24.07.2024 01:11
«Հիրավի ես Քաոսի որդին եմ, և առանց որևէ այլաբանության, ես ծնվել եմ թավախիտ անտառին մոտիկ մի փոքրիկ գյուղակում, որը ջորջիոնացիները կոչել են Կավուզա, որն արմատացած է բարբառային խոսքում հին հունական բառով՝ Քաոս»:[1]
Ուսումնասիրելով իտալացի խոշորագույն դրամատուրգ Լուիջի Պիրանդելլոյի կյանքն ու ստեղծագործությունը` կարծում եմ` անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա կենսագրության որոշ փաստերի վրա, քանզի անձնական ապերջանիկ շատ պահերի անդրադարձն է կարծես նրա ստեղծագործությունը: Կյանքի ծանր խաչը, որ տարել է գրողը, իր դրոշմն է թողել նրա յուրաքանչյուր ստեղծագործության մեջ։ Գրողի հաղթահարած քաղաքական, անձնական ճգնաժամերը կարմիր թելի նման անցնում են նրա ամեն մի տողի միջով։ Ուստի, կա անհրաժեշտություն՝ անդրադառնալու գրողի նաև անձնական կյանքին, առավել ամբողջական դարձնելու ստեղծագործականը։
[1] М.Молодцова «Луиджи Пиранделло», Л., Иск., 1982 г., стр. 12.
Լուիջի Պիրանդելլոն ծնվել է 1867թ. հունիսի 28-ին Սիցիլիայում: Դրամատուրգը ծնվել է մի դարաշրջանում, երբ իտալացիները և հատկապես սիցիլիացիները միասնական պայքար էին մղում անկախության և միասնականության համար: Պիրանդելլոյի հայրը հանքատեր էր: Բայց չունենալով այդ բնագավառին համապատասխան գիտելիքներ և փորձ՝ ամբողջ հույսը որդու վրա էր դրել: Նա ցանկանում էր, որ որդին ստանա ինժեներական կրթություն և ղեկավարի իր գործը: Չնայած հոր խստապահանջությանն ու իշխանությանը Պիրանդելլոն կարողանում է ընդդիմանալ նրան և գնալ իր երազանքների, իր ներքին պոետական աշխարհի կուտակումները մեկընդմիշտ ի կատար ածելու փափագի հետևից: Իսկ իր ներաշխարհի հարստության և զարգացման համար Պիրանդելլոն պարտական էր մորը, նրա բարությանը, բնատուր մտքին։ Բայց միայն կյանքի վերջում է գրողը խոստովանում, որ որպես ստեղծագործող կայացել է հայրական խստապահանջության շնորհիվ, երբ կարոտի ու հուսահատության պահերին իր մեջ ծիլ է տվել մեկ ուրիշ ներաշխարհ` պոետի ներաշխարհը: Սակայն Սիցիլիան կամաց-կամաց նեղանում է անընդհատ աճող, ձևավորվող ստեղծագործողի համար: Նրա, առանց այն էլ ազատատենչ ու ըմբոստ հոգին ավելին էր ուզում՝ գնալ հեռու, բացահայտել նոր հորիզոններ։ Ի վերջո Պիրանդելլոյին հաջողվում է համոզել ծնողներին և ընդունվել Պալերմոյի ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը: Սակայն դա էլ էր քիչ, Պիրանդելլոյին Հռոմն էր պետք։ Նրա համար Հռոմը հասարակական, մշակութային զարգացման կենտրոն էր. այնտեղ լրագրությունն էր, ստեղծվում էին գրական խմբակներ, Հռոմի համալսարանում դասավանդում էր առաջին իտալացի մարքսիստ, հասարակական գործիչ Անտոնիո Լաբրիոլլան (1843-1904), որը Ֆրանչեսկո դը Սանտիսի՝ ուշ շրջանի Ռիսորջիմենտոյի խոշորագույն ռեֆորմատորի հայացքների հետևորդն ու շարունակողն էր։ Բայց Հռոմի հետ կապված Պիրանդելլոյի բոլոր հույսերը ի դերև ելան: Նա սպասում էր տեսնել համախմբված, ազատ մի քաղաք, սակայն ամեն ինչ հակառակն էր. քաղաքը չէր տեսնում իր վաղվա օրը, այստեղ էլ էր իր գիշատիչ թևերը տարածել ամբողջ Իտալիան պատած քաոսը:
Հռոմում ուսանողական տարիներին Պիրանդելլոն հավաքում է իր առաջին պոետական ժողովածուն՝ «Ուրախալի ցավը»: Իսկ, երբ Բոննի համալսարանի ուսանող էր, գրում է, որ իսկական նշանակալի ստեղծագործություններ ստեղծելու համար իտալացի գրողները նախ պետք է ուսումնասիրեն մարդուն ու կյանքը։ Կամաց-կամաց, քայլ առ քայլ կայանում է Պիրանդելլո դրամատուրգը՝ իրեն հատուկ հայացքներով, հակասականությամբ: Նրա համար աշխարհը սկսվում էր ազատությունից՝ մարդկային հոգու ազատությունից, երբ զերծ մնալով բոլոր կապանքներից, հոգու բոլոր արգելքներից` մարդը կարող էր ապրել, ստեղծագործել ու գնահատել կյանքը: Իր ուղին Պիրանդելլոն սկսում է որպես պոետ, շարունակում՝ որպես գրախոս։ Եղավ մի շրջան, երբ Պիրանդելլոն տարվեց վերիստական գաղափարներով: Այդ շրջանի նրա ստեղծագործություններից են «Արիելը», որը նաև նրա առաջին դրամատուրգիական փորձն էր, և «Մերժվածը» վեպը, որը նրա առաջին արձակ գործն էր և ամբողջովին համապատասխանում էր այդ ուղղության սկզբունքներին։ Այս շրջանի Պիրանդելլոյի ստեղծագործությունը քննադատ Լ.Ռուսսոն բնորոշում է այսպես. «Երբ Պիրանդելլոն իրեն փորձում էր արձակի ասպարեզում` հանդես գալով «Մերժվածը» վեպով, նա անվիճելի վերիստ է, վերգայական և կապուանական։ «Մերժվածը» տիպիկ վերիստական ստեղծագործություն է, բայց այն պիրանդելլոյական վերիզմն է»:[2]
[2] М.Молодцова «Луиджи Пиранделло», Л., Иск., 1982 г., стр. 24․
Պիրանդելլոն անընդհատ որոնումներով, բացահայտումներով ու նորություններով պարուրված ստեղծագործող էր, չէր կարող սահմանափակվել ու որոշակիանալ մեկ ուղղության մեջ: Նա իրեն փորձում է բոլոր ասպարեզներում՝ լրագրություն, քննադատություն, արձակ, դրամատուրգիա, յուրաքանչյուրում դրսևորվում յուրովի: Երիտասարդ ստեղծագործողին կյանքը մատուցել է շատ բարի ու չար անակնկալներ: Եթե ամուսնությունը շատերի համար նոր կյանքի, նոր երջանկության ու նոր երազանքների սկիզբ է դառնում, Պիրանդելլոյի դեպքում տեղի է ունենում հակառակը: 1894թ.-ի հունվարի 27-ին Պիրանդելլոն ամուսնանում է Անտոնիետտա Պորտուլանոյի հետ, որն իր հոր գործընկերոջ աղջիկն էր: Լռակյաց, բարի, համեստ, եկեղեցական դպրոցի աշակերտուհին հազիվ կարողանում էր աղոթագիրք կարդալ, կարել, տնային տնտեսությունը վարել: Հաշվի առնելով այս ամենը՝ Պիրանդելլոն, այնուամենայնիվ, չէր հիասթափվում. նա ուզում էր Անտոնիետտայից «ստեղծել» «նոր» կին, «իսկական» կին, ով կունենար լայն աշխարհայացք և սեր դեպի կատարելությունը: Սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Հետագայում «կնոջ հարցի» հանդեպ Պիրանդելլոյի սկեպտիկական տրամադրվածությունը թերևս պայմանավորված էր սեփական կնոջը վերափոխելու անարդյունք փորձերի հետ: Պիրանդելլոն անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի կինը հաղորդակից դառնա իր աշխարհին։ Նա առաջինը կնոջն էր կարդում իր բանաստեղծությունները, իր մտքերը, բայց ապարդյուն։ Կինը նույնիսկ սկսեց խանդել նրան իր գրականության, ստեղծագործական կյանքի հանդեպ։ Ցավոք, սա նախանշան էր հոգեկան սնանկության, որը բարդանալով պիտի դառնար հոգեկան հիվանդություն։ Երրորդ երեխայի ծնվելուց հետո ի հայտ եկան հիվանդության իրական նշաններ, վերջնականապես տրվեց հիվանդության ախտորոշումը, որն անբուժելի էր:
Այս տարիները Պիրանդելլոն իր կյանքի սև էջերն էր համարում. կինը վերջնականապես խելագարվում է, գրողը շուրջ քսան տարի խնամում է նրան, հոգեբուժարան տեղափոխում է 1921-ին, երբ վերջինիս հիվանդությունը վտանգավոր բնույթ է ստանում։ Այս ամենին ավելանում է Պիրանդելլոյի հոր սնանկացումը, փլվում է հանքը, և ամեն ինչ կործանվում է. Անտոնիետտայի հայրը պահանջում է իր աղջկա օժիտը։ Կյանքը դժոխքի էր վերածվել, և Պիրանդելլոյին տանջում էր ինքնասպանության միտքը, մեկ կրակոց և վերջ տառապանքին։ Բայց գրողի հոգին չէր կարող այդքան փոքրոգի լինել. նա ուներ կամքի մեծ ուժ, հոգու թռիչք, կարողություն՝ հաղթահարելու կյանքի դաժանությունը։ Այդ կարողությունն իր արվեստն էր, իր գրականությունը: Ցերեկը դասավանդում էր գիմնազիայում, իսկ գիշերը, մոմի լույսը թերթով ծածկելով (քանի որ հիվանդության պատճառով կինը զգայուն էր ուժեղ լույսի հանդեպ, նա չէր օգտվում էլեկտրական լույսից) գրում էր: Այսպես ծնվում է «Հանգուցյալ Մարտիա Պասկալ» վեպը (1904թ.): Սկզբում թվում է, թե վեպում մանրամասնորեն պատմվում է հերոսի կյանքի պատմությունը։ Բայց դա խաբուսիկ է. իրադարձությունները հետևում են մեկը մյուսին, շաղկապված են միմյանց և լուծվում են իբրև թե պատահական միջոցներով։ Հեղինակը կենցաղային պատմություններից անմիջապես անցում է կատարում հերոսի բացահայտմանը։ Մարտիա Պասկալը Պիրանդելլոյի հերոսներից առաջինն է, ով ապրում է գիտակցության կորստի դրաման։ Փորձելով հասկանալ ինքն իրեն՝ հերոսը իր գիտակցության մեջ տեսնում է միայն պատրանք և հասկանում, որ ինքն իրականում չկայացած մարդ է. չձևավորված անհատ, որ ինքը ոչինչ է: Քննադատներն այս ամենում տեսնում էին էկզիստենցիալիստական տարրեր, որտեղ «ես»-ը զգում էր «ինքն իրեն» ռեալիզացնելու անկարողությունը և իր մեջ տեսնում «ուրիշին»: Սակայն էկզիստենցիալիզմը չափազանց նեղ է ներկայացնելու Պիրանդելլոյին. այստեղ ոչ թե էկզիստենցիալիստական հովեր են փչում, այլ ծլարձակում էր Պիրանդելլոյի՝ անհատի օտարման գաղափարը, որը հետագայում գրողի ստեղծագործության մեջ դառնալու էր արտահայտման կարևոր ձև: Հերոսի` անհատի օտարման դրաման պատկերելու համար հեղինակը լայնորեն օգտագործում է դիմակը` հետագայում դարձնելով այն կերպարային բարդ համալիր` վերածելով պերսոնաժ-դիմակի:
Պիրանդելլոն իր գեղարվեստական որոնումներն ամրապնդելու համար որոշում է դրանք ներկայացնել տեսականորեն։ 1906-1908 թ.թ․ - ին, երբ նա կանանց բարձրագույն գիմնազիայում էր դասավանդում, հարկ եղավ ներկայացնել գրականագիտական աշխատանք, և հենց այդ տարիներին էր, երբ սանուհիների համար կարդում էր դասախոսություններ, դրանք հետագայում ընդգրկվեցին իր երկու տրակտատներում՝ «Արվեստը և գիտությունը» և «Յումարիզմը»:
«Յումարիզմը» ոչ թե փիլիսոփայական կամ էսթետիկական ճառերով ողողված ստեղծագործություն է, այլ սեփական պոետիկան տեսականորեն ներկայացնելու փորձ, որը իր մեջ կրում է հումորային տարրեր: «Յումարիզմում» Պիրանդելլոն խստորեն անդրադառնում է մի քանի հարցերի: Առաջինը վերիզմի հասկացությունն է և մերժումը: Նա կոչ է անում մերժել, ոչնչացնել բոլոր նորմերը, օրենքները, սիստեմներն ու դպրոցները, որոնցով առաջնորդվում են ժամանակակից հեղինակները։ Նրա կարծիքով այդ սիստեմներին ու օրենքներին հետևող հեղինակների ստեղծագործությունները անկեղծ չեն, իրական չեն այն հեղինակները, ովքեր հետևում են դրանց, նրանց արվեստը Պիրանդելլոն անվանում է «հռետորական» կամ «ուղղակի արվեստ»: Նրա կարծիքով մեծ գրողը չի առաջնորդվում ոչ մի սահմանափակող ուղղությամբ կամ մեթոդով։ «Հռետորությունը վնասել է բոլոր ժամանակների գրականությանը, -գրում է Պիրանդելլոն, - ձևավորվելով այսպես կոչված «ավանդական» տրամաբանության վրա՝ այն ձգտում է նրան, ինչին պետք չէ ձգտել. ստեղծագործության՝ ոճին, ձևին, ընդհանուր կառուցվածքին։ Հռետորությունը չի ընդունում այն, որ ցանկացած ոճ, լինի դա անտիկ, թե ժամանակակից, միակն է, այսինքն միմիայն համապատասխանում է տվյալ ստեղծագործությանը, միայն դրան և ոչ մեկին, հետևաբար չի կարող մնալ և դառնալ արվեստի օրենք հետնորդների համար»:[3]
«Երբ արվեստում որևէ նոր բան է հայտնվում, հռետորները սկզբում մերժում են այն, հետո դրան տալիս տրամաբանական մեկնաբանություն և դնում օրենքների մեջ: Ըստ հռետորների` սկզբում եղել է միտքը, հետո՝ նրա ձևը: Այսինքն, միտքը ծնվել է ոչ թե ինչպես Միներվան Յուպիտերի գլխից, այլ լույս աշխարհ է եկել մերկ, խեղճ և միայն հռետորներն են նրան զարդարել: Այսինքն ձևը իրականում ձև չի եղել, այլ եղել է ձևական, ոչ էական, այն չի ծնվել, այլ ստեղծվել է։ Այսպիսով դա եղել է ոչ թե արվեստ, այլ արհեստական, պատճեն, ոչ թե արարում»:[4]
[3] Pirandello L., Saggi, posie e scritti vari, Milano, 1960, page 47․
[4] Նույն տեղում, էջ 9։
«Յումարիզմի» պաթետիկ հիմքը տառապող մարդն է: Դա կոտրված, անհեթեթ մարդն է, տառապող և ծիծաղելի միաժամանակ:
Հումորիստական սկզբունքով հերոսը պատկերվում է ինչպես պերսոնաժ-դիմակ: Այդ դիմակը Պիրանդելլոն վերցրել է Կոմեդի դելլ՛ արտեից, սակայն շատ քիչ ընդհանրություն ունի դել արտեի դիմակի ավանդական տիպի հետ: Պիրանդելլոյի դիմակը որոշակի բնավորության տիպ չէ և ոչ էլ խորհրդանիշ։ Պիրանդելլոն Կոմեդի դելլ՛ արտեից վերցնում է դիմակավորման, խաղի գաղափարը և վերաիմաստավորում այն: Եթե Կոմեդի դել արտեում դիմակը հավասար է էությանը, և բնավորությունը ընդգծվում է դիմակով, և եթե դելլ՛ արտեում դնել դիմակ` նշանակում էր խիստ տարբերվել, դառնալ որոշակի բնավորություն, դառնալ ձաննի կամ պանտալոնե, ապա այլ է Պիրանդելլոյի դիմակների էությունը։ Նրա դիմակը «մերկ դիմակ է», զուրկ որևէ որոշակիությունից: Պիրանդելլոյի դիմակը իր մեջ ընդգրկում է բոլոր այն եսերը, որոնք ապրում են մարդու մեջ, այն դինամիկ է. գործող և սրանով է յուրահատուկ ու խորը։ Հետագայում Պիրանդելլոյի բոլոր ստեղծագործություններում դիմակը կա, չեզոք դիմակ, որը ոչ թե սառը որոշակի տիպ է, այլ մի ամբողջ բնավորություն, սուբստանցիա, հույզերի ու զգացմունքների ամբողջ աշխարհ:
Պիրանդելլոյի հերոսը «փոքր մարդն է»: Փոքր մարդուն իտալացի դրամատուրգը դնում է մեր առջև իր բոլոր մանրամասներով, սակայն նա զուրկ է բնավորությունից, չունի սեփական եսը, այդ մարդն ապրում է այս աշխարհում՝ կատարելով իրեն տրված դերը, նա չի կարող ունենալ իսկական դեմք, այլ կրում է դիմակ, իսկ այդ դիմակի տակ ոչ թե մեկ ուրիշ դեմք է, այլ ուղղակի դատարկություն, ուրիշ ոչինչ։ Մարդը Պիրանդելլոյի ստեղծագործություններում թատերական պերսոնաժ է, որը չունի կամքի ուժ, չունի ինքնուրույնություն, նա անպայման պիտի կատարի իր դերը և տանի այն մինչև վերջ. հակառակ դեպքում կործանումն անխուսափելի է, իսկ կործանումը նախ կսկսվի սեփական ոչնչության գիտակցությունից և կհասնի մինչև մահ:
Պիրանդելլոյի պերսոնաժները առանձին-առանձին դիմակներ են՝ ամբողջական, սեփական եսին միաձուլված դիմակներ. նրանք այլևս չեն կարող ազատվել դրանցից, առանց դիմակի նրանք կարծես մերկ են, անվստահ։ Կյանքում նրանք կատարում են երկու դեր` մեկն առանց դիմակի, մյուսը՝ դիմակով։ Դիմակով դերը անբռնազբոս է, համարձակ, բայց երբ հանում է դիմակը, միանգամից թևաթափ է լինում, խեղճանում է։ Պերսոնաժն ինքը, նայելով իրեն առանց դիմակի, հասկանում է, որ իր մեջ տիրում է դատարկությունը, ինքը փուչ է, անիմաստ: Դրա ապացույցը հերոսներից մեկի արած ռեպլիկն է. «Իսկ ինչպիսի՞ն եմ ես: Ես դա հիմա չգիտեմ: Երդվում եմ` չգիտեմ։ Ես գնում եմ այստեղ, այնտեղ, ծիծաղում եմ և միաժամանակ թաքնվում անկյունում` արտասվելու համար: Ինչպիսի՞ տառապանք, ինչպիսի՜ անհանգստություն։ Եվ ես անընդհատ իմ դեմքը թաքցնում եմ ինքս ինձնից, ես ամաչում եմ իմ ոչ հաստատակամությունից»:[5]
[5] Зингерман «Каждий по своему, Очерки истории драмы 20 век», М. 1979, стр. 208․
Միևնույն պիեսում հերոսուհին ասում է. «Դուք չեք պատկերացնում՝ ինձ վրա ինչ տպավորություն է թողնում իմ ներկած մռութը, իմ ներկած աչքերը. սա դեմք է, որը ես խեղաթյուրել եմ, որպեսզի դրանից դիմակ ստեղծեմ»:
Պիրանդելլոյի հերոսները ոչ թե ամաչում են, որ դիմակը քողարկում է իրենց բնավորությունը, այլ տառապում են բնավորություն չունենալուց, սեփական դեմք չունենալուց: Եվ բացելով նրա հերոսներին՝ հասկանում ես, որ դիմակը ոչ թե ծածկում է հերոսի էությունը, այլ քողարկում է այդ էության բացակայությունը: Ահա ինչով է հետաքրքիր ու յուրօրինակ սիցիլացի մեծ գրողը: Նա մեզ շատ համոզիչ ձևով ապացուցում է, որ մենք՝ բոլորս, ապրելով այս կյանքում, կրում ենք որևէ դիմակ, չենք բացում մեր իսկական դեմքը, իսկ երբ գալիս է մի պահ, և դու ուզում ես ինքդ քո առջև գոնե մեկ անգամ կանգնել առանց դիմակի, դու, հանելով այն, միայն դատարկություն ես տեսնում, քանի որ կորցրել ես սեփական դեմքը, և դիմակը քո իսկական եսն է դարձել։ Նրա յուրաքանչյուր պերսոնաժ մի յուրահատուկ դիմակ է, որը եկել է` խաղալու իրեն բաժին ընկած դերը:
Անդրադառնալով արդեն Պիրանդելլոյի հասուն շրջանի գործունեությանը՝ նշենք, որ դա համընկնում է ճիշտ այն շրջանին, երբ ձևավորվում էր մի հզոր, կործանարար ու ճիվաղային հասարակարգ՝ ֆաշիզմը։
Եթե համեմատենք նրա վաղ շրջանում գրված «Լիոլլա» պիեսը, «Հենրի IV»-ի, և «Վեց պերսոնաժ» գործերի հետ, որոնք գրվել են այդ տարիներին՝ այսինքն 20-ականներին, ազդեցությունն ակնհայտ է. բռնակալ ռեժիմի ծանր ազդեցությունը մեզ է նայում յուրաքանչյուր տողի, ռեպլիկի արանքից: Սկզբում ձևավորվող ֆաշիզմը գրավում է Պիրանդելլոյին, նա նույնիսկ ընդգրկվում է դրա մեջ, Մուսոլինիին հաջողվում է ձեռք բերել Պիրանդելլոյի մասնակցությունը, սակայն գնալով գրողն ավելի ու ավելի է հիասթափվում: Նա կռահում է նրանց իրական մտադրությունները և սկսում ընդդիմանալ, քննադատել դրանք:
Ինչևէ, այս ամենը չի խանգարում նրան ստեղծագործել։ Նա, թեև ցավ է զգում իր երկրում տիրող ոճրագործ քաղաքականությունից, այնուամենայնիվ չի հիասթափվում, այլ հակառակը, իր գրիչը զենք է դարձնում և ելնում պայքարի: Այս շրջանի լավագույն ստեղծագործություններից են «Հենրի IV», «Վեց պերսոնաժ», «Մենք այսօր իմպրովիզ ենք անում» պիեսները:
«Վեց պերսոնաժ հեղինակ որոնելիս» պիեսը առաջին անգամ բեմադրվել է Հռոմի Վալլե թատրոնում` Դարիո Նիկոմեդդիի թատերախմբի կողմից։ «Խուճապը սկսվեց այն պահին, երբ հանդիսատեսը, մտնելով հանդիսասրահ, տեսավ. բեմի վարագույրները բացված են, և չկա դեկորացիա։ Ներկայացման առաջին գործողությունը ընդունվեց որպես ոչ հարգալից վերաբերմունք դեպի հանդիսատեսը, բանվորը մեխ է խփում, գլխավոր դերակատարուհին ուշացած ներս է մտնում, տնօրենը հանգիստ իր սիգարն է ծխում և զրուցում գլխավոր դերակատարի հետ: Երբ դերասանները հարցնում են. «ի՞նչ ենք անելու»,-տնօրենը պատասխանում է. «Փորձենք երկրորդ գործողությունը»։ Հանդիսատեսը վեր է թռչում տեղից և աղաղակում. «Հիմարությո՜ւն», «Գրողի ծո՛ցը Պիրանդելլոն»: Պերսոնաժների մուտքն ուղեկցվում է ծիծաղով, սուլոցով: Ներկայացման վերջում դերասանները վախենում են դուրս գալ խոնարհվելու, նույնիսկ Պիրանդելլոն չի համարձակվում մոտենալ բեմեզրին: Նա մի կերպ փախչում է թատրոնից և իրեն գցում ավտոմեքենան, որտեղ նստած էր իր դուստրը` Լյետան։ Չնայած ընկերների ջանքերին, այնուամենայնիվ, մի կին հասցնում է հարվածել նրան անձրևանոցով: Սակայն դա ջախջախում չէր, այլ մի մեծ հաջողության սկիզբ»:[6]
[6] М. Молодцова «Луиджи Пиранделло» Л. 1982 г.стр. 134․
Պիեսի սյուժեն շատ յուրօրինակ է ու հետաքրքիր: Վեց պերսոնաժ հայտնվում են թատրոնում ճիշտ այն պահին, երբ տնօրենը, որը նաև ռեժիսորն էր, ուզում է սկսել հերթական բեմադրության փորձը: Պերսոնաժները ներխուժում են թատրոն և աղերսում բեմադրել ու ավարտին հասցնել իրենց պատմությունը։ Նրանք պատմում են այդ պատմությունը, որը հեղինակն անավարտ էր թողել, համոզում են ռեժիսորին բեմադրել այն և վերջում մահանում են:
Իր զարգացումներով, փիլիսոփայությամբ այս պիեսը բոլորի մասին է, ծանր դրամա, որը ձգվում է հավերժորեն: Պերսոնաժներից յուրաքանչյուրը մի դիմակ է, մարդկային տիպ և իր վրա է կրում կյանքի որևէ դրոշմ: Հայրը իր դիմակով մարդկային խղճի խայթն է, Խորթ աղջիկը՝ վրեժ, Որդին՝ արհամարհանք, Մայրը՝ տառապանք։ Մոր դիմակն առավել արտահայտիչ է ու ընդգրկուն, մայրական տառապանքն առավել խորը ու ծանր զգացում է, քան մնացածը, «Աչքերի տակ արցունքի կաթիլները, բերանի ձգված բացվածքը այդ դիմակին կտան նմանություն Mater Dolorosa-ին, որը պատկերվում է եկեղեցիներում»,-գրված է հեղինակային նշումներում:
«Վեց պերսոնաժին» հաջորդում է «Հենրի IV» պիեսը, որը Պիրանդելլոն գրում է 1922թ- ին։ «Հենրի IV»-ում դիմակն իրեն է ենթարկում հերոսին, ոչ թե կլանում նրան: Մինչև գործողության ավարտը Հենրին ինքն է կառավարում դիմակը և ոչ թե այն նրան։ Միայն թե վերջում իրադարձությունները ստիպում են ենթարկվել դիմակին՝ «այժմ արդեն ընդմիշտ»:
Ամբողջացնելով Պիրանդելլո ստեղծագործողի արվեստի հորիզոնները՝ նշենք, որ նրա գրչի թեման միշտ եղել են անձը և աշխարհը, մարդն իր բոլոր դրսևորումներով։ Նրա հերոսը «փոքր մարդն է», սակայն նա ներկայացրել է ոչ թե իտալացի կամ սիցիլացի մարդուն, այլ 20-րդ դարի մարդկային ամբողջական տիպը:
Պիրանդելլոն մեծ դրամատուրգ է. նա իր ստեղծագործությամբ ձևավորեց 20-րդ դարի դրամատուրգիան. նրա ստեղծագործությունները պատկերեցին ժամանակակից մարդուն իր բոլոր իրավիճակներում: Մարդկային տառապանքը չներկայացվեց աղերսագին ու լալկան մենախոսություններով, այլ կյանքային ու իմաստալից մեկ նախադասությամբ ներկայացվեց իրական ողբերգություն, որը նաև դարի ողբերգությունն էր, քանզի ոտնահարում էին մարդուն, բռնանում նրա ազատ խոսքի, գործի իրավունքի վրա, փորձում դարձնել նրան խամաճիկ և կառավարել, խաղացնել ըստ իրենց հայեցողության։ Այս ամենի մասին համարձակորեն բարձրաձայնեց մեծ դրամատուրգը։ Նրա արվեստը անկեղծ է, հուզական, բարդ և միևնույն ժամանակ շատ մատչելի, քանի որ նա խոսում է մարդու և նրա կյանքի մասին:
«Կյանքը լի է անհեթեթություններով, որոնք ճշմարտության կարիք չեն զգում և գիտե՞ք ինչու, որովհետև հենց այդ ձշմարտություններն էլ ճշմարտություն են դառնում, և փորձել հակառակն ապացուցել, այսինքն ճշմարտության պատրանք ստեղծել՝ դա է մարդու խենթությունը։ Եվ թույլ տվեք նկատել, որ այդ խենթությունն էլ կազմում է ձեր մասնագիտության ամբողջ ընթացքը»»:[7]
[7] Л. Пиранделло, Пьесы, М. 1960. стр. 10․
Նյութի աղբյուրը՝ ԵԹԿՊԻ, Հանդես, № 9, Երևան - 2009թ,