15.06.2024 23:48
Թատրոնի պատմությունը հարուստ է դերասանական ընտանիքների օրինակներով` ծնողներ ու երեխաներ, եղբայրներ ու քույրեր, ովքեր ընտրել են կյանքի նույն ուղին, մասնագիտությունը, դարձել հայտնի մարդիկ և վաստակել հանդիսատեսի համակրանքն ու սերը: Զարմանալի չէ, որ ստեղծագործ մարդկանց զավակները մեծանալով նույն մթնոլորտում, գնում են իրենց ծնողների հետքերով: Զարմանալի է, երբ ոչ արվեստագետի ընտանիքում մեծացող երեխաները, որոնց համար ճակատագիրն այլ ուղիներ է պատրաստել, զրկել ընտանիքից, նույնիսկ, նույն մթնոլորտում մեծանալու հնարավորությունից, ընտրել են միևնույն մասնագիտությունը և դրսևորվել որպես պրոֆեսիոնալներ: Խոսելու ենք Թամրազյան քույրերի մասին:
Վարդուշ (Վարդուհի) և Մարուսյա Թամրազյանները ծնվել են Օսեթիայի Օրջոնոկիձե քաղաքում: Հոր հիվանդության պատճառով տեղափոխվել են Երևան: Կարճ ժամանակ անց մահացել է հայրը, հինգ երեխաների խնամքը թողնելով մոր ուսերին: Մայրը կարողացել է իր խնամքի տակ պահել փոքր երեխային, մյուսներին` այդ թվում Մարուսյային, հանձնել է մանկատուն, իսկ Վարդուշին իր խնամակալության տակ է վերցրել էսկադրոնի հրամանատար հորեղբայրը: Պատմում են, որ Վարդուշիկը հաճախ է երգել ու պարել զինվորական ակումբում տրվող համերգների ժամանակ: Հորեղբայրը, նկատելով, որ աղջիկը երաշժտական ընդունակություններ ունի, սովորելու է ուղարկել երաժշտական ուսումնարան, որտեղ ուսանել է Ան. Տեր-Ղևոնդյանի, Միքայել Միրզոյանի և Թաթուլ Ալթունյանի մոտ: Մեկ տարի անց, աղջնակը անսամբլի կազմում մասնակից է դարձել Մոսկվայում հայկական արվեստի առաջին տասնօրյակին: Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է թատերական ուսումնարան, որտեղ նրա բեմական խոսքի ուսուցիչն եղել է Արուս Ոսկանյանը: 1941 թվականին ավարտելով դրամատիկական դերասանի դասընթացը, դերասանուհին ընդունվել է Երևանի երաշժտական կոմեդիայի թատրոն: Բայց դրամատիկական դերասանուհու ձգտումները նրան տարել են Գորիսի միջշրջանային թատրոն: Այստեղ նրա առաջին պատասխանատու դերը եղել է Լարիսան` Նաիրի Զարյանի «Վրեժում», ապա` Մաշենկա («Մաշենկա»), Վալյա «Ռուս մարդիկում» (Սաֆոնովի դերում հանդես է եկել Հրաչյա Ներսիսյանը), Վալյա («Ցասում»), Սվետլանա («Հրաբխի վրա»), Զոյա («Զոյա»), Նազենիկ («Այրող դիմակ»), Արմենուհի («Արմենուհի»)...
1943 թ. Տիգրան Շամիրխանյանը Գորիսի թատրոնում բեմադրել է Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար` խելոք» պիեսը: Դիանայի դերում հանդես է եկել Վարդուշ Թամրազյանը: Այս դերը մամուլում գտել է իր արձագանքը, և քննադատները նկատել են, որ նրա գեղջկուհու կերպարն ամբողջական է: Կարծում ենք, որ Տ. Շամիրխանյանը նույնպես գոհ է եղել, որովհետև այս դերակատարումից հետո` 1944 թվականից դերասանուհուն տեսնում ենք Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այս թատրոնում խաղացել է Հերմիա («Ամառային գիշերվա երազ»), Տոմկա («Աղջիկներ»), Կլարիչե («Երկու տիրոջ ծառան»)... ՊՀԹ-ի ստեղծագործական կյանքում նշանակալից իրադարձություն է եղել Շեքսպիրի ստեղծագործության («Ամառային գիշերվա երազ») բեմադրությունը: Առիթն եղել է հեղինակի ծննդյան 380-ամյակին նվիրված համամիութենական 6-րդ կոնֆերանս-ֆեստիվալը, որ պետք է տեղի ունենար Երևանում: Այս գործն առաջին անգամ էր ներկայացվելու հայ հանդիսատեսին:
Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ ստեղծագործությունը չի ունենցել բեմական պատմություն և բեմադրական ավանդույթներ: Դժվար խնդիր է դրված եղել ստեղծագործական անձնակազմի առջև, որը պատվով է հաղթահարվել: Ռեժիսորն է եղել Տիգրան Շամիրխանյանը: Պարերը բեմադրել է Սրբուհի Լիսիցյանը: Ներկայացումն աչքի է ընկել իր գունագեղությամբ և հեքիաթային մթնոլորտով (նկարիչ` Ա. Միրզոյան): Ներկայացումը ռեժիսորի, դերասանների, ամբողջ կոլեկտիվի նվաճումն է դարձել և մեծ դեր խաղացել թատրոնի ընդհանուր ոճի մշակման գործում: Ամեն ինչ եղել է չափի մեջ, յուրովի զուսպ և զերծ հավելյալ պաճուճանքից: Վարդուշ Թամրազյանի Հերմիան բնորոշվել է ուժեղ և վճռական: Ցավոք, հիացական խոսքերը շատ են, բայց չկան խաղի մանրամասները նկարագրող հատվածներ: Կարող ենք նշել միայն, որ ներկայացումը գնահատվել է Ա. Ջիվիլեգովի, Մ. Մորոզովի, Յու. Յուզովի, Գ. Գոյանի, Ա. Վասաձեի և այլոց կողմից[1]: Նկատում են, որ մեծ աճ են ապրել թատրոնի դերասանները, այդ թվում նաև Վ. Թամրազյանը: Պատերազմի տարիներին այս ներկայացումը համարվել է ՊՀԹ-ի ստեղծագործական թռիչքի բարձրակետը:
Դերասանուհին աշխատել է նաև Շահումյանի շրջանային, Ալավերդու, Արտաշատի և Կամոյի թատրոններում: Այս թատրոնները նրա խաղացանկը հարստացրել են նոր դերերով. Դավիթ («Դավիթ Կոպերֆիլդ»), Ռուզան («Ռուզան»), Աննուշկա («Բանուկ կայարանում»)` Արտաշատի թատրոնում, Անույշ («Պաղտասար աղբար»), Սոնա («Չար ոգի»), Գագիկ («Մայրիկ»), Մանյա («Ուրիշի երեխան»), Ֆլորա («Գիշատիչ կինը»), Նանար («Վարդեր և արյուն»), Սուսան («Նամուս»), Վարդիթեր («Սոս և Վարդիթեր»), Սառա («Սպանված աղավնի»)` Նոր Բայազետի (այժմ` Գավառի) թատրոնում: 1954 թվականին Վարդուշ Թամրազյանին շնորհվել է Հայկական ՍՍՌ վաստակավոր դերասանուհու կոչում: Նրա անունը առավել կապվում է Լենինականի (այժմ` Գյումրու) թատրոնի հետ:
Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոն Վարդուշ Թամրազյանն ընդունվել է դերասանուհու ազատ հաստիքի համար հայտարարված մրցույթով: Թատրոնն այդ շրջանում փնտրել է նոր ձևեր, նոր պիեսներ և նոր, երիտասարդ ստեղծագործողներ: Նա հանդես է եկել Կեթի (Ալեքսիս Պարնիսի «Աֆրոդիտեի կղզին») դերով, և առաջին իսկ մուտքից, խաղընկերները նկատել են, որ գործ ունեն փորձառու և օժտված դերասանուհու հետ: Լևոն Աբրահամյանը գրում է. «Իր հերոսուհու ներաշխարհի ճիշտ ընկալումը և մտքերի պարզ ու անկեղծ դրսևորումը, ներքին ուժեղ շփումն իր խաղընկերների հետ, անչափ բնական և անմիջական վարքագիծը, նուրբ անցումները մի հոգեվիճակից մյուսը, սրանք նրա անժխտելի արժանիքներն են, որոնք լիովին բավարարություն տվին մեր սպասումներին: Նրա անդրանիկ ելույթը լենինականյան բեմում պսակվեց ակնհայտ հաջողությամբ»[2]: Աբրահամյանի շատ կարևոր գնահատականից պարզ է դառնում, որ դերասանուհու բեմական վարքագիծը եղել է օրգանական: Ուշադրություն հրավիրենք «ներքին ուժեղ շփում խաղընկերների հետ» արտահայտությանը: Խոսքը բեմական հաղորդակցության մասին է: Բեմում արդյունավետ շփումը ենթադրում է միմյանց տեսնել ու լսել, որն էլ պահանջում է խաղընկերոջ խոսքը, կամային նշանը ընկալելու և գնահատելու կարողություն: Գործող անձի մի հոգեվիճակից մյուսին անցնելու կարողությունը, նույնպես, խոսում է դերասանուհու վարպետության մասին:
1961 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը հրդեհվել է թատրոնի շենքը: Բայց թատերական կյանքը, բարեբախտաբար, չի ընդհատվել: Վերակառուցված թատրոնը բացվել է տեղի հայկական թատրոնի հիմնադրման 100-ամյա հոբելյանական տարում` 1965 թվականին: Թատրոնին նվիրված հոդվածներում, կարող ուժերի մեջ կարդում ենք նաև Վարդուշ Թամրազյանի անունը: Այս թատրոնում դերասանուհին խաղացել է Աննա («Սայաթ-Նովա»), Ջեննի («Մարիա Թյուդոր»), Կեթի («Աֆրոդիտեի կղզին»), Ռուզան` համանուն պիեսում, Հեղինե («Հեղինեի առևանգումը»), Ռոզաուրա («Վենետիկյան երկվորյակներ») և այլն: Նրա Աննայի դերակատարումը` Լ. Աբրահամյանի «Սայաթ-Նովա» դրամայում, առանձնակի ուշադրության է արժանցել: Թատրոնի հոբելյանին նվիրված մամուլում տպագրվել են ներբողներ` «Ի պատիվ նրանց, ովքեր թատրոնում են»: Յուրաքանչյուր դերասանից առանձնացվել է մեկ դեր, որ տպավորվել է հանդիսատեսի մոտ: Արտավազդ Փաշայանի Քաջ Նազարի, Ժաննա Թովմասյանի Շամիրամի, Նինա Բոխյանի Ամալյայի, Արուս Ազնաուրյանի Ջուլիետի կողքին, նշվում է Վարդուշ Թամրազյանի Աննան.
Ինձ թվում է` Սայաթ-Նովան
Այն աշխարհից թե
դառնար ետ,
Քո Աննային կշփոթեր
Իր իսկական Աննայի հետ[3]:
Մեկ այլ հոդվածում գրում են. «Յուրահատուկ տեղ է գրավում Թամրազյանի Աննան` «Սայաթ-Նովա» հոբելյանական (ներկայացումը նվիրված է եղել Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին- Ն.Շ.) բեմադրության մեջ: Դա մի հաճելի նորություն էր արտիստուհու և մի հաճելի անակնկալ հանդիսատեսի համար: Հարազատորեն վերարտադրելով իր անձնավորած հերոսուհու փոթորկոտ ներաշխարհը, հույզերն ու տառապանքները, արտիստուհին կարողացավ անկեղծորեն հուզել հանդիսատեսին իր անմիջական խաղարվեստով»[4]: Սայաթ-Նովայի դերում հանդես է եկել Արտավազդ Փաշայանը:
Լևոն Հախվերդյանը դերասանուհուն համարել է անձնավորման արվեստի լավ օրինակ` հիշելով Հ. Պարոնյանի «Ալաֆրանկա» (ռեժ.` Վարուժան Խտշյան) արձակ գրվածքի բեմադրության մեջ Աննիկի դերակատարումը[5]: Պարոնյանի այս երկը Գառնիկ Ստեփանյանի միջոցով է հայտնի դարձել ընթերցողին: Հեղինակն այն գրել և հրապարակել է թուրքերեն, ինչպես Հախվերդյանն է ասում. «ընդդեմ նկարագիրը կորցնող պոլսահայ ընտանիքների»[6]: Գ. Ստեփանյանն է հայտնաբերել, թարգմանել և հրապարակել «Ալաֆրանկա» - ն: Արձակ երկը բեմավորվել է և խաղացվել տարբեր թատրոններում: Լավագույն ներկայացումներից է եղել Լենինականի դրամատիկական թատրոնի Վ. Խտշյանի բեմադրությունը: «Ներկայացումն ունի այնպիսի կորագիծ` սկսվում է իբրև անհոգ ծիծաղի կատակ, ավարտվում իբրև տրտմալի պատմություն, ասել է թե` մենք գործ ունենք տրագիկոմեդիա կոչվող թատերական հյուսվածքի հետ»[7]: Հոդվածի հեղինակի նկարագրությունից պարզ է դառնում, որ ներկայացումը եղել է թատերայնորեն տպավորիչ, հագեցած կատակերգական և դրամատիկական գույներով: Եվ այս ամբողջության մեջ, դերասանուհին ինքն էլ եղել է հետաքրքիր, շարժվել է թեթև ու վստահ, խոսել անճիգ, արևմտահայերենի ճիշտ հնչողությամբ, «Պարոնյանի դիալոգի համն առնելով ու հանդիսատեսին հաղորդելով»[8]: Դերասանուհու բնական խոսքի և խաղընկերների հետ շփման մշակույթի մասին խոսում են գրեթե բոլոր թատերախոսներն ու հոդվածագիրները: Չմոռանանք, որ նրա բեմական խոսքի ուսուցիչն է եղել Արուս Ոսկանյանը: Լուիզա Սամվելյանը Օստրովսկու «Անտառի» բեմադրության մեջ Թամրազյանի Ուլիտայի մասին գրում է. «Ռուսական կոլորիտի զարմանալի զգացողություն է ցուցաբերել Ա. Գյոդակյանը Վոսմիբրատովի դերում: Նույն սկզբունքը իրականացնելու հաջող փորձ է արված Ուլիտայի կերպարում, մասնավորապես ներկայացման երկրորդ կեսում: Վարդուհի Թամրազյանը, որ երկար տարիներ հերոսուհիների դերակատար էր, այստեղ ցուցաբերել է իր ձիրքի դյուրաթեքությունը: Գիշերային տեսակցության տեսարանում այնքան մարդկային ինտոնացիաներ է նա գտել մինչև այդ արգահատելի թվացող Ուլիտայի համար»[9]: Դարոնյանն ավելացնում է, որ. ««անտառային» կյանքի այլանդակությունը ներկայացման մեջ ավելի ցայտուն է դրսևորված Ուլիտայի կերպարի միջոցով: Ուլիտայի դերով հոյակապ է վաստ. արտիստուհի Վ. Թամրազյանը, որն ստեղծել է մարդկային կերպարանքը կորցրած, տիրուհու առջև սողացող, շողոքորթ կնոջ գրոտեսկային կերպարը»[10]: Վարդուհի Թամրազյանի Ուլիտան Արզո Արզումանյանի Սչաստլիվցևի հետ միասին համարվել է կոմիկական զույգի լավագույն դրսևորում, նրանք ստեղծել են ներկայացման կոմիկական տարերքը. ««Անտառում» ևս կա մի կոմիկական զույգ` Ա. Արզումանյան և Վ. Թամրազյան: Նրանք, ըստ էության, ստեղծում են ծիծաղով հագեցած մթնոլորտ, հանդիսականին պահելով «կոմիկական ալիքի» վրա»[11]:
Լավագույն դերերից է համարվել նաև Ռուզանը (Մուրացան «Ռուզան»): Վարդուշ Թամրազյանի հերոսուհին եղել է քնարական ռոմանտիկական կերպար, ներկայացել է մեղմ ու զուսպ. «հեզահամբույր Ռուզան` ահա այս մղումն է առաջնորդել Թամրազյանին: Շնորհալի դերասանուհին ոչ հազվադեպ ստիպում է հանդիսականին վերապրել Ռուզանի հոգեկան դրաման: Նրա հերոսուհին օժտված է մանկական անկեղծությամբ և անհուն հավատով` շրջապատի նկատմամբ: Թամրազյան-Ռուզանը միաժամանակ նրբանկատ է և ունի փափուկ, զգայուն սիրտ: Որպիսի ներքին զսպվածությամբ ու սեփական արժանապատվության խոր գիտակցումով է նա պատասխանում Համտունի առաջարկությանը, չխորտակելով համեստության սահմանները: Ներսեհի նկատմամբ տածած անչափ սերն էլ նա արտահայտում է նույնպիսի զուսպ բեմապատկերներով»[12]:
Բեմական կենսագրության մեջ բազմամզան են եղել Վարդուշ Թամրազյանի ստեղծած կերպարները: Խաղացել է և´ տղաների (ԴավիթԿոպերֆիլդ, Սերյոժա «Ես ուզում եմ տուն վերադառնալ»), և´ հերոսուհիների, և´ խարակտերային դերեր: Եղել են և´ դրվատանքի խոսքեր, և´ քննադատական հոդվածներ: Դերասանուհին Լենինականում աշխատել է մինչև 1988 թվականը: Վախճանվել է 2006 թվականին:
Կյանքում անցնելով դժվարին ճանապարհ, ուժերի առավելագույն չափով, փորձել է օգնել քրոջը` Մարուսյային: Ամուր է եղել քույրերի կապը: Պատերազմի ծանր օրերին. «քույրը ձեռքն ընկած ամեն ինչից բաժին էր հանում Մարուսիկին և որևէ մեկի միջոցով ուղարկում կամ ինքն էր բերում»[13]: Փոքր քրոջ ուսման տարիներին և հետագայում ծանր հիվանդության շրջանում հոգ է տարել կրտսեր քրոջ մասին: Նրա անցած ճանապարհը մեծ ազդեցություն է ունեցել Մարուսյայի վրա, ում մասին կխոսենք հաջորդիվ:
Օգտագործված գրականության ցանկ
[1] Ավագյան Խ., Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն. 1929-1970, Եր., ՀԹԸ, 1973, էջ 77:
[2] Աբրահամյան Լ., Վարդուշ Թամրազյան, ԳԱԹ, Վ. Թամրազյանի ֆոնդ, թիվ 171:
[3] Սարգսյան Վ., Ի պատիվ նրանց, ովքեր թատրոնում են, ԳԱԹ, Վ.Թամրազյանի ֆոնդ, թիվ 173:
[4] Փաշայան Ռ., Շնորհաշատ արտիստուհին, ԳԱԹ, Վ. Թամրազյանի ֆոնդ, թիվ 172:
[5] Տես, Հախվերդյան Լ., Թատերաշրջանի դասերը, «Գրական թերթ», 10 հոկտ., 1980:
[6] Հախվերդյան Լ. Երկրորդ հանդիպումը բեմադրողի և առաջինը` դերասանի հետ, «Գրական թերթ», 8 օգոստ., 1980:
[7] Նույն տեղում:
[8] Նույն տեղում:
[9] Սամվելյան Լ., «Անտառ», «Սովետական Հայաստան», 21 փետրվ., 1969:
[10] Դարոնյան Ս., «Անտառ», «Գրական թերթ», 14 փետրվ., 1969:
[11] Դարոնյան Ս., Կլասիկան և արդիականությունը, «Բանվոր», 9 փետրվ., 1969:
[12] Մադոյան Ռ., «Ռուզան»-ի երկրորդ բեմադրությունը, «Բանվոր», 25 դեկտ., 1962:
[13] Գրիգորյան Վ., Մարուսյա Թամրազյան, Երևան, ՀԹԸ, 1975, էջ 62: