Թատերական բարձրարժեք ներկայացումը պայմանավորված չէ բազմապիսի դեկորացիայով, պաթոսախառն խոսքով, շողշողուն լույսերով։ Լավ թատրոնը կարող է ընդամենը թատերական ընթերցանությամբ հասնել հանդիսատեսի հոգու խորքերը և այնտեղից պեղել մտքեր, զգացումներ, հոգեվիճակներ։
Երեկ ես ներկա եղա այդպիսի ներկայացման՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում․ սովորական մի սենյակ, սենյակի մեջտեղում մի մեծ սեղան, սեղանի շուրջ տասնմեկ կին, պատերի տակ մեկ շարքով նստած հանդիսատես և «Յոթ րոպե» պիեսի թատերական ընթերցանությունը։
Ռեժիսոր Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած այս գործը դարձավ Հայաստանում իմ տեսած լավագույն թատերական ներկայացումներից մեկը։ Նյութի և այլ մանրամասների մասին չեմ ուզում խոսել, սակայն խստիվ թելադրում եմ թատերասեր իմ բոլոր ընկերներին՝ բաց չթողնել առիթը՝ տեսնելու այս գործը։ Այն պե՛տք է իր արժանվույն տեղը գտնի թատրոնի հիմնական խաղացանկում։
10.04.2024