:
Որքան էլ կեղծ ու թերի լիներ խորհրդային վիճակագրությունը, հայերս պարծենալու հիմք ունեինք: Երեք միլիոնանոց Հայաստանում գիտական, արվեստագիտական մտավորականությունը շատ-շատ էր: Քիչ չէին մյուս հանրապետություններում անուն հանածները ևս:
Բայց չմոռանանք, որ հաճախ են համեմատության մեկնակետ ծառայել աջի ու ձախի հարևանները կամ Միջին Ասիան։ Եվ չգիտեմ, օրինակ, որքանո՞վ կարող եմ հայ մտավորականության ներկայացուցիչ համարել Սամարա քաղաքի պոլիտեխնիկական ինստիտուտի վեց երիտասարդ դոցենտների, որոնց հետ զրուցելու համար ստիպված էինք դիմելու ռուսերենին: Ի դեպ, վեցն էլ արցախցի էին, վերջնականապես հաստատված Ռուսաստանում, ռուս կանանց, ռուսացած զավակների տեր: Ավելացնեմ, որքան մարդկանց գիտեմ, որ լիովին արժանի լինելով աստիճանի ու կոչումների, չունեն ցածրագույնն անգամ: Յուրաքանչյուր ընթերցող կարող է լրացնել իր իմացած ոլորտից շատերի անուններով, և մտավորականների թիվն ավելին է լինելու: Ինձ կառարկեն, թե դրանց կողքին ակադեմիկոս ու դոկտոր դարձած ոչ քչերն են անհամապատասխան իրենց դիրքին: Համամիտ եմ, ուստի եթե եղյալներն ու չեղյալները հաշվեկշռում ընդունվեն, Հայաստանին վերագրվող բարձր տոկոսը մնում է ուժի մեջ: Այս ամենը՝ քանակական առումով: Իսկ որակականը:
Երկրաշարժը բացահայտեց խորհրդային մի շարք գիտությունների ծխածածկույթը: Նախ՝ շինարարության, բժշկության, հետո՝ մյուսներինը:
-Այս ասպարեզում 100 տարով ետ եք միջազգային ստանդարտից, - ասում էր մեկը:
-Բժշկությունը տեխնիկական հագեցվածությամբ մոտ է միջնադարին,- պնդեցին այդ գործի արտասահմանյան ներկայացուցիչները:
Իսկ հումանիտար գիտություննե՞րը: Եթե չեն ասում, չեն ասել մեր երեսին, ապա չպե՞տք է գոնե ինքներս մեզ խոստովանենք: Հատկապես հիմա, երբ չափանիշները դառնում են «նորմալ», միջազգային և ոչ թե «ներմիութենական, սոցիալիստական, լագերային»: Հրապարակավ ընդունենք տխուր իրողությունը, ինչը վաղուց ի վեր հայտնի է լոկ օտար լեզուներով կարդացող փոքրամասնությանը և իրենց գործի ազնիվ նվիրյալներին։ Միշտ զատելով շատ հարգելի բացառությունները, վստահ չեմ, որ իմ գործընկերները ունենալու են նաև իրենց, իրենց «կաստայի» մասին ճշմարտությունը լսելու քաջությունը:
Մեկ ամիս առաջ ակադեմիայի երկու աշխատակցուհիներ եկան հարցաթերթիկ լրացնելու: Մի քիչ ուշացած չէ՞, մտորեցի, և նորից դիմեցի ինքնասփոփանքի.
«Լավ է ուշ, քան երբեք»:
Հարցերի մեջ էր՝ քանի՞ օտար լեզու գիտեք, քանի՞ տպագրված գիրք ու հոդված ունեք, քանի՞ տոկոս եք գնահատում ձեր ստեղծագործական ակտիվությունը, գրքերում արտացոլված նորույթների հարաբերական արժեքը և այլն, և այլն: Մի կողմ թողնեմ այն պարագան, որ դու ինքդ պետք է քեզ գնահատես, թեև հետո նույն հարցերը ուղղելու են քո գործընկերներին: Բայց նորից «շահելու» է նա, ով չափանիշների ցածրիկ սանդղակով է դատում: Մեկն, օրինակ, իրեն վերագրել էր անգլերենի իմացություն, երբ անգամ ռուսերեն չգիտեր: Այս ամենը դարձյալ թվական, տոկոսային տվյալների շրջանակներում է փնտրված:
Թող որ ոչ իդեալական, շատ պակասավոր, բայց ուրախալի է արդեն գործի սկիզբը: Հիշեցի, որ 1980-ին համալսարանի ռեկտորատին ներկայացրի Ֆրանսիայից բերած մի գիրք, որի մեջ հակիրճ ու սպառիչ ամփոփված էր երկրի բոլոր համալսարանների, բոլոր դասախոսների, ընթերակաների անվանացանկը, իրենց աշխատություններով, մանկավարժական ու գիտական կոչումներով, հետաքրքրությունների, հետազոտությունների շրջանակով ու թեմաներով: Մի քանի երիտասարդների անվան դիմաց գրված էր՝ զբաղումների մարզը դեռ չի որոշված: Հայաստանի միակ պետական համալսարանի համար նման գրքույկ պատրաստելու և տպելու միջոց չգտավ այս տարիների ռեկտորատը, ունենալով սեփական հրատարակչություն ու տպարան...
Հավաքված այդ տվյալները, անձնական, թե ոչ, ի մի բերելով, ընդհանրացնելով, համակարգչային մշակումից հետո գուցե ունակ են ստեղծելու մտավորականության տարբեր մարզերի, խմբերի՝ ճշմարտությանը մոտեցող պատկերներ:
Դրա հետ մեկտեղ, թերևս, զուգահեռաբար արվի նաև հետևյալը. թող գիտության կարող ու կամեցող ներկայացուցիչները փորձեն ուրվագծել իրենց բնագավառի մտավորականների ընդհանրական բնութագիրը: Վեր հանեն որոշակի մասնագիտության բնորոշ հոգեբանական գծերը, հետաքրքրությունները, պահանջները: Արժի, որ մտավորականն ինքը, հետադարձ
ակնարկով, դիտի իր անցած մասնագիտական - ստեղծագործական ուղին, ձգտի տարիների փորձառություն ընծայած անաչառ աչքով բնութագրել իրեն ու գործընկերներին: Համոզված եմ, անկեղծ լինելիս, նման ինքնավերլուծումը կարող է օգնել խուսափելու անցյալում արմատավորված, այսօր բնական թվացող կարծիքներից, կանխակալ մոտեցումներից, վնասակար ինքնաներշնչանքից, մոլորությունից:
Երկրաշարժն անվիճելիորեն օգնեց արվեստներից մեկի՝ ճարտարապետության և այն մարմնավորող հայ շինարարների մասնագիտական որակն ի ցույց դնելուն: Բարեբախտաբար մյուս արվեստագետների կերտվածքներն այդ գնով քննելն անհնար է: Ինչպե՞ս չափես, թե այսինչ կանտատը, կտավը, քանդակն ու ֆիլմն արվեստի որակ ունեն: Հայ կերպարվեստի գործերի ընտրանին ցուցադրված է պետական պատկերասրահներում: Նկարիչ - քանդակագործների ուժեղ, բազմամարդ բանակից ընտրվել են, գործերից՝ գտնվել, որ պահվեն դարեդար, հոգևոր հաճույք, բերկրանք պատճառեն: Վերջերս ներկա եղա նոր շրջանին հատկացված դահլիճներում: Սրանք են եղել տասնամյակների ընթացքում դափնիների, մրցանակների ու կոչումների արժանացածները: Ո՞վ, ե՞րբ է ընտրել այդ «գոհարները», և ինչու՞ են դրանք այդպես պահպանվում այսքան տարիներ՝ ի ցույց հայրենակիցների, արտասահմանյան հյուրերի: Ե՞րբ պետք է խորհրդային արվեստի այդ գլուխգործոցները իրենց տեղը զիջեն պարզապես արվեստի գործերին: Գուցե կանչենք դեռևս ողջ հեղինակներին և հարցնենք՝ գո՞հ են այդ կտավներով ու քանդակներով իրենց անունը ներկայացնելուց: Դեռ փա՜ռք 1988-ին, երբ հանվեցին ռազմա-հեղափոխական թեմատիկայով կտավա - մարմարային խրտվիլակները:
Ամեն բան չի կարելի սևացնել, ի՞նչ է, լավ բաներ չեն եղել կոմունիստների օրոք: Իսկ ո՞վ է ասում, թե չեն եղել:
Եթե այսօր կարողանում եմ դատողություններ անել, ինչ-որ չափով օգտակար լինել արվեստներին, «լավ բաների» ցանկից չէ՞: Կարող էին, չէ՞, ինձ էլ հորս նման աքսորել անհետ ու թաղել ուրալյան ձյուների մեջ: Այնպես անել, որ դոկտորական դիսերտացիաս չհաստատվեր, որ անարդարությունների ջրվեժի ներքո կորցնեի սառնասրտությունս, մտածել – խոսել - գրելու ընդունակությունս: Դեռ որքան բաներ կան, որ կարող էին պատահել: Կենտկոմի մի քարտուղար ինձ ասաց՝ դուք խոսում եք ձեր դոկտորականի դեմ հարուցված սադրանքներից, իսկ գիտե՞ք, որ ձեզ նման ու ձեզնից ավելի արժանավորները սովորական աշխատանք չունեն: Եվ նա ճիշտ էր ասում:
Քանի~ հոգի են դիսերտացիայի թեմա ընտրել, աշխատել արվեստաբանության գծով, բայց ընկրկել են կես ճանապարհին: Քանի~սն են ծանրակշիռ պիես ձեռնարկել և ասպարեզի հույս չունենալով ընդհատել գործը: Ավարտել են բեմում երևալու արժանի դրրամաներ, և դրաման իրենց սրտում սպասում են դեռ... Տեսնում եմ նոր, գրեթե անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց ջանքերը ուրիշ Հայաստան ստեղծելու, ուրիշ «տեսակի» հայեր և մտավորականներ պատկերելու ջանքերը:
Հնդկական մի փիլիսոփա ուսուցանում է. «Իմաստունը նա է, ով վատթարագույնից քամում է առավելագույն օգտակարը, լավը, գեղեցիկը»:
Խնդիրը սա է հիմա, թե մեր «քամածը» ու՞մ ենք ծառայեցնում՝ սեփական բարօրությանը, փառաբանմանը, թե խելացի, օժտված, ազնիվ, ջանասեր հայրենակիցներին աջակցելուն:
Քանի որ փիլիսոփայությանն անդրադարձա, հիշատակեմ Սենեկային ես. «Մարդն իր կարողությունները Ճանաչում է լոկ դրանք գործադրելիս»:
Փորձենք, յուրաքանչյուրս իր գիտեցած մասնագիտության մեջ: Առանձին, որոշակի, նույնիսկ փոքր գործերից կարող են բարձրանալ, կուտակվել, լեռնանալ ազգային արժեքներ: Ինձ անհասկանալի են այն արվեստագետները, որոնք գործելու համար կառավարությունից սպասում են հանձնարարականների: Ճիշտ հակառակն է իմ պատկերացումը: Մտավորականությունից, ըստ իս, մտքեր, ծրագրեր, բարեփոխումների առաջարկներ նախագծեր, ընդհանրացումներ և, ինչու՞ չէ, ապագայի երազանքներ են ակնկալվում: Յուրաքանչյուրից՝ իրեն լավ հայտնի բնագավառից, գիտությունից, արվեստից: Դրա կարիքն ունեն իշխանության ներկայացուցիչները, ըստ երևույթին, նաև այն պատճառով, որ խորհելու, եզրահանգումներ անելու, ծրագրավորելու համար ժամանակ ու տարածություն է պետք, նաև անդորր: Իսկ առօրյա, նույն երկվայրկյանին պատասխան պահանջող գործերի մեջ գրեթե անհնար է դա: Ով անկասելի սովորույթ ունի մտածելու, լավ գիտե, թե որքան է մտավորականին անհրաժեշտ մենություն և լռություն:
Նշանակվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի առաջին նախարարը, առանց հրավերի սպասելու, այցելեցի, շնորհավորեցի, առաջարկեցի օգնությունս որոշակի խնդիրներում: Արձագանք չեղավ: Եկավ երկրորդ նախարարը: Դարձյալ գնացի առանց կանչի, խոսեցի հրատապ քննության ու բարենորոգման կարիք ունեցող ինձ քաջ հայտնի արվեստային գործերից: Գործակցությունն այս անգամ կայացավ: Ամենահմուտ ու փորձառու ղեկավարն իսկ, եթե գործին ավելի է կարևորություն տալիս, քան ինքնասիրություն կարծվող զգացողություններին, չի խորշի մասնագետներին դիմել: Արևելյան առածը հաստատում է. «Շատ խելացի մարդ է, շատ մարդկանց հետ է խորհրդակցում»:
Հավատս երիտասարդ նախարարի անձի հանդեպ վստահության վերածվեց: Հիմա սպասում եմ քիչ ավելի հանգիստ պահի, նրան ներկայացնելու համահայկական ընդգրկման մի ծրագիր, հանուն որի մի քանի հոգով ջանացինք տարիներ առաջ, բայց ձախողվեցինք: 1997-ին լրանում է Արտաշատ մայրաքաղաքում կայացած Եվրիպիդեսի «Բաքոսուհիների» բեմադրության 2100 տարին: Վաղուցվա երազանքս է հիմնադրել ամենամյա արտաշատյան թատերա-երաժըշտական փառատոն: Դա գուցե հավելյալ ազդակ լինի հայ բեմարվեստը անկյալ վիճակից հանելու:
Այստեղ արտահայտած իմ դիտարկումները, երևի, տեղիք տան հակոտնյա մեկնաբանությունների: Դրանք ընդունելու եմ իբրև նշան ուրախալի իրողության, որ նույն խնդիրները զբաղեցնում են շատերին: Ընթերցողներն անտարբեր չմնացին, նշանակում է՝ երկխոսությունը պետք է սկսվի ոչ միայն իշխանությունների և մտավորականության, այլև մտավորականների՝ իրենց իսկ միջև:
Հին Հունաստանում ստեղծվեց երկուստեք տարվող որոնում մտքափոխանակությամբ որևէ հասկացողություն քննելու արվեստը: Սոկրատեսը՝ հեղինակն այդ նորույթի, համոզված էր, որ ճշմարտությունը երկխոսությունից է ծնվում: Հայերիս մեծ մասը կարծում է, թե երկխոսությունը ծնում է կռիվ ու քեն:
Քանի դեռ չենք փոխառի քաղաքակիրթ աշխարհներում հազարամյակներ առաջ գտնված ու կիրառվող ձևերը՝ ուշադիր, առանց զայրույթի ունկնդրել ուրիշի խոսքը՝ առանց հախուռն արձագանքի կամ ընդդիմանալու, այլ, ժամանակ ընծայելով՝ զննել, վերլուծել մեր կարծիքին չնմանվող ըմբռնումները, նրանից օգուտ քաղելու համար՝ հանուն գործի հաջողության, ոչ մի երկխոսություն չի կայանա:
Հումանիտար մտավորականներս առաջինն ենք պարտավոր սովորել ու սեփական օրինակով միմյանց ու բոլորին վարժեցնել բանավեճի կուլտուրային: Եթե որևէ մեկի արածն ու ասածն իմ հասկացություններին չի համընկնում՝ փորձեմ շարադրել իմ դիրքորոշումը, ոչ թե նրան անհասկացող հայտարարել: Բազմակուսակցությունն անհնարին է այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր մտավորական չի դադարել իր կարծիքը միակ ճշմարիտն ազդարարել: Եթե խոսվում է այսօրվա մեր ունեցած փոքրիկ ազատության մասին, ապա թույլ տանք ուրիշներին անկաշկանդ ինքնարտահայտման հնարավորություն, պայմանով, որ կայանա մտքի և հույզի փոխանակումը: Հարցն ստանա պատասխան, առարկությունը՝ բացատրություն և ոչ թե հնչեն անընդմեջ մենախոսություններ, որոնք լսելի են լոկ իրեն՝ մենախոսողին:
Հայաստանի տարածքի փոքրությունը, գյուղատնտեսության հետամնացությունը, մշակման առումով սահմանափակ և ոչ շատ շահավետ ընդերքային հարստությունները մեզ միշտ ստիպելու են երկիրը հարստացնելու տարբեր, նոր միջոցներ փնտրել: Դրանցից ամենադյուրինն ու էժան «շահագործվողն» այսօր, թվում է, հայ գիտնականների մտավոր և հայ արվեստագետների շինարար-ստեղծագործ կարողություններն են: Հանքեր են սրանք, որոնց հանածոները ոչ միայն շուտափույթ սպառման ենթակա չեն, այլև շահագործումից ու գործադրումից հաճախ ավելի հրահրվում, բորբոքվում, ընդարձակվում են:
Տաղանդավոր մարդուն քիչ միջոցներով կարելի է խանդավառել, մղել նոր, գեղեցիկ երկերի ստեղծման: Մտածող մարդուն, գյուտարարին, հայտնագործությունների հեղինակներին տվեք աշխատելու քիչ-շատ տանելի պայմաններ, և նրանք երիցս կհատուցեն: Նման մտավորականների ձեռքում են գտնվում Հայաստանի հարստացման երկու հզոր ակունքներ:
Ո՞րն է մյուս ակնկալությունը նոր իշխանություններից: Մտավորականների ասածներին, առաջարկներին ժպտուն կամ հանդարտ դեմքով ունկնդրելը այլևս չի բավարարում ոչ ոքի, եթե որևէ առաջարկ ընդունվում է, պետք է բացատրվի, թե ինչու՞, ի՞նչ նպատակով, ի՞նչ ժամկետներով: Եթե մերժվում է՝ նույնպես: Հապճեպության քարոզ չեմ անում, բայց դանդաղելու պատճառ էլ ամենևին չունենք: Զանձրացել ենք «ձայն բարբառո հանապատի» խաղից:
Երկխոսությունը երկու կողմերի քայլն է՝ ընդառաջ միմյանց, նաև միասին, հանուն նորի որոնման, միևնույն է, թե այդ նորույթն ինչպես է կոչվում՝ ճշմարտությու՞ն, թե՞ գեղեցկություն:
Ուրեմն, եթե հայ մտավորականն ասում է՝ բարն ձեզ, նա դիմացինից ուզում է լսել. -Բարով եկաք:
Նյութի աղբյուրը՝ Գարուն 199