25.07.2024 03:42
Ամառ է, շոգ ու տապ օր։ «...Իսկ դրսում ձյուն է գալիս». Վինչենցո Սալեմմեի կատակերգությունն են բեմադրել Համազգային թատրոնում, ստեղծագործական խումբ, որ վաղուց է ապացուցել եղանակ փոխելու իր ունակությունը, նույնիսկ Քովիդի պայմաններում, պատերազմի օրերին։
Պիեսը, 1995 թվականին, առաջին իսկ ներկայացումից ապշեցուցիչ հաջողություններ է բերել հեղինակին իր ծննդավայրում։ Տարիների ընթացքում այս գործի նկատմամբ հետաքրքրությունը միայն աճել է։ Երկի հեղինակը, որ և բեմադրիչ է և դերասան, կատակերգության արվեստի լավագույն ներկայացուցիչներից է։ Նա էդուարդո Դե Ֆիլիպպոյի արվեստի ավանդույթների կրողն է։ XX դարի իտալացի թատերագիրներն ու բեմադրիչները առավել կամ պակաս կերպով փորձել են վերածնել կոմեդիա դելլ՛արտեի թատերական ձևերը, վերամշակել են ավանդական կերպար-դիմակները։ Հարցազրույցներից մեկում Վինչենցո Սալեմմեն ինքն է ասում, որ նա հիմնականում կենտրոնանում է կոմեդիա դելլ՛արտեի ավանդույթի վրա։ Նման կարծիք են հայտնում նաև իտալացի գրականագետները։ Նրանք նկատում են` «...Իսկ դրսում ձյուն է գալիս» ստեղծագործության մեջ, իրարից շատ տարբեր, նորացված երեք կերպար-դիմակներ են, որոնց հեղինակը կանգնեցրել է իրար առաջ, և ստիպել է փոխգործակցել իրար հետ։ Կատակերգությունը ծնվել է նրանց հանդիպում-բախումից։ Գործողությունները զարգանում են Նեապոլում, եղբայրների միջև։ Նրանք հանդիպել են մահացած մոր թողած կտակի պատճառով։ Մայրը երեխաներին ժառանգություն է թողել, որը պետք է բաժանվի երեք հավասար մասերի։ Բայց պայման կա՝ Էնցոն և Ստեֆանոն պետք է ընդմիշտ խնամեն իրենց աուտիզմով հիվանդ եղբորը՝ Չիկոյին։
Սա իրադրությունների կատակերգություն է, որը համեմված է հեղինակին հատուկ նրբագեղությամբ և հեգնանքով։ Ցուցադրվում են հարկադիր համատեղ կյանքի դժվարություններն ու երեք կերպարների անհամատեղելիությունը։ Նույն հարկի տակ են հայտնվել միջակ երաժիշտ Էնցոն (դերակատար՝ Ստեփան Ղամբարյան), ով տասնութը լրանալուն պես լքել է հայրական տունը, քսան տարի չի այցելել մորը և եղբայրներին, ծույլ է և խաղամոլ, մտադիր չէ հետևել հիվանդ և տարօրինակ եղբորը, Չիկոն (Վարշամ Գևորգյան), ով տառապում է աուտիզմի տարօրինակ ձևով, անկանխատեսելի է և հաճույք է ստանում տարբեր կերպարներով ներկայանալուց, ձյուն է տեսնում, երբ ինչ-որ բան նրան ուրախացնում է, և երրորդ եղբայրը՝ Ստեֆանոն (Արման Նավասարդյան), արժույթային շուկայի գործակալ, ով ունի պատասխանատվության չափազանց մեծ զգացում, սիրահարված է, պատրաստվում է ամուսնանալ մեկ ամսից և սարսափում է այն մտքից, որ հարսանիքը կարող է խաթարվել։ Նա փորձում է պարտադրել Էնցոյին հոգ տանել Չիկոյի մասին, հարգել մոր վերջին ցանկությունները: Պիեսում կա չորրորդ գործող անձ՝ նոտարը (Դավիթ Հակոբյան), ով ստիպված է լուծել բյուրոկրատական խճճվածությունը։
Ինչպես վաղ, այնպես էլ ստեղծագործական հասուն տարիքում ունենալով կատակերգական փայլուն դերակատարումներ (Նուշիչ՝ Բ.Նուշիչի «Ինքնակենսագրությունը», Փանջունի՝ Օտյանի «Ընկեր Փանջունի», Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ», Բեռնար՝ Մանյեի «Օսկար»), ներկայացման ռեժիսոր Դավիթ Հակոբյանն, այս անգամ, նման դերակատարումներ ունենալու հնարավորություն էր ընձեռել իր նախկին ուսանողներին, ովքեր այժմ թատրոնի լավագույն դերասաններից են։ Կատակերգական մի իրադրությունից մեկ այլ իրադրության դուրս բերումը ռեժիսոր-դերասանի ստեղծագործական տարերքն է։ Տեսարանները կառուցված են այնպես, որ դերասաններին տալիս են նուրբ անցումների հնարավորություն. ավարտվում է գործուն մի վիճակ, սկսում նորը, և այդպես դրությունը դրության հետևից։ Մանկական խաղերի փոխակերպումները, իրավիճակների լարվածությունը ներկայացման տեմպառիթմը դինամիկ են դարձնում, ստեղծում հուզական մթնոլորտ։ Ինքն էլ ներկայացմանը մասնակից է մեկ-երկու մուտքով, որը, կարծես, իր կնիքն է ներկայացման գերհագեցած դերասանական խաղի մեջ։ Արտիստին բեմում կարևորող ռեժիսորն ամեն ինչ արել է, որ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում ոչ թե տարատեսակ ռեժիսորական հնարանքները լինեն, այլ անզուսպ ծիծաղ հարուցող դերասանական խաղը։
Ուշադրություն դարձնենք ներկայացման ձևավորմանը։ Հաճախ չէ, որ հանդիպում ենք ռեժիսորի և բեմանկարչի համագործակցությանը։ Դավիթ Մինասյանն այստեղ մասնակից է դարձել ներկայացման կերպարին, կոնցեպցիոն լուծմանը։ Բեմահարթակում երկրորդ թեք հարթակ կա, որը մի քիչ բարձր է, կարծես երկրորդ բեմ լինի՝ բեմ բեմի վրա։ Մի եզրը գետնին է կպած, մյուսը բարձրության վրա է։ Այն երկակի իմաստ է ստանում։ Բեմահարթակը թեքված սենյակ է կամ գուցե թեքված իրականություն։ Գուցե փուլ եկող տու՞ն է, երեխայի խզբզած նկա՞ր, կարող է լինել նաև խենթի բեմահարթակ։ Ձևավորման հիմքում շարժում կա, այն իր ռիթմն ունի, որը հարմարեցրած է ներկայացման տեմպառիթմին։ Կենցաղի անտեսումն ընդգծված է, մեկ-երկու աթոռ և մեկ նստարան, մի քանի լուսամփոփ, որ երկրորդ բեմն են լուսավորում կամ տան ջահերն են։ Բեմանկարիչն աշխատել է պիեսի ոճին և ներքին բովանդակությանը համապատասխան։ Մինասյանի աշխատանքում կարծես զգուշավոր հեգնանք կա ուղղված հերոսների վարքագծին ու աշխարհընկալմանը։ Ամեն ինչ պայմանական է, նույնիսկ մոր նկարը։ Ընդհանուր գծերով կին է հիշեցնում, բայց սա կոնկրետ կնոջ նկար չէ։ Ձեռքին խաչված շուղեր են, որ խաչի են նման։ Պատահական չէ անկյունում կարմիր հեռախոսը։ Ներկայացման մեջ կանայք չկան, նրանց ներկայությունը հեռախոսի միջոցով է, ակցենտավորված, վառ։ Հեռախոսով զրույցները մթնոլորտը շիկացնող են՝ կատարվող խաղադրույք, զոքանչի հետ զրույց, սիրո հեռահար խոստովանություն, խաբեության բացահայտում։ Հերոսների հոգեկան կյանքը դեկորացիոն միջավայրի հետ փոխազդեցության մեջ է դրված։
Այն, որ Արման Նավասարդյանի մարմնավորած հերոսները բեմում գործում են հավաստի և ճշմարիտ, թեթև ու բնական, հանդիսատեսին վաղուց է հայտնի։ Մասնագիտական առումով ուշագրավ է այլ բան։ Նավասարդյանը իր խաղում կարևորում է դերի ներքին կյանքը։ Եվ «Խատուտիկի գինու» Լեոյի և այս ներկայացման Ստեֆանոյի դերերի մեկնությունը ունեն ընդհանուր ելակետ. հերոսների միտքը զբաղված է ավելի կարևոր հարցերով, տպավորություն է, որ դրսում թողած կիսատ գործ ունեն, բեմից դուրս մի աշխարհ, որտեղ շտապում են։ Մշտապես կա ուշադրության երկրորդ պլան։ Այս կամ այն արարքն անում են ի միջի այլոց, նշանակություն չտալով, մի քիչ ցրված։ Թվում է նման են այս հերոսները։ Երկուսն էլ երջանկություն են փնտրում, բայց Լեոյի կերպարը (գրական հիմքի էպիկական լինելու պատճառով) չունի Ստեֆանոյի դրամատիկական սրությունը։ Ստեֆանոյի խաղավիճակներն ավելի հարուստ են, դերասանին հաջողվում է ներկայացնել իր կերպարի միամտությունը, վախը, հրճվանքը կամ բարկությունը։ Մեկ հոգեվիճակից մյուսին անցումը Նավասարդյանը ներկայացնում է այնպիսի թեթևությամբ, այնպես հմտորեն, որ թվում է մեծ ճիգ պետք չէ գործադրել նման դերապատկեր ստանալու համար, ինչն, իհարկե, այդպես չէ։ Հեռախոսով զրուցելիս Ստեֆանոն գրեթե լաց լինելով եղբորը պատմում է իրենց կյանքի դժվարությունների մասին, շրջվում է, տեսնում, որ Էնցո-Ստեփան Ղամբարյանը ոտքերը դրել է նստարանին, հուզմունքը փոխվում է բարկության, ավելի շուտ բարկության նոպայի, դիտողություն է անում եղբորը. «իջեցրու՛ ոտքերդ», ապա կրկին ընկնում նույն տրամադրության մեջ ու շարունակում հուզումնալից պատմությունները։
Հետաքրիր էր տեսնել, թե ինչպես էր լսում Ստեփան Ղամբարյանը. համակ ուշադրությամբ, լարվելով, մեղավորի պես(մասնակից չի եղել տան հոգսերին), տեղ-տեղ զարմանքով։ Մեկ այլ տեսարանում չծխելու որոշում կայացրած Ստեֆանոն ծխախոտ է խնդրում եղբորից՝ Էնցոյից։ Էնցոն ձեռքը տանում է գրպանը, որ ծխախոտ հանի, Ստեֆանոն բարկանում է, բայց ոչ թե իր վրա, որ չի զսպում ծխելու ցանկությունը, այլ՝ եղբոր, որ չի մերժում իրեն։ Տեսարանը կրկնվում է երկրորդ անգամ։ Խաղին ավելանում է նոր նրբերանգ, Արման Նավասարդյան - Ստեֆանոն կրկնում է տեսարանը ստուգելու համար, թե հասկացա՞վ արդյոք եղբայրը իր բարկության պատճառը։
Ուշագրավ է Ստեփան Ղամբարյանի խաղի հակադարձումը Արման Նավասարդյանի կատակերգական խաղաոճին։ Խաղընկերոջ հուզառատ պոռթկումներն ընկալում է դրամատիկական լրջությամբ, ինչն էլ կատակերգական իրավիճակներն ավելի ծիծաղելի է դարձնում։
Տպավորիչ էր, թե ինչպես են պիցցա պատրաստում Ստեֆանոն ու Չիկոն։ Տեսարանը սկսում է Չիկոյի խնդրանքով, որ Էնցոն ցույց տա իսկական նեապոլիտանացու։ Նա որոշում է ցույց տալ քայլվածքով, ինչը գրեթե վիրավորում է եղբայրներին։ Հայտնի է, որ յուրաքանչյուր նեապոլիտանացի պետք է կարողանա պիցցա պատրաստել և երգել, եղբորից հենց այդ խաղն էին սպասում։ Ստեֆանոն և Չիկոն հանդիսատեսին սպասեցնել չեն տալիս, անցնում են հայտնի իտալական կերակուրը պատրաստելուն, խմորը հունցում, պտտեցնում գլխավերևում, խմորի շրջանակը լայնացնում, ձևավորում, մտցնում տաք ջեռոցը՝ կրակից պաշտպանելով դեմքը, ապա նույն կերպ հանում են ջեռոցից և հյուրասիրում Էնցոյին։ Նրանք ստիպում են հանդիսատեսին իրենց երևակայությանը ապավինել, որովհետև նշվածներից ոչ մի բան իրապես չի կատարվում բեմում։ Չիկոյի կերպարը ընդհանուր մեծ խաղի շարժիչ ուժն է։ Այդպես է մտածված ըստ երկի, այդպես է նաև ըստ բեմադրության։ Վարշամ Գևորգյանի Չիկոյին դուր է գալիս խաղի մեջ կառավարել, իր նոր պայմանները թելադրել, եղբայրներին հանկարծակիի բերել, հանդուգն է, երևում է, որ այս տանը սովոր են նրա քմահաճույքներին, նրան երկյուղ է պատճառում միայնակ մնալու միտքը։ Հետաքրքիր էր գտնված շփումը խաղընկերների հետ, առանց դեմքերին նայելու, հայացքը թեք, գետնին հառած, նույնիսկ, երբ ատրճանակը ուղղում է եղբայրների կամ նոտարի վրա, նրանց չի նայում։ Նա շփման և հաղորդակցման խնդիրներ ունի, խոսքը կրկնելու սովորություն, ինչը հատուկ է իր հերոսի հիվանդությունն ունեցողներին։ Այլ կերպ է ընկալում իրականությունը։ Եղբոր համար բացահայտում է, որ նրա սիրելին անառակ է, տեսնում է եղբոր տառապանքը և չի կարեկցում։ Փոխարենը եղբայրների նկատմամբ ունի սպանիչ հոգատարություն։ Կյանքի սեփական ըմբռնամբ կերպարն ամբողջական է։
Ներկայացման առաջին գործողությունն ընթանում է զվարթ, խաղային մթնոլորտում։ Երկրորդ գործողության ընթացքում բացահայտվում է, որ Չիկոն այնքան էլ անվտանգ չէ, նրա խաղերը կարող են և ծանր հետևանքներ ունենալ։ Պարզվում է, որ մոր տանջալից կյանքին ինքն է վերջ դրել՝ ավելացնելով մորֆինի չափաբաժինը։ Բացահայտման մասին եղբայրները որոշում են պատմել ընտանիքին մոտ կանգնած նոտարին, ով կարող է չեղարկել պայմանը։ Զրույցի համար նրան տուն են հրավիրում։ Դավիթ Հակոբյանը հետևողական է խարակտերային մանրամասներում, նրա մարմնավորած հերոսներն իրենց հետ մի ողջ կենսագրություն են բերում և այս առումով նոտարի կերպարը բացառություն չէր։ Դերասանը բեմ է մտնում վճռական քայլերով, պայուսակը ձեռքին ամուր բռնած։ Սա մի մարդ է, որ իր գործը լավ գիտի և գիտի թե ուր է եկել։ Որպեսզի ընդգծի, որ այս տանն էլի է եղել և ծանոթ է տան անդամների ծռությանը, խաղը համեմում է մի հետաքրքիր նրբերանգով։ Բեմի վրա բեմ հիշեցնող թեքահարթակի վրա կանգնելիս, որպեսզի հերոսը ինքն էլ չծռվի իրեն հունից հանող ծուռ եղբայրների հետ շփվելիս, պայուսակից հանում, ոտքի տակ է դնում փոքրիկ փայտի կտոր։ Հենարանն օգնում է նրան ուղիղ կանգնել, շիտակ ասել այն, ինչն օրենքի տառն է պահանջում։ Վտանգ զգալով Չիկոն առևանգում է նոտարին և սպառնում հոր ատրճանակով։ Նոտարը փախչում է։ Նրա խաղերն այլևս ծիծաղելի չեն։ Էնցոն և Ստեֆանոն չեն ուզում, որ եղբայրը բանտ ընկնի, որոշում են կլինիկա տեղափոխել։ Պիեսը և բեմադրությունը կատակերգական են ըստ խաղային վիճակների։ Պայմանական միջավայրի և խաղային մթնոլորտի խորքում դրամա կա։ Սրա ակնարկները մի քանի տեղում ռեժիսորը զգացնել է տալիս։
Ուշադիր հանդիսատեսը կնկատի, որ ներկայացման վերջին հատվածում դերասանների խաղի կատակերգական տարրերը հասցվում են նվազագույնի։ Ռեժիսորը հանդիսատեսին նախապատրաստում է ստեղծագործության կատակերգական բնույթին հակասող անսպասելի և տխուր վերջաբանին։ Չիկոն որոշում է, որ եղբայրներն ընդմիշտ միասին պետք է մնան։ Նրանց արժանացնում է մոր ճակատագրին, ապա նույն անում է իր հետ։
Թատերայնորեն ընդգծված, սրամիտ ու զվարճալի տարրերով հագեցած այս բեմադրությունը հարստացնում է Համազգային թատրոնի բազմաբնույթ խաղացանկը։ Հանդիսատեսը ներկայացումը դիտում է մեկ շնչով, որին նպաստում է ոչ միայն իտալական կենսուրախ, աշխույժ, հուզիչ իրավիճակներով լի պիեսը, այլև ստեղծագործական խմբի մասնագիտական որակը։