Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

20.07.2024  23:23

Թատրոնը մնջախաղի ժանրում կարողանում է փոխանցել հանդիսատեսին միտք եւ գաղափար՝ առանց խոսքի, մարդկային մարմնի լեզվով: Մնջախաղի թատրոնն ունի բազում գաղտնիքներ, որոնց կրողներից մեկն էլ Ժիրայր Դադասյանն է:

1964թ-ի մարտի 27ին Լեռնային Ղարաբաղի Սոս գյուղում (այստեղ է գտնվում Ամարաս վանքը) ծնվեց Ժիրայր Դադասյանը։ Թերեւս հենց ծննդավայրն էլ հետագայում մեծ դեր է ունենում նրա ստեղծագործական կյանքում:

5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն Ամարասում բացել է առաջին հայկական դպրոցը՝ հիմք դնելով հայկական մատենագրության տարածմանը։ Փաստորեն, Ոսկե դարից սկսած՝ Ամարասը հայկական մշակութային եւ կրոնական խոշորագույն կենտրոններից է եղել: Եկեղեցու սկզբնական ճարտարապետական հորինվածքներից շատերը չեն պահպանվել, բայց պատերին մինչ օրս պատկերված են հայկական տառերը: Դամբարանի պատերին կան նաեւ երկրաչափական եւ բուսական զարդանախշեր, որոնք բնորոշ են վաղ միջնադարին. այս ամենն իր ուրույն հետքն է թողել ապագա արտիստի ստեղծագործական կյանքում:

1966-ին Դադասյանի ծնողները տեղափոխվել են Երեւան, եւ նա սովորել է մայրաքաղաքի թիվ135 միջնակարգ դպրոցում։ Դեռեւս դպրոցական տարիներից նա մասնակցել է պետական ռադիոյի մանկական հաղորդումներին։ 1979-81թթ-ին սովորել է Լուսաշխի տան մնջախաղի ստուդիայում՝ Լեւոն Իվանյանի ղեկավարությամբ, զուգահեռաբար խաղացել է մնջախաղի թատրոնի բեմադրություններում։ Հետագայում մնջախաղը պետք է դառնար նրա կյանքի հիմնական ուղին . այս մասին Ժիրայր Դադասյանը նշում է. «Մի բան կա, որ ստիպում է զբաղվել այս արվեստով. դա որոշումն է»: Փոքր հասակից տղան վճիռ էր կայացրել եւ սկսել էր այն իրագործելու առաջին քայլերն անել: 1981թ-ին նա ընդունվում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին՝ Ֆրունզե Դովլաթյանի արվեստանոց։ Իսկ ամբիոնի ղեկավարն այդ ժամանակ Հենրիկ Մալյանն էր։ Ուսանող Դադասյանն աչքի էր ընկում իր համեստությամբ, ինչի մասին վկայում է նրան դասավանդած կինոգետ Սուրեն Հասմիկյանը. «Ժիրայր Դադասյանը խելացի տղա էր, համեստ եւ սիրում էր սովորել: Նա ուշիմ ուսանող էր, ով միշտ ընդունակ էր լսել բոլորին` բավականին համեստ եւ աչքերը բաց երիտասարդ էր։ Չէր արհամարհում, նույնիսկ եթե դասախոսությունը պարզունակ էր։ Նա չկորցրեց իր հետաքրքրությունը հասարակ մարդու հանդեպ հետագայում էլ ` նաեւ այսօր, «երբ դարձել է ինքնուրույն գործիչ»։

Ուսանելու տարիներին նա հանդես է եկել որպես դերասան, խաղացել է Ժուռնալիստների տան մնջախաղի ստուդիայում՝ Աննա Սաֆարյանի ղեկավարությամբ։ Այստեղ էլ նա առանձնանում է իր աշխատասիրությամբ։ Բեմադրվում է ներկայացում՝ նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին՝ «Ծաղրածուն աշունը սրտում», եւ Ժիրայր Դադասյանը ներկայացնում է երկու էտյուդ: Նա հիշում է, որ կինոստուդիայում դիտում էր մեծ արտիստի տեսագրությունը եւ փորձում կրկնօրինակել ամեն մի շարժումը։ Այս աշխատասիրությունն էլ թերեւս ստիպեց իր ուսուցիչներին հասկանալու՝ ահա եւ Լեոնիդ Ենգիբարյանի արժանի հետնորդը։ Հենց ինքն էլ չի հերքում մեծն Ենգիբարյանի ազդեցությունը, որովհետեւ հոգով մոտ է նրան: 1987-94թթ աշխատում է երիտասարդական պալատի «Ինտերակումբում`» որպես մնջախաղաց եւ երեկոների կազմակերպիչ, այնուհետեւ պետական ռադիոյում՝ որպես ռեժիսոր եւ հաղորդավար։ 1994թ-ին հրավեր է ստանում Երեւանի մնջախաղի պետական թատրոնից` աշխատելու որպես ռեժիսոր։ Ժիրայր Դադասյանի կարծիքով «Թատրոնը միջոց չէ, թատրոնը արվեստի խնդիր ունի. նա իր առաջ դնում է արվեստի խնդիրը»։ Հենց արվեստի այս խնդիրն էլ «որոշում ընդունելու» օրվանից մինչեւ այսօր փորձում է լուծել ռեժիսորը։ Շատ ուրախ է, որ ավելի վաղ տարիքում զբաղվել է դերասանական արվեստով, քանի որ ըստ նրա՝ ռեժիսուրան ավելի հասուն տարիքի աշխատանք է։ Քանի որ ռեժիսուրայում ամենաբարդ աշխատանքը գործիքներ ստեղծելն է։ «Լավ բանը մեզ տրվում է շատ դժվար»,- նշում է Դադասյանը։

Առաջին ներկայացումները Մնջախաղի թատրոնում կոչվում էին «Խաղ», «Արծիվներ», որոնք մինչ օրս թատրոնի խաղացանկում են եւ արժանանում են հանդիսատեսի համակրանքին։ Անդրադառնանք այժմյան տպավորություններիս՝ բաց թողնելով, թե ինչպես են բեմադրվել այս ներկայացումները եւ հանդես բերվել որպես հեռուստատեսային տարբերակ 1996-ին՝ որպես հեռուստաթատրոնի՝ մնջախաղի ժանրով առաջին ներկայացումը։ «Խաղ» ներկայացումը այն քչերից է, որտեղ ռեժիսորը հանդես է գալիս նաեւ որպես դերասան եւ ստանձնում գլխավոր դերը: Բեմում նա իր խաղընկերների հետ հավասար դերասան է, քանի որ բեմում` որպես դերասան, նա նախընտրում է տեսնել ուրիշներին, իսկ ինքը հանդես է գալիս կուլիսներում որպես իշխող անձնավորություն։

Հետաքրքիր ստվերալուսավորումներն առկա են ամբողջ ներկայացման ընթացքում. առաջին կադրում երեւում է սիրամարգը, այսինքն՝ սիրամարգի շողքը, որը բնության խորհուրդն ունի։ Ապա կին եւ տղամարդ, ովքեր սկզբում շողքի միջոցով էին հանդես գալիս, այնուհետեւ դուրս են գալիս եւ երեւում իրենց ամբողջ տեսքով։ Տղամարդու դերում հանդես է գալիս Դադասյանը։ Գործողությունների ընթացքն ամբողջովին խաղ է։ Այս զույգի՝ կին եւ տղամարդ փոխհարաբերությունների մեջ մասնակից էր նաեւ մեկ այլ զույգ, որը խաղի միջոցով փորձում էր բաժանել կնոջն ու տղամարդուն։ Որպես դերասան՝ Ժիրայր Դադասյանը թեթեւ պլաստիկ խաղով եւ զգացմունքներով, մարմնի շարժումների միջոցով ամեն ինչ փոխանցում էր հանդիսատեսին: Ներկայացումն ավարտվում է այնպես, ինչպես սկսվել էր. ստվերալուսավորման շնորհիվ երեւում են սիրամարգը, կինն ու տղամարդը եւ խանգարող զույգը։ Յուրաքանչյուր կերպար, որը երեւում էր ստվերալուսավորման շնորհիվ, դուրս էր գալիս իր համար նախատեսված տեղից եւ խոնարհվում հանդիսականին 1997-ին նա բեմադրում է «Թիթեռներ» էքսպերիմենտալ ներկայացումը, որը 2013-ին միանում է «Արծիվներ» ներկայացմանը, վերաբեմադրվում նոր շնչով եւ ստանում «Թռիչք» անվանումը:

Դատարկ տարածություն եւ շատ ասելիք. թվում է, թե անհնար է առանց դեկորների, դատարկ բեմում միայն մի քանի դերասան կարողանան մատուցել բարձրարժեք գործ, բայց... Առաջին հայացքից գրավիչ «Թռիչք» վերնագրի ներքո թաքնված են երկու տարբեր պատմություններ՝ երկու երեսուն րոպե եւ այնքան շատ ասելիք։ Սկզբում «Արծիվներ»` դատարկ բեմ, առաջին հայացքից անհասկանալի սյուժե, մուգ գույներ: Եվ այս ամենն այն մասին, թե ինչպես երկու արծիվ ամեն գնով փորձում են պահպանել իրենց դեռ չծնված փոքրիկներին։ Նաեւ մի աղջիկ, ով գտնում է ձուն եւ փորձում է վերադարձնել։ Հատկանշական է եւ ուշագրավ արծիվ հոր խաղը, որն ամբողջ ընթացքում մեջքով է կանգնած հանդիսատեսին: Մեջքի միջոցով ռեժիսորը փորձել էր ստանալ ուժ, ապահովություն: Ոչ այնքան պլաստիկ էր մայր արծվի խաղը եւ արծիվ չէր հիշեցնում։ Հաջորդ երեսուն րոպեներին տեսնում ենք ավելի թեթեւ բեմադրություն, ավելի վառ գույներով եւ ավելի հեշտ հասկանալի՝ «Թիթեռներ»։ Սկզբում թիթեռները դեռ իրենց իսկական տեսքը չեն ստացել, բոլորը սպիտակ են, հետո ստանում են թեւեր՝ բացի մեկից, ում շրջապատը սկսում է մերժել : Ինչպես լինում է միշտ, անթեւ թիթեռը դաժանացավ աշխարհի հանդեպ, եւ երբ թիթեռներից մեկն ընդունում է նրան այնպիսին, ինչպիսին կար, նա խաբում է այդ թիթեռին՝ վերցնելով նրա թեւերը։ Վառ գույներ, ճիշտ տեմպոռիթմով ընտրած երաժշտություն եւ անվերջ շարժ բեմի վրա։ Այս ամենն օգնում է հանդիսատեսին՝ գամված ուշադրությամբ հետեւել բեմում կատարվող իրադարձություններին:

Ժիրայր Դադասյանը զբաղվել է նաեւ հեռուստատեսությամբ, նկարահանել է գովազդային հոլովակներ, տեսահոլովակներ եւ հաղորդումներ։ Գովազդային հոլովակների շարքին է պատկանում ժամանակին բոլորին սիրելի, կարծես կարգախոս դարձած՝ «Ես գրանդ քենդի շատ եմ սիրում» բովանդակությամբ գովազդների շարքը։ Նաեւ մեծ ներդրում ունի «Շողակաթ» հեռուստաստուդիայի ստեղծման գործում, որին նա ձեռնամուխ է եղել 1996թ.-ին:

Եկավ այն ժամանակը, որ Դադասյանը պետք է ստանձներ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Երբ ստանում է հրավեր Յուրի Կոստանյանից, նա գտնում է, որ փոփոխություններ պետք է լինեն թատրոնում, եւ թատրոնի ավանդական պանտոմիմի կողքին պետք է լինի նորը։ «Եթե մենք չսովորենք, թե ինչ են արել մեզնից առաջ, չենք կարող իմանալ, թե ինչ պետք է մենք անենք եւ առավել եւս, չենք կարող կանխատեսել ,թե ինչ կարող են անել մեզնից հետո եկողները։ Փորձի փոխանակումը պետք է փոխանցվի սերնդին: Մեզ փոխանցել են մի թատրոն, որը Փոլադովի կողմից էր ղեկավարվում: Երեւանի Մնջախաղի թատրոնը շատ հայտնի էր Խորհրդային շրջանում։ Մենք մեր առջեւ խնդիր չէինք դրել, բայց այնպես ստացվեց, որ նոր արտահայտչամիջոցների շնորհիվ շատ երկրներ տեղյակ են մեր մասին: Այն որակը, որն ուներ մեր թատրոնը 30 տարի առաջ, այդ ամենը մենք փորձում ենք պահպանել: Սա է նմանության միակ կետը, որը կարող ենք գտնել, բայց շատ երախտապարտ ենք, եւ ես ինքս այդ կուտակած փորձի արդյունքն եմ: Եթե չլինեին պատուհան բացողները, մենք չէինք կարող զբաղվել այս թատրոնով »,- նշում է Ժիրայր Դադասյանը :

1998թ.-ից մնջախաղի պետական թատրոնը մի շարք նոր սկզբունքներ է որդեգրել Ժիրայր Դադասյանի շնորհիվ։ Նա բեմադրում է Բոդլերի «Չարի ծաղիկները», որը 2000թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակին: Տարիների ընթացքում Մնջախաղի թատրոնը դարձել է ռիթմով աշխատող թատրոն: Մնջախաղի թատրոնում դերասաններին եւ ռեժիսորին ոչինչ չի խանգարում լավ խաղ ցույց տալո: Ժիրայր Դադասյանը կարծում է, որ որակն ամենից կարեւորն է եւ, որ հանդիսատեսի քանակն այդքան էլ կարեւոր չէ։ Եվ իրոք, դերասանները պատրաստ են փայլուն խաղ ցույց տալ անգամ 20 հանդիսատեսի համար. մի օր լեցուն կլինի ամբողջ դահլիճը, մի օր՝ կեսը, մի օր՝ միայն առաջին շարքը, բայց դա մնջախաղի թատրոնի ռիթմիկ ընթացքին չի խանգարի։

Ժիրայր Դադասյանի ձեռքբերումներից մեկն էլ 2001թ-ին Երեւանում կազմակերպված «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնն էր, որը մնջախաղի առաջին փառատոնն էր` անցկացված նորանկախ Հայաստանում։ Այն շատերին տվեց առիթ` տեղեկանալու Հայաստանի մասին:

Ժամանակին հայ ծնողներին ամեն օր օգնության էր հասնում «Հայրենիք» հեռուստատեսային մանկական ալիքը, որի բացման գործում մեծ ներդրում ունի Դադասյանը: Այստեղ էլ Ժիրայր Դադասյանը բացի հոլովակներից եւ գովազդներից նկարահանել է նաեւ ֆիլմեր: 2005-ին նշանակվել է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, ինչպես նաեւ 2007-ին ընտրվել է նույն հանձնաժողովի փոխնախագահ։

2005-ին բեմադրել է «Շերանիկ», իսկ 2008-ին՝ «Գիրք ծաղկանց» ներկայացումը, որը բեմադրվել է միջնադարի մանրանկարչության մոտիվներով:

Մի մարդ, ով մեծացել է Արցախում եւ տեսել է միջնադարի ճարտարապետությունը, չէր կարող իր արվեստում այդ գեղեցիկ ճարտարապետությունը չվերարտադրել: Ստեղծվել է ուսուցողական մի ներկայացում, որտեղ օգտագործվում են տառային բոլոր ձեւերը: Թերեւս այն ներկայացումներից է, որտեղ աշխատում է դերասանի ամբողջ մարմինը: Դերասանը իր մարմնի միջոցով նույնիսկ 5 տարեկան հանդիսատեսին կարողանում է լարված պահել. այն, ինչ մեր օրերում նույնիսկ մանկական ներկայացումներում միշտ չէ, որ հաջողվում է:

2008թ-ին նա Ծաղկաձորում անցկացնում է մնջախաղի փառատոն, որի բացման առիթով բեմադրել էր մի քանի մանրապատումներ: 2009թ-ին բեմադրում է «Արդաղիոն» ներկայացումը, որը ներկայացվում է հանդիսատեսին մինչ օրս: Այն պատմում է անտիկ դարաշրջանի դերասանի մասին, ով կռիվ է տալիս իր շրջապատի դեմ, եւ վերջում հենց շրջապատն էլ խաչում է նրան։ Գոյություն ունի հնդկական թատերական մի ժանր` ընթացքն ամբողջովին ծես, որը սկսվում է երեկոյան՝ արեւը մայր մտնելու ժամանակ եւ ավարտվում լույսը բացվելուն պես։ Հենց այս ժանրի մոտիվներով էլ բեմադրվել է ներկայացումը՝ միայն մի տարբերությամբ, որ տեւում է ընդամենը 50 րոպե:

Ռեժիսորը նշում է, որ այս ներկայացման մեջ կուլմինացիան եւ ավարտը մի կերտում են՝ խաչելության տեսարանում:

2009թ-ին արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը։ Նույն թվականին նկարահանել է Ֆլորա Մարտիրոսյանի եւ Մայքլ Սթոունի մասնակցությամբ «Never again» ֆիլմը՝ նվիրված Հայոց Եղեռնի 95-րդ տարելիցին։

Մնջախաղի թատրոնն ունեցել է մեծ ստեղծագործական ուղի, բայց այսօր չունի սեփական թատրոնի շենքը։ Պատկերացնել կարելի է՝ որքան դժվար է ուրիշի տանը ստեղծել քոնը, բայց դա չի խանգարում Դադասյանին, ինչպես նաեւ մնջախաղի դերասաններին, ստեղծել այնպիսի ներկայացումներ, որոնք ապահովում են հանդիսատեսի մեծ բանակ: 2011թ-ին Ժիրայր Դադասյանը եղել է Լոս Անջելեսի Գիբսոն թատրոնի՝ հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված` հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ համերգի բեմադրիչը։ Լինել արվեստագետ եւ ոչինչ չանել հանուն քո ծննդավայրի՝ նշանակում է ազնիվ չլինել քո խղճի առջեւ: Չեմ կարող ասել հայրենիքի հանդեպ սերն էր պատճառը, թե... Բայց 2013թ-ին տեղի ունեցավ մշակութային կարեւորագույն իրադարձություն. նորանկախ Արցախը հնարավորություն ունեցավ եւս մեկ անգամ հիշեցնելու իր մասին։ Արցախում առաջին անգամ բեմադրվեց Նաիրի Զարյանի «Հացավան» վեպի հիման վրա Անդրեյ Բաբաեվի ստեղծած «Արծվաբերդ» օպերան։ Ես բախտ չեմ ունեցել անձամբ զգալու այդ շունչը այնտեղ, բայց հնարավորություն եմ ունեցել տեսնելու որոշ կադրեր: Այդպիսի մեծ կոլեկտիվ ղեկավարել՝ առաջին հայացքից թվում է՝ անհնարին է։ Օպերային ներկայացմանն իրենց մասնակցությունն են ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երեւանի մնջախաղի պետական թատրոնը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Արցախի պետական երգչախումբը, «Մռակած» պետական կամերային երգչախումբը, Արցախի պարի պետական համույթը, օպերային մեներգիչներ Հայաստանից ու Արցախից։ Այս բոլոր խմբերը իբրեւ բեմադրիչ ղեկավարում էր Դադասյանը: Ռեալական ուսումնարանի շենքը վերածվել իսկական ամրոցի՝ շքեղ դեկորացիաներ, ստվերալուսավորումներ, բացօթյա բեմ. այսքանը բավական է, որ պատկերացում կազմվի, թե ինչ մթնոլորտ է եղել Արցախում։ Տոնի վերածել ԼՂՀ ծննդյան օրը. սա հաջողվել է հաստատ, եթե էկրանից այս կողմ նստած զգացվում է ջերմությունը։ Ժիրայր Դադասյանը նշում է. «Արծվաբերդը ինք նին լուրջ գործ է, եւ այն ցանկությունը , ինչ ես ուզեցել եմ տեղի ունենա, կատարվել է։ Բեմադրիչը պետք է բեմադրի, այսինքն՝ խումբը պարտադիր պետք է աշխատի օրգանական, այդ ամենը եւս պետք է բեմադրվի»

«Եթե արվեստը հետաքրքիր է, ապա մարդը թող բան սովորի, բայց արվեստը մարդուն սովորեցնելու համար չէ, ոչ էլ կրթելու։ Մարդը չպետք է փորձի գիտակցաբար գտնել ներկայացման իմաստը, այլ պետք է մոռանա ամեն ինչ եւ փորձի ըմբռնել: Իսկ ըմբռնել պետք է նախ եւ առաջ ոչ թե գիտակցությամբ այլ միացնելով մարմնի, հոգու եւ գիտակցության բոլոր ռեսուրսները: Այլ խոսքով՝ կարելի է ըմբռնել եւ չհասկանալ: Կարելի է հասկանալ բայց չըմբռնել: Կարեւոր է ըմբռնել ներկայացման իմաստը. Այ սա է իրական թատրոնը»,- նշում է Ժիրայր Դադասյանը։ Այս արվեստագետը մնացած շատերի նման չունի մասնագիտական խանդ կոչվածը եւ կարծում է, որ արվեստագետին պետք է հնարավորություն տրվի ստեղծելու նորը: Երբ գա ժամանակը, նա պատրաստ կլինի արժանի մեկին զիջել իր դիրքը, անգամ օգնության ձեռք մեկնել նրան։ «Կարծում եմ, որ մի գործիչը չի կարող շատ երկար ղեկավարել թատրոնը, որովհետեւ թատրոնը ունի իր թատերական էսթետիկայի ժամանակա- հատվածը, այն ժամանակային արվեստ է, հնանում է։ Դրա համար էլ նոր ժամանակի համար նոր էսթետիկա պետք է գա։ Այ, երբ որ կհայտնվի, կգա նորը, անպայման պետք է հեռանալ, որպեսզի թատրոնը չմեռնի։ Հակառակ դեպքում կլինի վերարտադրություն, եւ կարվի այն, ինչը որ արդեն արվել է»,-նշում է ռեժիսորը:

Այսքանով փորձեցի ներկայացնել մեր օրերում հայ թատերարվեստում առանձնահատուկ դեր ունեցող մարդուն, որովհետեւ հարկ եմ համարում շեշտադրել նրա կատարած գործը արվեստում: Այսօր մնջախաղի արվեստը Հայաստանում ոչ ոք չի պատկերացնում առանց Դադասյանի. նրա ստեղծածը խաղն է` լուռ, առանց խոսքի ու միմիկայի, բայց հասու բոլորին։ Մի անգամ նա ասաց, թե չի ընդունում սիմվոլիկա ասվածը, բայց ասեմ, որ նրա ցանակացած բեմադրություն ազդում է մարդու ենթագիտակցականի վրա, ինչը հոգեբանությամբ մեկնաբանվում է որպես սիմվոլիկայի հզոր ազդեցություն: Չգիտեմ՝ պատասխանեցի իմ առաջ դրված հարցին։ Որտե՞ղ է գաղտնիքը գուցե հենց իր խոսքում։ Նա չի սահմանափակվում մնջախաղի ներկայացումներով։ Նրան առաջ է մղում արվեստն իր բազմաշերտ դրսեւորումներով: Գուցե այստեղ է գաղտնիքը անհատականության։

Նյութի աղբյուրը՝ ԵԹԿՊԻ, «Հանդես» Ν 15

245 հոգի