Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Խատուտիկի գինին` շշալցված ամառը (յուրաքանչյուր շիշն ամռան մի կենդանի օրն էր իր մեջ ամփոփում)։ Հանդիսատեսը կանաչ կտուրների քաղաքում էր, ուր ապրում էին երջանիկ մարդիկ, չնայած նրան, որ նրանք կյանքի բոլոր համերին ծանոթ էին. հենց իրենք էին մարմնավորում թախիծն ու ուրախությունը, սկիզբն ու վերջը, հույսն ու հուսալքումը, հիշողությունը և մոռացումը, կյանքը` իր բոլոր պարտադիր բաղադրիչներով, գույներով ու համերով։ Ովքե՞ր էին նրանք։

Քամու արագությամբ անցնող տարիները տիկին Բեթլիի (Կարինե Զանջուղազյան) դարակները լցրել էին ապրած կյանքի վկայություններով ,որոնցից ազատվելով `նա վճռեց ապրել ներկայով։ Գնդապետ Ֆրիլի (Դավիթ Հակոբյան) մի ծերուկ անատամ ժպիտը դեմքին։ Երեխաների շուրթերից հնչող ճշմարտության համաձայն` հենց նա էր ժամանակի մեքենան, հեռուներ հասնող իսկական ճամփորդը, ով իր իմաստությունն էր բերել. «Պատերազմում հաղթողներ չկան»։ Հազարաձեռ տատը` հազարաշնորհ Տաթև Ղազարյանը, ում խոհանոցից էր սկսվել աշխարհը, ում հետաքրքիր էր մահվան համը ճաշակելը, ով չէր վախենում. գիտեր` ոչ ոք չի մեռնում, եթե ընտանիք ունի։

Ջոնաս (Գագիկ Մադոյան), ով հնարավոր էր դարձնում տարբեր մշակույթների փոխթափանցումը, նա գիտեր, որ մեկի համար անպետք բանը մյուսի համար ճոխություն է։ Պապը (Սերգեյ Թովմասյան), ով համախմբում էր բոլորին իր անմահության թուրմով` խատուտիկի գինով `բերելով իր ճշմարտությունը .«Պետք է հաշվի առնել կյանքում այն, ինչը համ ու հոտ ունի»։ Լեո Աուֆման (Արման Նավասարդյան), ով հանձն էր առել ստեղծելու երջանկության մեքենա ,բայց դեռ չէր հասկացել. այն մարդուն պիտի իր գրպանում տեղավո րի ,թե հակառակը...հասկացավ, պատուհանից ներս նայեց ու տեսավ հազարավոր տարիներ առաջ հորինված, միշտ չէ, որ շ~ատ լավ, բայց գործող մեքենան։

Լինա Աուֆման (Ալլա Սահակյան),ով պետք է երջանիկ դուրս գար Լեոյի ստեղծած մեքենայից,բայց... ֊Ու՞մ է պետք, որ մայրամուտը հավերժ լինի,մենք այն սիրում ենք,որովհետև մեկ անգամ է լինում ու անցնում։ Դագլաս (Նարեկ Բաղդասարյան) 12֊ամյա տղա, ով բացահայտեց աշխարհը, ում գլխով ինչ ասես անցավ. կորցրեց ընկերոջը` եղբորից պահանջելով չմեռնել ու միշտ իր հետ մնալ, կորցրեց տատին, ով պիտի հավիտյան ապրեր, ու նոր֊նոր հայտնագործած «ես ողջ եմ» արտահայտությունը փոխարինվեց. «Ուրեմն մի օր ե՞ս էլ պետք է...»։ Կարևորն հիման է։ Բնության գլուխգործոց մարդը հենց ինքը մի կարարյալ  «մեքենա» է, ով կարող է ճամփորդել ժամանակի մեջ` անցյալից ներկա, հետո` ապագա...և կարող է երջանկացնել ու շարունակել իր նմանին։ Այս ներկայացումը ըստ արժանվույն ներկայացնելու համար պետք է Նարինե Գրիգորյանի նման գերմարդ լինես, ավաղ, չեմ կարող:

Հանդիսատեսի աչքը չէր կտրվում բեմի ինքնատիպ ձևավորումից,աչք շոյող գույներից, մանուկի աչքերով երևացող մեծ֊մեծ գդալներից, կաթսայից,տորթից..., հիացմունքի արժանի դերասաններից, պայծառ երեխաներից, իսկ ականջներում պահում էր Ռոզ հորաքրոջ (Կարինե Ծատուրյան) վարակիչ ծիծաղը։ Նույնիսկ ընդմիջման սկիզբն ու վերջն ազդարարելն ու դերասանների բեմ դուրս գալն էին արվեստով լի։ Ավարտ` հանդիսատեսը շտապում է ապրելու հասատակամությամբ` իր հետ տանելով այդքան կարևոր միտքը. Ես ողջ եմ,ողջ եմ,ողջ... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, անչափ սիրելի, տաղանդավոր ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ, այս հրաշքին հաղորդակից դարձնելու համար։

02.06.2024

ԼՈւՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆ

1267 հոգի