Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

16.06.2024  00:35

Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության վերաբերյալ, այսօր արդեն դժվար կլինի հաշվել, թե քանի գիտական ուսումնասիրություն կա աշխարհում։ Մի մասը ծանրակշիռ, արժանահավատ, ժամանակի փորձությունը հաղթահարած և դրա շնորհիվ դասական տեսության կարգավիճակ ստացած։ Մյուսը՝ փորձարարական, էմոցիոնալ էսսեների և կամ պոետիկ – զգայական ոճի մեջ գրված, կամ թե օրիգինալ երևալու նկրտումներով մեծն սթրադֆորդցուն հազար ու մի հատկանիշներ վերագրող մեկնաբանություններ։ Ակամայից հիշելի են դառնում ուսուցչիս՝ Սուրեն Հասմիկյանի «Համլետ, 1964» հոդվածի տողերը․ «Դանեմարքցու «համաշխարհային թախիծը» իր վրա է գամել ոչ միայն արվեստագետների, այլև իմաստասերների, սոցիոլոգների, հոգեբանների ուշադրությունը, հրահրելով գիտական, երբեմն իրարամերժ մեկնաբանումներ ու տեսակետներ։ Եվ որքան փաստարկված ու համոզիչ է երևացել այս կամ այն մեկնությունը, այնքան ավելի է, որքան էլ դա պարադոքսալ թվա, աչքի ընկել մնացորդը, այսինքն այն ամենը, ինչ դուրս է մնացել տվյալ մեկնության տեսադաշտից…։[1]


[1] Շեքսպիրական, հ 3, ՀՍՍՀ ԳԱՀ, Եր., 1970, էջ281։

Ինչևէ, գրելու իրավունքը բոլորինն է, իսկ ժամանակի փորձությունը հաղթահարելու կարողությունը որոշներինը։

Գաղտնիք չէ, որ հայկական թատերական ուղեծրում շեքսպիրագիտական ուսումնասիրությունները ակնառու հետք են թողել։ 1964 թվականի ապրիլի 23-ին, Շեքսպիրի ծննդյան 400-ամյակի առթիվ Ռուբեն Զարյանը Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտում հիմնում է աշխարհում չորրորդ շեքսպիրյան գրադարանը։ Ինչ խոսք, գրադարանն այսօր էլ աչալրջորեն և ամենայն նվիրվածությամբ իր հավաքածուն համալրում է մեծանանուն դրամատուրգի գրական ժառանգությանը վերաբերող ուսումնասիրություններով։ Այնտեղ պահվող Շեքսպիրի հայ թարգմանիչների Հովհաննես Մասեհյանի, Վարդգես Սուրենյանցի, Վահան Թոթովենցի, Խաչիկ Դաշտենցի, Հենրիկ Սևանի անզուգական թարգմանություններն այլևս անքննելի արժեք են հայ թարգմանական գրականության մեջ։ Իսկ ստեղծագործություններին վերաբերող տեսական- վերլուծական աշխատանքները (Վահրամ Թերզիբաշյան, Լևոն Քալանթար, Ս Հարությունյանը, Ս Մելիքսեթյանը, Հենրիկ Հովհաննիսյան, Լ Սամվելյան, Ա Արմենյան, Ռ Զարյան, Վ Փափազյան, Անելկա Գրիգորյան և այլն) անգնահատելի նյութ ուսումնասիրողների համար։

Սակայն ժամանակի շավղի թելադրանքը, մարդու չընդհատվող որոնումներն ու եղածը վերաիմաստավորելու բնական պահանջը շեքսպիրյան գրականության ուսումնասիրությամբ խորապես զբաղվողներին մղում է նոր, ավելի ու ավելի խորքային դիտումների՝ հանճարեղ այդ գրվածքներում եղած գաղտնագրերը քննելու, վերծանելու փորձեր անելու, իրենց տեսակետներն առաջարկելու համար։ Նրանցից մեկը Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է, ով իր «Հորացիոյի գաղտնիքը» վերտառությամբ ուսումնասիրության շրջանակում ընդգրկել է Շեքսպիրի «Համլետ» ողբերգության մեջ Հորացիոյի կերպարի դրամատուրգիական գործառույթն ու գաղափարահուզական առաքելությունը։

Ի՞նչ գաղտնիք ունի Հորացիոն, այդ ի՞նչ նոր բան է գտել հեղինակը, որը գրեթե բազմահազար ուսումնասիրություններից և ոչ մեկում չի եղել, կամ եղել է՝ մասնակիորեն։ Այս հարցն է առաջինը մտքիդ գալիս գիրքը ձեռքդ առնելիս։

Բայց եկեք սկսենք սկզբից. առաջինը գրավում է գրքի ձևաստեղծման ոչ վերացական սկզբունքը, կառուցվածքային ճշգրիտ, ճկուն, հետևաբար և կենսունակ մոտեցումը։ Գրքի սյուժետային դասավորվածքը տրված է դրամատուրգիական օրենքների առաջնորդությամբ պրոլոգ՝ նախերգանք-ծանոթություն, զարգացում՝ Համլետ ողբերգության վերլուծություն, կուլմինացիա՝ Հորացիոյի կերպարը, որպես հին հունական խորոսի կորիֆայոս թեզի առաջադրում և հիմնավորում, ավարտ՝ փաստեր, տեսություններ և զուգահեռներ հռոմեացի պոետ Քվինտոս Հորացիուս Փլակոսի և շեքսպիրյան Հորացիոյի տիպային նույնականությունն ապացուցելու համար։ Սա ինչ-որ առումով պայմանավորված է նաև հեղինակի առաջին՝ պոլիտեխնիկական (կիբերնետիկայի ֆակուլտետ) կրթության հանգամանքով, երկրորդ բազմափորձ ստեղծագործական կենսագրությամբ: Այսինքն, մաթեմատիկական՝ ճշգրիտ-հաշվարկային և պատկերա-երկրաչափական ռացիոնալ մտածողության զարգացվածությամբ: Եվ ահա Արա Երնջակյանը աշխատանքը սկսելով փաստագրական, վիճակագրական տվյալների վեր հանմամբ՝ նպատակ ունի ընթերցողին նախ ծանոթացնել պիեսի պատմական հետագծին, այն սոցիալ մշակութային միջավայրին, որում ապրել և ստեղծագործել է Շեքսպիրը։ Դիպուկ, ծանրակշիռ օրինակների միջոցով ներկայացնել «Համլետի» գրական և բեմական կենսագրությունը, կերպարի որոշ կառուցվածքային առանձնահատկությունները, աշխարհում եղած անվանի ուսումնասիրություններն ու տեսակետները։

Այդպես անցնելով բազմաթիվ ծանրակշիռ ուսումնասիրությունների թվարկմանը (Մ.Մարոզովի, Ն.Գ.Բոյաջիևի, Ա. Գվոզդև, Ա. Անիկստի, Ա.Վ.Բարտոշևիչի շեքսպիրյան ստեղծագործությանն առնչվող տարբեր հետազոտությունները) նախ՝ ընթերցողին մերձեցնում է դասական տեսությանը, մանրակրկիտ ներկայացնում բազմաթիվ հիմնավորված և կարծես թե ապացուցված տեսակետները, ապա նոր միայն՝ սահուն անցում կատարում իր ուսումնասիրության խնդրին: Փորձում գտնել Հորացիոյի կերպարի ստեղծման նախատիպին, բացահայտել, վերլուծել, մեկնաբանել շեքսպիրյան այդ խորհրդավոր կերպարի տիպային առանձնահատկությունները, ճշտել նրա տեղն ու դիրքը պիեսի գործողությունների շղթայակապում։ Մանրամասնենք: Հավաքագրված փաստերի և զուգադրությունների միջոցով անշտապ և վստահ է կառուցում իր թեզը: Խոսելով շեքսպիրյան ուսումնասիրություններում հանդիպած տարատեսակ տեսակետների մասին, նա չի շտապում վստահորեն պնդել իր դիտարկումները կամ հաստատել դրանցից որևէ մեկի վերջնական սահմանումը։ Ընդհակառակը, զարմանալի և գիտական աշխատանքով զբաղվողի անշտապ համբերատարությամբ սկսում է բացել ողբերգության շուրջ հյուսված խորհրդավոր կծիկն ու կապերն արձակում յուրատեսակ վստահությամբ։ Այս ոճը նկատելի է աշխատանքի յուրաքանչյուր գլխում: Ընդհանարապես, հեղինակն իր ուսումնասիրության համար ի սկզբանե ուղենշային է  համարում Ի. Նյուտոնի հետևյալ միտքը. «Գիտական դիտարկումների արդյունքները չի կարելի հերքել քննադատությամբ. վարկածին պետք է հակադրվել այլ վարկածով, որն ավելի լավ, քան առաջինը լուսաբանում է փորձարարական փաստերի հանրագումարը»։[2] Այս ելակետային մոտեցումը գիտական արժանահավատության յուրատեսակ փայլ է տալիս աշխատանքին, ընդգծում հեղինակի հետազոտող-վերլուծող խառնվածքը։


[2] Բերված է՝ Երնջակյան Ա., Հորացիոյի գաղտնիքը, «Ով ով է» Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսում, Եր, Զանգակ հրատ, 2022թ.


Եվ այսպես՝ որտե՞ղ փնտրենք գաղտնախորհուրդ Հորացիոյին։ Հռետորական հարցադրման նախնական պատասխանը տեսնում ենք գրքի «Հորացիոյի կերպարի ընտրությունը» գլխում «Հորացիոյի նախատիպը պետք է փնտրել միայն պոետների մեջ» (էջ 140)։ Սա Երնջակյանի առաջին ակնարկն է՝ մինչ վճռական եզրակացություններ անելը։ Թվում է՝ շեքսպրիյան կերպարին՝ Հորացիոյին, հռոմեական գրականության «ոսկեդարի»  ներկայացուցիչ Քվինտոս Հորացիուս Փլակոսի հետ նույնացնելը վիճելի և խոցելի տեսություն կարող է լինել, սակայն պետք չէ շտապել ․․․ Հետազոտող հեղինակը վկայակոչելով և զուգահեռաբար ներկայացնելով հին հունական ողբերգության անվանի տեսաբան ՎՆ Յարխոի «Հին հունական գրականություն ողբերգություն» աշխատության մեջ հին հունական խորոսին վերագրվող ութ հիմնական առանձնահատկությունները, բավականին համոզիչ և տրամաբանական զուգահեռներ է տանում Համլետ ողբերգության մեջ Հորացիոյի զբաղեցրած դիրքի և դերի վերաբերյալ։ Մասնավորապես, հունական ողբերգության մեջ կորիֆայոսի գործող անձանց հետ հաճախակի առնչությունը համեմատվում է Հորացիոյի և մյուս գործող անձանց սերտ հարաբերությունների օրինակների հետ։ Կամ, կորիֆայոսի և գործող անձանց երկխոսությունների և ռեպլիկների մեկնիչը լինելը զուգահեռվում է Հորացիոյի համանման վարքագծի հետ: Ինչպես նաև ստեղծագործության կառուցվածքում Կորիֆայոսի և Հորացիոյի ներածական, նախազգուշացնող և ավարտական, ամփոփիչ գործառույթներն ու այլաբնույթ նմանությունները:

Իհարկե պատկերավոր, հետաքրքաշարժ և նորարար զուգահեռներն ու համեմատությունները գրավում, զարմացնում են ընթերցողին, յուրատեսակ ինտրիգային մթնոլորտ ստեղծում, բայց դրանով երնջակյանական պրպտուն միտքը չի սահմանափակվում։ «Ով ով է Շեքսպիրի պիեսներում» գլխում հեղինակը բավականին մանրակրկիտ անդրադառնում է Շեքսպիրի գրական ժառանգությանը, մասնավորապես՝ դրամատուրգիական գործերի ստեղծմանը, դրանցում ընդգրկված կերպարների նախատիպերին։ Հետաքրքրաշարժ պատմություններն ու լեգենդները, որոնք հյուսվել են մեծ դրամատուրգի անվան շուրջ, արժանահավատ աղբյուրների վկայակոչմամբ մանրամասնում են ինչպես Օթելոյի, Լիրի, Մակբեթի, այնպես էլ՝ Համլետի կերպարների նախատիպերին։ Կարելի է ասել՝ նախապատրաստում Հորացիո-Հորացիուս նույնականության տեսության ապացուցման փորձը։ Սկզբում հեղինակն իր այս թեզը պատճառաբանում և բացատրում է Անգլիայում լատինական մշակույթի խորը ազդեցությամբ, որի հիմքը դրվեց Հենրի VIII-ի թագավորության շրջանում և մեծ տարածում գտավ Եղիսաբեթ թագուհու գահակալության օրոք։ Լատիներենի հանդեպ անսահման հետաքրքրությունը հասավ ընդհուպ մինչև համալսարաններում լատիներենի պարտադիր դասավանդման օրենքի ընդունմանը։

Ինչպես գիտենք դա Վերածննդի՝ Ռենեսանսի ժամանակաշրջանն էր։ Տեղի էր ունենում անտիկ մշակույթի և գրականության, փիլիսոփայության վերաիմաստավորում, վերածնում։ Վերածննդի գաղափարական հիմքը հռոմեական հումանիզմն էր։ Սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիր Պրոտագորասի «Մարդը չափանիշն է բոլոր իրերի» դրույթը որպես ուղենիշ։ Մարդու ապրումները, ներաշխարհը դարձան Վերածննդի շրջանի գրականության և արվեստի գլխավոր թեմաները, քանի որ նրան իբրև տիեզերքի կենտրոն ու բնության ամենակատարյալ ստեղծագործություն էին ընկալում։ Վերածնունդը համարում են անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածման մշակութային շարժում։ Լատինական գրականության նորարական զարթոնքը, որին, ըստ շատ հետազոտողների, այդ թվում նաև Արա Երնջակյանի, հետամուտ է եղել Շեքսպիրը։ Վկայակոչելով փաստեր Շեքսպիրի  լատիներենի իմացության և իտալական գրականության և մշակույթով գրավված լինելու վերաբերյալ, հեղինակը, հանգում է այն եզրակացության, որ «արքայազնի ողբերգությունը համայն աշխարհին պատմելու պարտավորությունը Շեքսպիրը թողնելու էր հենց հռոմեացի պոետին»։ (էջ 147)

Ինչևիցե, որտե՞ղ փնտրենք Հորացիոյին, հարցադրման երկրորդ պատասխանը գտնում ենք գրքի վերջում՝ «Քվինտուս Հորացիուս Փլակկուսը պատասխանում է շեքսպիրագետների հարցերին» գլխում։ Դատողություններն ի վերջո խտացվում են այս հատվածում՝ հեղինակի և ընթերցողի համար պարզելով բոլոր հարցերի պատասխանները։ Առաջադրելով հարց, թե ինչո՞ւ Շեքսպիրը բացահայտ չի նշում Հորացիուսի մասին, ինչպես Դանթեն հռոմեացի պոետ Վերգիլիոսին իր «Աստվածային կատակերգության» մեջ է ներմուծում: Վերգիլիոսն ուղեկցում է Դանթեին դժոխքում, Համլետին Էլսինորը դժոխք է թվում։ Երնջակյանի կարծիքով՝ ի դեմս բնութագրական ընդհանրությունների, մենախոսությունների որոշակի համախոսություններ՝ համեմատական եզրերը սակավ չեն, և դրանց հանրագումարից ելնելով էլ, ի վերջո, դեդուկտիվ (բխեցում) մեթոդով հանգում այն եզրակացության, որ Հորացիոն այնուամենայնիվ հռոմեացի է, քանի որ պիեսում ոչ մի ակնարկ չկա նրա դանիացի լինելու վերաբերյալ։

Արժեքավո՞ր է արդյոք տվյալ եզրահանգումը, և առհասարակ՝ Արա Երնջակյանի շեքսպիրյան այս աշխատությունը, իհարկե այո՛, քանի որ իր դատողական նորահայտությամբ բավական հետաքրքրաշարժ է։ Իսկ թե ինչ հանգրվան ու հետագա ճակատագիր կունենա այն հայ շեքսպիրագիտութան երկնակամարում կորոշի իր քմահաճ կամքից անկախ արդարամիտ ժամանակը․․․․

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

1367 հոգի