07.07.2024 02:58
1940 թվականին Վ. Սարոյանը գրեց «Փոքր ազգերի տառապանքը» փոքր դրաման՝ մեկ գործողությամբ պիեսը, որը ներառեց իր հայտնի «Razzle-Dazzle» պիեսների գրքում: Եթե մեծ (full-length) պիեսներում գործողությունը պետք է զարգանա վերընթաց և դրա յուրաքանչյուր շրջափուլ նախորդի հարաբերությամբ պետք է հատկանշի զարգացման առավել բարձր աստիճան, ապա փոքր դրամայում միշտ չէ, որ լիարժեք է այդ զարգացումը: Գործող անձինք հիմնականում սակավաթիվ են: «Փոքր դրամա հասկացությունը, որին հաճախ ենք անդրադարձել մեր հոդվածներում, պայմանական է. պիեսը կարող է ծավալով փոքր լինել, բայց այն չի փոքրացնում իմաստը, չի աղքատացնում գաղափարական բովանդակությունը, խոսքը վերաբերում է միայն դրամայի ծավալին և կառուցվածքին»[1]:
[1] ««Փոքր դրամա». տեսության և պատմության հարցեր», «Գիտական տեղեկագիր» (Պրակ Ա), «ՎԱՌՄ»ՍՊԸ, Երևան, 2021, էջ 112-123:
Այս ստեղծագործությունը հիշեցնում է դրամատիկականացված էպիկական գործ։ Մասշտաբայնություն ենթադրող վերնագրի և ողբերգական ավարտով փոքր միջադեպ թվացող ֆաբուլայի միջև ասես հակասություն կա: Ինքնագլոր մրցամեքենաներով իրենց համար մրցարշավ կազմակերպած Ջեֆրիի, Ջորջի ու Բեննիի ուրախ օրը փչանում է մի անծանոթի հայտնվելով. նա առանց պատճառի կոպտորեն «նեգր» անվանելով ու անհարգալից խոսելով մաշկի այլ գույն ունեցող տղայի հետ և կամենալով տեղավորվել նրա ինքնաշեն ու չափսերով փոքր մրցամեքենայի մեջ՝ հրում-գցում է Ջորջին ու Բեննիին: Ջեֆրին դանակահարում է տղամարդուն, իսկ վերջում տղաները որոշում են մոռանալ կատարվածի մասին: Վերնագրի ընդգրկունությունը խոսում է այն մասին, որ հեղինակը չափազանց կարևորել է պիեսի գլխավոր գաղափարը՝ մասնավոր դեպքի վրա ցույց տալով ընդհանրական ողբերգությունը: Վ. Սարոյանը պիեսի վերնագիրը վերցրել է Ուինսթոն Չերչիլի խոսքից, որը լսել է ռադիոյով. «Փոքր ազգերի տառապանքը» ռադիոյից լսած արտահայտություն է՝ Ուինսթոն Չերչիլի խոսքից. «Հիմա միակ ազգը, փոքր թե մեծ, մարդու մարմինն է, որի մեջ մարդկային ոգին է, և այդ ազգի միակ տառապանքը այդ հոգուն հայտնի տառապանքն է։ Ինչպիսին էլ լինի ներկայիս զգացողությունը, քաղաքականությունը երբեք չի բարելավել մարդու մարմնի վիճակը կամ թեթևացրել մարդու հոգու տառապանքը»[2]:
[2] Saroyan W., Razzle-Dazzle, Harcourt, Brace and Company, New York, 1942, p. 156.
Վ. Սարոյանը բովանդակության արկղը կազմող «լավ վերնագրի»[3] մասին իր պատկերացումն ու մոտեցումն ուներ. «Լավ վերնագիրն առաջին հերթին ճշգրիտ է: Բայց ճշգրտությունը, երբ խոսքը վերաբերում է գրական ստեղծագործություններին, կարող է ունենալ այնպիսի մեծ ազատություն, որ, հաշվի առնելով՝ գրողի որոշակի երևակայության տեր լինելը, համարյա անհնար է, որ ունենա ոչ տեղին վերնագիր: Եթե նրա աշխատանքը մասշտաբային ենթատեքստ ունի, ինչպես իմ աշխատանքը, հետևապես այն կապված է ամեն ինչի հետ, ուստիև նրա օգտագործած գրեթե ցանկացած վերնագիր ճշգրիտ է»[4]: Սարոյանը չի անտեսել նաև վերնագրի կանչող ու գրավիչ լինելու հանգամանքը. «Ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, վերնագիրը պետք է ճշգրիտ լինի, բայց միայն ճշգրտությունը բավական չէ: Միշտ չէ, որ այն կանչող վերնագիր է դարձնում, և վերնագրի առաջին նպատակներից մեկը ընթերցողին հմայելն է, հիմա կամ թեկուզ հարյուր տարի անց էլ»[5]:
[3] Նույն տեղում, p. ix.
[4] Նույն տեղում:
[5] Նույն տեղում
Հայտնի է, որ Սարոյանին չէին բավարարում ամերիկյան թատրոնի մի շարք ներկայացումների բեմադրակարգերը, ինչպես նաև հենց իր պիեսների բազմաթիվ բեմադրություններ: Դրամատուրգի դիտակետից նայելով հարցին՝ նա հաճախ է քննադատել արվեստն առևտրի վերածած թատրոնները ու նրանց պրոդյուսերներին: Ոչ միայն «Դրամատուրգի խոստովանություններում», այլ նաև փոքր դրամաների գրքի նախաբանում անդրադառնում է այդ խնդրին. «Ներկայիս թատրոնը հարմար է միայն դիմակահանդեսների, մնջախաղերի և շքերթների համար: Գաղափարների և հույզերի իրականացման համար կիսով չափ հարմար միջոց չէ: Ավելին, դա առաջին հերթին բիզնես է, քան թե արվեստ»[6]:
Թատրոնի գործառույթը, պիեսների ընկալումը ու բեմադրակարգերը, ըստ Սարոյանի մեկնաբանության, խիստ տարբերվում են, այսպես ասած, ընդունված ձևերից, ինչն իհարկե առանձին ուսումնասիրության նյութ է: Նրա համար թատրոնի առաջնային գործառույթը զվարճանքն է. «Թատրոնը, ամբողջ թատրոնը պետք է զվարճալի լինի սկզբից մինչև վերջ, ներսում, դրսում, ետնաբեմում և առջևում, բայց դա այդպես չէ…»[7]:
[6] Նույն տեղում, p. xvi.
[7] Նույն տեղում
Թատերագրության մեջ դրամատուրգիական կոմպոզիցիայի ու նրա բաղադրիչների պահպանմանը վերաբերող ընդունված կանոններին չհետևելը սարոյանական թատերգությունները դարձնում էին էպիկական շնչով, կոնֆլիկտի բացակայությամբ գործեր: Սարոյանին խորթ էին այդ «կանոնները», մինչդեռ, ինչպես նշում է նշանավոր տեսաբան Լ. Էգրին, գրողը պետք է հետևի որոշակի կանոնների. «Ամեն մարդ գրում է, անշուշտ, ինչպես ցանկանում է, բայց որոշակի կանոններ կան, որոնց պետք է հետևի: Նա ուզի-չուզի, օրինակ, պետք է օգտագործի գրելու գործիքներ և ինչ-որ բան, որի վրա պետք է գրի: Դրանք կարող են հին կամ այսօրեական լինել, բայց չե՛ս կարող առանց դրանց: Քերականության կանոններ կան, ու նույնիսկ գիտակցության հոսք կիրառող գրողները պահպանում են կառուցվածքային որոշակի կանոններ: Փաստորեն, Ջեյմս Ջոյսի պես գրողը սահմանում է շատ ավելի խիստ կանոններ, քան սովորական գրողը կարող է դրանց հետևել: Այսպիսով, թատերագրության մեջ, անձնական մոտեցման ու հիմնական կանոնների միջև բախում չկա»[8]:
Պիեսները կարող են պայմանականորեն բաժանվել երկու տեսակի՝ գրված ընթերցելու և բեմադրելու համար: Հեղինակը, ինչպես Վ. Սարոյանը, կարող է նշել իր պիեսի՝ ընթերցանության համար նախատեսված լինելու մասին[9] կամ չնշել. այն կարող է լինել ընթերցանության հետաքրքիր նյութ սոսկ բեմականության սկզբունքների անտեսման պատճառով, ինչպես, օրինակ, արձակի վարպետ Լևոն Խեչոյանի՝ էպիկական շնչով գրված «Սպասում»[10] պիեսը: Կարող է պատահել, որ ընթերցելու համար գրված պիեսը բեմադրվի (ինչպես հենց Սարոյանի մի շարք փոքր դրամաներ)` ունենալով թե՛ հաջողություն, թե՛ տապալում:
[8] Egri L., The Art of Dramatic Writing, Simon & Schuster, INC., NY, 1960, p. 265.
[9] Տե՛ս p. xv.
[10] https://tatron-drama.am/archives/521
Սարոյանը չի հետևում արիստոտելյան դրամայի սկզբունքներին, այլ բերում է իր թատրոնը, որ կրում է «սարոյանական» անվանումը: Հաճախ ունենալով էքսցենտրիկ ու թատերային իրադրություններից կազմված տեսարաններ՝ նրա պիեսներում բախումն ավելի շատ բանավեճի կամ խոսքային հարթության վրա է մնում: Նրա բեմը կյանքն է՝ զերծ պայմանականությունից ու թատրոնական կեղծիքից. «Բեմը ճիշտ այնտեղ է, որտեղ դու ես»[11], - նշում է Սարոյանը «Սովյալները» դրամայի նախաբանում: Դրամայի կենսունակությունը և արժանիքներից մեկը մի շարք տեսաբաններ համարել են բեմադրելի կամ բեմադրված լինելը. «Բրենդեր Մեթյուզը և նրա ուսանող Քլեյթոն Հեմիլթոնը («Թատրոնի տեսություն» գրքում) պնդում են, որ պիեսը կարող է գնահատվել միայն բեմում՝ հանդիսատեսի առաջ: Ինչու՞: Իհարկե, ավելի հեշտ է կենսունակությունը տեսնել կենդանի դերասանի մեջ և ոչ թե գրված էջում…»[12]: Օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով հակառակ կարծիք ունի Վիլյամ Սարոյանը, որի համար ավելի գնահատելի է պիես ընթերցողը, քան բեմադրություն դիտողը. «Պիես կարդացողն ավելի լավ մարդ է, քան բեմադրությունը դիտողը»[13], ապա հավելում է. «Ու մինչ դու կարդում ես, դու տեսնում ես դա: Լսում ես դա: Արտադրում ու բեմադրում ես: …Դու քո մտապատկերում ունես բոլորի ժամանակների ամենամեծ դերասաններին, որ խաղում են քեզ համար այնպես, ինչպես կարծում ես, որ պետք է բեմադրվեր»[14]:
Նույն գրքում դրամատուրգն, այնուամենայնիվ, իր պիեսների՝ ընթերցանությա՞ն, թե՞ բեմի համար հարմար լինելու հարցում ցուցաբերում է հակասականություն. «Դրանք կարող են լինել պիեսներ բեմի համար, ինչպեսև, միևնույն ժամանակ, չլինել»[15]:
[11] Saroyan W., Razzle-Dazzle, Harcourt, Brace and Company, New York, 1942, p. 318.
[12] Egri L., The Art of Dramatic Writing, Simon & Schuster, INC., NY, 1960, p. 263.
[13] Տե՛ս Saroyan W., Razzle-Dazzle, p. xv.
[14] Նույն տեղում:
[15] Նույն տեղում, p. x.
Նա իր որոշ պիեսներում օգտագործում է միևնույն տեղանունները, (Ռեդ Ռոքը՝ «Գեղեցիկ մարդիկ» կամ «Փոքր ազգերի տառապանքը» պիեսներում[16]), միևնույն մասնագիտության տեր (օրինակ, վարսավիր՝ «Ոստրեն ու մարգարիտը»[17], «Իմ սիրտը լեռներում է»[18] կամ հասակակից ու բախտակից կերպարները (օրինակ՝ երեխաներ՝ «Ոստրեն ու մարգարիտը», «Փոքր ազգերի տառապանքը», «Բան ունեմ ասելու» դրամաներում[19]):
Բավականին օրգանական ու բնական լեզվով են կառուցված երեխաների երկխոսությունները, արտահայտամիջոցների ընտրության համատեքստում պահպանված է տարիքային հոգեբանությունը: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ գործ ուներ դանակը Ջեֆֆրիի ետնագրպանում: Մի՞թե նա հանցագործ է: Սարոյանը գտել է լուծումը: Ջեֆֆրիի գրպանի դանակն անհրաժեշտություն է, որովհետև իրենց ինքնաշեն մրցամեքենայի պտուտակները հաճախ են թուլանում մրցարշավների ժամանակ, իսկ ռեմարկում հեղինակը նշել է. «(ՋԵՖՖՐԻՆ իր գրպանի դանակով մի պտուտակ է ձգում)»[20]:
[16] Նույն տեղում, p. 155.
[17] Saroyan W., “The Oyster and the Pearl”, “United States in Literature”, Medallion Edition, Scott, Foresman and company, Glenview, Illinois, 1982.
[18] Saroyan W., My heart's in the Highlands; Harcourt, Brace and Company, 1939.
[19] Տե՛ս, Սարոյան Վ., «Բան ունեմ ասելու», ՀԳՄ հրատ., Երևան, 2012 (թարգմանությունը մերն է):
[20] Տե՛ս Saroyan W., Razzle-Dazzle, p. 165.
Ամենակրտսերը՝ Բեննին, վախ ունի մարդկանց հանդեպ, որովհետև, ըստ նրա, մարդիկ անկանխատեսելի են.
ԲԵՆՆԻ - …Մարդիկ ինձ դուր չեն գալիս: Ես երբեք չեմ իմանա՝ նրանք ինչ են պատրաստվում անել[21]:
ՋՈՐՋ - Աչքդ վախեցած է, էդքան բան:
ԲԵՆՆԻ - Աչքս վախեցած չի: Ուղղակի չեմ սիրում իրենց: Բա դու՞, Ջեֆֆրի:
Տղամարդը, որը փչացնում է մրցարշավը, հենց սկզբից կանխատրամադրվածություն է ցուցաբերում մաշկի այլ գույն ունեցող տղայի՝ Ջեֆֆրիի հանդեպ: Հեղինակն ընդգծել է «քո» բառը տեքստի մեջ.
ՏՂԱՄԱՐԴ - Ի՞նչ է քո անունը[22]:
ՋԵՖՖՐԻ - Ջեֆֆրի:
[21] Նույն տեղում, p. 167.
[22] Նույն տեղում, p. 168.
Ընդամենը Ջեֆֆրիի պատասխանը, թե մեծահասակ տղամարդը չի տեղավորվի իրենց ինքնագլորների մեջ, զայրացնում է Տղամարդուն, որը տղային ասում է կոպիտ համարվող «նեգր»[23] բառը: Տղամարդու արհամարհական-սարկաստիկ վերաբերմունքը Ջեֆֆրիին մղում է ամենակտրուկ քայլին՝ դանակահարության: Այս տեսարանում անմեղ տղայի անսպասելի արարքով Սարոյանը խոսում է մարդու իրավահավասարության և իր նմանի պատճառով աշխարհում դժբախտ չզգալու մասին: Ոչ ոք իրավունք չունի խոսելու կամ վարվելու տմարդի նրա հետ, ում մաշկի գույնն այլ կամ քո ազգակիցը չէ: Նա քեզ նման ունի դեմք, գլուխ, ոտքեր, ձեռքեր, մարմին: Նա էլ գիտի սիրել, ժպտալ, ծիծաղել: Նա էլ է սիրում կյանքը և իրավունք ունի վայելելու Աստծո ստեղծած աշխարհը: Ըստ մարդասեր հեղինակի՝ անգամ անմեղ մարդիկ, ինքնապաշտպանության բնազդից ելնելով, ստիպված կարող են բիրտ գործողությունների դիմել՝ իրենց հանդեպ գործադրված բռնության պատճառով: Արդյո՞ք ենթատեքստում Սարոյանը չի ակնարկում նաև պատերազմների՝ նմանը նմանին սպանելու և նրա ինչքին տիրանալու մոլուցքի մասին այս վաղանցավոր կյանքում: Մի՞թե պատերազմները նույնպես մարդկության հանդեպ ամենամեծ հանցագործությունները չեն: Ըստ Ջոն Ուիթմորի՝ «Փոքր ազգերի տառապանքը» փոքր դրաման «պատերազմի դաժանության մասին այլաբանություն է»[24], որ գրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Նախահարձակ տղամարդը փչացրեց մրցարշավը, որն ասես խորհրդանշում է կյանքը: Բիթլիսցի հեղինակի համար առավել կարևոր է գաղափարը հատկապես ընթերցանութան համար գրված իր պիեսներում, քան, ասենք, կառուցվածքը: Նրա համար պիեսի հոգին ու կենսունակությունը գաղափարն է. «Ոչ մի դրամա ավելի մեծ չէ, քան գաղափարների դրաման»[25]:
[23] Նույն տեղում, p. 169.
[24] Whitmore J., William Saroyan, Greenwood Press, Westport, Connecticut, London, 1994, p. 19.
[25] Տե՛ս Saroyan W., Razzle-Dazzle, p. x.
Երեխաները փորձում են մոռանալ, գաղտնի պահել դիպվածը ու, այնուամենայնիվ, շարունակել իրենց երթը: Սարոյանի համար կարևոր չէ դինամիկ ֆաբուլա ունենալ այս համատեքստում: Էականը գաղափարական բովանդակությունն է և իր ներքին իղձը. անկախ տարիքից, սեռից ու ազգային պատկանելությունից՝ սիրել ու հարգել մարդուն, որովհետև մրցարշավները որքան էլ ժամանակավորապես կամ մի պահ կանգ առնեն, միևնույնն է, հետո կարող են շարունակվել, ու տուժելու է նա, ով փորձում է խաթարել ներդաշնակը, գեղեցիկը… Այսպիսով, «Փոքր ազգերի տառապանքը» դրաման գրվել է ընթերցանության համար, կարևորվել գաղափարական բովանդակությունը, իսկ բեմադրվելու մասին որևէ տեղեկույթ չկա սարոյանագիտության մեջ: