Եվ նորից գարուն էր Համազգային թատրոնում։ Աշխարհահռչակ ամերիկացի գրող Օ.Հենրիի հինգ նովելների հիմքով ստեղծված այս ներկայացումը նպատակ ուներ մարդուն արթնացնելու, հիշեցնելու մարդուն մարդ պահող սիրո, նվիրումի, անձնազոհության, ներողամտության, բնության մեջ միայն մարդուն բնորոշ խոսքի ուժի և սեփական բնությունից չհեռանալու մասին։ Դերասանները հաճախ հայտնվում էին վերևում իրենց թևեր տվող և ապրեցնող սիրո շնորհիվ, իսկ վերևում նրանց պահում էր և խաղին համահունչ ծռմռվում ու ճռճռում էր փայտե զարմանալի դեկորացիան` Վիկորիա Ռիեդո֊Հովհաննիսյանի գծագրով ու Սերգեյ Թովմասյանի ձեռքով պատրաստված։
Հինգ նովելներում, ինչպես կյանքում, կարևորը սերն էր, եթե անգամ այն երբեմն իր դառնությունն է բերում, ինչպես եղավ առաջին նովելի հերոսուհու` միս Մարթայի (Արմինե Անդրեասյան) դեպքում. հերոսուհու սրտում հանկարծակի ծնված սերը նոր գույներ բերեց նրա կյանք, բայց այդ նույն սերը, որի պատճառով սրտի բաբախյունը չէր դադարում, դրդեց հերոսուհուն անմիտ քայլի և վերջ դրեց այդ հրաշքին... Միշտ չէ, որ մեր բարի մտադրությունը լավ է դիմացինի համար. պետք է հաշվի առնել, թե ինչ է պետք դիմացինին։
Երկրորդ նովելում պատկերն այլ էր. երկու հերոսներն էլ (Մարիա Սեյրանյան, Անդրանիկ Միքայելյան) կարծես գտնում են իրենց փնտրած իդեալին։ Չնայած փոքրիկ սուտը վերջ դրեց նրանց ապրած վայելքին, բայց հանդիսատեսը նրանց գեղեցիկ խաղով համոզվեց, որ սերը մարդուն ավելի պայծառ է դարձնում։ Երրորդ նովելը հանուն սիրո ոչինչ չխնայելու վառ օրինակ էր։ Երբ հարսնացուն (Ժաննա Վելիցյան) իր սիրեցյալից որևէ բան է խնդրում (տվյալ դեպքում` դեղձ), կարևոր չէ, որ ցուրտ է, գիշեր է, կամ այդ միրգը չի ճարվում, պարզ է, որ փեսացու Մաքը (Հարություն Սարգսյան) բերելու էր այդ դեղձը` անցնելով անհավանական փորձությունների միջով` հաստատելով, որ սերը մարդուն ամենակարող է դարձնում։
Չորրորդ նովելը ճշմարիտ սիրո ու նվիրումի խորհուրդն ուներ.փոքրիկ բնակարանում վարձով ապրող ամուսինները Ծննդյան տոնին իրար նվեր գնելու համար հրաժարվում են իրենց ունեցած ամենաթանկ բանից. Ջիմը (Նարեկ Բաղդասարյան) վաճառում է իր համար հպարտության առարկա ժամացույցը, որ կնոջը սանրեր գնի, իսկ Դելլան (Տաթև Հովակիմյան)` իր` ջրվեժի նմանվող մազերը, որ Ջիմին ժամացույցի շղթա գնի։ Դերասանների խաղը հրաշալի էր։ Հինգերորդ նովելը պատմում էր մարդու սրտում երբեմն ննջող, բայց երբեք չմեռնող սիրո մասին։ Տիկին և պարոն Փիթերսները (Տաթև Ղազարյան, Սերգեյ Թովմասյան), տարիներ հետևում թողած, առօրյա հոգսերի մեջ թաղված, հանկարծ զգում են գարնան շունչը իրենց հոգում ու այդ թարմ շնչով լցնում շուրջը` ներկաներին զարմացնելով իրենց խաղով, որը կարծես վարպետության դաս լիներ։
Այս բեմադրությանը (Նարինե Գրիգորյան) մի ուրիշ հմայք էին հաղորդում ռադիոյից լսվող Վարշամ Գևորգյանի ձայնը (նա նաև երեք դերակատարի էր փայլուն մարմնավորում), մի նովելի հերոսների հայտնվելը մեկ այլ նովելում... Շնորհակալություն, սիրելի Նարինե Գրիգորյան, շնորհակալություն բոլորին այս գեղեցիկ, ապրեցնող բեմադրությանը (երգով, հրաշալի երաժշտությամբ, ասմունքով, արտակարգ խաղով, բարդ հնարքներով լի) ծնունդ տալու համար։
11.04.2024