ՀԻՍՈւՆՅՈԹ ՏԱՐԻ ԲԵՄՈւՄ
Կան թատերական դեմքեր, որոնք անհարկի մոռացվել են, նույնիսկ մասնագիտական բուհերի հայ թատրոնի պատմության ծրագրերից են դուրս մնացել: Այդ ճակատագրին արժանացած դերասանուհիներից է Ժասմենը, ում ծննդյան 130-ամյակն է այս տարի: Կարծում ենք, լավ առիթ է երիտասարդ սերնդին ծանոթացնելու արտիստուհու անցած ուղուն և դերասանական նկարագրին:
Ժասմենը (Մարիամը) ծնվել է 1894 թվականի հունիսի 7-ին Թիֆլիսում, Ադելխանովի կաշեգործարանի բանվոր Հովսեփ Թադևոսի և Շուշանիկ Եգանյանի ընտանիքում: Նրանց տունը գտնվել է մի փողոցում, որտեղ ինչպես դերասանուհին է հիշում, միայն չքավորներն են բնակվել: Ապրել են ծանր պայմաններում, հոր վաստակը չի բավականացրել, մայրը ստիպված է եղել աշխատել առավոտից մինչև ուշ երեկո: Չքավորության մեջ ապրող երեխաներին քիչ բան կարող է ուրախացնել, բայց այն ինչ հաճույք է պատճառել փոքրիկ Մարիամին, հետագայում նրա անձի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել: Աղջնակն ունեցել է տեսնելու, զգալու յուրահատուկ ունակություն: Դեռ շատ փոքր տարիքից շրջել է հարևան բակերում «շարմանկա» նվագողի հետևից: Հետագայում Կարեն Քալանթարին տված հարցազրույցում դերասանուհին պատմում է. «Իմ կարծիքով, մի բան է իմ մեջ ձգտում առաջացրել դեպի արվեստը` երգեհոնիկը (թիֆլիսեցիները դա կոչում էին «Օրգան»): Ես պոկ չէի գալիս երգեհոնահարից ու նրա հետ շրջում էի բակերն ու փողոցները: Մայրս փնտրում էր ինձ ու չէր գտնում: Տուն էի վերադառնում քաղցած, ուժասպառ» [1]: Նրա հիշողության մեջ են մնացել նաև «Պետրուշկա-ղարագյոզ» թատրոնի ներկայացումները, որոնց հետևել է բակից բակ` չհոգնելով միևնույն խաղացանկից: Ս.Գևորգ եկեղեցու բակում դիտել է միստերիա-ներկայացումներ: Երկար կանգնել է սրճարանի դռների մոտ, ունկնդրել աշուղներին, օրինակ` Ջիվանու երգերը: Թվում է, դերասանուհու մանկությունը փնտրտուք է մի աշխարհի, որը հակակշիռ կդառնար միջավայրի գորշ կյանքին, գեղեցիկ ու բովանդակալից կդարձներ իր գոյությունը: Մարիամը մասնակցել է բակային ներկայացումների, երգել է Ս. Գևորգ եկեղեցու երգչախմբում, հետագայում նաև Գր. Սյունու, Ռ. Մելիքյանի, Կոմիտասի ղեկավարած խմբերում:
Ուշիմ աշակերտուհի է եղել Սոֆիյսկայա ռուսական իգական դպրոցում: Միջոցների սղության պատճառով, աղջիկը չի կարողացել սովորել գիմնազիայում: Թատրոնին զուգահեռ ուսումը շարունակել է կար ու ձևի դպրոցում` հանրակրթական դասընթացով: Այստեղ սովորել է հինգ տարի:
1910 թվականին Ամո Խարազյանը եկեղեցու երգչախմբին հրավիրել է երգելու «Էդիպ արքա» ներկայացման մեջ, որը բեմադրել էր Հավլաբարի «Նոր դրամա» թատրոնում: Ռեժիսորը հանկարծ նկատել է, որ դեռահաս երգչուհիներից մեկը երգելու ընթացքում նաև խաղում է, ձեռքերը մեկնում խնդրելիս, զգացմունք ցույց տալիս: Խարազյանը տարբերվող աղջկան հարցրել է, թե չի՞ ցանականա արդյոք խաղալ թատրոնում, մտքում ունենալով իննամյա տղայի դերը` «Թուղթ խաղացողի կյանքը» պիեսում: Մարիամն, իհարկե, համաձայնել է, չկաշկանդվելով մինչ այդ ունեցած երկու անհաջող փորձերից: Դրանց մասին դերասանուհին կատակով է հիշում. «Օ՜, անմոռանալի խայտառակություն... Օ՜, իմ առաջին հիասքանչ անհաջող դեբյուտ»[2]: Նա հազիվ էր զսպել իրեն, որ չփախչի բեմից: Բայց Ամո Խարազյանի խմբում, կարծես, հաջողել է և փոքր վճարով մի ամբողջ ամառ խաղացել, իր համար ընտրելով Հասմիկ բեմական անունը:
Աշնանը Խարազյանի խումբը ցրվել է: Երիտասարդ դերասանուհին հրավեր է ստացել Զուբալովի անվան թատրոնից: Այդ շրջանում (1909 թվականից) Զուբալովի անվան ժողովրդական տանը կից գործել են տարբեր ազգությունների դրամատիկական սեկցիաներ` այդ թվում նաև հայկական: Ահա այս խմբում Հովհաննես Աբելյանը նկատել է դերասանուհու ընդունակություններով աչքի ընկնող աղջկան և վճռել. «Այս աղջկանից արտիստուհի դուրս կգա»: Այս թատերախմբում նրա բեմական Հասմիկ անունը թարգմանվել է Ժասմինի, քանի որ արդեն Հասմիկ անունով դերասանուհի կար, իսկ Սաթենիկ Ադամյանի առաջարկով Ժասմինը դարձել է Ժասմեն: Աբելյանի ղեկավարությամբ «Պատվի համարում» նա հանդես է եկել Ռոզալիայի, ապա Զարուհու դերակատարությամբ: Նույն թվականի հոկտեմբերից Ժասմենին տեսնում ենք Արտիստական թատրոնի բեմում:
1911 թվականին Աբելյանի խմբով մեկնել է շրջագայության Բաքու, Նոր Նախիջևան, Արմավիր, Վլադիկավկազ: Աբելյանը դարձել է դերասանուհու ուսուցիչն ու մեկենասը: Հետագայում դերասանուհին գրում է. «Հովհաննես Աբելյանը թատերական ստուդիա չուներ, քիչ էր խրատում և սովորեցնող ճառեր ասում դերասաններին, բայց ինքը մի կենդանի դպրոց էր, մի շարժուն հանրագիտարան: Չկար նրա ժամանակակիցների մեջ մի որևէ դերասան, որի վրա չունենար իր զորավոր ազդեցությունը»[3]: Արշալույս Բաբայանը գրում է, որ Ժասմենը ինքն էլ շատ բան էր ժառանգել իր ուսուցչից և, առաջին հերթին, թատրոնի և բեմարվեստի նկատմամբ նրա ունեցած պաշտամունքը, դերի բազմակողմանի և մանրազնին մշակման ենթարկելու հմտությունը, բեմում արտասանվող խոսքի, բառի, անգամ հնչյունի արժեքը, ստեղծագործական բոլոր միջոցների շրջանառության մեջ դնելը և քիչ վատնումով մեծ արտահայտչականության հասնելը[4]: Չպետք է մոռանալ նաև, որ այդ շրջանում Արտիստական թատրոնում էին նաև Սիրանույշը, Հովհաննես Զարիֆյան, Հասմիկը, Սաթենիկ Ադամյանը, Օլգա Գուլազյանը, Միքայել Մանվելյանը...
Արտիստուհու առաջին քայլերն իսկ ողջունվում են Լևոն Մանվելյանի, Գարեգին Լևոնյանի, Ալեքսանդր և Լևոն Քալանթարյանների, Ալեքսանդր Ծատուրյանի և այլոց կողմից:
1912 թվականին թատերախումբը` Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, հյուրախաղերի է մեկնել Մոսկվա: Ժասմենը գրում է որ մեծ հաջողություն է ունեցել, հատկապես` Սիրանույշը: Բայց կենսագրական փաստերը վկայում են, որ շրջագայությունը երիտասարդ դերասանուհուն էլ հաջողություն է բերել: Աբելյանի խնդրանքով և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` Արսեն Բուդաղյանի օգնությամբ (ապահովել է թոշակով) Ժասմենը ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիա` որպես ազատ ունկնդիր. «1912-1913 թվականներին սովորել եմ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիայում: Նախ տեսա Վախթանգովին, լսել եմ նրա գերհետաքրքիր դասախոսությունները թատերական արվեստի մասին: Ստուդիայի պարապմունքից հետո գնում էինք Ստանիսլավսկու թատրոնը դերասանություն անելու. այստեղ այլ մասնագետների հետ միասին դասախոսություն էր կարդում նաև ինքը` արվեստի քուրմը, Ստանիսլավսկին: Եթե ես դադարի` պաուզայի, լուռ խաղի վարպետ եմ, ապա դրանով պարտական եմ նրան»[5]: Դերասանուհին հայտնվել է թատերական աշխարհի կիզակետում: Եղել է ռուսական բոլոր թատրոններում, դիտել Ստանիսլավսկու, Նեմիրովիչ-Դանչենկոյի, Մաքս Ռեյնհարդի բեմադրությունները: Ներկա է եղել թատրոնների և´ փորձերին, և´ ներկայացումներին: Իրեն յուրային է զգացել նրանց մեջ: Այնքան է տարվել տեղի թատերական կյանքով, որ որոշել է ռուսական բեմի դերասանուհի դառնալ: Բարեբախտաբար, Ժասմենի այն խնդրանքին, որ կցանկանար ևս մեկ խաղաշրջան մնալ Մոսկվայում, Արսեն Բուդաղյանը մերժել է, թոշակ չի տրամադրել:
Մոսկվայում ուսանելու շրջանում դերասանուհին համարձակություն է ունեցել նկարահանվելու կինոյում: Ալեքսանդր Ծատուրյանի խորհրդով գնացել է «Տիման, Ռենհարդ, Օսիպով և ընկերներ» կինոֆաբրիկա և առաջարկել իր ծառայությունները: Նախապես, Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան և ռեժիսոր Գեորգի Բուրջալովի օգնությամբ պատրաստել է Սալոմեի դերը Օսկար Ուայլդի համանուն պիեսից, որի կատարման համար պարեր է բեմադրել Մեծ թատրոնի պարուհի Շալամիտովան: Չնայած, որ հենց սկզբից հավանել են դերսանուհուն, տեսնելով նրա ինքնամոռաց պարը, չեն խանգարել, թողել են մինչև վերջ պարի[6]: Նրա հետ պայմանագիր են կնքել (ամսական 200 ռուբլի): Խաղացել է Սոնյայի դերը կինոռեժիսորներ Վ. Գարդինի և Յա. Պրոտազանովի «Երջանկության բանալիները» ռուսական առաջին երկսերիանոց լիամետրաժ կինոնկարում, որի նկարահանումները տեղի են ունեցել Կիևում: Սրանով նրա կինոդերասանուհու կենսագրությունը չի ավարտվել, հետագայում դերասանուհուն տեսնում ենք նաև Հայֆիլմում` «Սևիլ», «Կիմը` հերթապահ», «Մեքսիկական դիպլոմատներ»:
Նկարահանումներից հետո, 1913 թվականի աշնանը Ժասմենը Աբելյանի հրավերով միացել է Աբելյան-Ավետյան-Ոսկանյան խմբին, մեկնել Իրան` Էնզելի, Ռաշտ, Ղազվին, Թեհրան, ներկայացում են խաղացել նաև Շահնշահի պալատում: Ապա մեկնել են Բաքու: Ժասմենը կատարել է հերոսուհիների դերեր` Սոնա, Տրիլբի, Դեզդեմոնա, Կատարինա...
Մամուլում պահպանվել են հոդվածներ «Տրիլբի» ներկայացման մասին, որտեղ գլխավոր դերերում են եղել Աբելյանն ու Ժասմենը: Այս դերերն համարվել են անթերի, չտեսնված զուգորդություն: «Տրիլբիի դերում Ժասմենն անսահման հմայիչ էր, քնքուշ ու նուրբ: Մինչև կյանքի դառնությունները ճաշակելը` չարաճճի էր, կենսուրախ: Համտեսելով կյանքը` Տրիլբի-Ժասմենը դառնում է վշտոտ, հոռետես»[7]: Գրեթե նույն կերպ է կառուցել Մարգարիտի («Պատվի համար») դերը, դրամատիկական վիճակի մեջ է մտել աստիճանաբար: Առաջին մուտքը եղել է զուսպ, բայց կենսուրախ, գործողությունների զարգացման հետ հասել է հիասթափության, ապա ինքնասպանության: Կուլմինացիոն կետերից մեկը դարձրել է Օթարյանի հետ զրույցի տեսարանը: Կասկածն աստիճանաբար է թափ հավաքել, կործանվել է, երբ Օթարյանն ասել է, որ հայրը ունեզրկել է իր ընտանիքը: Նա ցույց է տվել, որ երկու դեպքում էլ մեծ ցավ է` թե Օթարյանի զրպարտիչ լինելը, թե հոր կողոպտիչ լինելը: Ապա իր տեսարանի վերջին խոսքերը արտասանել է այնպիսի վճռականությամբ, որ հանդիսատեսը հասկացել է, որ հետագայում տեսնելու է հոր և աղջկա պայքարը: Պայքարի մղվող Մարգարիտ-Ժասմենի մի հոգեվիճակից մյուսին անցնելու վարպետությունը սրանով չի ավարտվել: Վճռականությամբ լցված քայլել է մինչև կուլիսներն ու չի կարողացել բեմից դուրս գալ. դժվար է ծնողի հետ մարտի բռնվել, ուժասպառ հենվել է դռներին` հոգեկան անդորրը կորցրած, քիչ-քիչ դարձել է երերուն: Պետք է նկատել, որ նման մանրակրկիտ մշակված խաղով Ժասմենը ողբերգական թափ է հաղորդել խաղին: Այդ մասին է վկայում նաև Դերենիկ Դեմիճյանի դիտարկումը. «Ժասմենը այն դերասանուհիներից է եղել, որ իր խաղում ցուցաբերել է ուժեղ տեմպերամենտ: Նա գիտե կուտակել դրամատիկական նախապատրաստումը, գիտե լարելով տանել դեպի դրամատուրգիական կոլիզիա: Նա ունի ամենալայն դիապազոն և, որ գլխավորն է ռեգիստրների հարստություն և հուզականություն, որ խորքից է: Նա տալիս է հագեցած, դաշն խաղ և զգում ես որ այդ խաղի տակ նա դեռ ունի պահեստի տեմպերամենտ»[8]: Պահարեն գրում է, որ Ժասմենի խառնվածքը եղել է հերոսական և պաթետիկ, խոսքը համոզիչ, ձայնը` երաժշտական, ճկուն ու ճարպիկ բալետի դերասանուհու պես, բայց հավասարակշռված ու ներդաշնակ[9]:
1914 թվականին նա վերադարձել է Թիֆլիս` Հայոց դրամատիկական ընկերության խումբ: Բայց Բաքուն նրա ստեղծագործական կյանքում կարևոր դեր է խաղացել: Հետագայում դարձել է այդ քաղաքում կազմակերպված հայկական պետական դրամատիկական թատրոնի ռեժիսորը, զուգահեռ խաղացել տարբեր ներկայացումներում: Ստեղծագործական կյանքի զգալի մասը անց է կացրել Բաքվում: Չափազանց պահանջկոտ է եղել և´ իր, և´ մյուս դերասանների նկատմամբ: Միքայել Կորգանյանը պատմում է. «Սեղանի շուրջ, թե միզանսցենի ժամանակ փորձը շատ քիչ կարելի էր տարբերել ներկայցումից: Միշտ տոնով, միշտ զգացմունքներով էին անցնում Ժասմենի փորձերը և այնքան հետաքրքիր, որ թե մեծերը և թե մենք` երիտասարդներս ժամերով տարված նայում էինք ու հիանում մեծ արվեստագետի, ստեղծագործողի աշխատանքի ձևին ու մոտեցմանը»[10]: Եթե որևէ կտորում ինքն իրեն չի գոհացրել, դիմել է ռեժիսորին, կրկնել բազմիցս, մինչև համոզվել է, որ ստացվում է:
Դերասանուհին տարբեր քաղաքներում և թատրոններում խաղացել է մոտ երկու հարյուր դերեր՝ Մարգարիտ («Պատվի համար»), Տրիլբի («Տրիլբի»), Սոնա («Չար ոգի»), Սուսան («Նամուս»), Դեզդեմոնա («Օթելլո»), Կատերինա («Ամպրոպ»), Ռուզան («Ռուզան»), Լաուրենսիա («Ոչխարի աղբյուր») և այլն: Նրա խաղում ականատեսները տեսել են «ՄԽԱՏ-ական և աբելյանական սկզբունքներ»: Իր կյանքի ամենավառ տպավորություններն էլ կապված են Ստանիսլավսկու և իր ուսուցչի հետ: «Կյանքում ունեցած ո՞ր հանդիպումներն են առանձնապես Ձեր հիշողության մեջ մնացել» հարցին դերասանուհին Ստանիսլավսկուց բացի նշում է Աբելյանի անունը. «Նա ստեղծագործական վիթխարի կարգապահության տեր արվետագետ էր: Նրա մարդկային անաղարտությունը, անկեղծ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, նրա խոր անհատականությունը, նրա մեծահոգությունը, չխոսելով արդեն նրա հսկայական տաղանդի մասին, արտասովոր էին»[11]:
1925 թվականին, երբ Աբելյանը վերադարձել է արտասահմանից հայրենիք, վերակենդանացել են նրանց դուետները` Աբելյան-Էլիզբարով, Ժասմեն-Մարգարիտ, Աբելյան-Սվենգալին, Ժասմեն-Տրիլբի, Աբելյան-Օթելլո, Ժասմեն-Դեզդեմոնա... Հետաքրքիր են եղել նրանց ուսուցիչ-աշակերտ-խաղընկեր հարաբերությունները: Սուրեն Հարությունյանը գրում է, որ. «Ուսուցիչը կարծեք ընդգծում էր երբեմնի իր աշակերտուհու ներկայությունը արվեստում»[12]: Աբելյանն ինքը բնորոշելով դերասանուհու խաղը, գրել է. «Շչեպկինից եկող ռեալիզմ, խաղի պարզություն- ահա թե ինչն է շահեկանորեն առանձնացնում դերասանուհու ստեղծագործական տաղանդը: Ժասմենը առանձնապես լավ է դրամատիկական դերերում: Նա ունի մեծ դիապազոն. թե պառավներին և թե երիտասարդներին նա միշտ խաղում է մեծ արվեստով: <...> Նա եղել է իմ լավագույն աշակերտուհին և աճել իմ աչքերի առաջ, դառնալով հանրապետության վաստակավոր դերասանուհի»[13]: Ռուբեն Զարյանը գտնում է, որ ողբերգական դերերում Ժասմենը մրցակից չի ունեցել: Գրեթե նույն կարծիքն է հայտնում դերասանուհու մյուս մեծ խաընկերը` Վահրամ Փափազյանը «Հետադարձ հայացքում». «Նա միակն է իր ներքին ուժով և տարերային տեմպերամենտով` այս վերջին քառասուն տարվա ընթացքում մեր բեմի վրա երևացող բոլոր դերասանուհիներից»[14]: Ժասմենի տարերքն է եղել ողբերգական կրքերի ցուցադրումը` հակադրվող հույզերով, թանձր գույներով:
1959 թվականին Բաքվից տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել Սունդուկյանի անվան թատրոնում: Առաջին ելույթը մայր բեմում եղել է Կրուչինինայի դերակատարմամբ: Այստեղ նրա խաղացանկը հարստացել է նոր դերերով: Հիշարժան է եղել «Վարդանանքում» Մեծ մայրիկի դերը: Չորս տարի անց նրան շնորհվել է ՀՍՍՀ ժողովրդական արտիստուհու կոչում:
Դերասանուհու վերջին դերը եղել է Ելիզավետա Պրոկոֆևնան («Ապուշը», 1967 թ.): Փորձերի ժամանակ հիվանդացել է, ստիպված եղել ընդմիշտ թողնելու բեմը: Մահացել է 1978 թվականին Երևանում:
Օգտագործված գրականության ցանկ
[1] Կ. Քալանթար, Ժասմեն` «Ես ձգտել եմ ցույց տալ պայքարող կնոջը», Հովակիմյան Բ.(կազմող), Ժասմեն, Երևան, ՀԹԸ, 1976, էջ 32:
[2] Ա. Բաբայան, Ժասմեն, Հովակիմյան Բ.(կազմող), Ժասմեն, Երևան, ՀԹԸ, 1976, էջ 6:
[3] Նույն տեղում, էջ 7:
[4] Տե´ս Նույն տեղում:
[5] Նույն տեղում, էջ 8:
[6] Տե´ս, Բ. Հովակիմյան, Կինոյում, Հովակիմյան Բ.(կազմող), Ժասմեն, Երևան, ՀԹԸ, 1976, էջ 225
[7] Ա. Բաբայան, նշվ. աշխ.., էջ 6:
[8] Դեմիճյան Դ., Վայելում է մեծ ժողովրդականություն, «Գրական թերթ», № 8, 1935:
[9] Տե´ս Պահարե, Թատերական հուշեր, 1960, էջ 178-179:
[10] Մ. Կորգանյան, Մեր ուսուցիչը, Հովակիմյան Բ.(կազմող), Ժասմեն, Երևան, ՀԹԸ, 1976, էջ 61:
[11] Կ. Քալանթար, նշվ. աշխ., էջ 34:
[12] Ս. Հարությունյան, Տրիբուն արվեստագիտուհին, Հովակիմյան Բ.(կազմող), Ժասմեն, Երևան, ՀԹԸ, 1976, էջ 45:
[13] Հ. Աբելյան, Մեծ դերասանուհին, Հովակիմյան Բ.(կազմող), Ժասմեն, Երևան, ՀԹԸ, 1976, էջ 55:
[14] Փափազյան Վ., Հետադարձ հայացք, գիրք երկրորդ, 1957, էջ 47:
21.05.2024