17.06.2024 23:51
Գյուղական թատերական խմբի ներկայացումներից մեկի ընդմիջմանը երկու-երեք տարեկան մի աղջնակի բեմ են մտցրել, որ արտասանի: Փոքրիկը սկզբում վախվորած, հետո արդեն զրնգուն ձայնով սկսել է արտասանել: Դահլիճը ծափահարել է, աղջիկը շարունակել է, կրկին ծափահարություններ, հնչել է նոր բանաստեղծություն: Դահլիճից լսվել են բացականչություններ. «Բեմը դուր եկավ», «Չէ, սա դերասանուհի պիտի դառնա», «Ոտը պինդ է դրել...»[1]:
Հանդիսատեսը չէր սխալվել: Փոքրիկը Մարուսյա Թամրազյանն էր, ՊՀԹ-ի հետագա լավագույն դերասանուհիներից:
Կրտսեր Թամրազյանը ծնվել է 1927 թվականին Օրջոնոկիձե քաղաքում: Հոր անժամանակ մահը ծանր հետևանքներ է ունեցել երեխաների համար: Մայրը հայտնվել է անելանելի վիճակում և ստիպված է եղել երեխաներին հանձնել մանկատուն: Վարդուշի խնամքն իր վրա է վերցրել հորեղբայրը: Մոր մոտ մնացել է ամենափոքրը` տղան: Մանկատուն հանձնված երեք երեխաների մեջ է եղել նաև Մարուսյան: Հետագայում, նա քիչ է խոսել իր ճակատագրի, հաղթահարած դժվարությունների մասին: Բոլորը նրան հիշում են կենսուրախ, կյանքով լեցուն, երբեք թույլ չի տվել, որ կարեկցեն իրեն: Մանկատանը աղջնակը զբաղվել է սպորտով: Նույնիսկ մի քանի տարի մասնակցել է պետկրկեսի ներկայացումներին: Մանսակցել է նաև երգի ու պարի, ասմունքի օլիմպիադաների, ունեցել հաղթանակներ: Մարուսյայի ավագ քույրը` Վարդուշ Թամրազյանը (նրա մասին խոսել ենք նախորդ հոդվածում) նկատել է քրոջ ընդունակությունները և ուղղորդել նրան ընդունվել թատերական տեխնիկում: Վարսիկ Գրիգորյանը գրում է, որ այս շրջանում դերասանուհին իրեն փորձել է ասմունքի ժանրում, եղել է Սամվել Զատիկյանի (Բոգեմսկու) սանը: Հատկապես հաջողություն է ունեցել Նար-Դոսի «Աննա Սարոյանի» նամակների ընթերցումով. «Առաջին բառերից լարի պես ձգում էր ամբողջ դահլիճը, չէր թողնում շունչ քաշել և այդպես տանում էր մինչև ողբերգական վախճանը: <...> ամեն ինչ ասելով ինտոնացիոն հարուստ խոսքի ուժով և կինեմատոգրաֆիկ զսպվածությամբ: <...> Այդ պահին օդը սղոցում էր մի սարսռեցնող ճիչ (դա Աննայի սարսափն էր մահվան սև երախից) և ծնկին դրված ձեռքը բարձրանում էր մինչև դեմքը, ջղային բացվող մատները չանչ էին կազմում, իսկ ինքը մարմնով փոքր ինչ մղվում էր առաջ և թվում էր թե հիմա կպոկվի աթոռից ու դահլիճ կնետվի... Բայց ժամանակին կարողանում էր հսկել իրեն, բացված մատները դանդաղ փակվում էին, թուլացած ու խոնարհ ընկնում ծնկներին, իրանը ետ էր ընկնում... Կրկին իշխում էր փոթորկուն, բայց հանդարտ դրամատիկ տրամադրությունը»[2]: Հետաքրքիր ենք համարում այն փաստը, որ սկսնակ դերասանուհին իր հերոսուհու տրամադրությունները, հոգեվիճակները ներկայացնելու արտաքին դրսևորումների մեջ եղել է զուսպ, օժտվածության հասնող չափի զգացումով: Զսպված տրամադրությունների մեջ ընդգծել է դրանց թափը:
Հաջողությամբ ավարտելով տեխնիկումը ուսումը շարունակել է Թատերական ինստիտուտում`Վարդան Աճեմյանի մոտ: Ինստիտուտի տարիներին աչքի ընկնող դերերն են եղել Քրիստինան (Սերվանտես «Խանդոտ ծերուկ»), Նատոն (Սունդուկյան «Էլի մեկ զոհ»), Մաշան և Կատյան (Սոլոգուբ «Քնքուշ սրտից պատուհաս»): Եղել են և փոքր դերեր. օրինակ` կաթնավաճառուհի`Անտոնովի «Մեր երիտասարդությունը» պիեսում: Թամրազյանը կարողացել է երգել և պարել: «Ճկուն էր նրա լիրիկական կոլորատուրան, ուժեղ ու հնչուն և ուզած ձևն էր ընդունում: <...> Կատարում էր մեկ ուրախ, կատակային երգեր, մեկ` ապշեցուցիչ նմանությամբ ընդօրինակում էր կատուների և շների ձայները, նորածնի ու տարբեր տարիքի երեխաների լացը: Մինչ մենք զարմանքով լռում էինք, օդը լցնում էր «Ծիծեռնակի» ու «Ավեմարիա»-ի Անապոլայի հոգեբուխ դայլայլներով»[3]:
Վարդան Աճեմյանը հաճախ է իր դասընթացների ժամանկ օրինակ բերել Թամրազյանին որպես մարզված դերասանի: Պլաստիկ արտահայտչականությունը մեծ առավելություն է դերասանների, պարողների, կատարողական արվեստի այլ տեսակների ներկայացուցիչների համար: Շարժման գեղեցկությունն ու արտահայտչականությունը հատկանիշներ են, որոնք դրսևորվում են կատարողի բարձր վարպետությամբ և շարժումների կատարման տեխնիկայով։ Ֆիզիկական մարզվածությունը նպաստում է կատարողի արտահայտչական և գեղարվեստական կարողությունների զարգացմանը: Մարուսյան մինչև ինստիտուտ գնալը մարզել է մարմինը, ձայնը, ունեցել է ֆիզիկական լավ տվյալներ. «Նրա շարժումն այնքան պլաստիկ էր, ճկուն, խոսքն ու հնչյունն այնքան ռիթմիկ, երաժշտական, որ կարող էր դիտողին թվալ, թե գործ ունի ոչ թե դրամատիկ դերասանուհու, այլ ակրոբատի, պարուհու, երաժշտի, կրկեսի արտիստուհու հետ: Նա պարզապես դերասանուհու իդեալ էր: <...> Մարուսիկը դեռ բոլորովին սկսնակ իր հետ բերեց դերասանական արվեստի փայլուն տեխնիկա»[4]:
Ավարտելով ինստիտուտը, իր ուսուցչի հրավերով (Աճեմյանն, այս շրջանում, եղել է Երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսորը), 1948 թվականին դերասանուհին աշխատանքի է ընդունվել երաժշտական կոմեդիայի թատրոնում: Բնածին ընդունակությունների շնորհիվ պարել է բալետային խմբում, երգել արիաներ: Ժամանակակիցները պատմում են, որ նա հաճախ է հանպատրաստից փոխարինել հիվանդացած կամ այլ պատճառներով բացակայող դերասանուհիներին: Նույնիսկ, մեկ անգամ, Վանդայի դերով փոխարինել է Իզաբելլա Դանզասին «Ազատաշունչ հողմը» օպերետում, հետագայում այդ դերը դարձնելով իրենը: Երաժշտական կոմեդիայի թատրոնում նա խաղացել է Ռոզաուրա («Վենետիկյան Երկվորյակներ»), պարուհի («Մորգանի խնամին»), («Տրեմբիտա»), Լիսենա («Պարերի ուսուցիչը»), Կլարա («Կապույտ Դանուբի ափին»), ներկայացումներում: Աշխատելուն զուգահեռ, երաժշտական ուսումնարանում սկսել է մշակել ձայնը:
1953 թվականին դերասանուհին ներմուծվել է Հրաչյա Ղափլանյանի «Ուսուցիչը» ներկայացման մեջ: Այս ներկայացումից հետո Թամրազյանին տեսնում ենք արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնում: Երբեմն դժվար է ասել` թատրոնն է ընտրում դերասանին, թե դերասանը` թատրոնը: Նրա արտաքին տվյալները համապատասխանել են դեռատի աղջիկների ու տղաների, տրավեստի դերերին: Թեև դերասանուհին միշտ երազել է խաղալ Ջուլիետի («Ռոմեո և Ջուլիետ») դերը, ռեժիսորները նրան տեսել են միևնույն ամպլուայում: Աճեմյանը գտել է, որ տրավեստի դերասանուհին այդ ժանրում անփոխարինելի է և նրա արվեստը մնայուն տեղ է թողել, յուրահատուկ դպրոց ստեղծել այդ ժանրում: Մի շատ կարևոր շեշտադրում է անում անվանի արվեստագետը. «Իր կամքից անկախ, իր հմայքով Մարուսյան թատրոնի սերը արմատավորեց փոքրերի մեջ և պատճառ եղավ, որ շատերը իրենց երազանքները և ապագան կապեն բեմարվեստի հետ»[5]: Դերասանուհու արվեստը վարակիչ է եղել պատանի հանդիսատեսի համար, այն խթանել է երեխաների ստեղծագործելու ցանկությունը և նպաստել աշխարհի գեղարվեստական բացահայտմանը: Երեխաների համար նախատեսված թատրոնն ունի յուրահատկություններ. պահանջում է հատուկ ռեպերտուար և թատերական լեզու: Այն պետք է լինի հուզիչ, վառ, գունագեղ և գրավի երեխաներին։ Չմոռանանք, որ մանկապատանեկան թատրոնը ձևավորվում է գեղագիտական կարիքները, հոգևոր, բարոյական արժեքներն ու իդեալները։ Տեղին է հիշել, որ այս ամենի գիտակցողը հայ թատրոնում եղել է Օվի Սևումյանը: Մանկական թատրոն ստեղծելու հարցը գործնականորեն նա է առաջ քաշել: 1910 թ. հոկտեմբերի 3-ին Սոֆիա Օթարովա-Զուրաբովային գրած նրա մի նամակում կարդում ենք. ««Մանկական թատրոն» ասելով, կամ ինչպես դուք եք ասում «թատրոն մանկական հասակի համար», ես հասկանում եմ մի թատրոն, որտեղ խաղում են անպայման իսկական արտիստ-դերասանները: Իսկ ռեպերտուարը, խստորեն կազմված, պետք է համապատասխանի իր նշանակմանը` մանկական թատրոնին: Մի խոսքով, տարբերություն պետք է լինի սոսկ ռեպերտուարում, իսկ մնացած գործը տարվում է այնպես, ինչպես ամենալուրջ թատրոնում»[6]: (Այս հարցը արվեստագետը հետապնդում է նաև իր «Զեկուցում հայ թատրոնի ցանկալի բարեփոխությունների անհրաժեշտության մասին» աշխատության մեջ):
Ամուր է եղել երիտասարդ դերասանուհու կապը հատուկ հոգածություն պահանջող հանդիսատեսի հետ: Բացառիկ ճկունությամբ, եռանդով լի, վոկալ կարողություններով օժտված դերասանուհին զգայական ուժեղ, անմոռանալի տպավորություն է թողել կրտսեր թատերասերների վրա: Հրաչյա Ղափլանյանը երկար տարիներ ստեղծագործելով Պատանի հանդիսատեսի թատրոնում, նկատել է, որ շատ արտիստներ դահլիճում տեսնելով միայն փոքրերի, չեն խաղացել նույն ոգևորությամբ և եռանդով: Մինչդեռ, Մարուսյան այդ առումով եղել է բացառիկ: Նա հավասար նվիրումով է խաղացել միշտ և բոլորի համար: Ռեժիսորը գրում է. «Թամրազյանը մեր հայ իրականության մեջ պատանի հանդիսատեսի թատրոնի ամենաիսկական դերասանուհին էր: Այդպիսիք քիչ կան և ցավոք, գնալով նվազում են: Այս կարգի շատ դերասանուհիներ եմ տեսել և´ մեր երկրում, և´ նրա սահմաններից դուրս և առանց վերապահության կասեմ, որ նրան կարելի է դասել սակավաթիվ ընտրյալների շարքում»[7]: Ուշադրություն հրավիրենք այն փաստին, որ Պատանի Հանդիսատեսի թատրոնը միակ թատրոնն է, որ կրում է իր հանդիաստեսի անունը: Եվ այդ թատրոնի խաղացանկը կառուցվել է Մարուսյա Թամրազյանին նկատի ունենալով: Պատանեկան թատրոնի համար ստեղծագործող շատ հեղինակներ պիեսները գրել են աշակերտների սիրելի դերասանուհուն գլխավոր դերում տեսնելով: Արտիստուհին մեկը մյուսի հետևից խաղացել է բազմաթիվ դերեր, բայց ամեն դեր նրա կյանքում եղել է կարևոր, արտակարգ մի իրադարձություն. «Զգում էի, որ դերից դեր, որքան էլ կարճ լիներ ժամանակամիջոցը, նա, ասես, նոր բան պատրաստելու սով էր զգում և հերթական դերը ստանալիս ամեն ինչ սկսում էր այբուբենից: Փորձում էր ոգևորությամբ, ամենայն լրջությամբ և ինքնամոռաց նվիրումով: Այս առումով նրա յուրաքանչյուր փորձը մի ներկայացում էր»[8],- հիշում է Ղափլանյանը: Դերասանուհու կողքին մշտապես ստեղծվել է ստեղծագործական մթնոլորտ: Նա կես խոսքից հասկացել է, թե ինչ են իրենից պահանջում և զարգացրել է մտահղացումը: Ղափլանյանը գրում է, որ ինչ-որ պատճառներով անտրամադիր սկսած փորձը Մարուսյայի հետ դարձել է բուռն ստեղծագործական ընթացք, նա ռեժիսորին միշտ պահել է «ստեղծագործական կացության մեջ»[9]:
Նրա խաղընկերներն են եղել Նինել Դալլաքյանը, Էդգար Էլբակյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը: Հանդիսատեսին, նույնիսկ խաղընկերներին զարմացրել է, թե որքան տարբեր են Թամրազյանի կերտած տղաների կերպարները: Դրանց թիվը գերազանցել է երկու տասնյակը (Մավրիկ «Երբ տանն աչքեր չկան», Գագիկ «Երաժշտախումբ», Պետկա «Հանուն հեղափոխության», Գագիկ «Մայրիկ», Սերյոժկա «Բյուրեղիկներ», Սամ «Սուրի և Սամի արկածները», Վովկա «Ծերունի Խոտաբիչը»...) Նրանք եղել են գրեթե նույն տարիքի, հիմնականում չարաճճի, անկարգ, շրջմոլիկ, ճամփից շեղված տղաներ, միևնույն ժամանակ իրարից շատ տարբեր: Դերասանուհին ունեցել է սուր դիտողականություն և իրեն չկրկնելու համար կերպարները հարստացրել է դրանց բնորոշ մանրամասներով: Վարսիկ Գրիգորյանը գրում է. «Թատրոնի փորձասենյակից դուրս շարունակվում էին նրա որոնումները` դրսում, տանը, ընկերների մոտ: Ամենուր և ամեն առիթով մի բան փորձում էր, ճշտում, փոխում ամենատարբեր մոտեցումներով և երբ գտնում էր «դերի ներվը» (այդպես էր ասում), մանկան ուրախ մի ճիչ - ծկլթոց էր դուրս թռչում կոկորդից, աչքերը ժպտում էին չարաճճի, այնպես մանկորեն, երջանիկ, խինդով ծովացած: Այդ պահին թռչկոտում էր երեխայի պես: Այնուհետև սկսում էր աշխատանքի նոր շրջանը, երբ կերպարի էական գծանկարը գտնելուց հետո սկսում էր ծեփել այն: <...> Եվ կաթիլ- կաթիլ հավաքվում, ծովանում էին մանրամասները թանձրացնելով մանուկ հերոսի ապագա բեմական կերպարը»[10]:
Մարուսյան մասնակից է եղել հեռուստաթատրոնի և ռադիոթատրոնի մանկապատանեկան բեմադրություններին: Հաճախ է եղել ռադիոհաղորդումների հյուր:
1961 թվականին դերասանուհուն շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում: Այդ առթիվ շնորհավորական հոդվածներ են տպվել մամուլում: Հոդվածներից մեկում դերասանուհուն բնորոշում են որպես դրամատիկ խառնվածքի դերասանուհի, որին խորթ չէ կոմիկականը, հումորը[11]: Դեռ 50-ական թվականների վերջին Օ. Մելիք Վրթանեսյանը գրել է. «Թամրազյանը դրամատիկ դերասանուհի է: Նրա խաղացած կերպարները աչքի են ընկնում իրենց տեմպերամենտով, ակտիվությամբ և հուզականությամբ: <...> Հոգեբանական նուրբ ու ճշմարտացի անցումները բացահայտում են դերերը»[12]: Նման կարծիք է հայտնել նաև Գուրգեն Ջանիբեկյանը. «Դերասանուհին ներկայանում է որպես դրամատիկ պլանի դերասանուհի, սակայն նա բարեկամ է և կոմեդիային. միշտ մնալով պարզ ու հասկանալի ինչպես հասուն, այնպես էլ պատանի հանդիսատեսին»[13]: Նրա մասնակցությամբ ներկայացումները եղել են զվարթ:
Տրավեստիների բեմական տարիքը մինչև քառասունն է: Ցավոք, Մարուսյան ստիպված չի եղել փոխել իր բեմական ամպլուան: Հենց այդ տարիքում, հիվանդության պատճառով թողել է բեմը: Ականատեսները պատմում են, որ, նույնիսկ անկողնուն գամված ժամանակ, երբ արդեն տարիներ բեմ չէր բարձրացել, շարունակում էր աշակերտներից նամակներ ստանալ: Խոսքը ոչ թե մեկ-երկու նամակի մասին է, այլ միաժամանակ մի քանի տասնյակ: Դերասանուհին պատասխանել է գրերթե բոլորին, ելնելով քանակից` երբեմն ուշացումներով: Վարսիկ Գրիգորյանը պատմում է. «Ամեն տոնական առիթների շնորհավորանքներ ու ծաղկեփնջեր էին բերում: Պարզապես դռան զանգը հնչեցնում, բռնակի մեջ խցկում էին ծաղկեփունջ և մի բացիկ ու անհետանում...»[14]:
Դերասանուհուն հաճախ են այցելել Հրաչյա Ղափլանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ռուբեն Զարյանը, Էդգար Էլբակյանը, Վարսիկ Գրիգորյանը, մտերիմներն ու խաղընկերները:
Մարուսյա Թամրազյանը մահացել է 1968 թվականի մայիսի 8-ին: Թեև կարճ է եղել դերասանուհու կյանքը, բայց իր հետքն է թողել հայ թատրոնի պատմության էջերում: Իր ստեղծագործական տարիներին և մահից հետո էլ ՊՀԹ-ի և այլ թատրոնների շատ արտիստների համար նա դարձել է այն անհատականությունը, ում ցանկացել են նմանվել: Երիտասարդների համար դերասանուհին օրինակ և չափանիշ է դարձել իր նվիրումով ու բարձր արվեստով:
Օգտագործված գրականության ցանկ
[1] Տե´ս, Գրիգորյան Վ., Մարուսյա Թամրազյան, Երևան, ՀԹԸ, 1975, էջ 5:
[2] Նույն տեղում, էջ 7:
[3] Նույն տեղում, էջ 12:
[4] Տե´ս, նույն տեղում, էջ 88:
[5] Նույն տեղում, էջ 90:
[6] «Սովետական արվեստ», 1958, № 4, էջ 70:
[7] Գրիգորյան Վ., նշվ. աշխ., էջ 91:
[8] Նույն տեղում, էջ 91:
[9] Նույն տեղում, էջ 92:
[10] Նույն տեղում, էջ 23-24:
[11] Տես, Մանուկյան Է., Սիրված հերոսներ, սիրված դերասանուհի, «Երևան», № 153, 1961:
[12] Գրիգորյան Վ., նշվ. աշխ., էջ 44:
[13] Նույն տեղում, էջ 46:
[14] Նույն տեղում, էջ 64: