Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

25.10.2020    22:31

Իրեք ավուր ճամփա անցար, գուրզ զարկեցիր, օր ու գիշեր էդ թոզ չիջավ գետին, ասիր, հո´ղ էիր, հո´ղ դարձուցի…

Հա˜յ-հա˜յ… թոզը իջավ, եկեղեցու ավերակների մեջ հնչեց Կոմիտասի «Կռունկը», որը քանդված պատերից թշնամուն հասավ Դավթի ձայնով՝ «Մելի´ք, դեռ ես կենդանի եմ, մե´կ էլ զարկի»:

Հոկտեմբերի 8-ին ադրբեջանաթուրքական ահաբեկիչների ագրեսիայի հետևանքով հրթիռակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Երեք օր առաջ թշնամին  փլատակների էր վերածել մշակույթի տունը: Բայց կրկնակի ռբմակոծությունից հետո անգամ, եկեղեցու տաճարն իր ժողովրդի, իր քաղաքի նման կանգուն մնաց, քաղաք որ բանաստեղծների, երգիչների, երաժիշտների օրրան է եղել: Ու թիրախը պատահական չէր ընտրված: Սա նաև հոգեբանական գրոհ էր:

Շուշիում խորն են հոգևոր հայրենիքի արմատները: Դեռ հարյուրամյակներ առաջ բերդաքաղաքի պատերի ներսում զարգացող գորգագործությունը, կիրառական ժողովրդական արվեստը, քարի գեղարվեստական մշակումը, մետաքսի արդյունաբերությունն ու մետաղի մշակումը մեծ հռչակ են բերել թե´ Շուշիին և թե´ նրա բնակիչներին: Քաղաքը դարձել է տնտեսական ու մշակութային կենտրոն: Շուշիում է հիմնադրվել հայկական տպագրական գործը: Այստեղ բնակվող երիտասարդները մեկնել են սովորելու Պետերբուրգ, Մոսկվա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա: Շուշին իր նշանակալի դերն է ունեցել նաև հայկական թատերական արվեստի զարգացման հարցում: Պրոֆեսիոնալ թատրոն չի եղել, բայց ներկայացումներ իրականացել են դեռ 1840-ական թվականներին: Հայտնի է, որ հայրենի քաղաք վերադարձած ուսանողները սեփական նախաձեռնությամբ կատարել են բեմադրություններ՝ ստանձնելով թե´ տղամարդկանց, և թե´ կանանց դերերը: Շուշիի թատերական կյանքը հարստացրել են հյուրախաղերի մեկնած հայ թատրոնի լավագույն դերասանները: Քաղաքի մշակութային կյանքի համբավը գրավել է Գևորգ Չմշկյանի, Միհրդատ Ամերիկյանի և Սեդրակ Մանդինյանի ուշադրությունը: 1865 թ. նրանք հյուրախաղերի են մեկնել Շուշի: Չմոռանանք, որ սա Թիֆլիսում 1863թ. առաջին պաշտոնական ներկայացումից ընդամենը երկու տարի անց է, այսինքն գրեթե հայ նոր թատրոնի ձևավորմանը զուգահեռ: Չմշկյանն իր «Իմ հիշատակարանը» գրքում նկարագրում է իրենց մուտքը Շուշի. «Երևակայեցեք երեք եվրոպական հագուստով ձիավոր, նորանց հետևից ջորիների վերա քաշ գցած երկայն փայտեր (դեկորացիաների փայտերը), նիզակներ, խուրջիններից երևող՝ փայլուն թղթերից շինած սաղավարտներ, հետո՝ մեր Սանչո-Պանսոներին այդ ծուռ ու մուռ ճանապարհի վերա, և դուք կունենաք մի շատ թույլ պատկերն այն տեսարանի, որ մենք կազմում էինք մեր ընթացքովը Շուշի բարձրանալու ժամանակ»1:

 Չնայելով զանազան անհարմարությունների, նրանք իրագործել են թատրոնական գործի գաղափարը: Քարաշեն մի շինություն հարմարեցվել է թատրոնի պահանջներին, տեղի երիտասարդներից սիրողական թատերախումբ է կազմվել: Չմշկյանը պատմում է, թե ինչպես են աշխատանքները կազմակերպվել: Մանդինյանը հոգացել է թատրոնի շինության հարցը, Ամերիկյանը պատրաստել է ռեպերտուարին հարմար զգեստներ, սաղավարտներ, նիզակներ,  իսկ Չմշկյանը ռուսական վարչությունից ստացել է ներկայացումների համար թույլտվություն և տեղի երիտասարդներից խումբ կազմել: Բեմադրել են Սրապիոն Հեքիմյանի «Սամվելը»: Զուգահեռ պատրաստվել է «Վարդան Մամիկոնյան» ողբերգությունը: Հրավիրել են Խան-քենդի (այժմ՝ Ստեփանակերտ) գյուղի ռուսական կայազորի նվագախումբը և նրանց ուղեկցությամբ երգեր պատրաստել: Երաժշտության ձայնը տարածվել է ամբողջ քաղաքում: Հարյուրավոր մարդիկ եկել են դիտել փորձերը, իսկ ներկայացման օրը դահլիճում դատարկ տեղ չի եղել:  Հանդիսատեսի ոգևորությունը մեծ է եղել, ներկայացման ավարտից հետո ժողովուրդը չի ցրվել: «Այնքան հաճելի եղավ այդ ներկայացումը հանդիասականների համար, որ նորա վերջանալուց հետո նոքա «կեցցե Վարդան» աղաղակելով անշարժ նստած էին յուրյանց տեղերում ու սպասում էին… որ շարունակվի ներկայացումը: Մենք հանեցինք մեր հագուստները և պատրաստվում էինք գնալ, իսկ նոքա դեռ սպասում էին. Վերջապես Ամերիկյանը ստիպվեցավ դուրս գալ վարագույրի հետևից և հայտնել, որ ներկայացումը վերջացավ»2: Ափսո˜ս, ափսո˜ս տրտնջալով շուշեցիք «Կեցցե Վարդան» կանչելով հեռացել են դահլիճից: Հանդիսատեսը կազմված է եղել միայն տղամարդկանցից: Ներկայացման հաջողությունից ոգևորված, աշխատանքներ են տարվել, որ կանայք նույնպես այցելեն թատրոն և դա նրանց հաջողվել է: Տոմսերը վաճառվել են այնպես, որ աջ կողմում նստեն կանայք, իսկ ձախ կողմում տղամարդիկ: Օրը տոնի է վերածվել: Ներկայացման ավարտից հետո կանայք իրենց շնորհակլալությունն են հայտնել դերասանական խմբին: Զինվորական նվագախմբի ուղեկցությամբ դերասաններին ճանապարհել են իրենց կացարան: Շատ կարճ շրջանում նրանք մեծ ժողովրդականություն են վայելել Շուշիում: Քաղաքից հեռացել են դրական տպավորություններով ու հուշերով. «Շուշվա թե աշխարհագրական դրությունը, թե ժողովրդի մեջ ցույց տված վարմունքը թողեց մեր մեջ ամենաքաղցր հիշատակ…»3: Չմշկյանի այցից ութ տարի անց, 1873թ. կառուցվել է քաղաքային ակումբի շենքը, որն իր հիմնադրի անունով կոչվել է «Խանդամիրյանի թատրոն»: Սա եղել է փայտաշեն շենք4:

    1882 թ. Շուշի է այցելել Պետրոս Ադամյանը: Ի տարբերություն Գանձակում Ադամյանի ունեցած սակավ հաջողության, Շուշիում վերջինիս ներկայացումները արժանացել են ջերմ վերաբերմունքի: Այս անգամ ներկայացումները կազմակերպվել են մեծահարուստ Համբարձում Հախումյանի տան վերջին հարկում: Դահլիճը մեծ չի եղել: Հանդիսատեսը եղել են հիմնականում հայեր, բայց ներկա են եղել նաև ռուս աստիճանավորներ: Այստեղ նա խաղացել է ԿորրադոՈճրագործի ընտանիքը») և ՀամլետՀամլետ»): Պետրոս Ադամյանի հյուրախաղերից հետո Շուշիում թատերական կյանքն սկսել է ապրել ինքնուրույն: Գործել են սիրողական խմբեր: 1880-90-ական թվականներին խաղացել են «Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Քանդած օջախ», «Վարդանանց պատերազմը»,  «Արշակ Երկրորդ», «Բռնի ամուսնություն», «Վու՜յ քի իմ վեչեր» և այլ պիեսներ: Հայալեզու ներկայացումները բեմադրվել են թե' տեղական ուժերով, և թե' շրջիկ դերասանների ամենատարբեր խմբերի կողմից: Ներկայացումները տրվել են հայկական հոգևոր դպրոցի կամ քաղաքային ակումբի դահլիճներում, հիմնականում ամառային ամիսներին, երբ քաղաքում հովեկների թիվը աճել է, ժամանել են բազմաթիվ հանգստացող ընտանիքներ: Ժամանակի ընթացքում հասունացել է կայուն թատրոն ունենալու գաղափարը: Եվ ահա, այդ գաղափարը իրականություն է դարձրել Մկրտիչ Խանդամիրյանը՝ Աբրահամ Խանդամիրյանի որդին, ով 1873թ կառուցել էր քաղաքային ակումբի շենքը: Հայրը նրան ուսման է ուղարկել Ֆրանսիա՝ մասնագիտանալու մետաքսի արդյունաբերության մեջ: Սակայն որդին Փարիզում տարվել է թատերական արվեստով, ուսումնասիրել ֆրանսիական գրականություն, երաժշտություն և կերպարվեստ: Երբ նա Փարզից Շուշի է վերադարձել, հոր թողած ժառանգության իր բաժինը նվիրել է թատրոն ստեղծելու գործին: 1891 թվականին Շուշիում, Ղազանչեցոց եկեղեցու մոտ, Մկրտիչ Խանդամիրյանը վերակառուցել է ակումբի շենքը: Դրսից երևացել է քարաշեն թատրոնի երկու հարկը, բայց բակի կողմից ունեցել է ներքնահարկ, որտեղ պահվել են թատրոնի դեկորները և ռեկվիզիտը( դրանք պատրաստվել են Մ. Խանդամիրյանի պատվերով և ըստ նրա ճաշակի, դեկորների օգտագործումը եղել է մեքենայացված): Առաջին հարկում ապրել է Խանդամիրյանի ընտանիքը: Շենքին կից եղել է մրգատու ծառերով այգի: Թատրոնն ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և հանրակացարան՝ դերասանների համար: Թատրոնը լուսավորվել է նավթի և գազի լապտերներով5: Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը, ով հատուկ հրավիրվել է Թիֆլիսից: Ձևավորման պատկերը եղել է հետևյալը. «Ավերակների վրա նստած,  ազգային տարազով գեղեցիկ հայուհին, յոթնամյա մի երեխայի (դարձյալ ազգային տարազով) ձեռքով ցույց է տալիս հեռուն՝ Արարատյան դաշտը, այն շրջապատող բարձր լեռներով ու նրանց ստորոտում հոսող գետով: Այս բովանդակությամբ վարագույրը մնաց միայն մեկ շաբաթ: Ցարական ոստիկանությունը պահանջում է վերացնել վարագույրը: Այն դրվում է փականքի տակ: Շպերլինգը վերստին հրավիրվում է Շուշի, փոփոխում է վարագույրի նկարը, կնոջ փոխարեն նկարում է ծերուկ աշուղի, սազը ձեռքին»6:

Գրիգոր Ավետյանը պատմում է, որ ճեմասրահը զարդարված է եղել թարմ ծաղիկներով, որոնց սերմերը ստացվել են Ֆրանսիայից, պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով: Թատրոնն ունեցել է նաև դաշնամուրներ: Հանդիսատեսի համար նախատեսված է եղել հանգստի սենյակ, ուր նա կարող էր գտնել թերթեր ու ամսագրեր:  Ժամանակակիցները պատմում են, որ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն կարդացող այդ մարդը թատրոնի գրադարանը մշտապես հարստացրել է նոր գրքերով Ֆրանսիայից և Ռուսաստանից եկող պարբերականներով7: Փարիզում ուսանելու տարիներին, նա կատարելագործել է ֆրասերեն լեզվի իմացությունը և  թարգմանել է պիեսներ ֆրանսերենից և ռուսերենից:

«Խանդամիրյանի թատրոնը» բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891-ի հուլիսի 7-ին: Ռուզանի դերակատարն է եղել Ն. Յարամիշյանը: Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ: Թատրոնն ունեցել է մշտական գործող պրոֆեսիոնալ դերասանական կազմ: Ներկայացումները տրվել են հիմնականում ամռանը և աշնանը: Ձմռանը և գարնանը շենքը օգտագործվել է տեղի սիրողների ներկայացումների համար, տրվել են համերգներ՝ տեղի  և եկվոր երաժշտական ուժերով: Թատրոնը ծառայել է նաև իբրև հանդեսների և հարսանիքների կազմակերպման վայր: Խանդամիրյանի հրավերով Շուշի են եկել հայ դերասան–դերասանուհիներ, երգիչներ, խմբավարներ, կոմպոզիտորներ: Խանդամիրյանի թատրոնում ցուցադրվել են նաև կրկեսային ներկայացումներ: Տարեց-տարի թատրոնի համբավը տարածվել է  և այլևս հրավերի կարիք էլ չի առաջացել: Բոլորն իմացել են, որ Շուշին ունի հարմարավետ թատրոն: Հյուրախաղերի են եկել Զաբելը, Հուվհաննես Աբելյանը, Գևորգ Պետրոսյանը, Սիրանույշը և այլոք: Այս հայտնի դերասանների հետ Շուշի են եկել Արամ Վրույրը, Հովհաննես Զարիֆյանը, Գրիգոր Ավետյանը, Փառանձեմը, Հովհաննես Ստեփանյանը, Իսահակ Ալիխանյանը, Արշակ Մամիկոնյանը, Արտեմ Բերոյանը, Ֆելեկյան քույրերը, և այլոք: Խանդամիրյանը թատրոնի ստեղծման օրից օրագրի ձևով գրի է առել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները և թատրոնի խաղացանկը: Բեմադրվել են՝ «Սանդուխտ կույսը», «Արշակ Երկրորդ», «Սմբատ Առաջին», «Սամվելը», «Ղարաբաղի աստղագետը», «Ասլան բալասի», «Ռուզան», «Ամուսիններ», «Էլի մեկ զոհ», «Պեպո», «Օսկան Պետրովիչը էն կինքումը», «Պաղտասար աղբար» և այլն: Բեմադրվել են նաև ռուսական պիեսներ՝ Պուշկինի «Ջրահարսը», «Ժլատ ասպետը», «Քարե հյուրը», Գոգոլի «Վերաքննիչը», «Ամուսնությունը», «Խելագարի նոթերը»,  Չեխովի «Արջը», «Առաջարկությունը», Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Օստրովսկու «Անտառը», «Անմեղ մեղավորներ» և էլի ռուս շատ հեղինակների պիեսներ: Եվրոպական հեղինակներից բեմադրվել են Իբսենի, Դյումայի, Ջիակոմետիի, Զուդերմանի, Սերվանտեսի, Շիլլերի, Մոլիերի, Հյուգոյի, Շեքսպիրի և այլ հեղինակների պիեսներ:

   Թատրոնում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ, հյուրախաղերի են եկել ռուսական, ադրբեջանական, ուկրաինական թատերախմբեր: Գրիգոր Ավետյանի վկայմամբ. «Նիկիտա Խանդամիրյանի թատրոնը, որը շնորհիվ իր տիրոջ, աչքի էր ընկնում իր սարք ու կարգով, մաքրությամբ, մանավանդ տիրոջ կողմից դեպի դերասաններն ունեցած սիրով ու հարգանքով այս ամենը Շուշու Խանդամիրյանի թատրոնը դարձրել էր մեզ համար մի ուխտատեղի, և ամեն ամառ շտապում էինք օր առաջ գնալ ու մեր սիրելի Նիկիտա Աբրամիչին տեսնել»8:

Ցավոք, թատրոնը գործել է տասնչորս տարի: 1905 թվականին ազգամիջյան կոտորածների օրերին այրվել է քաղաքը, նաև թատրոնի շենքը: Վաղարշ Վաղարշյանն ականատես է եղել այդ սարսափելի միջադեպին. «Ես տեսա, թե ինչպես բորբոքուն, ահռելի մի բոց հարևան տնից սողաց դեպի «Խանդամիրյանների» թատրոնը, տանիքն առավ իր կործանարար ճարճատյունի մեջ, և շենքը սկսեց բոցավառվել: Կարծես ոչ ոք չէր տեսնում այդ կործանարար աղետը, որ գնար օգնության: Ես ճչալով փորձ արի վազել դեպի բոցավառվող թատրոնը, հրացանավոր մի մարդ բռնեց թևիցս և ինձ շպրտելով բակի մի անկյունը, հրամայեց չշարժվել»9: Խանդամիրյանը դիմել է իշխանությանը՝ ստանալու ապահովագրված շենքի ու գույքի արժեքը, սակայն Պետերբուրգից հայտնել են, որ անկարգությունների ու ջարդերի ժամանակ ապահովագրությունները չեն վճարվում: Խանդամիրյանը հեռացել է Շուշիից:

     Հրդեհից հետո մի քանի տարի հայ դերասանական խմբերը Շուշի չեն մեկնել: Միայն 1908թ. Հովհաննես Աբելյանը Օլգա Գուլազյանի հետ փոքր մի խմբով մեկնել է մոխիրներից վեր հառնող քաղաք, խաղացել երկու ներկայացում թեմական դպրոցի ձմեռային ու ամառային ակումբների դահլիճներում: Հետագայում Աբելյանը Շուշի է այցելել Արուս Ոսկանյանի և Ժասմենի հետ: Ավելի ուշ այնտեղ հյուրախաղերի է գնացել Հովսեփ Ոսկանյանը և Վահրամ Փափազյանը: Շուշին հյուրընկալել է ժամանակի լավագույն դերասաններին, երաժիշտներին ու երգիչներին: Խոշոր երևույթ է եղել Քրիստափոր Կարա-Մուրզայի այցը Շուշի: Նա 70-100 մարդուց բաղկացած երգչախումբ է կազմել, զբաղվել երիտասարդների երաժշտական կրթությամբ: Համերգներով Շուշի է այցելել կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, նաև գուսանական երգի վարպետներ: Բորիս Խանդամիրյանը և Սուրեն Հարությունյանը գրում են, որ այս շրջանում Շուշին դարձել է երաժշտության ու երգի հայրենիք, ամբողջ Անդրկովկասի համար կատարել է կոնսերվատորիայի դեր: «Խանդամիրյան թատրոնի» միջոցով Շուշիի հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ականատես լինելու ժամանակի լավագույն արվեստագետների ստեղծագործություններին, հղկվել է նրանց ճաշակը, կրթվել են գեղագիտական բարձր չափանիշներով:

   Շուշին դեռ շատ է հյուրընկալելու տարբեր թատերախմբերի, երաժիշտների, նկարիչների ու քանդակագործների: Մենք ամեն զարկից ավելի ուժեղ, ավելի զորեղ ենք դառնում: Այդպիսին է մեր ժողովրդի ճակատագիրը, մեր պատմությունը: Ու ցավոք, ավերակներն անգամ այդ են վկայում:

    Շուշին քեզ ճանաչում է, արյունարբու ոսոխ, դու նրա թատրոնն ու եկեղեցին մի անգամ չես քանդել: Բայց գիտցիր, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ղողանջների տակ բացվելու են նոր մշակութային օջախներ, թատրոնի շենքեր ու հանդիսատեսը դեռ քննարկելու է իր արտիստի խաղը, արտիստ, որն այսօր զինվոր է:

Օգտագործված աղբյուրներ

1.Գ. Չմշկյան, Իմ Հիշատակարանը, Երևան, «Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ.», 1953,  էջ 47:

2. Նույն տեղում, էջ 53:

3. Նույն տեղում, էջ 57:

4. Տես Հ.Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն XIX դար, երևան, «Նաիրի», 2010, էջ 500:

5.Տե´ս Բ.Խանդամիրյան, Ս.Հարությունյան, Էջեր Շուշիի հայ թատրոնի անցյալից, Երևան, ՀԹԸ, 1978, էջ 11:

6. Նույն տեղում, էջ 15:

7. Տե´ս Նույն տեղում, էջ 14:

8. Գր. Ավետյան, Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա, Երևան, Հայպետհրատ,1933, էջ 134-136:

9. Վ.Վաղարշյան, Ընկերներս, բարեկամներս և ես, հ.1, Երևան, Հայպետհրատ, 1959, էջ 53:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

2704 հոգի