11.01.2024 18:27
Թատերական փառատոները, մեկը մյուսին հերթ չտալով, հագեցնում են մայրաքաղաքի մշակութային մթնոլորտը: Փառատոնային բազմազանության փաստը որքան ուրախալի, նույնքան էլ մտահոգիչ է. երբ միաժամանակ երկու թատերական փառատոներ են ընթանում, ոլորտի ներկայացուցիչները, և ոչ միայն նրանք, մասնագիտական տհաճ երկընտրանքի առջև են կանգնում: Երկու քարի արանքում հայտնված թատերագետն, օրինակ, չգիտի' Արմմոնո միջազգային փառատոնի շրջանակում ցուցադրվող լեհական ներկայացումը դիտի, թե Թատրոն-X-ի հետներկայացումային «բանավեճին» մասնակցի: Խնդիր է, որի մասին փառատոների կազմակերպիչներից զատ վատ չէր լինի, որ մշակույթի նախարարությունն էլ մտածեր:
Ինչևէ, փառատոներն արդեն ավարտված են: Ներկայացումների բազմազգությամբ առավել շահեկան վիճակում էր Արմմոնոն: Այն ուներ ներկայանալի լեհական ծրագիր, ինչի շնորհիվ թատերասերները վերստին համոզվեցին' Լեհաստանի դերասանական դպրոցն առաջատար դիրքում է:
Առաջին ապացույցը դերասան Բոգուսլավ Կիերցն էր, որի հեղինակած «Իմ դին» ներկայացումը բեմական խոսքի բնականության դասական օրինակ էր: Բայց բեմադրությունը պարզության խնդիր ուներ. բովանդակությունը ներկայացնող խոհափիլիսոփայական գրությունն ընթերցելուց հետո անգամ սյուժեի ընթացքն աղոտ էր: Կերպարի հոգեբանական զարգացմանը հետևելիս ներքին թարգմանական խոչընդոտների էիր հանդիպում, որովհետև հստակ չէր, թե այսինչ հոգեվիճակից հետո ինչու հանկարծ մեկ ուրիշ զգացմունքին տրվեց:
Հետաքրքրական էր նաև Միխայիլ Վալչակի «Ավազե խաղահրապարակ» ստեղծագործության հիման վրա Քշիշտոֆ Գրաբովսկու բեմադրած և խաղացած «Միլկա» ներկայացումը: Հոգեպես անառողջ երիտասարդի պատմություն, որը մարդու մենության թեմայի ինքնատիպ մեկնաբանություն է: Իրական կյանքից օտարված լինելով' նա իր երևակայական աշխարհն է ստեղծել, որտեղ և շփվում է բարձի վրա նկարված իր ընկերոջ հետ: Իսկ ներկայացման ֆինալում բարձի պարունակությունը դուրս հանելը, դիմանկարով այդ ծածկոցը հագնելն ու այդպես հեռանալը պարզապես ռեժիսորական գյուտ է: Նույնականանալով երևակայական կերպարի հետ' գեղարվեստորեն հուշում է, որ այն իր երկրորդ Ես-ն է: Սակայն, խաղային որակ ունեցող դերակատարը չէր խուսափել թերացումից. նրա ընդհանուր վարքագծին ուշադրություն դարձնելիս թվում էր, թե Գրաբովսկին բավականաչափ չի ուսումնասիրել խեղված հոգեկան ունեցողի ներաշխարահի առանձնահատկությունները:
Լեհական ծրագրի ամենավառ դեմքը, անկասկած, ֆենոմենալ դերասանուհի Աննա Սկուբիկն էր, որը հայ հանդիսատեսի դատին ներկայացավ երկու դերակատարումներով: Առաջինը նույն Բոգուսլավ Կիերցի բեմադրած «Ֆեդրա» մոնոներկայացումն էր, որն ուներ հրաշալի երաժշտական ձևավորում և ակնհայտ հակագեղագիտական զգեստավորում: ՀԹԳՄ-ի կամերային դահլիճի հանդիսատես-դերասան փոքր հեռավորության պայմաններում կնոջ մերկ և քրտնած կուրծքը ցուցադրելը կոպիտ սխալ է: Ինքնատիպ երևալու ռեժիսորական մարմաջ, ինչը բնորոշ է արտասահմանյան արվեստագետներին: Եվ որքան էլ դերասանական լավ տվյալներ ունեցող արտիստուհին իր խաղով ճգնում էր ներկայացումը փրկել միօրինակությունից, միևնույն է' ակնառու էր բեմադրական աղքատիկությունը:
Բացարձակապես այլ էր պատկերը նրա երկրորդ ելույթը Ռոմուալդ Վիչա-Պոկոյսկու «Կոտրված եղունգներ» ներկայացման ժամանակ: Մառլեն Դիտրիխի անձնական դիմանկարը ներկայացնող բեմադրությունը հայտնի կնոջ կերպարը դարձնում է մի տիկնիկ, որի խաղավարը փառքն է: Գաղափարն այդ իրականացնում են յուրահատուկ ձևով. արտիստուհին մեկ ձեռքով տիկնիկ-Մառլենին է կերպարանավորում, միաժամանակ խաղում է նրան օգնող երիտասարդ աղջկա դերը: Տիրապետելով դիմախաղին, ձայնին և դրա երանգների նպատակային օգտագործմանը' նա պատվով է դուրս գալիս կերպարային միանձնյա երկփեղկման տակից: Ուշագրավ է, որ թե՛ իր բեմական հմայքի արտասովորությամբ, թե՛ ձայնի կառավարման տեսակով նա զարմանալիորեն նման է հայ դերասանուհի Նարինե Գրիգորյանին:
Ի դեպ,վերջինս էլ անմասն չէր մնացել այս թատերական փառատոնից: Նատալի Ֆիլիոնի ստեղծագործության հիման վրա Ռուբեն Բաբայանի բեմադրած «Դզին» բանաստեղծություն-ներկայացման կերպարը նրա համար, այսպես ասած, փորձաքար էր: Խաղի մի նոր ֆորմատ էր, որի պահանջներն այլ էին, բնականաբար, այդ անծանոթ ձևաչափում արտահայտչամիջոցները տեղայնացնելը հեշտ չէր լինելու: Այդպես էլ եղավ. մի կողմ թողնելով առաջնախաղի հուզմունքից եկող լարվածությունը' ներկայացման սկզբնամասում նկատելի էր նախորդ դերակատարումների կրկնությունը: Տպավորությունն այնպիսին էր, որ բեմում Խաչիկ Չալիկյանի բեմադրած «Ռոստինանտ» ներկայացման մեջ իր խաղացած կերպարի ռուսախոս ազգականն է: Առհասարակ ներկայացումն էլ բեմադրական և ռեժիսորական կողմերի անհավասարության խնդիր ուներ: Բացակայում էր ներկայացման բարձրաճաշակ էսթետիկային համապատասխան բեմադրական լուծումների հարստությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի ներկայացրած Միշել դե Գելդերոդեի «Խոստովանություն» պիեսի կերպար Ֆիլիպ երկրորդին, ապա այս դերակատարումը, միանշանակ, շատ ու շատ կոչումավոր դիլետանտների համար գործնական վարպետության դաս կլիներ: Կսովորեին տարբեր իրավիճակներում բեմական խոսքի բարդ հոգեբանական անցումներ կատարել, դիմախաղի հաշվենկատ կիրառում, աչքերին խորքային արտահայտչականություն տալ, շշուկի և դրա տարբեր տեսակների հնչեցման ձևեր:
Իհարկե, ընգրկված էին նաև պակաս հաջողված կամ ընդհանրապես չստացված ներկայացումներ: Փառատոնը մեկնարկող «Իմ անցած ուղին. Սերգեյ Եսենին» ներկայացումը բեմադրական կշիռ չուներ և ընդամենը ռեժիսորական մի քանի շտրիխներ էին նշմարվում: Արդյունքում, հանճարեղ պոետին արտաքնապես կարծես թե նման դերակատարի' Երվանդ Ենգիբարյանի գործողությունները չէին հասունանում: Ամբողջ ներկայացման ժամանակ միակ հավատ ներշնչող տեսարանը «Սև մարդը» հատվածն էր: Չարախինդ ժպիտով ու աչքերի անմարդկային փայլով ասես բուլգակովյան միստիկ կերպար լիներ, որը մահվան առջև ինքն իր միջնորդն է դառնում: Բեմական խոսքի բուհական մրցույթում այս հատվածն, ինչ խոսք, մրցանակակիր կլիներ, բայց ամբողջ գործը մոնոներկայացում կոչելուց կխուսափեմ: Կխուսափեմ նաև այդպիսին համարել ԱՄՆ-ից Սթիվեն Թոմաս Օքսների ներկայացրած «Պանտելեյ Կարմանովի տաղտկալի ճշմարտությունը» ներկայացումը, որովհետև այն ավելի շատ հարիր էր թատերական էստրադայի մենաներկայացմանը, քան թե մոնոներկայացմանը:
Շատ ավելի տխուր էր Մարինե Պետրոսյանի դրությունը, որը «Երբ դու չկաս» ներկայացման սկզբից մինչև վերջը Մեռյալ թատրոնի շահերն էր սպասարկում: Ուր էր, թե դա փառատոնի ընթացքում ակտիվ թատերասերին սպասվող տեսալսողական չարչարանքների բարձրակետը լիներ: Արամ Գյուրջյանը «Առագաստ» բեմադրությամբ գերազանցեց հակաթատերական հնարավոր բոլոր ռեկորդները: Դպրոցական բաց դասին վայել արտահայտչականությամբ, առանց ավելորդ շտապողականության կեղեքեց և՛ Վիսոցկուն, և՛ փառատոնի բերումով իր հանդիսատեսը դարձած մարդկանց: Նշված ներկայացումներով փառատոնում տեղ գտած որակական խոտանը չի սահմանափակվում: Այստեղից հետևություն' փառատոնի կազմակերպիչներն այսուհետ ներկայացումներն ընտրելիս պետք է շատ ավելի խիստ մոտեցում ցուցաբերեն:
Նյութի աղբյուրը՝ imyerevan.com 03.05.2013