Մահվան անձնուրաց վարձկաններից վիրուսաց վիրուսն, ուզենք, թե չուզենք, մեզ բերեց ենթագիտակցական այն հանգրվանին, որ հարաբերական կյանքն այլևս անժամանակ է: Անիմանալիներից ինչ-որ մեկի ձեռամբ քրոնոսն էլ է արդեն անվարձահատույց հարաբերականացվել, ու բառիս բազմիմաստության մտոք, քիչ մը հուսահատ են թվում տարածաժամանակային դասական համադրումները:
Պոռնկող պոստմոդեռնի դրդումով կարծես մի հրաժեշտի միախառնում են ունեցել տարածությունն ու ժամանակը և վերջնականապես հիբրիդային տարբաժանման գնացել, որ հետայսու ոչ թե մեկը մյուսով չափվի, այլ համանման բնափիլիսոփայական ակնկալիքներին կատեգորիալ ինքնաբավություն մատուցվի: Եվ անկախ այդ խառնածինների նախնյաց գենետիկ արկածներից, հերձվածողաց տկտկան ինտոնացիայով հրամցվի հղացքը «հանցավոր», որի համաձայն՝ անկոտորակելի են տարածության ժամանակ ու ժամանակի տարածություն կանխադրույթները:
Նրանց վերացական հարաբերությունները գուցեև կասկածելի զգացողություններ են հարուցում, բայց ամբոջականության հարցում միահեծանի հաստատունություն են հայցում: Իբրև ինչի ուեցույց անցնցում մնում իր ծագումից երես առած ինչպեսի քմահաճույքների հորձանուտում, որպեսզի մոլորության ինքնազերծ իներցիան թքած չունենա միստերիալ ցնցոտիների չախտահանված խնդրականության վրա: Այլ կերպ ասած, ձևի և բովանդակության գիտակցված դրացիությունը երազատեսի բնազդային համակեցությանը չվերադառնա: Հավատարիմ բախտակիցը դառնա կոլեկտիվ խանդավառումից անշահախնդրորեն ողջակիզվող մարդկային մտքի, եթե անգամ վերակենդանացած ծեսն ի կատար է ածվում ժամանակաստեղծ ժամանցի անմոռաց սրբավայրում:
Հրաժարագնի ծանուցագրերին վաղուց անծանոթ Ժամացույցի գործարանում, որտեղ Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի սաներն ու հրավիրյալ արվեստագետները փորձել էին ինքնամոռացումին ի պահ տրված ժամանակի զգացողության խաբկանքը ձևաբանել: Տարածաժամանակային մոդուսի կազմաքանդումի հակամիասնական բնույթը ցուցադրելով, առավել պատկերացնելի դարձնել տարածության ժամանակի ու ժամանակի տարածության ինչ-ինչ հատկանիշները: Որպես տարածության ժամանակի վաստակաշատ փաստարկ տեղանքի հնամաշությունն անհրաժեշտաբար գուժել:
Պայմանով, որ ժամանակի տարածության սահմանափակության ֆենոմենը կշարունակի յուր ուտիլիտար հակումներին դավանել. ցուցադրության այցելուի մեջ տարրական կենցաղային նախընտրություններ սադրել: Ասել է թե՝ ակամայից իր ճաշակին հարմար եկող տեսքով ժամասաց փնտրել: Թերևս այսպիսի անսպասելիության մեջ է արվեստի անանց հմայքը, երբ երկու տարբեր երևակայություններ դեպի ինքնակամ անհայտնություն են քարշ տալիս մտքի դյուրաբեկ թելը: Այս պարագայում նույնիսկ միանգամայն արդարացված սպասումով հագեցնում, թե տեսնես ի՞նչ տեսակ մտախաղի մեջ կներքաշվես 2024-ին ստեղծման տասնամայակը նշող ժամանակակից արվեստի ԱՐԷ միջազգային փառատոնի ընթացքում...