24.05.2024
Երեսուն տարի բեմի վրա դու
Դեմքն ես կերտել մարդակեր մարդու
Եվ որքա՜ն տքնել, աշխատել անդուլ,
Որպեսզի այսօր առո՜ւյգ, զվարթուն
Դեմքը պատկերես մարդակերպ մարդու...
Ողջո՜ւյն քեզ, Հասմիկ, և կյանք անհատնում:
Եղիշե Չարենց
Առաջին դերասանուհիների բեմական գործունեությունը, մասնագիտական արժանիքներից բացի, պատմության համատեքստում դիտվել է նաև որպես սխրանք: Ընտրելով թատերարվեստի ճանապարհը` նրանց կյանքն ընթացել է տառապանքով ու պայքարով, ողբերգական բախումներով: Պատահական չէ, որ Միքայել Նալբանդյանը «Արևելյան թատրոնի» բացմանը` 1861 թ. դեկտեմբերի 14-ի իր ելույթում կոչ է արել երբեք չմոռանալ առաջին դերասանուհիների անունները. «Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատրոնաբեմի վերա: Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ, և հաղթելով նորանց հրապարակ իջան: Կեցցեն»[1]:
Թերթելով թատրոնի պատմության էջերը, տեսնում ենք, որ հասարակության նախապաշարումներից, քամահրական վերաբերմունքից ազատված չեն եղել նույնիսկ մի քանի սերունդ հետո ստեղծագործող դերասանուհիները: Այս տարի լրանում է դերասանուհի Հասմիկի (Թագուհի Հակոբյան) ծննդյան 145-ամյակը, ում անցած ճանապարհը մարտահրավեր էր կնոջ մասին հասարակության ըմբռնմանը: Քիչ չեն առաջին ժողովրդական արտիստուհու կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող հոդվածները, հրատարակվել են ժողովածուներ, գիրք-ալբոմներ, տպագրվել են դերասանուհու հուշերը: Նրա արվեստի ըմբռնումները գալիս են ազգային թատերական դպրոցից` Սունդուկյանից և Չմշկյանից, Շիրվանզադեից և Աբելյանից: Ամուր կանգնած ազգային արվեստի հիմքերի վրա, նա ստեղծել է ոչ պակաս հետաքրքիր կերպարներ եվրոպական և ռուսական դասական պիեսներում: Հասմիկն այն դերասանուհիներից է, ում մեծարել են կենդանության օրոք, նա իրեն շրջապատող մարդկանց հմայել է և´ որպես մարդ, և´ որպես դերասանուհի: Նա արժանի խաղընկեր է դարձել Հովհաննես Աբելյանին, Գրիգոր Ավետյանին, Սիրանույշին, Վարդուհուն, Օլգա Գուլազյանին... Այս դերասանուհու հետ սիրել են աշխատել Լևոն Քալանթարն ու Արմեն Գուլակյանը: Նրա մասին շատ ջերմ է արտահայտվել Վարդան Աճեմյանը. «Նա մեր թատրոնի մեծ մայրն էր, մոր պես կաթոգին ու հարազատ, նա իր զարմանալի մեղմ ու բարի բնավորությամբ, անսահման համեստությամբ պաշտելի էր բոլորին»[2]:
Հասմիկի արվեստի մասին գրել են և´ նրա ժամանակակիցները, և´ նրան չտեսնողները` քննելով մամուլի արձագանքները, խաղընկերների հուշերը: Այսօր, ընթերցողին ենք ուզում ներկայացնել դերասանուհու բեմ բարձրանալու դժվարությունների մասին Գրականության և արվեստի թանգարանում պահվող հետաքրքիր մի նմուշի միջոցով: Բայց մինչ այդ, համառոտ ներկայացնենք դերասանուհու կենսագրության վաղ շրջանը:
Հասմիկի առաջին թատերական քայլերն կապված են դպրոցական տարիների հետ: Այս շրջանում շրջիկ թատերախմբերը երկրորդական դերերի համար դժվարությամբ էին դերասաններ վարձում, որոնք կարող էին իրենց հետ շրջել քաղաքից քաղաք, գյուղից գյուղ: Դժվար էր ամբողջական թատերախմբերի ծախսերը հոգալ: Ավելի հարմար էր դերակատարներ ընտրել հյուրընկալող քաղաքի թատերասեր երիտասարդությունից, ուսանողներից կամ սիրողներից: Ներկայացումները կառուցված են եղել մեկ-երկու անհատի նկատառումով, մյուսները օժանդակ դեր են կատարել: Հասմիկի ծննդավայր`Նախիջևան են այցելել Ստեփանոս և Ալմա Սաֆրազյանները և խումբ հավաքել: Հասմիկն ընդգրկվել է այդ խմբում, խաղացել փոքրիկ մի տղայի դեր: Թատերական արվեստն հմայել է նրան, և այլևս հանգիստ չի տվել: 1892 թվականին Թագուհին ամուսնացել է Հարություն Նազարի Հակոբյանի հետ, տեղափոխվել Թիֆլիս` մշտական բնակության: Ամուսինը թույլ չի տվել կնոջը դերասանությամբ զբաղվել: Բեմ բարձրանալու երազանքը չի լքել նույնիսկ այն ժամանակ, երբ ներկայացում դիտելն իսկ արգելել են: 1900-ական թվականների սկզբին երիտասարդ Թագուհին փորձել է ընդունվել Ստեփան Քափանակյանի թատերական ստուդիան, սակայն չունենալով ամուսնու համաձայնությունը, ռեժիսորից մերժում է ստացել:
Զարմանալի կենսագրություն ունի դերասանուհին: Նրա մասնագիտական կյանքը սկսել է չորս երեխաների ծնունդից հետո: Միայն 1904 թվականին, վերջապես, ստացել է Հարություն Հակոբյանի թույլտվությունը` մասնակցելու Թիֆլիսի ժողովարանի սիրողական թատերախմբի ներկայացումներին: Ամուսինը կնոջ առաջ երկու պայման է դրել` խաղալ միայն տարիքով կանանց դերեր, և աշխատանքի նպատակը չպետք է լինի գումար աշխատելը: Առաջին պայմանը Հասմիկը խախտել է երկրորդ դերից իսկ հետո (խաղացել է Քալի Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ» կատակերգության մեջ, Աննա` Ալեքսանդր Աբելյանի «Մարվող ճրագներում»), երբ առաջարկել են խաղալ Կեկելի դերը «Պեպոյում»: Երկրորդը ստիպված է եղել խախտել հանգամանքների բերումով: 1906 թվականին մահացել է դերասանուհու ամուսինը` չորս երեխաների խնամքը թողնելով կնոջը: Ընտանիքի հոգսերն ամբողջությամբ ընկել են Հասմիկի ուսերին: Հարազատներն ակնկալել են, որ դերձակություն կանի և կհոգա իր կարիքները: Բայց, նրանց համար անսպասելի, Հասմիկն ընդունվել է Արտիստական թատրոն: Նրա և ամուսնու հարազատները հասկացել են, որ ժամանակավոր հետաքրքրություն չէր դերասանությունը, այլ` «անվերադառնալիորեն» ընտրված մասնագիտություն, սկսել են հալածանքները: Այդ մասին, իրեն հատուկ անկեղծությամբ, Հասմիկը պատմում է իր հուշերում. «Մնացի համարյա թե մենակ, ինձնից երես դարձրին բոլոր բարեկամներս ու հարևաններս»[3]: Ամուսնու եղբայրը` Սիմոն Հակոբյանը, պահանջել է հրաժարվել ամուսնու ազգանունից, համարելով, որ եղբոր այրին խայտառակում է իրենց գերդաստանը: Դրա կարիքն ամենևին չի էլ եղել: Թագուհի Հակոբյանը բեմում հանդես է եկել Հասմիկ բեմական անունով (Հովհաննես Աբելյանը առաջարկել է հանդես գալ Աստղիկ` Սիրանույշի քրոջ անունով, բայց դերասանուհին նախընտրել է Հասմիկը: Աբելյանը դեմ չի եղել): Միակ մարդը, ով այդ օրերին աջակցել ու հասկացել է նրան, Հասմիկի ամուսնու մեծ եղբորորդին է եղել` Ալեքսանդր Հակոբյանը: Հայտնի չէ, դերասանուհու կյանքի օրոք, թե մահվանից հետո, Ալեքսանդրը հորեղբոր կնոջ կյանքի այդ շրջանը որոշել է պատմել ծաղրաշարի միջոցով: Ծաղրանկարների տետրը Գրականության և արվեստի թանգարանին է հանձնվել Հասմիկի մահից հետո: Հոբելյանի առթիվ, շրջանառության մեջ ենք դնում դերասանուհու թատերական կյանք մտնելու դժվարությունների մասին պատմող ծաղրաշարը: Նկարներն աչքի չեն ընկնում կատարողական հմտությամբ, բայց բովանդակությամբ և իրենց տեսակով եզակի են: Դրանք կոմիքսներ են հիշեցնում: Տետրը վերնագրված է` «1906-1910 թվականների հիշողություններից»: Ճիշտ հերթականությամբ պատմում են Հասմիկի հուշերի նշված ժամանակահատվածը: Տետրի վեջին էջում հեղինակը բացատրություն է գրել. «Տ. Հասմիկի բեմ դուրս գալու առթիվ ահագին բողոք բարձրացավ իր բարեկամների և շրջապատի մեջ, բոլորը երես դարձրին, սկսեցին հալածել արհամարհել սպառնալ և նույնիսկ թալանել: Իր տեգրները օգնելու փոխարեն (Հասմիկը ամուսնու մահից հեո մնաց չորս որբ երեխաներով) մուրհակներ էին ձեռք բերում և դատարանի միջոցով գումարներ պոկում: Հասմիկը մենակ էր, ոչ մի մխիթարանք ոչ ոքից չէր տեսնում: Նրա մխիթարանքը միմիայն բեմն էր և գեղարվեստը: Այս տետրում տրվում են տպավորություններ և հիշողություններ այդ ժամանակաշրջանում»[4]:
Առաջին նկարում, որ վերնագրված է «Ճշմարտության լապտեր», երևում է միայն Հասմիկի ձեռքը, որ լույս է գցել տգիտության մեջ խարխափող մարդկանց վրա:
Երկրորդը` «Ինչ աստիճաններով է բարձրանում Հասմիկը բեմ»: Աստիճաները պահող երեք հենասյուներ կան` անգրագիտություն, նախապաշարմունք, տգիտություն: Աստիճանները նույնպես բնութագրված են` բարեկամների ապստամբություն, բամբասանքներ, խռովություն, նախանձ, տգիտություն, սպառնալիքներ, ծաղր, թուքումուր, անեծք, հալածանք: Հասմիկը բեմ տանող աստիճաններն հաղթահարել է և հասել բեմին:
Երրորդն ու չորրորդը նույն էջի վրա են: Երրորդում` հարազատներով նոր ինտրիգներ են ծրագրում.
Սիմ.- Հ´ը, ի՞նչ ես կարծում, մեծ ապեր, մի նոր բարաթ եմ գրել... չսկսինք:
Նիկ.- Վատ չէ, վատ չէ...
Չորրորդում` «հարազատ-բարեկամը» զրուցում է Հասմիկի հետ. «Մենք անկեղծ խորհուրդ ենք տալիս քեզ թողնել բեմը, դու վարկաբեկում ես մեր ամբողջ ցեղը»:
Հինգերորդում, որտեղ դերասանուհուն շրջապատել են գազազած շներ, վերնագրված է «Տիկին Հասմիկի բարեկամների վրդովմունքը նրա բեմ դուրս գալու առթիվ»:
Վեցերորդ և յոթերորդ նկարները մեկ էջի վրա են: Վերևի մասում տեգրն է, որ բղավում է. «Ի՞նչ, տ. Հասմիկը համարձակվել է բեմ բարձրանալ... և ոչ թե դերձակ է դառել...», իսկ ներքևի մասում երեք տղամարդ փչում են ստի փուչիկը, որտեղ գրված է. «լուռ, իբրև տ. Հասմիկը ամուսնացել է ինչ որ ուսանողի հետ»:
Ութերորդը`«Հասարակական կարծիքը, ինչպես մի ծանր բեռ տանում ենք մեր ուսերի վրա չկարողանալով նրան հաղթահարել»:
Իններորդը երկու մասից է: Առաջինում գիրուկ հասարակական կարծիքը բազմած է աթոռին և նրա առջև կանգնած խոնարհ Սիմոնին (Հասմիկի տեգրոջը) հրաման է տալիս: Պատկերի թիկունքում նրանց երկխոսությունն է.
Հասարակական Կարծիք - Դուք իբրև տեքր պարտավոր եք գնալու Թագուհու մոտ և ստիպել նրան թողնել բեմը, կարող եք և ծեծել
Տեգր- լսում եմ...
Երկրորդ մասում Սիմոնը հաշվետու է հասարակական կարծիքին.
Հասարակական կարծիք - Ի՞նչ արեցիք, կատարեցի՞ք պատվերը
Տեգր - Այո, բայց երբ ես կամենում էի հացի սեղանով հարվածել, ուսանող Սաշան (Ալեքսանդրը) ինձ փառավորապես դուրս արեց տանից:
- Ոչինչ մենք Սաշային դուրս կանենք:
Հաջորդ նկարում Սիմոնը տանից դուրս է անում որդուն՝ Սաշային (համարակալված է № 15, բայց տետրում հղում կա, որ սա պետք է լինի իններորդից հետո)
- Դու դարձյալ կպաշտպանես Թագուհուն... Կորիր Էլ չտեսնեմ քեզ մեր տանը
Տասներորդը վերնագրված է «Անկեղծ» բարեկամներ»:
Տեգր (Թագուհուն) - Դու առհասարակ աշխատիր ոչ մի բանի մասին չմտածել, եղիր հանգիստ:
Տեգր - Եղի՜ր, եղի՜ ապեր ջան, քիչ է մնացել Տասնմեկերորդը վերնագրված է «Արդարություն», գրառումն է` Հասմիկի դեմ պայքարողների վիճակը:
Վերջում նկարված է «Բամբասանքի լաբորատորիան»[5], որտեղ երևում է թե ինչպես է պատրաստվում բամբասանքը: Ստի ծորակից ջուր է լցվում մեծ տակառի մեջ, որտեղ պատրաստող կինը պետք է ավելացնի համեմունքները: Իսկ թե ինչ համեմունքներ են դրանք, գրված է պահարանի մեջ շարված տարաների վրա`կեղծ, սուտ, ստորություն, նախանձ, ցինիզմ:
* * *
Հալածանքները չեն ընկճել արտիստուհուն: Տարիների հետ նրա ստեղծագործական կենսագրությունը հարստացել է նոր դերերով: Դերենիկ Դեմիրճյանը գրում է, որ նա ստեղծել է դպրոց, որն ուսումնասիրության նյութ պետք է դառնա: Հասմիկի կյանքը, դերասանական դիմանկարը, անձնվիրաբար արվեստին ծառայելու ձգտումը ուսանելի կարող է լինել երիտասարդ սերնդի համար:
Խոսելով դերասանուհի Հասմիկի մասին, շատերն են նշում նրա արվեստի պարզության և բնականության մասին: Արվեստում պարզությունը ամենաբարդ երևույթներից է, նկատենք, որ խոսքը պարզունակության մասին չէ: Այն արվեստի էական որակներից է և համեմատական է գեղեցկության հետ: Այդ պարզության և գեղեցկության համադրության մեջ է Մարտիրոս Սարյանը տեսել դերասանուհուն. «Հասմիկը իր անունի իսկական տերն էր: Ես այդպես էլ նկարել եմ նրան, հասմիկի` ծաղիկի պես...»[6]:
Դերասանուհին իր խառնվածքով, դերասանական նկարագրով մեզ ներկայանում է իսկական հայ կնոջ և հայ դերասանուհու կերպարով:
Օտագործված գրականության ցանկ
[1] Միք. Նալբանդյան, Ազգային թատրոն Պոլսի մեջ, «Մեղու», 1861, № 147էջ 227:
[2] Վ. Աճեմյան, Հասմիկականը, Բաղդասարյան Ն.(կազմող), Հասմիկ (Ժողովածու-ալբոմ), Երևան, ՀԹԸ, 1972, էջ 116:
[3] Հասմիկ, Թատերական հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1947, էջ 68:
[4] ԳԱԹ, Հասմիկի ֆոնդ, № 9 (III)
[5] Համարակալված է № 15, բայց հաջորդում է № 11-ին, նախորդող նկարներ չկան:
[6] Մ. Սարյան, Գերող տաղանդ, Բաղդասարյան Ն.(կազմող), Հասմիկ (Ժողովածու-ալբոմ), Երևան, ՀԹԸ, 1972, էջ 80: