Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

08.07.2024  12:17

Առիթ ունեցել ենք բեմից հնչող հայհոյանքի խնդրահարույց լինելու մասին խոսելու: Ասելու, որ այդ քմահաճ արտահայտչամիջոցը, ոչ բոլոր դեպքերում է բեմում իր ներկայությունը արդարացնում: Կարող է և սիրտ խառնելու չափ զզվանք առաջացնել, եթե խաղարկվող դրությունը չի հասել հենց այդ բարոյական հանգուցակետին, կերպարի հոգեվիճակը չունի համապատասխան հասունացում, և հիշոցը հնչեցնող դերասանն էլ զուրկ է անհրաժեշտ ներքին կուլտուրայից: Բայց կարող է և նշված գործոնների առկայության դեպքում բարձրաձայնվող լուտտանքը՝ որպես գեղարվեստի սահմանը չխախտող գռեհկություն, բարի ժպիտ առաջացնել կամ էլ միջանցիկ և հակամիջանցիկ գործողություններին էմպաթիկ կլանվածությամբ հետևողի ներսում հոգեկան բավարարվածություն հարուցել: 21-րդ դարի Հայ թատրոնի գրեթե քսանհինգամյա պատմության սահանքներում քիչ չեն վերը բերված ստացված և անհաջող օրինակների նմուշները: Հրապարակախոսության բերումով տարիներ առաջ դրանք մեկնաբանել ենք, բայց ներկայիս խոսակցության առիթը հանդիսացող նյութը իրենում պարունակում է հայհոյանքի և՛ ծիծաղահարույց և տհաճություն առաջացնող օրինակները: Խոսքը Կամերային թատրոնում Սերգեյ Դանիելյանի հեղինակած ‹‹Էն լոռու ձորն է›› կիսասթենդափային մենաներկայացման մասին է:

Շտապենք տեղեկացնել, որ Թումանյանի հայտնի պոեմի վերնագիրը նրա ստեղծագործական հղացքում ընդամենը ինտերտեքստուալ-բառախաղային միջոց էր: Մոտավորապես այնպես, ինչպես ժամանակին մեզ համար Վանո Սիրադեղյանի ‹‹Սաքոն ճնշում ունի›› պատմվածքի վերնագիրը, երբ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում Նարինե Գրիգորյանի բեմավորած ներկայացման մասին ծավալուն վերլուծությունը ‹‹Սաքոն կլիմաքս ունի›› անվամբ էինք կնքում: Այստեղ էլ պատմության կեսից սահուն կերպով Յոժ դարձող Սերգեյ Դանիելյանի լոռեցի ու լոռվաբնակ մտերիմ Գագոյի (Սաքոյի պես աժդահա) և նրա անմիջական ընտանիքի միամտությունների մասին զվարճապատումներն են ետուառաջ ժամանակային կառուցվածքով իրար հաջորդում: Ազատական հայացքների տեր, և բեմում սովորաբար սրտի ուզածն անող այս դերասանի համար մեկ հնչյուն այս կողմ, մեկ հնչյուն այն կողմ, մեծ չէ տարբերությունը: Ժամանակի տարականոն հոլովույթում Սաքոն Գագոն էլ կարող է դառնալ, կարևորն ու էականը ներքին ձևի կարգավիճակ ունեցող առաջադրվող հանգմանքն է այստեղ` լոռեցի լինելը:

Ու թերևս հենց այդ ազատականությունն էլ նրան գռեհկության հետ հարաբերություններում տալիս է բնականության աստիճան անկաշկանդ լինելու հնարավորությունը: Հետնորագույն հոգեկան միջավայրից սերող կենսառիթմերի իներցիոն և լիարժեք կրողը լինելով՝ Դանիելյանը ձուկը ջրում կարգավիճակում է պոստմոդեռնիստական ինչ կուզեմ կանեմ ստեղծագործական պահվածքում: Նրա պարագայում գռեհկությունը, առավելևս հայհոյանքը, մեծ մասամբ ոչ թե անիմաստ էպոտաժին կամ ինքնանպատակ էքսցենտրիկային է միտված, այլև պահի բնահոգեկան անհրաժեշտությունից բխող արտահայտչակերպ ու միջոց է: Սակայն, ինչպես վերում նշեցի, այս հարցում նա էլ ապահովագրված չէ վրիպումներից, որոնք բեմում իրականում եղածից կրկնակի անճոռնի տպավորություն են թողնում: Բերենք երկու օրինակ, որպեսզի խոսակցությունն ավելի առարկայական ու հիմնավոր լինի: Այսպիսով, երբ ինքնակենսագրական բեմապատումի ընթացքում Լոռեցի Գագոն  անկեղծ սրտացավությամբ փորձում է ամուսնալուծված Յոժին համոզել, որ նա նորից պետք է իրեն համար կին ընտրի: Ապա ամեն կերպ բացատրելուց, թե ինչու տղամարդու համար մենակ մնալը լավ չէ, և ցանկալի արդյունքի չհասնելուց հետո ճարը կտրած իր պնդումը հիմնավորում է լոռեցու կիսապլեբեյական ֆոլկլորով. ‹‹ա՛խր մենակ մարդն ըսկի գյոթ էլ չի ››:

Չնայած հնչած հայհոյանքին, խոսքը չի հարուցում խորշանք ու ընդվզում, քանի որ կերպարի խոսքային վարքագիծը միանգամայն անկեղծ սրտացավ վերաբերմունքի հետևանք է, աստիճանաբար հասունացած հոգեվիճակի գագաթնակետային դրսևորում: Այլ է իրավիճակը, երբ բեմապատումի բոլոր կերպաների պես Սերգեյ Դանիելյանի կողմից նմանակվող նույն այդ Գագոն առանց հայհոյանքի, բայց տհաճության աստիճան գռեհիկ խոսույթով պատասխանում է որդուն: Տղային ամենօրյա հերթապահ հարցով դիմելով և նրանից դրական հա պատասխանը ստանալով՝ ‹‹հանեմ լվա›› բառերով է արձագանքում, որին ոչ այնքան սահուն անցումով հաջորդում է անդնդային լռույթուն… Խոսքից դրություն (բարոյահոգեբանական ընդհանրացման տանող) ծնելու հակաէսթետիկ օրինակ, որը ոչ մի կերպ չի ստանում իր հոգեվիճակային արդարացվածությունը: Եթե անգամ դրանով բեմադրիչն ու դերասանը փորձում են ծնողի և տղաների միջանձնային ջրբաժանը պայմանաձևել, դա միևնույն է չի ապացուցում ու համոզում, որ խիստ սեռական բնույթի գռեհկությունը այդ խնդիրը վեր հանելու միակ ու անփոխարինելի արտահայտչամիջոցն էր:

Թեկուզ նաև այն պատճառով, որ կերպարի բարդույթային վարքաձևի դրդառիթը գավառամիտ հետմնացության պարզունակ մտայնությունն էր: Թե իբր երեխաներիդ օրորոցից սկսյալ պետք է կոպտես, վիրավորես ու հայհոյես, որ ընտանիքում հայր իշխանությունն անսասան լինի: Բացի այդ, բեմադրության ժամանակային կառուցվածքում կոպտախոսության պատճառական հասունացումը այսրոպեական չէ, մոտավորապես՝ անուղղակի - էքսպոզիցիոն է: Բարուրից մեկնարկող անցյալն էլ, որպես այդպիսին չունի ներկայի ազդեցություն-հակազդեցություն մոդելին հավասարազոր բարոյահոգեբանական ներուժը, որ ընկալողի մտածումներում արդարացվի այդ աստիճան բաց խոսելաձևը: Եվ երևույթի հանդեպ կերպարին ներկայացնող ու մեկնաբանող դերասանի բացասական վերաբերմունքն էլ չի մեղմում հատկապես կնոջ հետ ներկայացումը դիտելու եկած  տղամարդու արդարացի զայրույթը: Թեպետ գռեհկության արտահայտչական քմահաճության այդօրինակ չհաղթահարվածության դիտանկյունից չենք կարող ասել ամուսինների կողմից իրենց կնոջը, հանկարծակիի բերելով, ձեռնելու տեսարանի նոստալգիկ մեկնություն մասին: Ասվածը ևս լինելով այնքանով-որքանով գռեհկամիտ, այնուհանդերձ թույլատու կատակերգականի եզրագծում է: Ինչու՞, որովհետև սեռահոգեկան իրողությունն, ի դեմս իրեն՝ արուի ինքնահեգնական տոնայնությամբ է մատուցվում: Ստացվում է, որ ինքնահեգնանքը նույնպես կարող է վիճահարույց արտահայտչամիջոցների ու արտայատչաձևերի մեղմացուցիչ հանգամանք լինել:

Ուղղակի պետք է մասնագիտական սուր հոտառություն ունենալ և հստակ գիտենալ, թե որտեղ, ինչը կարող է առավելագույն արդյունք ապահովել, այլ ոչ թե արված դիատարժան աշխատանքը ուժերի ներածին չափով ստվերել: Այլապես, անկախ դերասանի օժտվածության աստիճանից ստեղծագործությունն ինքնաբերաբար ետնախորշային գեղագիտությանը, մասնավորապես՝ կեղտոտ ռեալիզմին կսկսի դավանել: Կշարունակի ստեղծագործական խումբը նույն կերպ, թե ոչ, իրենց ընտրության հարցն է, բայց դիտարկումների հետ հաշվի չնստելով և ինքնասածի հոգետրամաբանությամբ առաջնորդվելով, նրանք վստահաբար քիչ առ քիչ կկորցնեն, ոչ թե քաղքենի-պլեբեյական, այլ քաղաքակիրթ-ազատական հանդիսատեսին: Ինչևիցե, հույս ենք  տածում, որ դա չէ նրանց հետամտած վերջնանպատակը:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

1601 հոգի