Սեղմիր
ԳԻՏԱԿԱՆ

10.12.2023   23:13

Այս ուսումնասիրության նպատակը նույն ստեղծագործության նյութի, տվյալ  դեպքում` «Քաջ Նազարի» գեղարվեստական տրանսֆորմացիաների քննությունն է: Բանահյուսական հիմքից  դեպի գրական մշակում: Արձակի տիրույթներից` դրամատուրգիական դրսևորում, որը պահանջում է միանգամայն այլ գեղարվեստական լուծումներ: Եվ, վերջապես, էկրանավորում, որն ունեցել է միանգամից երկու ժանրային արտահայտություն, այն է` խաղարկային լիամետրաժ կինոնկար և մուլտիպլիկացիոն ֆիլմ:

Ամեն ժողովուրդ պատմության ընթացքում ստեղծում է իր հեքիաթները, որոնք բնութագրում են ազգի բնավորությունը, երևակայությունը, հումորն ու ապրելակերպը: Դժվար է որոշել հեքիաթների ստեղծման ստույգ թվականը, սակայն հնարավոր է հարաբերական  ճշգրտությամբ սահմանել դարաշրջանը, որը նույնպես իր կնիքն է դնում այս կամ այն հորինվածքի վրա: Հատկանշական է նույնիսկ տեղանքը: Երկրի տարբեր գավառներում հորինվում են հեքիաթներ` իրենց բնությանն ու կերպարներին համապատասխան: Երբեմն նույն հեքիաթը տարբեր համայնքներում ունենում է առանձնահատուկ մեկնաբանություն: Կան նաև դեպքեր, երբ հեքիաթի թեման, մոտիվը շոշափվում է տարածքով ու մշակույթով մոտ երկրներում: Ժամանակի ընթացքում հեքիաթները գրի են առնում բանահավաքները, այնուհետև դրանք մշակում ու փոփոխում են գրողները: Որոշ հեքիաթներ նոր շունչ են ստացել գրեթե բոլոր ժանրերում,  իսկ հետո վերածվել թատերական ներկայացման ու ֆիլմի, գտել իրենց դրսևորումները կերպարվեստում:

Հեքիաթների հիմքում թեպետ ընկած են իրական կերպարներ ու հավաստի դեպքեր, սակայն այդ ամենը պարուրված է երևակայական շղարշով: Որքան էլ ռեալ լինի հեքիաթում ներկայացված միջավայրը, այնուամենայնիվ դրանք ֆանտազիաների աշխարհներ են, որտեղ ամեն ինչ արտահայտվում է պայմանականորեն և միֆով շաղախված: Այստեղ ամեն ինչ ունի երկիմաստ նշանակություն, սակայն այնպես է ներկայացվումոր մեզ ավելի իրական է թվում, քան կյանքը: «Լինում էչի լինում».  միշտ ներկա է այս սկզբունքը: Պետք է պահել այս սկզբունքը, շատ չտարվել ռեալությամբ, բայց չտարվել նաև հորինվածքով: Պետք է կարողանալ մնալ այդ սահմանգծին: Մարդը սիրում է հեքիաթքանի որ գիտեոր այդտեղ ամեն ինչ արդար լուծում է ստանում, չարը հաղթում է բարուն: Այստեղի հերոսը շատ դեպքերում իդելական է: Այսինքն` մոտ է մարդու երազանքին: Իսկ շատ դեպքերում նաև տիպական է` որպես կյանքի երևույթների ընդհանրացում:  Հեքիաթի լեզուն ավելի անկեղծ է, և դրան հավատալն` ավելի հեշտ:

Իհարկե բացի հեքիաթին բնորոշ մոտիվներից, կաևոր է,  թե տվյալ հեքիաթը,  որ ազգն է ստեղծել: Նույն հեքիաթի մոտիվը տարբեր ազգերի մոտ լրիվ  նոր մեկնաբանություն է ստանումՀենց հեքիաթներից կարող ես ենթադրել տվյալ ժողովրդի անցած ուղու և պատմության մասին: Հայկական հեքիաթներին բնորոշ է հումորը, իմաստնությունն ու թախիծը:

Եվ հետաքրքիր է նաև,  որ ամեն հեքիաթ չէ,  որ կարող է մասսայական դառնալ ու դարեդար փոխանցվել: Դա կախված է նրանից, թե որքանով է հոգեհարազատ ժողովրդին:

Հայկական ժողովրդական բանահյուսությունը նույնպես ակունք է հանդիսացել գրականության, կերպարվեստի, թատրոնի, այնուհետև` կինոյի համար: Հատկապես այն ստեղծագործությունները, որոնք շոշափում են մշտապես հանդիպող ու տիպական բնավորության գծեր, ինչպես նաև ունեն այլաբանական իմաստ: Այդպիսի հավերժական բովանդակություն ունի հայկական, կովկասյան և արևելյան բանահյուսության մեջ տարածված այն հեքիաթի սյուժեն, որը պատմում է կույր պատահականությամբ մեծ փառքի ու հարստության հասած, մինչև անգամ թագավորական գահ ձեռք բերած չնչին մարդու մասին:

Հեքիաթի հայկական տարբերակը, որն առաջին անգամ հրապարակել է հայտնի բանահավաք Գարեգին Սրվանձտյանը, կոչվում է «Դըժիկոն»[1]:


[1] Հայ ժողովրդական հեքիաթներ, Հատոր 1, Երևան, 1959 թ էջ 8


Դա հետաքրքիր ու ծիծաղաշարժ պատմություն է մի աղքատ ու խեղճ գյուղացու մասին, ով իր անզգամ  կնոջից ազատվելու համար վերցնում է իր կովերն ու հեռանում տնից: Երբ յոթ ճանճ է սպանում, ավելի շատ` ինքնահաստատվելու ու քաջալերվելու համար, գրել է տալիս թե.«Դըժիկոն եմ ես, մեկ ձեռքով յոթն հոգի սպանած եմ»: Դըժիկոն, սակայն, ոչ մի չար մտադրություն կամ աշխարհին տիրելու նպատակ չունի: Ամեն ինչ ստացվում է պատահականորեն: Մարդիկ իրենք են նրա մասին լեգենդներ հորինում՝ ելնելով սնահավատությունից ու ստրկամտությունից: Նրա մտքով անգամ չի անցնում մեծարել իրեն կամ իր մասին սուտ քաջագործություններ պատմել: Թեպետ և չի հրաժարվում իրեն ուղղված մեծարանքներից և դրանք վայելում է հաճույքով: Հեքիաթի ավարտին Դըժիկոյի փառքն ավելացել է, սակայն նա իր դիրքը չի օգտագործում մարդկանց վնասելու համար:

Այդ հեքիաթի հիման վրա Հովհաննես Թումանյանը գրել է «Քաջ Նազար» անզուգական ստեղծագործությունը[2]: Թումանյանի մշակման մեջ թեպետ պահպանվել է հերոսի բնավորության հիմնական գիծը` վախկոտությունը, սակայն Նազարն այստեղ ներկայանում է որպես ալարկոտ ու անբան: Կրկին շատ բան կատարվում է պատահականության ու մարդկանց բթամտության պատճառով: Թումանյանի Նազարը, սակայն, այլևս խեղճ ու դժբախտ ամուսին չէ, ով հալածվում է կնոջ կողմից և այդ պատճառով`հեռանում, այլ մի մարդ, ով ընդունակ է միայն պարապ երազել և իրեն տեսնում է թագավորի գահին`  թեկուզ համայն աշխարհի կործանման գնով:


[2] Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, Երևան, 1988թ էջ 23


Հեղինակն ամբողջ ստեղծագործությունը պարուրել է նուրբ հումորով, ինչն արդեն  վերաբերմունք է և գնահատական: Յուրաքանչյուր բառ, խոսք, տեսարան ունի իր պատկերային լուծումը: Առաջին հայացքից աննշան թվացող դետալ, մանրուք իրականում լրացնում, ամբողջացնում է  ստեղծագործությունը: Երկխոսությունները սրամիտ են, ֆանտաստիկ, չափազանցված, բայց, միաժամանակ խիստ մարդկային: Թումանյանի հեքիաթում հեղինակային միջամտությունները հասցված են նվազագույնի, գործողությունները ինքնաբուխ են և գրեթե կինեմատոգրաֆիական, չկա անհարկի մեկնաբանություն: Նրա Քաջ Նազարը որքան ընդհանուր ու տիպական կերպար է, նույնքան էլ`անհատականություն, և բացառիկ է իր սրամիտ արտահայտություններով, որոնց միջոցով լիարժեք բացահայտվում է կերպարը: Թումանյանի ստեղծագործության մեջ ևս ճակատագիրը կարևոր է,  բայց դեռ բավական չէ: Պարտադիր է «նազար» լինել, այդօրինակ տեսակ ունենալ, նմանատիպ միջավայրում ապրել ու նոր միայն այդպիսի կյանքի հասնել: Այստեղ միօրինակ չէ նաև Նազարին շրջապատող միջավայրը. «Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար»։

Իհարկե հրաշալի է նաև վերջաբանը, որով ավարտվում է Թումանյանի հեքիաթը. «Մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում աշխարհի վրա»: Այս վերջաբանը ոչ միայն հանճարեղ ու հետաքրքիր ավարտ է, այլ ամբողջ ստեղծագործության խորքում թաքնված այն մտքի դրևորումը, թե «նազարիզմին» ավարտ չկա, կամ ավարտվելով` նորից ու նորից է սկսվում ամեն ինչ: Թումանյանն այնպես է վերափոխել նախահիմքը, որ այն ստացել է փիլիսոփայական բովանդակություն: Հեղինակը վարպետորեն փոփոխել է հերոսի կերպարն այնպես, որ, ի տարբերություն Դըժիկոյի, չկա խղճահարություն Նազարի հանդեպ: Նա ընտրել ու հարստացրել է հեքիաթի այն կտորները, որոնք լրացնում ու իմաստավորում են ամբողջ գործը: Հեքիաթի առանձնահատկությունն է դարձել նաև այն, որ չարն ու բարին չեն կռվում միմյանց դեմ, այլ չարը արմատավորվել է մարդկանց մեջ, քանի որ դրա համար խիստ նպաստավոր պայմաններ են ստեղծված, և բոլորն էլ հարմար առիթի դեպքում բացահայտում են իրենց: Մեկը մյուսին խաբում է, և ամենաշատ հենց Նազարի բախտն  է բերում:  Թեպետ մարդկանցից շատերը դեմ չեն «քաջ նազար»  դառնալուն:

«Թումանյանն իր մշակած մի քանի տասնյակ (մոտ 50 ) հեքիաթներից գեղարվեստական կատարելության առումով ամենից ավելի բարձր է գնահատել «Քաջ Նազար»-ը: 1922թ-ին գրած իր նամակներից մեկում նա ասում է. «Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին, գուցե չնչին պակասություններ կունենա, ով գիտի, և դա «Քաջ Նազարն» է

Իհարկե չի կարելի համաձայնվել այդ կարծիքին, դա իր երկերի նկատմամբ խոսքի մեծ արվեստագետի ունեցած խստապահանջ վերաբերմունքի արտահայտությունն է»: [3]


[3] Հայ գրականության պատմությունԵրևան,  1950թ  էջ 377-378


Թումանյանից հետո նույն նյութի հիման վրա «Աղա Ղազար» վերնագրով պատմվածք գրեց Ավետիք Իսահակյանը: Իսահակյանի Ղազարն իր բնավորությամբ ու հոգեբանությամբ  ավելի նման է Դըժիկոյին: Տարբերվում է կնոջ կերպարը, ով սովորական գյուղացի, խեղճ կին է: Պահպանվել է նաև հեքիաթի տխուր, թախծոտ մթնոլորտը: Ղազարը մշտապես գանգատվում է բախտից, երկխոսությունները երկարաշունչ են ու հաճախ կրկնվող: Դատողություններ անող ու մելամաղձոտ կերպար է: Իսահակյանի մշակման մեջ շատ է հեղինակային տեքստն ու մեկնաբանությունը: Շատ բան բացահայտվում է ոչ թե գործողության ու երկխոսությունների միջոցով, այլ հենց հեղինակային  տեքստով: Ղազարի բնավորությունը կարևոր չէ, կարևոր է բախտը: Նա առանձնապես ոչինչ չի ձեռնարկում, պարզապես բախտը ժպտում է նրան: Նրա փոխարեն ով էլ լիներ, կարող էր տիրանալ նման փառքի: Իսահակյանի մշակման մեջ էլ Ղազարը մինչև հիմա գահին նստած քահ-քահ ծիծաղում է:

Կարող ենք ասել, որ Իսահակյանն «Աղա Ղազար» պատմվածքում առանձնապես նոր բան չբացահայտեց, և մենք Նազարին չտեսանք այլ իրավիճակներում ու նոր մեկնաբանությամբ:

Բնորոշ է, որ նազարականության թեման շատ է հետաքրքրել հայ գրողներին, դրան անդրադարձել են նաև Ստեփան Զորյանը, Համաստեղը, Վահան Թոթովենցը, Գրիգոր Տեր-Գրիգորյանը, Մկրտիչ Սարգսյանը և այլ հեղինակներ: Այս թեման այնքան խորն ու հավերժական է, որ երբեք չի կորցնում իր գեղարվեստական հրատապությունը: Երևի թե չկա մի համայնք, որտեղ ժողովուրդն  իր Նազարը չունենա կամ դրա մասին չխոսի: Նազարի միջոցով հնարավոր է բացահայտել ոչ միայն մարդկային ամենատարբեր արարքներ, այլև բնութագրել մի ամբողջ ժամանակաշրջան` քաղաքական վայրիվերումներից մինչև պատմական իրադարձություններ ու բարքեր: Եվ պատահական չէ, որ յուրաքանչյուր հեղինակի «Քաջ Նազարը» կադալով` հստակ կարելի է ասել, թե տվյալ ժամանակահատվածում ինչ իրադարձություներ, ինչ քաղաքական մթնոլորտ է գերակայել երկրում: Նազարականությունը բնորոշ է բոլոր ժողովուրդներին, սակայն հայ գրականության մեջ այն մշտապես նոր մեկնաբանություններ է ստանում, քանի որ նման կերպարները  տեսանելի են կյանքի տարբեր բնագավառներում, երբեմն էլ ճակատագրական դեր են կատարել և դեռ շարունակում են իրենց այլևայլ դրսևորումները:

1923թ-ին իր մշակումը հրապարակ հանեց Դերենիկ Դեմիրճյանը: Հիմք ընդունելով ժողովրդական հեքիաթի այն սյուժեն, որը մշակել էր Թումանյանը, Դեմիրճյանն ստեղծեց «Քաջ Նազար» հեքիաթ-կատակերգությունը[4]: Պահպանելով ժողովրդական բնագրի հեքիաթային միջադեպը` թատերագիրն ավելի հարստացրեց ու շեշտադրեց Նազարի կերպարը: Նա ստեղծեց հրաշալի պիես, որն արժանիորեն համարվում է հայ թատերգության լավագույն գործերից մեկը: Նազարն ու նրա շուրջը կատարվող իրադարձություններն այլևս մեկ մարդու ճակատագիր ու պրոբլեմ չեն, այլ հավաքական կերպար և համընդանուր խնդիր, որն այնքան ճշգրիտ ու գունեղ է ներկայացված,  որ կարող է բոլոր ժամանակների հերոս կամ հակահերոս կոչվել:

«Քաջ նազար» կատակերգությունը գրվել է 1923թ-ին, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելու երրորդ տարում: Դա մի ժամանակաշրջան էր, երբ տակավին չէին մոռացված նախկին տիրողների քաջնազարյան  «սխրագործությունները»: Երկրի երեսից դեռ չէին ջնջվել նրանց գործելակերպի տխուր հետքերը: [5] 


[4] Դերենիկ Դեմիրճյան, Քաջ Նազար, Երևան, 1973թ

[5] Հրայր Մուրադյան, Դերենիկ ԴեմիրճյանԵրևան, 1961թ  էջ 283


Հասկանալի պատճառներով դեմիրճյանական երգիծանքի սլաքն այս դեպքում հասցեագրված է միայն անցյալին, մինչդեռ դուրսպրծուկների թեման միանգամայն արդիական էր:

Դեմիրճյանի ստեղծագործությունն առաջին հայացքից զվարճալի թվացող, սակայն խորը փիլիսոփայական երկ է: Պիեսն այնքան է հագեցած սրամիտ, հումորային երկխոսություններով ու երգիծանքովոր թվում է  մոռանում ենք պատմական ակնարկների և  բարոյական ընդհանրացումների մասին:

Գրականագիտության մեջ շատ  փորձեր են արվել  բացահայտելու Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ի փիլիսոփայությունը, սակայն հատկապես ուշագրավ են Տիգրան Հախումյանի և Հրանտ Թամրազյանի ուսումնասիրությունները:

«Քաջնազարիզմը,- գրում է Տիգրան Հախումյանը,- ծագում և զարգանում է այնտեղ, որտեղ մարդիկ ծայրահեղ հանդուրժողականություն են հանդես բերում դեպի անտաղանդությունը, ապաշնորհությունը, տգիտությունը, դեպի ամեն տեսակ ավանտյուրիստ և վիրավորական արհամարհանք ժողովրդի և մարդու վերաբերյալ

Քաջնազարիզմն, այսպիսով, հասունանում է բարեհոգի և անքննադատ մեծարանքի, արտաքին, երևութական արժանիքների առջև կուրորեն գլուխ խոնարհելու մթնոլորտում և դրա շնորհիվ»:[6]

Թամրազյանը նկատել է. «Ծուլություն, խաբեություն, վախկոտություն, ձրիակերություն, որոնք ուղեկցել են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում, այս բոլորը հեղինակը վերցրել է կյանքից ու ժողովրդական հեքիաթիցՈւրեմն ակունքները խորապես կենսական են և հատկանիշները ընդհանրական»: [7]


[6] Հախումյան Տ., Դերրենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան

[7] Թամրազյան Հ., Դերենիկ Դեմիրճյան, Ե.,,1976, էջ 81


Դեմիրճյանը հեքիաթի սյուժեն փոփոխել է` նրա համար մի նոր ճանապարհ հարթելով, դրամատուրգիական ժանրին հանդիսանքայնություն, հատուկ սրություն հաղորդելով: Նա հեքիաթի հերոսներին դուրս է բերում բախտի տնօրինության խաբուսիկ պատրանքներից և ի վերջո նրանց ճակատագիրը հանձնում պատմության ընթացքին:

Դեմիրճյանը հեքիաթը փոփոխեց և ներմուծեց նոր հերոսներ, ովքեր հարստացրին միջավայրն ու մթնոլորտը: Ոչ միայն ավելացան նոր կերպարներ, այլև ներմուծվեց մի ամբողջ հասարակություն: Եթե հեքիաթում գործում է Նազար-ժողովուրդ փոխհարաբերությունը, և այստեղ չկան հստակ ընդգծված անհատականություններ, ապա պիեսում ժողովրդի մեջ տեսնում ենք հստակ կերպարներ, ովքեր ունեն իրենց անուններն ու դեմքերը: Իշխան Սաքո, մի խումբ պալատականներ, հսկաներ`որոնցից յուրաքանչյուրն իր անհեթեթ անունն ունի` դրան չհամապատասխանող վարքագծով:  Սրանք այն կերպարներն են, որոնցից յուրաքանչյուրը բացի հումորային էպիզոդներից նաև հետաքրքիր կոլորիտ է ներմուծում պիես:

Դեմիրճյանը չի ստեղծում լոկ ծիծաղ հարուցող տեսարաններ: Նա ներկայացրել է այնպիսի տեսարաններորոնք հավատարիմ են ժողովրդական հեքիաթի պատմական ոգուն: Որոնք զավեշտի տակ ողբերգություն են պարփակում:

Հեղինակը մի հասարակ ստից ստեղծում է  լայնածավալ տարողունակ ծիծաղ ու պատմություն, դրան զուգահեռ` խորացնում ու ընդգծում է բնավորությունները: Հերոսներն արդեն ոչ թե հայտնվում են մեկ իրավիճակում և ըստ դրա բացահայտվում, այլ իսկապես դառնում են գործող անձինք, դրամայի կերպարներ,  ովքեր  կամա, թե ակամա վճռում են կյանքի ընթացքը,  կամ իրենք ենթարկվում այդ ընթացքին:

Այս երկում մեծացել է ոչ միայն Նազարի դերը, այլև ժողովրդի. յուրաքանչյուրն արդեն մեծ կշիռ ունի: Պատահականություններն արդեն պատահական չեն,  սխալների, տգիտության կամ երեսպաշտության հետևանք են: Այդ սխալները ստեղծում է հասարակությունը: Որքան Նազարն է ամեն իրավիճակից հետո փոփոխվում, ավելի վստահ ու վճռական դառնում, այնպես էլ հանրությունն է աստիճանաբար խճճվում ու ավելի անհեթեթ դառնում:

Դեմիրճյանի վարպետությունը նաև այն է, որ նրա ստեղծած մի դրվագը իր հզորությամբ գերազանցում է մյուսին` իմաստային խորությամբ: Դա է պատճառը,  որ ուժեղանում է սյուժեյի լարվածությունը: Փոքրիկ դրվագները աստիճանաբար վերածվում են պատմական ընդհանրացումների: Այստեղ և՛ հերոսներն են հայտնվում բազմազան իրավիճակներում, և՛ խոսքն ունի հոգեբանական խորն ու ընդհանրական ուժ: Այստեղ ծիծաղն իր մեջ սոցիալական իմաստ է պարունակում: Հեղինակը ծիծաղի միջոցով մերկացնում է կեղծիքը, և  սա սոսկ ծիծաղ չէ:

Դեմիրճյանի Նազարը պարզունակ թվացող, բայց և բազմիմաստ ու խորամանկ կերպար է: Նա սրամիտ է, բայց և հիմար, ստախոս է, միևնույն ժամանակ` միամիտ,  կեղծավոր ու վախկոտ: Կարող ենք թվարկել կերպարանափոխվելու նրա մի քանի հատկություններ ևս: Սակայն դա չէ կարևորը: Նույն բնավորությամբ և նմանատիպ իրավիճակներում կարող էր հայտնվել հերոսն ու այդքան հետաքրքիր չլինել: Որքան էլ հետաքրքիր է թեման, դա կարող էր դառնալ սովորական գործ և չհամարվել եզակի: Ինչպես որ հայ շատ հեղինակներ անդրադարձել են այդ թեմային, բայց ժողովրդի հիացական գնահատականին է արժանացել հենց Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:  Եվ շատ ու շատ քննադատներ էլ հենց անդրադաձրել են այս գործին: Քանի որ այս երկը կարդալիս մոռանում ես թեմայի, խնդրի մասին և սկսում հմայլվել: Այս գործը հասցեագրված է բոլորին` և՛ մեծերին և՛ փոքրերին, թեպետ Դեմիրճյանը, հավանաբար, չի հետապնդել այդպիսի հատուկ նպատակ: Այն հետաքրքիր է բոլոր նախասիրությունների  և տարբեր  խավի մարդկանց համար:  Այստեղ կա  կենցաղ,  գյուղ ու պալատ: Անբան պարծենկոտ ամուսին ու բռի գյուղացի: Հետո բախտի բերմամբ և ընդհանուր կուրության հետևանքով պալատում հայտնված, բայց նույն անբանը մնացած մարդ: Որպես տղամարդ ոչնչի պետք չէ,  վախենում է ամենքից և ամեն ինչից, աշխատելը համարում «անազնիվ» գործ: Նազարի բնավորությունն այնպիսին է, որ նա միշտ կմնա արդիական: Արդիական կմնա նաև այն բարոյա-քաղաքական միջավյարի ու հարաբերությունների շնորհիվ, որը ներկայացրել է հեղինակը: Այստեղ ամեն մի հերոս իր խոսքն ունի, ինչը հենց պիեսի կարևոր հատկությունն է, ամեն մեկի բառն արդեն բնութագիր է: Սա իհարկե բնական է դրամատուրգիական կտավի համար, տաղանդավոր պիեսները հենց այդպես էլ գրվում են, և մեզ շատ հայտնի գործեր հաջողության են հասել մեծամասամբ նաև դրա շնորհիվ: Բայց հայ թատերգության մեջ շատ է պատահում, որ բոլոր հերոսները խոսում եմ մեկ տոնով և նմանատիպ բառերով,  և սկսում ես մտածել,  որ նրանք բոլորը նույն դպրոցն են գնացել, նույն բակում մեծացել, նույն կինոն դիտել: Եվ հասկանում ես, որ գործ ունես ընդամենը մեկ հերոսի, այսինքն` հեղինակի հետ: Իսկ Դեմիրճյանի հերոսները իսկական  «թամաշա» են տալիս, այնքան թատերային են, որ թվում է, թե գտնվում ես թատրոնում,  ներկայացում դիտում:

Այստեղ մոտենում ենք մեր ուսումնասիրության նպատակային թեմաներից մեկին` ժանրային կերպափոխման խնդրին: Արձակ շարադրանքից` դրամատուրգիական հյուսվածք` դրանից բխող ստեղծագործական հետևանքներով: Նախ` առավել ընդգծված գեղարվեստական պայմանակնություն, թեպետ հեքիաթն ի բնե պայմանականություն է: Երկրորդ` նորանոր կերպարների ներմուծում` իրենց անհատական, հատկանշական գծերով, լեզվով ու վարքագծով: Դեմիրճյանն ստեղծում է բազմաշերտ սոցիալական միջավայր: Հեքիաթը վերածվում  է դիտարժան հանդիսանքի: Հեղինակը կազմակերպում է գործողությունների դինամիկ և զարգացող ընթացք` վառ թատերայնության շեշտադրումներով, որոնք տեղ են բացում ռեժիսորական և դերասանական ստեղծագործության համար: Գրարվեստը վերաճում է թատերայնության:

Այս պիեսում Նազարը հայտնվում է իրարամերժ իրավիճակներում, և ավելի պարզորոշ է դառնում նրա տեսակը,  ինչպես նաև նրա օգնությամբ հասկանում ենք իշխանության հասած անմիտների ու եսասերների կործանարար հետևանքները:

«Ելնելելով իր հայրենի երկրի ոչ հեռավոր անցյալի կոնկրետ իրողությունից, օգտագործելով ժողովրդական հեքիաթի սյուժեն` Դեմիրճյանը «Քաջ  Նազար» կատակերգության մեջ լայն կտավի վրա լուսաբանում է դասակարգային հասարակության մեջ ժողովրդի և պետության փոխհարաբերության հարցն ընդանրապես, կատարելով փիլիսոփայական և քաղաքական մեծ ընդհանրացումներ»: [8]


[8] Հրայր Մուրադյան, Դերենիկ ԴեմիրճյանԵրևան,  1961թ  էջ  284


Նկատեք, խորհրդային տարիների այս գնահատականի զգուշավորությունը, թեպետ ընդհանուր մոտեցումը ճշգրիտ է:

Դեմիրճյանական մոտեցման մեջ Նազարի հանդեպ հետաքրրությունն առաջանում է հենց առաջին տողերից, երբ կարդում ենք նրա արտաքինի նկարագրությունը. «Ծույլ շարժումներով, գզգզված մազերով, երկար բեղեր ունի, կզակը խուզված է: Մորթին գցել է դռանը և վրան թեք  ընկած, կիսաքուն երազում է:…»:

Անսովոր և ինտրիգային են Նազարի խոսքերը: Սա մի տեսակ է, որից շատ բան կարելի է սպասել: Ոչ միամիտ է, ոչ էլ խեղճ, այլ հակասական ու խորամանկ: Նրա բառերը ոչ միայն սոսկ նախադասություններ են, որի միջոցով միտքը տեղ է հասցվում, այլև ինքնաբացահայտումներ, որոնց շնորհիվ Նազարն ամեն անգամ փոփոխվում ու մի նոր տեսանկյունից է ընկալվում: Եվ այդ ամենն արվում է Դեմիրճյանի  նուրբ հումորի շնորհիվ: Նազարի` իմիջիայլոց ասված բառերը, բազմանշանակ են ու ծիծաղելի: Ծիծաղ, որն իր մեջ մի քանի շերտ ունի:

-Էդ ո՞նց բերնիցդ թռցրիր: Նազարն աշխատի՞: Գիտե՞ս աշխարհք իմանա, ի՛նչ կանի քեզ:

Ամբողջ պիեսը հագեցած է նմանատիպ երկխոսություններով, որոնք և՛ սրամիտ են, և՛ դիպուկ, և՛ կարող են կյանք ունենալ նաև պիեսից դուրս` թևավոր խոսքերի նման:

«Որքան էլ «Քաջ Նազար» կոմեդիայի փիլիսոփայության հիմքում ընկած լինի նորի վերաբերմունքը անցյալին, այնուամենայնիվ այդ փիլիսոփայությունը լրացվում ու ամբողջացվում է հեղինակային որոշակի ակնարկով նազարականության հարակից տենդենցների ժամանակակից դրսևորումների մասին»: [9]


[9] Վահագն ՄկրտչյանԴերենիկ ԴեմիրճյանԵրևան,  1987թ էջ 209


Պիեսում չկա ոչ մի խոսք կամ արտահայտություն, որ պատահական լինի, ասվի, հենց այնպես: Նազարի ձգձգված, դանդաղ արտասանված խոսքերը հուշում են, որ մենք ականատեսն ենք լինելու մի ալարկոտ ու մեծամիտ մարդու արարքների: Սակայն այդ ալարկոտությունն ու մեծամտությունը զարգանում են` վերածվելով կատարյալ աբսուրդի: Չաշխատող, ոչինչ չանող մարդն անընդհատ կրկնում է. «Գնամ թալանը բերեմ>>, կամ <<ի~…աշխարհքը…Ալարում եմ, թե վեր կենամ ջարդեմ»: Զավեշտալի անհամաձայնություն կա նրա խոսքերի ու գործերի միջև: Նազարը որքան թույլ ու անճարակ է իրական կյանքում, այնքան հզոր ու անվախ է երևում մյուսների աչքում: Նա անընդհատ վախից բարձրաձայն է խոսում, որ իրեն մենակ չզգա: Երբեմն էլ  խոսում է ուրիշների փոխարեն: Բայց մարդիկ դա չեն նկատում, քանի որ իրենք էլ են նրա նման: Նրա նման խենթ է նաև տիրացուն, ում` Նազարի սպանած ճանճերը դյուցազուններ են թվում: Դա մի կերպար է, ով ամեն ինչ կապում է ժամանակի հետ ու նրանում միստիկ բաներ տեսնում: Պիեսում գրեթե բոլոր կերպարները ոչ միայն իրենց ժամանակի ծնունդն են, ալյև հավերժական հերոսներ, ինչպիսին է նաև Տիրացուն: Նա շարունակ հանդիպող այն մարդկանցից է, որոնք իրենց ցնդաբանությունները հիմնավոր դարձնելու համար, մշտապես Սուրբ գրքից օրինակներ են բերում ու Աստծու անունը հիշատակում: Կեղծ հավատացյալի մարմաջ, ով անընդհատ փորձում է ինչ-որ մեկին գտնել, առանձնացնել, որն իբր աշխարհը փրկելու սուրբ առաքելություն ունի: Հենց  Տիրացուն է առաջինը հուշում Նազարին, որ կարելի է, պետք է աշխարհը նվաճել, քանի որ նա «ընտրյալ է»: Ու գրում է փալասի վրա.

-Անհաղթ Նազար, քաջն Նազար,

Մին կզարկի, ջարդի հազար:

Այդ մարդիկ, ովքեր շրջապատում են Նազարին, կարիք ունեն «ինչ-որ նազարի», որ գա, ղեկավարի, խաբի, հրամայի: Ամեն մեկն իր չափով ավելացնում է Նազարի փառքը:

Նազարը կրկնում է, որ ինքն ազնիվ է ու չի աշխատելու: Սակայն նրանից հետ չի մնում նաև Ուստիանը:

Ուստիան- …էսքան կնկա մարդ` գնաց աշխարհը թալանեց բերեց տուն, սա ընկած է գլխիս` պարապ հացակեր: Ձեռիցը ոչ թալան է գալիս, ոչ աշխատանք:

Նազարն իր համար յուրաքանչյուր վատ իրավիճակից դուրս է գալիս շահած: Հենց սա է, որ ամբողջ պիեսի ընթացքում զարգանում է ու հարստանում: Նազարը, սակայն, «թատրոն է խաղում»  ոչ միայն շրջապատի, այլև իր համար: Դա ավելի գրավիչ է դարձնում թե՛ պիեսն ամբողջությամբ, թե՛ Նազարի կերպարը: 

Եթե մի  փոքր զուգահեռներ կատարենք պիեսի և դրան  հաջորդած ֆիլմի միջև, ապա կտեսնենք, որ ֆիլմում այդ ամենը բացակայում է: Այնտեղ նկատում ենք, որ Նազարը խաղում է մեզ համար, գիտի որ հանդիստես կա: Իսկ պիեսում նա բնական է և ազատ: Նա խաղում է, երբ շուրջը մարդիկ կան և, երբ ոչ ոք չկա: Ինքն իրեն համոզում, մխիթարում ու ամենակարևորը՝ հավատում է իր ասածներին ու արարքներին: Երբ դրսից ձայն է լսում ու սարսափում, վախից սկսում է գոռալ ու իրեն ուժ տալ.

- ….Երևի չէր իմանում, թե ում դռանն էր գոռում: Ըհ, փախավ…էս է գեղամիջումը հասկացրին իրեն, որ Նազարն էստեղ է: Ձենը Դաղստանի էր: Ով է իմանում` լեզգի Հաջի Մուրադն էր: Ախր ասում եմ ձենը ծանոթ էր: Հա~յ գիդի, հա~…ի~նչ օրեր ենք անցկացրել միասին:

Եվ ամենակարևորն այն է, որ պիեսում ամեն ինչ զարգանում է տրամաբանորեն, որը, իհարկե, աբսուրդի տրամաբանությունն է: Երբ Սաքոյին գիշերն անտառում տեսնում ու սկսում է վախից բարձր գոռալ, մենք չենք զարմանում, քանի որ նա միշտ էլ այդպիսին է: Անմիջապես ստեր է հորինում ու բարձր գոռալով ասում, թե իբր ինքը մենակ չէ, իրենք շատ են ու կոտորում են բոլորին:

Եվ իսկապես Դեմիրճյանն այնպիսի կերպար է ստեղծել, որ Նազարին տեսնում ես, մտովի պատկերացնում ես և  մտածում, որ գործ ունես  ոչ թե մեկ մարդու, այլ  մի քանի, սակայն դրանից գործը ոչ թե տուժել է, այլ շահել:

Պետք է նշել, որ Նազարն արդեն գիտի, թե ինքն ինչքան է «առաջ գնացել»: Փառքն ավելանալու հետ մեկտեղ, նա հասկացել է, որ. «Մի ժամանակ կար,  նեղը, որ ընկնում էի` վախում էի: Վերջը տեսա, որ ամեն տեղ էլ դուրս եմ պրծնում: Հերն անիծած...քեֆ արա, մարդիկ ենքան սարսաղ են, որ ամեն տեղ էլ կպրծացնեմ: Սարսաղ աշխարք է, սարսաղ մարդիկ: Աշխարքը էսպես սարսաղ է եկել, սարսաղ էլ պիտի գնա»:

Հենց սա է, որ ուժ է տալիս նրան: Նա այս ամենն իհարկե հասկացել է բնազդով: Բայց եթե մի անգամ հասկացավ, արդեն նրան հակառակը համոզել չի լինի: Եվ մի անգամ գոռալուց հետո երկրորդ անգամ ավելի բարձր կգոռա: Արդեն գիտի, որ այդպես հաջողվում է:

Նազարն արդեն մի անկամ ու խեղճ մարդ չէ, այլ փառատենչ ու դաժան, ում գլխում միայն գռփելու ու տիրելու մտքեր են պտտվում: Թեպետ իրական կյանքում նա մի չնչին մարդուկ է, սակայն մտքերի ու երևակայութան մեջ` «ամենակարող» ու վտանգավոր: «Սպասի՛, տե՛ս, քո ջգրու` ոնց եմ աշխարհքը քանդելու» կամ «Համբո, էդտեղ մինը կանգնել` ականջ է դնում: Տես ո՞վ է, բռնի′ բեր, բռնեցի՞ր: Պոկի′ վիզը: Պոկեցի՞ր: Հա՞, դե լավ, դե′ն գցի»:

Դեմիրճյանի Քաջ Նազարը որքան իրական ու տիպական կերպար է, այնքան էլ ֆանտաստիկ ու աբսուրդային: Պայմանական են նաև այն միջավայրն ու մարդիկ, որտեղ հանդես է գալիս Նազարը: Գյուղի, քաղաքի ու մարդկանց անուններն արդեն բնութագիր են հանդիսանում: Օրինակ Քյալլագյոզցի, Բռնաշենցի, Զորբաշենցի կամ Խոզենի, Փերիշան, Ղոռոբուղա, Ղուզղուն և այլն:

Նազարը որքան տարօրինակ է ու վնասակար, այնքան հարգանք ու վախ է ներշնչում զորբաշենցիներին: Իսկ սա էլ հենց տգետ մարդկանց բնաթագրումն է: Ու հենց այսպիսի մարդկանց շնորհիվ, է որ Նազարը նազար է դառնում: Այնտեղ բոլորն էլ ինչ-որ չափով Քաջ Նազար են:

Թամադա-Դալար կենա կուռդ: Ժողովու՞րդ էլ ջարդում ես:

Նազար-Ճանճի պես, մին զարկում, հազար ջարդուոմ:

Թամադա-Հիմի Աստված որ հաջողի` սաղ աշխարհքը ջարդելու՞ ես:
Նազար-Մտքներս էդ է:

Թամադա-Դալա′ր կենա կուռդ: Բա որ էդպես է` մի խնդիրք պիտի անեմ:

Նազար-Ասա՛, լսում եմ:

Թամադա-Այ, էսպես որ տեսնում ես մեզ, հենց բռնի` ամենքս գեղերի իշխաններ ենք: Բայց ինչ անենք, որ գերի ենք մեր հարևանների ձեռին:

Բոլորը-գերի ենք, գերի ենք:

Նազար-Ո՞նց թե գերի եք:

Թամադա-Գերի ենք, Նազա′ր ախպեր, գերի ենք: Չեն ուզում իրենց աշխարհքը մեզ տան: Չի՞ լինի մեզ ազատես դրանց ձեռից: Մեզ կերան:

Այս երկխոսություններն ամբողջապես բնութագրում են այն գլխիվայր շրջված իրականությունը, որտեղ ապրում են այս մարդիկ:

Հետաքրքրիր է նաև ազնվության մասին Նազարի պատկերացումները, սակայն նույն տեսակետն ունի նաև Ուստիանը:

Ուստիան - Ո՞նց թե: Ինչու՞ չես աշխատում:

Նազար - Էդ ի՞նչ իմացա, էդ ի՞նչ համարձակություն էր….Էդ ո՞նց բերնից թռցրիր: Նազարն աշխատի~: Գիտե՞ս, աշխարհքը իմանա, ի՞նչ կանի քեզ:

Ուստիան - Բո~ո~…թագավոր ես գլխիս, որ չաշխատե՞ս:

Նազար - Իմացի, որ ես չպիտի աշխատեմ, դո′ւ պիտի աշխատես:

Ուստիան - Ինչու՞, հողեմ գլուխդ, դու ի՞նչ ես:

Նազար -  Էնդուր, որ ես ազնիվ եմ:

Ուստիանն էլ հարևանուհուն է ասում. «Ախր ո՞նց աշխատեմ, մատաղ: Էսօր հերս գեղի իշխան էր: Ինձ լայե՞ղ է, որ ես աշխատեմ»:

Բացի նրանից,  որ Նազարն ամենաթատերային ու գունագեղ կերպարներից է հայ գրականության մեջ, գունագեղ ու այլաբանական են նաև մյուս հերոսները: Տարօրինակ ու աբսուրդային են խոսում նաև պալատականները: Լուրջ ասված խոսքերը ծիծաղելի  ու աբսուրդային  են հնչում: Պալատի ամբողջ կեղծիքն ու դատարկամտությունն ենք տեսնում: Երկարաշունչ, չափազանց «խելոք» ճամարտակող մարդիկ, որոնք իրականում ոչինչ չեն ասում: Սակայն հասկանում ես, որ այնտեղ, որտեղ օգտագործում են փքուն բառեր ու դրանց թիկունքում թաքնվում, իրականում մի բան այն չէ: Նազարի մասին.

Սենեկապետ - Երեկոյան ընդունելով մահիճ` անփույթ ննջեց մինչև արշալույս, ծագեց արեգական հետ և ահա իսկույն կճառագե արեգնափայլ:

Մի պալատական - Երջանկությունը իմ էլ աչքերից քունը խլեց: Վախենում եմ հարատև արթնություն մի, որ դրախտային քնի է օրինակ:

Նազիր - Երջանկություն: Սա թագավոր չէր, այլ երկնային մանան: Եվ անձկալի: Վեց նահանգ սրա օրով ես կցեցի իմ իշխանության կալվածներին:

Վեզիր - Չորս նահանգ էլ ես կցեցի;

Զորապետ - Ես կալվածատեր դառա, որ երբեք չէի լինի նախկինի օրոք:

Նազիր - Միով բանիվ` ամենքս լավ դրստվեցինք:

Մի պալատական - Աստված մեծ է: Աղաչենք, մի պատերազմ էլ տա:

Այս խոսքերից կարելի է հասկանալ, թե իրականում ինչով են զբաղված պալատում և ովքեր են նրանք: Որքան բնութագրական են այս խոսքերը բոլոր ժամանակների համար: Հետաքրքիր է նաև այն, որ ոչ միայն գաղափարն է հոգեհարազատ մեր օրերին, այլև յուրաքանչյուր դրվագ, կերպար ու ռեպլիկ: Պետք է նշել նաև այն ժամանկահատվածը, երբ Դեմիրճյանը գրեց այս գործը: Դա ամենախրթին, անհասկանալի ժամանակն էր, երբ ամեն ինչ խառնված էր իրար, ու  «ազատ բեմ»  կար Նազարների համար:

«Աշխարհի ամենահետին մարդու գլխապտույտ վերելքը կյանքի աստիճաններով մինչև արքայական գահ, նախապես ստացվում է ինքնաբերաբար, թյուրիմացությունից, որոնց ակունքը շրջապատի միամտությունն է: Սակայն հետագայում նա դուրս  է գալիս կրավորականությունից և ինքն էլ է «միջամտում» սեփական բախտին»:[10]


[10] Արծվի ՀունանյանԴերենիկ Դեմիրճյանի ԴրամատուրգիանԱշխարհն իմաստուն ծիծաղի միջով, Երևան, 1988թ. Էջ 173


Այս պիեսում դիալոգային վարպետությունը վերաճում է ուժեղ գեղարվեստական էֆեկտի: Դեմիրճյանն այնպես է կառուցել երկխոսությունները, որ մենք Նազարին պատկերացնում ենք ոչ միայն նրա արարքներից` այլև  խոսքերից, ամեն մի բառից, տոնից, ռեպլիկից հասկանում ենք, որ նա անգրագետ է, չտես և հայտնվել է ոչ իր տեղում:

Սենեկապետ - Համարձակվում եմ բարձրացնել աչքս դեպի երկինքը,  երեսհարքիդ` սպասելով, թե ունես այլ հրաման, կենտրոն տիեզերաց:

Նազար - Քիշմի՛շ բեր:

Սենեկապետ - Քիմք նրբաճաշակության, արդյոք Հնդկաստանի՞ խաղողանույշ կհաճեիր, թե՞ Հաբեշստանի:

Նազար - Ի՞նչ է դուրս տալիս: Քիշմի՛շ բեր, որը կլինի, կլինի:

Սենեկապետ - Ստույգ հրամայեցիր, բերա՛ն ճշմարտության: Կնշանակե երթամ բերեմ որևէ քիշմիշ:

Նազար - Հա..Հա.. «որևէ  քիշմիշ» հայվան, դե հայդա:

Եվ այդ խիստ թագավորական տոնով ասված բառերից հետո որքան անհեթեթ է հնչում Նազարի պատասխանը: Այս մարդու գիտեցածը ընդամենը քիշմիշ է, ոչ ավելի: Նա չի ճաշակել ոչ մի այլ բան:

Սենեկապետ-Ձյուն մաքրության, այսօր դեռ չես լվացվել:

Նազար - Ինչ հորս ցավն է, էդ ամեն օր լվացվելը: Ծովաքար եմ, թե լվացքի տաշտ: Չի լինի՞, որ չլվացվեմ  … Երեսսրբիչը թրջի, բեր, թող վերջանա գնա: Ո՞վ գլուխ ունի տեղից վեր կենալու:

Այս մարդը ոչ միայն թագավոր կոչվելու իրավունք չունի, այլ նաև պալատում գտնվելու:

Երբ Նազարը լսում է, որ թշնամին արշավում է իրենց երկրի վրա: Սկսում է գոռգոռալ: Հանում է թագը, տալիս Սաքոյին ու ասում. «Գյադա, տար պահի: Շանց կտամ դրանց թագը»:

Իր համար ամբողջ թագավորությունն այս թագի մեջ է: Եվ իսկապես նման բաների հասնելու համար միայն այդքան տգետ ու անբան պետք է լինել: Բայց հետո սկսում ենք հասկանալ, որ սա ոչ միայն անբան է ու ծիծաղելի, այլ նաև դաժան ու իսկական աղետ:

Նազարին համոզում են, որ ինքը գնա կռվի կամ առաջնորդի զորքին: Նա բարկացած ասում է.

-Ամեն անգամ ե՞ս պիտի գնամ կռվեմ..

-Զորքը շատ կջարդվի:

- Թող ջարդվի, շատ վեջս է:

Ահա այսպես շատ սահուն Նազարը վերածվեց ահասարսուռ թշնամու, որի արարքներն արդեն մահ են սփռում, և մոռանում ենք ծիծաղի մասին: Թեպետ ամեն ինչ դեռևս շատ թատերային է ու աբսուրդային: Հանկարծ հատիկն ընկնում է Նազարի քիթը: Եվ դրա համար կտրում են խոհարարի գլուխը:

Եվ վերջում Ուստիանը բացահայտում է «Քաջ Նազար»-ի, ոչ քաջ լինելն ու մի համընդանուր ծիծաղ է պայթում:

«Դեմիրճյանը բանահյուսական ստեղծագործական հենքով ստեղծել է ամեն տեսակետից նոր գործ` փոխելով նրա ոչ միայն բնույթն ու ձևը, այլև ծավալն ու ընդրգրկումը, սեռն ու ժանրը: Թատերագրի գրչի տակ ժողովրդական հորինվածքը դարձել է զուտ անհատական ստեղծագործություն, հումորիստական փոքրիկ պատումը` երգիծական մեծ կտավ, արձակ հեքիաթը` դրամատուրգիական երկ, կատակերգություն»: [11]


[11]  Արծվի ՀունանյանԴերենիկ Դեմիրճյանի Դրամատուրգիան,  Աշխարհն իմաստուն ծիծաղի միջով, Երևան, 1988թ. Էջ 137


«Քաջ Նազար» պիեսն առաջին անգամ բեմ է բարձրացել 1924թ-ի նոյեմբերին: Հետագայում, իհարկե, եղել են բազմաթիվ բեմադրություններ, սակայն մեր խնդիրը դրանց անդրադառնալը չէ, այլ հեքիաթից պիես, կինո, մուլտֆիլմ անցած ճանապարհը:

«Քաջ Նազար»  հեքիաթը վերածվել է և մուլտֆիլմի  և կինոյի: 1980թ-ին Ռոբերտ Սահակյանցն էկրանավորեց «Քաջ Նազար» մուլտֆիլմը, որը կարելի է դասել նրա լավագույն ժապավենների շարքին: Ի տարբերություն հայկական շատ մուլտֆիլմերի, որոնք նկարահանվել են ասես ոչ փոքրիկների համար և իրենց մեջ կրում են ավելորդ գաղափարախոսություն, երբեմն խրատաբանություն և  դատողություններ, այս նկարը ստեղծված է բացառապես մանուկների համար և նրանց աշխարհին հոգեհարազատ: Թեպետ իր մեջ ունի այնպիսի փիլիսոփայություն,  որը հասցեագրված է նաև մեծահասակներին:  Սակայն դա արված է առանց շեղվելու մուլտֆիլմին բնորոշ ձեռագրից: «Քաջ Նազար»  մուլտֆիլմի սցենարի հեղինակն է Հովհաննես Գրիգորյանը:

Մուլտֆիլմն սկսվում է Նազարի երգով` «Ես պուճուր, յարս պուճուր», նույն մեղեդին քթի տակ շշնջում է նաև Ուստիանը: Նրանք երգում են անսովոր ու տարօրինակ, ասես ծաղրում են իրենց, կամ… այլոց և անմիջապես տրամադրում,  որ ականատեսն ենք լինելու գլխիվայր շրջված կամ աբսուրդի հասնող իրականության: Լսում ենք Նազարի երկարաձիգ ձայնը, որ կանչում է Ուստիանին, հետո հայտնվում է Նազարի անհեթեթ արտաքինը` լայն-լայն հագուստներ և դրանց մեջ ծվարած հյուծված մարմին, երկար քիթ, գլխարկ, որի ծայրը ծիծաղելիորեն չափից դուրս երկար է: Եվ այդ ոչ հերոսական արտաքինից լսում ենք ձայն, որը միանգամից հուշում է, որ մեր առջև կանգնած է շատ վախկոտ մի մարդ, սակայն ում բառերը չափից դուրս ամպագոռգոռ են: «Թուրդ վերցրու՛, գնա կեծա՛կ կտրի»,-ինքն իր հետ խոսում է Նազարը` իրեն մեծարելով:  Ուստիանը  չարչարված մի կին է, ով իր ամուսնու սուտ խոսքերը լսելու «հավես» չունի և իր ամենօրյա գործն է անում: Նազարը մշտապես ինքն  իր հետ մենախոսում է: Եվ միշտ տրտնջում, թե ինչու կինն իրեն մեծ ուշադրություն չի դարձնում:

Մուլտֆիլմում ձայնը  մեծ նշանակություն ունի, ինչը բնականաբար չէր կարող լինել գրավոր խոսքում: Այստեղ ձայնն այնքան կարևոր է, որ կարող է ամբողջապես փոխել հերոսի կերպարը: Այն ավելի է շեշտադրում Նազարի  բնավորությունը, ընդգծում նրա վախկոտությունը: Ձայնից զգում ենք նրա բնավորության հակադրությունը իր անձի, էության և իր ասածների միջև: Տարօրինակ ու տպավորիչ շարժումներ, որոնք կերպար են քանդակում, և դրա շնորհիվ մուլտֆիլմը չի դարձել պաստառ, որտեղ ուղղակի խոսում են,  խոսափող չէ, այլ հետաքրքիր հեքիաթ: Հրաշալի է նկարահանված յուրաքանչյուր հատված, որոնք առանձին-առանձին մնում են նաև մեր հիշողության մեջ թևավոր խոսքերի նման: Ահա այդ  հատվածներից մեկը. «Ես Նազարն եմ` վիշապ խեղդող, հսկա ջարդող»: Որը հիշեցնում է և՛ երեխայի պարծենկոտություն, և՛ մարդու սնապարծություն ու ստախոսություն: Դրանից անմիջապես հետո, երբ Ուստիանը խփում է Նազարին, նա վիրավորված ասում է. «Բա հերոսին կխփե՞ն, բա դա մարդկությունա՞….» որը ծիծաղ ու խղճահարություն է առաջացնում: Ավանակի զռռոցն ու Նազարի` վախից մեծացած աչքերը… Եվ իսկապես այդքան բան ներկայացնել առանց ավելորդ մեկնաբանության, այլ հումորով ու բնական: Նազարն  ասում է. «Էս ձեռքով յոթ… չէ… քառասունյոթ վիշապ եմ խեղդել», հետո նրա ձեռքերն է ցուցադրվում` բարակ, նիհար,  հյուծված,  ու նրա միմոսությունը, ինչը ևս մեկ անգամ հուշում է, որ մուլտֆիլմ հենց այսպես կարելի է նկարել,  շատ լուրջ բաներ  էկրանավորել, բայց դա անել մուլտֆիլմի լեզվով: 

Տունը քանդվում է,  մարդիկ գալիս են Նազարին փրկելու, ու դուրս է գալիս նա,  ձեռքին` փլված տան դուռը: Ավերակների վրա կանգնած` սնապարծորեն գոռում է. «Ժողովու~րդ, էս տունը իմ փռշտոցիցը քանդվեց…»: Մի ամբողջ փիլիսոփայություն`մարդու կերպարանափոխվելու, ջրից չոր դուրս գալու, իրավիճակը իր օգտին շուռ տալու կարողության մասին, և այդ ամենը նկարված այնքան հեքիաթային, այնքան կերպարային, որ ընկալում ես միանգամից, անմիջապես, առանց ջանք թափելու: Այս նկարում Նազարը դանդաղկոտ ու տխուր չէ,  այլ ինքն էլ  է հիանում իր արարքներով` մանկան նման… Եվ այդպես էլ պիտի լիներ, քանի որ սա հեքիաթ է, բայց… ենթատեքստով: Անցնում է Քաջ Նազարը` պաստառը  ձեռքին.  մարդիկ կարդում են. «հսկա ջարդող…» ու վախենում, սկսում հարգել, վախեցած բարևում են… Եվ Նազարի հիացած, բայց և միաժամանակ` ապշած ու ջղայն պատասխանը. «Բարով, ասինք բարով, էէէ~…»: Այստեղ կա երեխայի ապշանք, երբ ինքն էլ չգիտի.  թե հետո ինչ է լինելու, իրեն ինչ է սպասվում, բայց գնում է առաջ:

Պատահաբար վագրին խեղդելուց հետո, ուշքի է գալիս, շտապ ոտքի  կանգնում,  կողմնորոշվում ու ասում. «լավ չարեց, որ սատկեց, որ ինձ մնա էէէ~…վագրից լավ ձի չկա…»: Մի յուրահատուկ թատրոն, կրկես կամ մասխարա… Կրկեսային այդ մթնոլորտը թևածում է մուլտֆիլմի ողջ «տարածքում»: Ամեն մի էպիզոդը, բառը, վիճակը ընկալում ենք անսպասելի, հանկարծակի,  թեպետ իրար շաղկապված ու իմաստավորված:

Մուլտֆիլմը հագեցած է նաև այնպիսի իրավիճակներով ու լուծումներով, որոնք պատահում են միշտ ու բնորշ են բոլոր տեսակի ու դասակարգի մարդկանց: Դրանցից մեկը ստի տարածումն է, հասարակական միֆը, իբր բոլորն էլ ճանաչում են Նազարին. նա հսկա ջարդող Քաջ Նազարն է, իսկ նրան չճանաչելը ամոթ է տվյալ մարդու համար: Այդ պատճառով էլ նրան գիտեն բոլորը: Նաև հսկաների` Նազարին միանգամից խոնարհվելն ու հպատակվելը:

Պետք է նշել նաև, որ այս ժապավենում ճիշտ են օգտավործված մուլտֆիլմյան հնարքները: Շատ համահունչ են էշի զռռոցից տան պատերի շարժվելն ու Նազարի փռշտոցից տան քանդվելը: Եթե պիեսում կամ կինոյում սա հավաստի չէր կարող լինել, ապա մուլտֆիլմի լեզուն թույլատրում է դիմել նման հնարքների:

Ինչպես Թումանյանն է հեքիաթի համար ֆանտաստիկ ու փիլիսոփայական ավարտ ստեղծել, նույնքան տպավորիչ է նաև Ռոբերտ Սահակյանցի նկարած վերջաբանը: Ավարտվեց պատմությունը: Նազարը` որպես մարդ անցավ-գնաց, բայց  մնաց լեգենդը, մարդիկ դեռ շարունակում են հավատալ ու լեգենդներ հյուսել «նազարիզմի» մասին:

Այս մուլտֆիլմի հաջողության գաղտնիքը թերևս այդքան իրականին, ռեալիստականին խառնված  աբսուրդն է, խենթ, ծուռ հումորը: Ահա դրանցից մեկը. Նազարն արդեն թագավոր է դարձլ ու հրաման է արձակում. «այսուհետև  արևը դուրս գա գիշերը և կորչի գնա, սարերն էլ դաշտերից բարձր լինեն,  գետերը երկու ափ ունենան»: Եվ այս անհեթեթությունն ասում է լուրջ ու խիստ դեմքով: Սակայն առավել անհեթեթ է ժողովրդի հիացմունքն այս հրամանների հանդեպ:

«Քաջ Նազար» - ը բացառիկ և անգնահատելի տեղ ունի հայկական մուլտիպլիկացիայի պատմության մեջ: Այն էկրանավորման լավագուն օրինակ է մասնագետների համար:  Մուլտֆիլմ նայում են հատկապես մանուկները, և պետք է հիշել, թե որքան տպավորվող են նրանք, և ամեն մի ժեստն ու խոսքը ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ նրանց մտածելակերպի ու հոգեբանության վրա: Իսկ մեր մուլտֆիլմերի մի մասը հեղեղված է արցունքով, տխրությամբ…Եվ սա բնավ չի խոսում այն մասին, որ մեր ժողովուրդն է այդպիսին, կամ «հայի» տեսակն է այդպիսին: Ինչպես սիրում են ներկայացնել ոչ միայն օտարները, այլև հայերը: Ազգի մասին լավագույն բնութագրումը հենց Էպոսն է, իսկ մեր «Սասունցի Դավիթ»-ը կենսախինդ  և իմաստուն ստեղծագործություն է: Այսպիսով կարելի է ենթադրել,  որ մեր գրողներն ու ռեժիսորները տարվել են միանման, «տխուր և ծեծված» թեմաներով: Այդ իմաստով Քաջ Նազարի բախտն իրոք բերել է, այս գործի հետ աշխատել են հայ մեծանուն արվեստագետները:

«Դըժիկո» ժողովրդական հեքիաթից մինչև Թումանյանի մշակումը և Սահակյանցի մուլտֆիլմը, նազարականության թեման բավականին հետաքրքիր զարգացում է ապրել: Եթե «Դըժիկո»-ում սյուժետային գիծը միօրինակ է և ամեն ինչ կանխատեսելի, ապա Թումանյանի հեքիաթում  կան բախումներ, հակադրություն, ավելանում են  նոր ու վառ գույներ: Կերպարներն ավելի խորն ու բազմաշերտ են դառնում: Եվ ամենակարևորը`թատրոնը, կրկեսայնությունը, ատրակցիոնը, ներկայացումը, հենց Թումանյանի շնորհիվ հայտնվեց այս գործում:

Ճիշտ է, հետագայում Դեմրիճյանն այդ ամենը կատարելության հասցրեց, սական Թումանյանն էր, ով բացահայտեց այս հեքիաթում այդ ամենը` հեքիաթը դարձնելով բազմիմաստ «մասխարա»: Սյոււժետային գիծը այլևս այդքան պարզունակ չէ: Եթե Դըժիկոյին կինն ուղարկում էր աշխատելու, և այդ էր հենց պրոբլեմը, այսինքն սովորական կենցաղային խնդիրն էր ընկած հեքիաթի հիմքում, ապա այստեղ այդքան պարզ չէ սյուժետային գիծը, կամ ավելի ճշգրիտ, այն գոյություն չունի: Պրոբլեմը արտաքին չէ, այլ ներքին, շատ խորն ու հակասական, մի ամբողջ բեմադրություն, թատրոն: «Դըժիկո»-ում ինչ որ չափով ուրախանում էլ ես, որ նրա  բախտը բերում է, քանի որ միանշանակ խղճալի տեսակ է: Թումանյանի գործի մեջ նոր գործող անձինք մտան: Մենք արդեն կարող ենք պատկերացում կազմել մի ամբողջ հասարակարգի մասին: Եթե ժողովրդական հեքիաթում կան ընդամենը մի քանի գործող անձինք, ապա Թումանյանի հեքիաթում սկսվեց դիմակահանդես, որը շարունակվում է նաև Սահակյանցի կտավում: Սահակյանցն էլ է ներմուծել այնպիսի էպիզոդներ,  որոնք ավելի են շեշտադրում և՛ կերպարը և՛ թեման:

Կարող ենք ասել, որ ավելի մեծ կապ կա Դ. Դեմիրճյանի պիեսի ու Ռ. Սահակյանցի մուլտֆիլմի միջև, քան պիեսի ու ֆիլմի:

Նազարն իր կյանքն ունեցավ նաև խաղարկային կինոյի աշխարհում: Եվ թերևս սա անսպասելի չէր, քանի որ հենց կինոյին բնորոշ հնարքներով այս հեքիաթ-դրամայից կարելի էր ստանալ աներևակայելի մի գործ: Սակայն կարևոր էր,  թե երբ է որոշվում ֆիլմ նկարվելու գաղափարը և շեշտը այս թեմայի որ մոտիվների վրա է դրվում: Քանի որ սա այն բացառիկ  թեմաներից է, երբ կարելի է նկարահանել  բոլոր ժանրերում` և՛ կատակերգություն, և՛ ողբերգություն, և՛ պատմական դրամա,  և՛ հեքիաթ, և՛ ֆանտազիա: Ի վերջո ընդունվեց ֆիլմ նկարելու որոշումը և այն հանձնվեց Ամասի Մարտիրոսյանին:

1940թ-ին Ամասի Մարտիրոսյանն էկրանավորեց «Քաջ Նազար» Ֆիլմը` օգտվելով Դերենիկ Դեմիրճյանի համանուն պիեսից: Ֆիլմը նկարվել է`որպես հեքիաթ-կատակերգություն: Սակայն նախ անդրադառնանք  այն տարեթվին, երբ ստեղծվեց այն: 1925թ-ին` հայ առաջին ֆիլմի էկրանավորումից մինչ 1930-ականների կեսերը` նկարահանվեցին ոչ սակավ հաջողված ֆիլմեր: Բեկնազարյանն  ու Մարտիրոսյանը ստեղծեցին այնպիսի կտավներ, որոնք համարվում են հայ կինոյի լավագույն նմուշները: Սակայն 30-ականների վերջերից մինչ 50-ականների ավարտը կարող ենք համարել հայ նոր ծնված կինոյի անկման տարիներ, որից հետո կատարվեց իսկական կինեմատոգրաֆիական վերածնունդ: Իհարկե այդ անկման տարիներին երբեմն նկարվում էին ֆիլմեր, որոնք կարելի էր հաջողված համարել, սակայն ընդանուր առմամբ այդ ժամանկահատվածում էկրանավորված ֆիլմերն ունեին գաղափարական կաշկանդվածություն:  1940թ-ին  նկարահանած Ամասի Մարտիրոսյանի «Քաջ Նազարն» էլ զերծ չմնաց այդ կաղապարից:  Ֆիլմը նոր խոսք չասաց կինոյում և հաջողության գրավականը կարելի է համարել միայն գրական մտքի հմայքներն ու դերասանների հաջողված խաղը: Ֆիլմում իհարկե կան հետաքրքիր էպիզոդներ և լուծումներ, սակայն դրանք ավելի շատ ոչ թե ռեժիսորական ֆանտազիաներ են, այլ պիեսի, սցենարի հրաշալի կտորների նույնատիպ վերարտադրություն:

Փաստորեն մենք գործ ունենք պարզ էկրանավորման և կինոյի պատմողական տեսակի հետ, որը չի հավակնում հատուկ գեղարվեստական  լեզու գտնելուն` ըստ էքսցենտրիկ կոմեդիայի կամ սոցիալ-քաղաքական սատիրայի հնարավորությունների: Վերջինս միանգամայն անպատկերացնելի էր ստալինյան դարաշրջանում:  Հավանաբար, ռեժիսորը զգուշացել է նաև ֆորմալիզմի մեջ մեղադրվելու  վտանգից և  չի գնացել օրիգինալ կինոլուծումներ փնտրելու ճանապարհով:

Ֆիլմը սկսվում է Քաջ Նազարի` ճանճեր սպանելով, հետո գալիս է տիրացուն ու կտորի վրա գրում. «Անհաղթ հերոս Քաջ Նազար, Մին կը զարկի, կը ջարդի հազար»:

Նազարը կնոջ հետ վիճում է, կինը ծեծելով նրան տնից դուրս է հանում` զենքերը հետևից շպրտելով, այս ամենն ուղեկցվում է Նազարի ծիծաղաշարժ արարքներով:

Անմիջապես պարզ է դառնում, որ գրական հենքից նոր, խորն ընդհանրացումեր  չեն արվել, և մի տեսակ կանխատեսելի է դառնում ամեն հաջորդող պատկերի տրամաբանությունը:

Առաջին իսկ պատկերից մի տեսակ շփոթություն ենք զգում, քանի որ սկիզբը, մուտքը մի տեսակ մանրացված է, պարզունակացված և վերածված սոսկ կենցաղային խնդրի: Ընդանրապես նազարականության թեմայի վտանգն այն է,  որ ստեղծագործողները չտարվեն, չխաբվեն զուտ կենցաղային թվացող խնդրով և գործը չկառուցեն Նազարի հումորյաին արարքների վրա: Շատ հեղինակներ հենց այս թակարդն են ընկել, պարզապես հիացել կամ նկատել միայն այդ ծիծիղաշարժ դրվագները, և նրանց գործերը մնացել են ստվերում: Թումանյանն էր հենց առաջինը, որ այս հեքիաթում խորը փիլիսոփայություն նկատեց ու նաև ներմուծեց:

Նազարի դերը մարմնավորած Համբարձում Խաչանյանն իրեն բնորոշ հումորային և դիտարժան խաղով հետաքրքիր է դարձնում յուրաքանչյուր էպիզոդ, որտեղ նա հայտնվում է: Սակայն ոչ ավելին: Խորն ուսումանսիրված և քանդակված կերպար, ինչպես սովորաբար իր հերոսներին ներկայացնում է Խաչանյանը, այս ֆիլմում չկա: Կերպարը տեղայնացված է, հզոր, ընդհանրական բնավորություն չկա, այնինչ կինոյուոմ պետք է հակառակը լիներ` ավելի էպոսային ու բազմաշերտ: Կերպարը մանրացված է, և իր վրա ուշադրություն է հրավիրում միայն Համբարձում Խաչանյանի հիպեբոլիկ խաղաոճի շնորհիվ: Այստեղ մենք տեսնում ենք կոնկրետ Նազար մարդուն` մեկ անհատին, մեկ ճակատագրով: Դրա արդյունքում  կորել է Քաջ Նազարի ամբողջ գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը:

Մարտիրոսյանի Նազարը խոսում է նախապես դասը սերտած աշակերտի նման: Այն, ինչ կա մուլտֆիլմում, Թումանյանի հեքիաթում և Դեմիրճյանի պիեսում,  այստեղ բացակայում  է: Սակայն պետք է նշել, որ նշածս գործերում  ոչ թե կա նույն բանը, այլ յուրաքանչյուրն իր տաղանդի ուժով բացահայտել է մի նոր Նազար` խորը,  ինքնատիպ, գունեղ: Ֆիլմում  բացահայտուներ, ուրույն ձեռագիր գրեթե չկա, չկան ընդանրացումներ, ազատություն, մշտապես զգում ենք սցենարիստի ու ռեժիսորի ներկայություն, ինչը խանգարում է: Թեպետ պետք է նշել,  որ առանձին հատվածներ նկարահանված են փոքրիկ էտյուդների նման և շատ հաջող են: Օրինակ պալատում Նազարի ամեն մի խոսքն ու շարժումը բազմիմաստ ու խորհրդավոր է ընկալվում: Ինչպես նաև բուռն ծիծաղ առաջացնում: Քաջ Նազարի անտառում հայտնվելը և իշխանների վախն ու սարսափը, թե ինչպես են վախից իրար կորցնում, հետո ահաբեկված միմյանց փաթաթվում ու ջուրն ընկնում: Կրկեսային և ծիծաղաշարժ էպիզոդ: Սցենարի առումով թեպետ կա կաշկանդվածություն, սակայն կարելի է ասել, որ Ամասի Մարտիրոսյանին բնորոշ ոճով նակարահանված և ընտրված են լավագույն, հանգուցալուծվող հատվածները, չկան ավելորդություններ, ինչը հատուկ է այս կինոռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերին: Նրա լավագույն ֆիլմերը աչքի են ընկել կոնկրետությամբ և սեղմությամբ: Ինչից միշտ էլ շահել է գործը:

Ֆիլմում չկան այն հեռահար, մի քանի իմաստ արտահայտող պատկերներն ու ենթաշերտերը, ֆիլմը շատ դանդաղկոտ է: Եվ սա է նաև այն հիմնական պատճառը, ինչից տուժել է ֆիլմը: Քանի որ թեման այնպիսին է, որ պետք է ունենար ներքին և արտաքին արագ ռիթմ ու տրամաբանություն: Հենց այս թեման է տրամադրում, ինչու չէ նաև պարտադրում գլխապտույտ իրադարձություններ: Այնինչ միանշանակ  է նաև Նազարի արտաքինը: Հագուստի մեջ անհեթեթ, տարօրինակ բան չկա, տատանվելու, երկմտելու, կանխազգալու դետալները շատ քիչ են: Ամեն ինչ կանխամտածված է նախօրոք: Մենք մեր հեքիաթը չենք հորինում: Գիտենք` ինչ է լինելու:  Կորչում է կինոյի հրաշքը: Իշխանների կերպարները նույնպես քարացած են ու անհետաքրքիր: Իսկ մուլտֆիլմում միայն արտաքինին նայելիս մի քանի անգամ փռթկում ես ու երևակայում. «Էս մարդը….»:

Երբեմն էլ չափազանցությունն ու աբսուրդն այնքան շատ են, որ անհավատալի ու սուտ են թվում: Երբ զորքն այնքան բազմահազար է, զորեղ ու սարսափելի,  որ ահ  է առաջացնում, ու հանկարծ այդ ահեղ բանակը, որը ոչ թե մի քանի զինվորից է կազմված, այլ պետական զորամիավորման տեսք ունի, վախենում է ու փախչում Նազարից, միայն այն բանի համար, որ նա արմատախիլ է անում չորացած ծառը:

Նազարն արդեն թագավոր է դարձել, բայց մնացել է նույն գեղջուկը, թագի մեջ փալաս է խցկում նոր դնում գլխին: Գահին նստած` ճանճեր սպանելով է զբաղված, սպանում է ու մտածում, թէ մեծ գործ է արել: Սաքոյին դիմելիս ոտքով է խփում, իսկ երբ վերջինս փռշտում է, Նազարն ասում է. «Կամաց…պալատ ա, ախոռ չի»:

Ի դեպ այս ռեպլիկն էլ է պիեսից և սցենարից, ինչը իհարկե բավականին դիտարժան է կինոյում:

Ուստիանին ապացուցելու համար, որ թագավոր է դարձել ու ինքն է հրամաններ արձակում, պարզապես հրամայում է պալատակններին.

-Էս կողմ անցեք, հիմի էլ էն կողմ անցեք:

Թվում է, թե սովորական էպիզոդ է, սակայն այս կտորը շատ խորն ու դիպուկ արտացոլում է այն պատկերը, երբ բախտի բերմամբ, կամ պատահմամբ նազարները գահին են հասնում, նրանց բոլոր որոշումներն ու հրամաները միշտ էլ այսքան անհեթեթ ու կամայական են լինում:

Հաջողված է նաև Սաքոյի դերակատարումը, ում մարմանավորել է Ավետ Ավետսիյանը: Սա պալատականի քծնող և իր շահը լավ իմացող կերպար է, ով ոչ գյուղացի է, ոչ քաղաքացի, պարզապես պալատական, որ միշտ կարողանում է հայտնվել հաղթողների կողքին: Եվ սա այնքան էլ հեշտ գործ չէ: Միայն Սաքոն գիտի ինչպես դուր գալ Նազարին, ինչպես իր տեղը պահել պալատում: Նա միշտ կրկնում է այն, ինչ հրամայում է թագավորը: Եվ այս ամենն արվում է Ավետ Ավետիսյանի դիտարժան և հավաստի խաղի շնորհիվ:

Բավական հաջող է մարմնավորել Ուստիանի կերպարը Արուս Ասրյանը, ում խաղն  առավել տպավորիչ է դառնում պալատում. նա պալատականին հարցնում է.

Այ ախպեր,  իմ մարդը վախկոտ էր,  ո՞նց թագավոր դարձավ:

Պալատականը միմիկաներով հասկացնում է, իբր չի լսում, ոչինչ չի լսել:

Ուստիանը մի քանի անգամ կրկնում է հարցը, սակայն պալատականը նորից ձևացնում է, թե չի լսում:

Պալատում Ուստիանը մերկացնում է Քաջ Նազարին, այսինքն միշտ գտնվում է մեկը, ով բացահայտում է պատահականորեն գահին հասած մարդկանց անցյալը:

Թեպետ ֆիլմը նկարված է հեքիաթային մոտիվնորով, սակայն Մարտիրոսյանն իր ֆիլմի համար ավարտ է ընտրել Դեմիրճյանի ստեղծած վերջաբանը: Այստեղ  ամեն ինչ բացահայտվում է, և վերջ է դրվում Նազարի «գահակալությանը»:

Ընդունված է ասել, որ շատ ավելի հզոր է Թումանյանի հեքիաթի ավարտը.   «Մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարն ու ծիծաղում աշխարհի վրա»: Պիեսում Նազարին գահընկեց անելը կապում են ժամակների հետ, որ Դեմիրճյանն այլ տարբերակ չուներ, կամ նման քաղաքական իրավիճակում չէր կարող գրել, որ «Նազարները» թագավորում են ու խաբում հասարակ ժողովրդին: Սակայն Դեմիրճյանի գործը որքան էլ աբսուրդային է` այնքան էլ իրական: Նմանատիպ զարգացումներից հետո տրամաբանական էր, որ բացահայտվեր և մերկացվեր Նազարը: Ամբողջ այդ լարված ընթացքից հետո մի պահ շունչ ենք քաշում և հավոզվում, որ անկախ ժամանակներից և մարդկային տեսակից, միևնույնն է, սուտն ու խաբեությունը  միշտ էլ պարզաբանվում է: Նման ավարտն ավելի է համապատասխանում պիեսին և ընդգծում դրա ողջ փիլիսոփայությունը:

Քաջ Նազար հերոսը, հեքիաթը իր արտացոլումն են գտել հայկական արվեստի գրեթե բոլոր ճյուղերում, և դեռ շարունակում են նոր մեկնաբանություններ ստանալ:           

Եզրակացություն

Ավարտելով ուսումնասիրությունը` կարող ենք մեկ ստեղծագործական նախահիմքի օրինկաով նկատել այն անխուսափելի գեղարվեստական վերափոխումները, որոնք առաջանում են արձակ-թատերական դրամատուրգիա -կինոսցենար ժանրային հաջորդականության ճանապարհին: Բանավոր զրույցից`  գրական մշակում` իր հատուկ հեղինակային կնիքով: Արձակ շարադրանքից դեպի նոր, դրամատուրգիական օրգանիզմ: Եվ այս հիմքից` խաղարկային լիամետրաժ ֆիլմ և հյուսվածք: Հետևելով այս հետաքրքիր էվոլյուցիային`կարելի է հասկանալ, թե ինչպես են այդ ժանրերին բնորոշ յուրահատկությունները թելադրում  և ձևավորում բոլորովին նոր աստիճան ու կերպ:

Օգտագործված ֆիլմերի  ցանկ

Ամասի Մարտիրոսյան., «Քաջ Նազար» («Հայֆիլմ» 1940թ.)

Ռոբերտ Սահակյանց.,  «Քաջ Նազար» մուլտֆիլմ («Հայֆիլմ»1980թ.):

ԼՈւՍԻՆԵ Ավետյան

1659 հոգի