Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

Շեքսպիրյան թատերական փառատոնի առաջին ներկայացումը՝ Ռոբերտ Ստուրուայի «Համլետը», որը վրաց դերասանները ներկայացրին Սունդուկյանի թատրոնի բեմում, պարզապես ցնցեց ներկաներին: «Համլետին» բեմադրիչը անդրադարձել է երեք անգամ: 1992-ին Ստուրուային է դիմում անգլիացի հայտնի դերասան Ալան Ռիկմանը եւ առաջարկում Համլետ խաղալ: Հենց այդ ներկայացումը շեքսպիրյան մեմորիալ կազմակերպության հրատարակած գրքում համարվում է լավագույն տասնյակից մեկը: «Իմ կարծիքով, Համլետը մի տարածության մեջ է, որտեղ ինքն արդեն ինքը չէ: Մենախոսության բառերը դուրս են պրծնում նրանից ինչպես Սալվադոր Դալիի արկղից...», ասում է բեմադրիչը:

«Ազգը» խնդրեց թատերագետ Լևոն Մութաֆյանին իր տպավորությունները կիսել. «Շեքսպիրի աշխարհը թատրոնի աշխարհն է, վառ գրոտեսկի աշխարհն է եւ հրաշալին այն է, որ Ստուրուան կարողացել է հասկանալ այդ աշխարհի ողջ առանձնահատկությունը եւ թատերայնության արտակարգ դրսեւորումը: Ամեն ինչ ողբերգական ֆարսի մեջ էր ու դրանով էլ հետաքրքիր էր: Մի կարեւոր հատկանիշ կար` Ստուրուան գտել էր իր շեքսպիրյան միջավայրի ու մտածողության եւ վրացական ազգային փիլիսոփայության, ազգային մտածողության միասնությունը, որով էլ ներկայացումը արդիական է»: Ռուսական թատրոնի գեղղեկ Ալեքսանդր Գրիգորյանը նշեց. «Դրամատուրգի ազատ թռիչքը Ստուրուան այնպես էր մեկնաբանել, կարծես այս օրերին այն գրված լիներ: Հատկապես ցնցված եմ 2-րդ գործողությունից, որտեղ Գերտրուդի դերակատար Նինո Կախրաձեն եւ Համլետի դերակատար Զազա Պապուաշվիլին իրենց էմոցիոնալ խաղով հմայեցին»:

«Շատ հետաքրքիր, զարմանահրաշ ու անսպասելի մի բեմադրություն էր, որից մեծ բավականություն ստացանք: Ստուրուայի այս բեմադրությունում ռեժիսորական հնարած որեւէ բան չէր նկատվում, եւ թվում էր, որ այդպես էլ պետք է լինի, բայց այնքան բնական էր դա, այնքան էր մերվել, ու հենց այդպես էլ կարծես թե կլինի: Ես կարծում եմ, որ «Համլետը» նույնպես պետք է դասել Ստուրուայի գլուխգործոցների շարքին», իր տպավորությունը ներկայացրեց Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի գեղղեկ Երվանդ Ղազանչյանը։

ՄԱՐԻԵՏԱ Մակարյան

Նյութի աբյուրրը՝ ԱԶԳ 

335 հոգի