Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

Թատերական աշունն առանց ՀԱՅ ՖԵՍՏ-ի մի տեսակ այն չէր լինի: Բեմական միջավայրից միջազգային համն ու հոտը կպակասեր, ու չէր լինի մեր ու արտերկրացիների ստեղծագործական ուժերը զուգահեռելու և համեմատելու գլխավոր առիթը: Նշված վերլուծական խորհրդածումների մտոք կփորձենք փառատոնային թափորից ու թափոնից առանձնացնել առավելապես աչքի ընկած ներկայացումները: Ասել է թե, հիացումի ու հիասթափության համադրմամբ 12-րդ Հայ ֆեստի մասնագիտական նկարագիրն ամփոփել:

Ուշագրավներից առաջինը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և Հայֆեստի համտեղ ջանքերով բեմադրված «Ջուրը` գդալ-գդալ» ներկայացումն էր: Չնայած այն հանգամանքին, որ Կիարա Ալեգրիա Հուդեսի պիեսը 2012թ-ին պուլիցերյան մրցանակի է արժանացել, այդուհանդերձ, գրվածքն իր տեսարանային անցումներով կինոգենիկությանն էր հակվում: Կինոզգացողության առաջացմանը հատկապես նպաստում էին ներկայացման բեմադրական սիրողականությունն ու դժգույն ռեժիսուրան: Բեմադրական մասով`դերասանների հետ աշխատանքի անփորձությունը ակնհայտվում էր դերակատարների ընտրության սկզբունքից իսկ: Անթաքույց էր արական սեռի երկու կերպարները ստանձնողների խոսքի ապարատի թերությունները: Գործող անձանց միջև ստեղծվող հարաբերություններն էլ, կլինեին դրանք վիրտուալ, թե իրական կյանքում, հոգեբանական նրբությունների պակասավորությամբ էին աչքի ընկնում: Թեպետ, Իրաքում պատերազմած ամերիկյան զինվորական Էլիոթ Օրտիսի մասին բեմապատումի էմոցիոնալ հմայքը հուզական խորասուզման լիարժեք հնարավորություն ընձեռում էր:

Իսկ ռեժիսուրայի առումով ներկայացման հեղինակները տեսարանների տեղային և ժամանակային անցումների բնական մատուցումն էին ձախողել: Չկարողանալով այդ սյուժետային ոլորումներին պայմանական հաջորդականություն հաղորդող տեսալսողական հնարք գտնել, դպրոցական հանդեսի հարթության վրա էին հայտնվել: Արդյունքում, մի կերպ կռահելով թատերգության իմաստային նշանակետը, ենթադրում ես` ներկայացումը փորձում էր բեմականորեն բարձրաձայնել մարդու մեկուսացված ներաշխարհի ու շրջապատող միջավայրի սուր հակադրությունից առաջացող դիսոնանսը: Դիսոնանս, որից փախուստի գոտին կարծես թե ներաշխարհը մեխանիկորեն անզգայացնող ամենակուլ թմրամոլությունն է: Փոխարենը գրեթե ողջ ներկայացման ընթացքում առանց ավելորդ ճիգերի զգայելի էր դերասանների խաղային դիսոնանսը:

Խաղային որակի տեսանկյունից տրամագծորեն հակառակ պատկերն էր խոսքի պլաստիկայի փնտրտուքներում գտնվող Զարուհի Անտոնյանի բեմականացման մեջ: Բեմավորելով Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը նա առաջին կուրսի ուսանողներին կարողացել էր հասցնել արտահայտչական այնպիսի նշաձողի, որի տիրույթում պատմողական խոսքի էպիկական շունչը կատակերգականի տարատեսակ արտշնչումներով էր մատուցվում: Ավելին, բեմադրիչ-ռեժիսորի արտահայտչաձևային բազմերանգությունը շատ ավելի ընգրկուն էր գեղագիտական շերտերում: Կամերային-ստուդիական միջավայրում նրա ստեղծած էսթետիկական հյուսվածքում նկատելի ու նշմարելի էին իրերի սիմվոլիկ-կոլաժային, հնարագիտությամբ պոետիկ-միստիկ, Անտոնեն Արտոյի «Դաժան», Անդրե Անտուանի «Ազատ» թատրոնների թելերը և մանրաթելերը:

Թեև հարկ է նշել` որոշ տեսարանների ձայնարձակումներում պարզապես անհրաժեշտ է կյանքի կոչել չափի զգացողությունը: Այլապես, հեգնական էրոտիկությունից պոռնոգրաֆիկ գռեհկության գիրկն են ընկնում, ինչի հակագեղարվեստական լիցքն անգամ կոպիտ կոմեդիայի համատեքստում չի արդարացվում: Ի դեպ, կյանքի կոպտության կողմերից մեկը գեղեցիկի ու վեհության ամենաուղղակի իմաստով էր հրամցնում բացառիկ էսթետ Վահան Բադալյանը: Նա համարձակվել էր մարտահրավեր նետել ճակատագրի այսպես ասած բացթողումներին` հաշմանդամների հետ բեմադրելով «Մի՛ լքիր ինձ» ներառական պարը: Տարալեզու մեկնաբանություններով պարային ներկայացման լեյթմոտիվ դարձնելով Ժակ Բրելի Ne me quitte pas երգը` ոչ թե լոկալ ազգային, այլ համաշխարհային ցավն էր հնչեցնում: Ի հեճուկս անտարբերության` հիշեցնում խնդրի համամարդկային լինելը: Եվ այդ ամենն ի կատար էր ածվում գունային և պլաստիկական լուծումների բարձրաճաշակությամբ: Ինչպես նաև`տարածականի հաշվենկատ խաղարկմամբ ու դեկորացիոն մինիմալիստական մոտեցումով, որոնք էլ ավելի զարմանահրաշ էին դարձնում պարողների ինքօրինակ աշխարհը:

Ոչ սովորականի ինքնանպատակ դրսևոևումը կարելի է համարել թուրք-գերմանական «Տոհմածառ» նախագիծը, որի գերխնդիրը, թերևս, որպես արտասովոր կերպով ներկայանալն էր: Թեկուզև, կատարյալ անհասկանալիության գնով: Այսպիսով, ըստ ստեղծագործական խմբի` ետնապաստառին էկրանավորած հնամենի խմբանկարով ու ջութակ քոքելով կարելի է գեղարվեստականության հարցը լուծված համարել: Փույթ չէ, թե բեմում փռածդ ներքնակների ու Ճամպրուկների անիմաստ խաղարկումներով այնքանով ես առնչվում նախանշածդ պատմական թեմային, որքանով` փականագործը դիվանագիտությանը: Կամ էլ ցեղասպանության հետ աղերսել դերասանական եռյակի գերպայմանական գործողությունները, որոնք իրականում գեղարվեստասպանության ժանրից են: Իհարկե, այդ անդառնալի թվացող իրավիճակում, որպես հույսի նշույլ է առկայծում դերակատարներից թուրքաբնակ մեր հայրենակցի էմոցիոնալ անկեղծությունն ու թափը: Հատկություններ, որոնք նրա խաղային գունապնակում ողբերգակատակերգական անդրադարձումներով էին լուսաստվերվում: Անգամ չենք զգուշանա եզրակացնել, որ Միհրան Թոմասյանի դերասանական տեսակին հասու է Կոմիտասի պես բարդագույն կերպարը:

Արտերկրյա թատերախմբերի հայազգի դերակատարներից, կատարողական որակներով իր բարձր կարգն էր ապահովում նաև Ալեքսեյ Բաղդասարովը: Ավգուստ Ստրինբերգի «Մահվան պար» պիեսի համանուն բեմադրության մեջ զինվորական ամուսնուն կերպարավորելիս` թեմատիկ առանձնահատկությանը ներդաշնակվող արտահայտչականություն էր որդեգրել: Մերթ կեցվածքային-պաթետիկ, մերթ ինքնաշարժ-էքսցենտրիկ վճիռներով մահվան աբսուրդային պարախաղն էր կետագծում: Միջնադարյան մորալիտեն, միստերիան և մետերլինկյան մահամիտ սիմվոլիկան եռանկյունող մետաֆորով ակնարկում, դժոխային կյանքի ու մահվան այլընտրանքային կապերը: Ինչևէ, ռուսական «Մոդեռն» թատրոնում հանդես եկող դերասանը պետք է վերանայի լուռ խաղի համար նախընտրելի դարձրած արտահայտչականությունը, քանի որ անասելիորեն ցցուն է տպավորչական գործակցի սակավությունը:

Մտախաղի տեսանկյունից շատ ավելի հուսադրող էր Մեծ-Բրիտանիայի ներկայացուցիչ Ռոբերտ Բոումանի դրությունը: Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործության Պոպրիշչինի կերպարը կերտելիս` էթնիկորեն հավաստի էր լինում գրեթե միայն անխոս խաղի տեսարաններում: Հիվանդագին ծիծաղից բացի, մնացյալ բարձրաձայն տեսարաններում մեծամասամբ էքսցենտրիկ բռնախաղի հետևորդի էր վերածվում: Անգլերեն տեքստն արտաբերելով չէր կարողանում իր ռուս լինելը համոզել, ինչն առանձնակի վարպետության խնդիր է: Մտախանգարված չնչին չինովնիկի բեմական բնականությունն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ կերած-խմած բուրժուաի մարմնական տվյալներով խղճուկ ոչնչության տեղ ներկայանալը հակասում է փոքրիկ մարդու գոգոլյան գաղափարին: Չնայած պետք է խոստովանել, որ Շինեյդ Ռուշի ռեժիսորական շտրիխները հավատարիմ էին գրական հենքի գաղափարահուզական նշանակությանը: Թղթե իրերի ընդգծումով հոգեխանգարվածի անկշիռ իրականությունն է խորհրդանշում:

Գեղարվեստական կշռից առհասարակ զուրկ էր Ֆրանսիան ներկայացնող Հելատրիոն Ընկերության «Պագինա Բիանկա» բեմադրությունը: Նրանք այս տարի նույնպես Հայ Ֆեստի հանդիսատեսի համբերության հաշվին իրենց երաժտապարային կուտակումները պարպեցին` տպավորչականության զրոյական մակարդակում մնալով: Համբերության չարաշահման փոքր-ինչ այլ դրսևորում էր ինտելեկտուալ դրամային հարող «Տեսարան արգոնավտների հետ» ներկայացումը: Իտալիայի փառատոնային պատվիրակ հանդիսացող գերմանացիները, երբեմն-երբեմն 16+ կայքերից գործուղված գործիչներերի տպավորություն էին թողնում: Գերմանական հայտնի հակումներին հագուրդ տալով, բեմում կամ սեռական ակտի դիրքն էին աննպատակ ցուցանում, կամ էլ պարարտ գերմանուհիներից մեկը պահպանակի առաձգականության փորձարկումն էր իրագործում: Արդյունքում, բարդընկալ բեմադրության ինքնանպատակ գռեհկություններից համբերությունդ հատնում է, ինչին նպաստում էր նաև թքած-կպցրած պայմանականությունների մեծաշուք համահավաքը:

Պայմանականության կարկատանների հիթ շքերթում աբոնենտ ունեցող պարսկական թատերախմբերն, ինչպես միշտ, թերզարգացած կարմրավուն խորհրդանշումներով պարզունակ ենթիմաստներին էին տուրք տալիս: Որոշ բացառություններով փառատոնի պարսկական ծրագրից արժեքավոր էր «Բրեդ» թատրոնի «Հաց» հեքիաթ-կատակերգությունը: Էքսպոզիցիոն հատվածում անորոշությամբ տաղտկալի բեմադրությունը հիմնականում կատակերգականի ձևային կողմն էր ապահովել: Կերպարներն ամենից հաճախ ծիծաղելի էին իրենց պայմանական-գրոտեսկային տեսքով ու շարժաձևերով, որոնք բովանդակային կոմիզմին հազվադեպ էին ծառայում: Տվյալ խնդրի կատարումը դժվար է, սակայն ոչ անհնարին, ինչը մնջախաղային ու ծաղրածուական արտահայտչամիջոցներով ապացուցեց Կրասնոյարսկի «Զա դվումյա զայցամի» թատերախումբը:

Ռուսները, պարսկական թատերախմբի պես հեքիաթային-կատակերգական ժանրին նախապատվությունը տալով, հաղթահարել էին փոխհարաբերությունների կոմիզմի դժվարամատչելիությունը: Զուտ արտաքին կոմիզմով չբավարարվելուց զատ`վերջիններիս հաջողվում էր նաև պայմանականությունը դեպի անսահմանություն տանել: Թղթե գնդերի տարանշանակ խաղարկումով պայմանականի հնարավորությունների բազմազանությունը առարկակայականացնել: Բայց «Ձմեռը Յոռկում» բեմադրության հեղինակ Իրինա Զայցեվան, լիրիկական զեղումներին պետք եղածից ավելի շատ ժամանակ հատկացնելով, անհարկի երկարաձգեց իր ստեղծագործությունը ու ձանձրացրեց հանդիսականին: Այսուհանդերձ, ևս մեկ Հայ Ֆեստ կարող ենք ավարտված ու փորձաքննված համարել:

08.01.2023  16:31

Նյութի աղբյուրը՝ imyerevan.com

399 հոգի