04.05.2024 22:43
Էրիկ Հաթթանը արվեստի նոր առարկա չի ստեղծում, այսինքն ոչինչ չի անում արվեստի և արվեստագետի դասական գործառույթի առումով: Եթե փորձենք բացատրել նրա այս կեցվածքը դա դիմադրությունն է՝ ստեղծելու, եղածին մի նոր բան ավելացնելու մարդկային հիմնարար մղումի նկատմամբ:
Ո՞րն է նման կեցվածքի պատճառը՝ ստեղծելու գայթակղությանը դիմադրելուց այն կողմ:
Հարցի պատասխանը տալիս է համատեքստը, որն արվեստագետը ներգրավում է իր ստեղծագործության մեջ։ Տարածական առումով դա շրջապատող առարկայական միջավայրն է, իրերի աշխարհը` այն խառնաշփոթով, որն այլ բան չէ քան նույն ստեղծելու/արարելու մարդկային առաջնային մղման հետևանքը:
Ինչպե՞ս հարաբերվել առօրյա տարածքի այդ խճողվածության հետ, կենցաղային այն իրերի հետ, որոնք ամենուր են թափթփված:
Սրանք են Հաթթանի հարցերը: Տեղից տեղ շարժվելու, ներսուդուրս անելու, ձեռքի տակ ընկած առարկաները շարունակ շուռումուռ տալու և տեղափոխելու, պարկային պլաստիկ իրերը (տարատեսակ տոպրակներ) շրջելու՝ ներսը դուրս բերելու կամ դուրսը ներս շրջելու միջոցով արվեստագետն, ինչ խոսք, վեր է հանում մարդու էկզիստենցիալ անհանգստությունը:
Բայց Հաթթանի խնդիրը ինչ-որ բան ստեղծելուց այն կողմ՝ ինչ-որ բան «ցույց տալն է»: Այդ գործողությունների ու շարժումների միջոցով արվեստագետը ստեղծում է ինստալյացիաներ, որոնցում իրերն ի ցույց են դրված տարածության հետ ունեցած իրենց անբնական ու անսովոր կապով: Ներսը և դուրսը, վերևն ու ներքևը, ուղղահայցն ու հորիզոնականը առարկայական այդ դասավորություններում փոխում են իրենց տեղերը: Առաստաղն ու պատերը դառնում են հատակ, հատակը՝ պատ ու առաստաղ: Արվեստագետն, ասես, ստեղծում է տեսողական մարդաբանության փորձարարական մի ամբողջ լաբորատորիա, որտեղ քննության են ենթարկված մարդկային տեսակի տարածական կողմնորոշման զգացումն ու տեսողական ընկալումները:
Եթե անգամ տնտեսական գիտակցությունն ու բնապահպանական էթիկան ստիպում են դիմադրել առարկա ստեղծելու մարդկային հիմնարար գայթակղությանը` արվեստագետի պարտքն է, այդուհանդերձ, հոգ տանել և ապահովել արտասովորն ու արտառոցը տեսնելու մարդու խորքային ձգտմանը: Էրիկ Հաթթանն իր արվեստով ձգտում է բացահայտել գրոտեսկային կերպարն այն մարդու, որը կրակն է ընկել իր իսկ ստեղծած աշխարհի ձեռքը:
Նյութի աբյուրը՝ ԱՐԷ կատարողական փառատոնի պահոց՝ 2018թ