09.05.2024
Ի՞նչ է արվեստը և ով է արվեստագետը: Հարցման այս երկու խոշոր առանցքների շուրջ է պտտվում Արման Գրիգորյանի ստեղծագործական աշխատանքը: Հնարավոր պատասխանները ստանալու համար գերադասելի է հետևել պրակտիկաներին, որոնք անցում են նրա արվեստով: Գաղափարը, որ կարելի է դուրս բերել այնտեղից շատ պարզ է, արվեստն ինքնին իր բնույթով պարփակ մի բան չէ։ Այն լոկ դատարկ, հետևաբար նաև ազատ մի տարածություն է, որտեղ արվեստագետը կարող է իրեն թույլ տալ ասել կամ անել այն ամենը, ինչը կապված է իր անձի հետ, և առնչվում է շրջապատող իրականությանը - միակ տեղը, որտեղ յուրաքանչյուրին թույլատրվում է ասել կամ անել բաներ, որոնք չեն կարող արվել կյանքի այլ ոլորտներում: Արվեստի այս գոյաբանությունը սուբյեկտին նախատեսում է արտոնյալ տեղ: Հետևաբար այն ոչ միայն ազատ տարածություն է, այլև հնարավորություն, գլխավոր այն միջոցը, որը քեզ թույլ է տալիս արտադրել քո սուբյեկտիվությունը և լինել ինքդ քեզ հետ: Բայց ինքդ քեզ հետ լինելը որևէ կերպ չի նշանակում մերժել կամ բացառել մեկ ուրիշին։
Արման Գրիգորյանը համոզված է, որ պետք չէ ազատությունը փնտրել մեկուսացման մեջ։ Նա դեմ է ասկետական այն մենությանը, որն իր հետ բերում էր ռոմանտիկ արվեստագետը: Արվեստագետի համար լինել ինքդ քեզ հետ նշանակում է լինել մյուսների հետ: Քայլը, որ նա կատարում է այդ ճանապարհին, անսպասելի է: Իրականության հետ իր հարաբերության մեջ ինքը չէ, որ գնում է նրան ընդառաջ, այլ իրականությանը թույլ է տալիս խոսքի և տարասեռ մեդիայի բոլոր ձևերով տիրել իր կացարանը: Բացելով իր տան դուռը այդ հնչեղ արտահայտությունների առջև՝ արվեստագետն ինքը, ասես, դուրս է գալիս պատուհանից՝ հետևելու համար ներկայացումը դրսից: Այս տեղաշաժի, խորհրդանշական այս կրկնակիացման միջոցով նա կերտում է մի սուբյեկտ՝ հավաքական մի ատյան և մի վիրտուալ ասացող: Ասես ինքը չէ, որ խոսում է, այլ մեկն իր ներկայացուցիչներից. պատմողի և նկարագրողի դերով օժտված մի միջնորդ, ով ներկայացնում է արդիության ողջ պատմությունը՝ իր բոլոր հոդավորումներով (արվեստային ոճեր ու մշակութային պրակտիկաներ, հոգեբանական ուսմունքներ ու տեսություններ, քաղաքական դիսկուրսներ և սոցիալական վարքեր)...
Նյութի աբյուրը՝ ԱՐԷ կատարողական փառատոնի պահոց՝ 2018թ