Հելենը, որ, կյանքի երկրորդ տարին դեռ չբոլորած, դատապարտվել էր խավարի ու լռության, անորոշության ու չիմացության մեջ ապրելուն (նա ապրեց 87 տարի), իր հրաշագործ ուսուցչուհու շնորհիվ շրջելու էր աշխարհով մեկ` որպես գրող, ուսուցիչ և հասարակական գործիչ ապացուցելով, որ մարդու հնարավորություններն անսպառ են։ Այս հրաշալի ներկայացումը հենց նրանց մասին էր։ Իրենց ժամանակի իրական հերոսներ և բոլոր ժամանակների պայքարողի, չհանձնվողի ու հաղթողի վառ օրինակներ Հելեն Քելլերի և Էննի Սալլիվանի ճակատագրական հանդիպումը հաստատումն էր այն ճշմարտության, որ մարդ արարածը կարող է անել անհնարինը, պարզապես պետք է կողքին ունենա Էննի Սալլիվանի (ուսուցչուհի) նման նպատակասլաց ,համառ, ուժեղ մեկին։
Նա առաջինն էր, ում հաջողվել էր իր կույր, խուլ, խոսք ու պահվածք չունեցող աշակերտուհուն շփվել սովորեցնել` գիտակցությունը արթնացնելով,ոչ թե միայն ենթարկելով։ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած «Հրաշագործը» (Ուիլյամ Գիբսոն) ներկայացման մեջ անհնարինը հնարավոր դարձնողի դերում էր Նարինե Գրիգորյան տաղանդավոր մարդ֊դերասանը,որ իրական կյանքում էլ պակաս հրաշագործ չէ։ Հարյուր րոպե տևող այս ներկայացումն ուղղակի քարուքանդ է անում ներաշխարհդ, պատկերացումներդ, համոզմունքներդ,արժեքներդ... Մի կողմից փայլուն դերասանական խաղ, մյուս կողմից գեղեցիկ, համահունչ ձևավորում, երաժշտություն և իրական պատմություն, բեմին էլ փոքրիկ աղջիկ (Անգելինա Զաքարյան)` այնքան համոզիչ կույրի ու խուլի դերում, որ քիչ էր մնում վազեիր բեմ ու գրկեիր`փրկելով գլորվելուց, ընկնելուց։
Քելլերների (Տիգրան Գաբոյան, Արփինե Մխիթարյան, Սարգիս Ղարիբյան)` մղձավանջ հիշեցնող կյանքը կարծես փակուղի էր մտել. քաղցրավենիքով լռեցնել առանց այն էլ մշտական լռության դատապարտված երեխային, թողնել անտեղյակության մեջ առանց այն էլ մշտական խավարի մեջ ապրող աղջնակին, որ երազում էր ճանաչել աշխարհը, հասկանալ ու հասկացված լինել, անշուշտ, սխալ էր։ Եվ ահա հայտնվում է 29֊ամյա էննի Սալլիվանը` թույլ տեսողություն ունեցող,ուսուցանելու մեջ անփորձ, բայց իր բաժին պայքարում հաղթած իռլանդուհին։
Քաոսը, որ հետո երկարատև խաղաղություն էր բերելու, շարունակվում էր.այնպիսի հրաշալի վարպետությամբ, անկեղծ զայրույթով, երբեմն հուսահատությամբ, բայց և սիրով ու հոգատարությամբ, հսկայական ջանքերի ներդրմամբ էր ուսուցչուհին (Նարինե Գրիգորյան) սովորեցնում աղջկան (Անգելինա Զաքարյան) նստել, գդալ բռնել, ձեռքի շարժումներով ճանաչել շրջապատող առարկաները, հասկանալ բառի նշանակությունը..., որ աչքիդ առաջ տեղի ունեցող կերպարանափոխությանը բնավ չէիր կասկածում. «գազանի» վերածված աղջնակը դառնում էր մարդ։
Էննի Սալլիվանի (Նարինե Գրիգորյան) հնչեցրած. «Մենք կարծես բարակ ապակի լինենք, որին վախենում են դիպչել» մտքին համահունչ էր անփորձ ուսուցչուհու կոպտության դեմ ընդվզող ծնողների ( Գյումրու թատրոնի դերասաններ Տիգրան Գաբոյանի ու Արփինե Մխիթարյանի խաղը հիացնում էր) պահվածքը` երեխային ոչինչ չսովորեցնող խղճահարությամբ ու ծնողական սիրով լի։ Լարվածությունը թեժացնելու, գուցե թուլացնելուն էին միտված Ջեյմս Քելլերի(Սարգիս Ղարիբյան)երբեմն ժպիտ առաջացնող խոսքն ու գործը,և չնայած նա առաջարկում է քրոջը տեղավորել հատուկ դպրոցում,բայց սիրում էր նրան։ Եվ ահա փառահեղ վերջաբանը`երեխայի և ուսուցչուհու ջերմ գրկախառնությունը, ծնողների հիացմունքը,մի կերպ արտաբերված բառը ...և հուզված հանդիսատեսը`համոզված,որ աշխարհում անհնարին ոչինչ չկա։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
21.07.2024