15.10.2020 23:14
Ստուգաբանորեն մի քանի իմաստ է ներկայացնում.
1) գերմ.՝ երաժշտական ժարգոնում 20-րդ դարասկզբին Kitsch-փնթի, անբարեխիղճ աշխատանք(‹‹халтура››, հայակական արվեստի ժարգոնում՝ ‹‹գրդոն››):
2) գերմ. մեկլեմբուրգյան բարբառում (Platt ցածր գերմանական բարբառներ); kitschen բայը նշանակում Է "կեղտը, մնացուկը կպցնել իրար, ներկել» ("Schlamm zusammenslrcichcn՝՛), այլ կերպ ասած՝ խալտուրա անել, ստեղծել ցածրաճաշակ ստեղծագործություններ:
3) Գերմաներենում «Kitch» բառին կից գոյություն ունի նաև verkitschen բայը. Էժան վաճառել (удешевлять):
4) Անգլ. «Sketch»-էսքիզ, փնթի նկար: Երբ ամերիկացի զբոսաշրջիկները 19-րդ դարի երկրորդ կեսին Մյունխենում ցածր գնով նկար էին ուզում գնել, ըստ Ումբերտո Էկոյի՝ այս հասկացությունը կապվեց անարժեք իրերի հետ, որոնք արված էին մակերեսային հմտությամբ:
5) Ցածրաճաշակ արվեստի նմուշները անգլերեն բնութագրվում Էին նաև "for the kitchen՜' (խոհանոցի համար) արտահայտությամբ, այսինքն այդ արվեստի նմուշներն այնքան ցածրաճաշակ են, որ կարող են օգտագործվել միայն խոհանոցում, քանի որ չի կարող կիրառվել այլ ոլորտում:
6) Գրեթե անօգտագործելի լինելու առումով՝ kitsch-ը հիդիշին աղերսելու փորձ է անում Աբրահամ Մոլն իր «Կիտչի հոգեբանությունը» գրքում՝ նշելով, որ հիդիշում «verkitschen» բառը նշանակում Է ինչ-որ մեկի «վզին փաթաթել մի բան, ինչի կարիքը նա չունի»:
7) լեհ.- cуc-կեղծիք:
Զանգվածային արվեստի ամենաստորին շերտերին առնչվող երևույթ (ներկայացուցիչներին կատարսիս ծաղրանմանակող դուրսպրծուկների սերունդ էին անվանում): Արտաքին էֆեկտի վրա հաշվարկված պսեվդոարվեստ, որը գերբեռնված է գեղարվեստական և էսթետիկական արժեքներից զուրկ՝ ընդհանուրը չեղարկող դետալներով: Բնութագրական կողմերն են` զանգվածայնությունն ու դրա հետևանք հռչակը, ճչանությունը, կեղծ փայլը, արվեստայինի գռեհիկ իմիտացիան, ընտրախավային մշակույթի պատրաստի սիմվոլների-նմուշների օգտագործումը, բովանդակության գերպարզեցումը: Այն իր անփոփոխ դրոշմաձևերով լայն տարածում ունի կոմերցիոն արվեստում: Մասնավորապես՝ իր դրսևորման հարթակ է դարձրել ամսագրային կայսրությունը(վառվռուն շապիկներից մինչև սատիրային ֆորմայի գռեհկաբանությունները), բուլվարային գրականությունը, կինոյի(հոլիվուդյան և բոլիվուդյան արտադրանքի մեծ մասը) և հեռուստատեսության(սերիալներ) հոսքագծային արտադրությունը՝ գործաբանական տեսանկյունից սպառողի գիտելիքին իմաստաբանական և արժեաբանական որևէ օգուտ չավելացնող: Իբրև կեղծ օբյեկտ, այսինքն, որպես կեղծագործում (սիմուլյացիա), պատճեն, արհեստական օբյեկտ, ստերեոտիպ..., կիտչը երբեք ոչ մի նոր բան չի բացահայտում, այն բնութագրվում Է իր ածանցյալ ու աննշան արժեքով»:
Եթե մոդեռնիզմը հաճախ միայն իրական արվեստի հնարքների իմիտացիա էր անում, ապա Կիտչը լոկ արտաքին կողմի նմանակումով զուտ դեկորատիվի հետևողական բազմացման է հետամտում՝ կտրուկ նեգատիվ ազդեցություն ունենալով տարբեր երկրներ ազգային մշակույթի վրա: Կիտչի պրակտիկան արվեստում գեղագիտական արժեքների և կյանքի այլ բնագավառների բոլոր սահմանները ջնջում է: Իրենում ներառում է էսթետիկական օտարման յուրահատուկ ախտանշան՝ նպաստելով անձի ներքաշումը բովանդակազուրկ արժեհամակարգ: Որպես զանգվածային մշակույթի էքստրավագանտ որակներից մեկը կիտչը արվեստը հանգեցնում է իրին: Մարդուն դեպի պրագմատիկ ներշնչումը մղելով՝ արվեստի հանդեպ նրա վերաբերմունքը առարկայի պսեվդոհոգևոր օգտագործմամբ սահմանափակում: Կեղծ պատկերացում ձևավորում սպառողի ընկալումներում` գեղարվեստական ստեղծագործության էության և նպատակների վերաբերյալ: Այդպիսով նրան անըկալունակ դարձնում արվեստի իրական արժեքներին հանդեպ: Պոստմոդեռնիզմի գեղագիտության մեջ կիտչը փոխարինվում է անգլերեն «Trash» բառով, որը նշանակում է աղբ, թափոն: Այսպես են կոչում այն արտեֆակտները, արվեստի նմուշները, որոնք հոգևոր արժեքների հետ ոչ մի կապ չունեն և ճաշակից զուրկ են:
Գրականության մեջ Լ. Ֆոյխտվանգերը կիտչ է համարում պատմական վեպի այն տեսակը(Հ.Սենկևիչ ‹‹Յո՞ երթաս››, Ա.Դյումա ‹‹Երեք հրացանակիրները››), որի հիմնական նպատակն է «թեթևակի զբաղեցնել ընթերցողին և հեղինակին տալ հնարավորություն՝ վաստակել իր հացը»: Այսինքն՝ նման վեպերը կրում են կոմերցիոն բնույթ և ընդամենը նպաստում են ընթերցողի ժամանցին: Այդպիսի վեպերում «բացակայում են կենդանի մարդիկ, գաղափարներ՝ բացի ուշագրավ կերպով վերապատմված ֆաբուլայից՝ ներմուծված համաշխարհային պատմությունից»: Այստեղ դետալը «սպանում» է ընդհանուրը, գեղարվեստական ստեղծագործությունը, ինչի պատճառով էլ կիտչային պատմական վեպերում բացակայում է պոեզիան (լայն իմաստով): Այն միշտ մնում է փաստերի, պատմական սկզբնաղբյուրների ուսումնասիրման սահմաններում: Սովորաբար կիտչային տեքստերում հիմնական թեմաներից են կյանքը, մահը, ճանապարհորդությունը, սպանությունը, կռիվը, բայց խնդիրն այն է, որ կիտչի գեղարվեստական աշխարհը մոդելավորվում է սև-սպիտակ/չար-բարի սկզբունքով: Տեքստի «սկզբում» միշտ առկա է աններդաշնակություն, հերոսին ինչ-որ բան պակասում է, կամ խախտվում է գեղարվեստական աշխարհի հավասարակշռությունը, ինչը միշտ տեքստի «վերջում» վերականգնվում է:
Թատերագրության մեջ կիտչային դրսևորում է համարվում մելոդրման` էժանագին կատարսիս առաջացնող իր ճանաչելի, այն է` ծաղրահունչ ու չափազանցված խոսքով և հույզերով (Տես` ՄԵԼՈԴՐԱՄԱ):
21-րդ դարի հայկական կիտչի բեմական դրսևորումներից է ‹‹Նո Քոմենթ›› կոմերցիոն նախագիծը: Հատկապես դրանում ներառված ‹‹Ով է ուզում դառնալ միլիոնատեր›› հեռուստանախագծի պարոդիական տեսարանում Հայկ Մարությանի (քաղաքական կիտչի դրսևորում՝ կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր /չար-բարի) ներկայացրած խաժամուժային կերպարն՝ իր ‹‹Ավո, Նունեն ոնց ա, Նուննեն…›› խոսքաբաժնով (քաղաքական նկատառումով), որը ազգային կենսամշակույթի համատեքստում ընտանիքի ինստիտուտի անձեռնմխելիության, այն է՝ դրա արժանապատվության սահմանները ջնջող արտահայտություն է:
You Tube-յան տիրույթում քսանյոթ միլիոն դիտումների քանակով, որպես զանգվածային մշակույթի նմուշ՝ հայկական կիտչի օրինակներից է նաև Ավետիսյան եղբայրների կողմից Էստրադային երգիչ Էրիկի ‹‹Ոչ ավել, ոչ պակաս›› տեսահոլովակի COVER VERSION 2020՝ կրկներգի դյուրամարս մեղեդային կառուցվածքով ու ռաբիսային երգեցողությանը հատուկ թուրաքարաբական լադերի գլխային ձայնով հնչեցմամբ: Ինչպես նաև՝ տարբեր բնույթի ձայնարձակումներով ենթագիտակացական մակարդակում բնազդային ցանկություններ հարուցող և կոլեկտիվ էքստազի հանգեցնող որոշ կատարումները:
Հեռուստատեսային արտադրանքից կիտչային դրսևորումներ են մեծահարուստների շքեղ կյանքի փայլով տպավորել փորձող տարատեսակ պարզունակ սերիալները և հաջողված պարոդիկ դերակատարումներով հայտնի զվարճապատումները վերարտադրող ‹‹Կարգին հաղորդում›› կոմերցիոն հեռուստահաղորդումը:
Կինեմատոգրաֆում կիտչային օրինակներից է Եժի Հոֆմանի «Հեքիմ» ֆիլմը:
Օգտագործված գրականության ցանկ
1. Պատմական վեպի տիպաբանությունը, իրականի ու երևակայականի հարաբերակցության խնդիրը և գործառույթը, Տ.Սիմյան, ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտ, Գրականագիտական հնադես 2010-2011, ԺԱ-ԺԲ, Երևան-2011
2. Словарь культуры XX века, Вадим Руднев, Москва-1999
3. Эстетика. Словарь, Под.Ред. А.А.Беляева, Москва-1989
4. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001
5. Китч как норма современной культуры, Варакина Г.В. //Культура и цивилизация. – 2014. – № 5
6. Китч как стиль масскультуры, О.Несмеянова, https://klauzura.ru/2012/05/olga-nesmeyanova-kitch-kak-stil-masskultury/
7. К дискуссии о китче в музыкальном искусстве(опыт этимологического анализа), Д.Жалейко
8. На грани и за гранью кича, Марк Кушинов журнал ТЕАТР №15, 2013 г.
Համահավաքեց՝ ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյանը
Խմբագրելի