Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

28.11.2023  04:12

Հանճարեղ հայորդու ծննդյան հարյուրամյակի առիթով բավականին թվով հրապարակումներն իսկ չցրեցին նրա վերաբերյալ ստեղծված ու երկար տարիներ արմատացած թյուր կարծիքը, թե ինքը՝ Փափազյանը, հեռու է մնացել մայրենի բեմից և չի ցանկացել Երևան վերադառնալ, այնինչ Երևանն ու հարազատ թատրոնը նրա համար եղել են հավերժ տենչալի, խնկելի մի օջախ, որի հանդեպ կարոտը պարզապես մաշել է նրան: Եվ որքան ավելի անհաս է դարձել (ոչ առանց որոշ արվեստակիցների ջանքերի), այնքան սաստկացել է այն տարիների հետ: Ստորև հրապարակում ենք նամակներ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող Փափազյանի արխիվից, որոնք լույս են սփռում արվեստագետի նկարագրին հանիրավի փակցված այդ առեղծվածի վրա։ Նամակների մի մասը, որ ռուսերեն է գրված, թարգմանելիս աշխատել ենք հնարավորին չափ եթե ոչ մոտենալ վարպետի լեզվամտածողությանը, ապա գոնե չհակասել նրան:

ՎԱՐՍԻԿ Գրիգորյան

***

Հայաստանի Ժողկոմխորհրդին կից գեղարվեստի վարչության նախագահին՝ ժող. արտիստ Վ. Փափազյանի

Խնդիրք

Սխալ կարծիք է կազմված իմ մասին, իբր թե ես կամովին ինձ հեռու եմ պահում իմ մայրենի բեմից։ Այդ մի թյուր կարծիք է, որը տարածել և ընթացք են տվել մարդիկ, որոնց փոքրիկ անձնասիրությունը այդպես է պահանջել։ Իմ կողմից հղված կրկնակ դիմումները մոտիկ անցյալում Հայաստանի կառավարությունը վարող մարդկանց մոտիկությունը վայելող մի քանի դերասանների մասին, անպատասխան են մնացել։

Այսօր այդ մարդիկ չկան, իսկ ես, չնայած ռուս հանդիսատեսի անբասիր և բարի վերաբերմունքին դեպի ինձ, չեմ կարող մոռանալ ինձ ծնող ժողովրդին, որի կարոտը թելադրում է ինձ մի անգամ ևս փորձել խորտակել Հայաստանի թատրոնից հեռու պահող արգելքները՝ գրելով այս նամակը։

Իմ սրտի ամենամեծ ցանկությունն է վերջնականապես Հայաստանի թատրոն վերադառնալ հետևյալ ձևով.

1. Գեղարվեստի վարչությունը թող ինձ վստահի մի կլասիկ պիեսի բեմադրություն՝ Երևանի կամ Լենինականի պետթատրոնում։

2. Որ այդ բեմադրական աշխատանքների տեվողության միջոցին ինձ առիթ տրվի մասնակցել, իբրև դերասան, հերթական ռեպերտուարի՝ ներկայացումներին:

3. Մոսկվայում դեկադա լինելու դեպքում, նկատի առնել, որ Մոսկվան ինձ ճանաչում է որպես հայ ժողովրդական արտիստ և իմ մասնակցությունը դեկադային, նույնպես ֆիլհարմոնիայի կարգով, իմ ամենամեծ ցանկություններից:

Վերջացնելով այս նամակը, ես երջանիկ կլինեի, եթե մեր կառավարությունը նկատի ունենար, որ ես ահա մոտ 35 տարի է խաղում եմ երկրագնդի բոլոր անկյուններում, և որ ամեն տեղ հանդիսատեսը ինձ լսել և ծափահարել է որպես հայ արտիստի, որ ես հոգնել եմ ման գալուց, որ ես հիսուն տարեկան եմ, որ ես ուզում եմ, որ ինձ ծնող ժողովուրդը և նրա կառավարությունը չմոռանա՛ այդ և ըստ այնմ վարվի ինձ հետ, որ ես իմ մեջ հավաքել եմ արվեստի փորձառության մեծ հարստություն և որ այդ ժառանգությունը ուզում եմ նվիրել մեր թատրոնի նոր սերնդին։ Ահա մոտավորապես ինչ ուզում էի ասել: Ես ամառը խաղում եմ զանազան քաղաքներում, բայց սեպտեմբերին կլինեմ Լենինգրադի իմ տանը։

Եթե ինձ կանչեք Երևան՝ ուրախությամբ կգամ և կխոսենք վերջնականորեն: Եթե շտապ ինձ հայտնելիք ունեք՝ բարի եղեք ընկեր Շեկոյանին հասցեագրել, ուր մի քանի անգամ ամսվա ընթացքին լինելու եմ։ Նույնպես կարելի է ինձ հասցեագրել՝ Կիև` Ուկրաինայի գեղարվեստի վարչություն և ի՜նձ ուղղված, որովհետև ամբողջ ամառը նրանց հրավերով աշխատում եմ Ուկրաինայում:

Բայց ամենաապահովը Լենինգրադի իմ տան հասցեն է, ուր կլինեմ սեպտեմբերին։

Ողջույններով՝ Ձեր Վահրամ Փափազյան 21 մայիսի, 39 թ.

Թանկագին Անաստաս Իվանովիչ Ձեզ դիմում եմ, քանզի անզոր եմ լռել, քանզի Դու՛ք և միայն Դու՛ք կարող եք ինձ հասկանալ: Այժմ, երբ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավունք է ստացել ցուցադրելու և իր արվեստը բացահայտելու Մոսկվայում, մեր բոլոր եղբայրական հանրապետությունների առջև, ինձ համար մի այնպիսի նշանակալի բան է, որ հավանաբար ամեն մարդ չէ, որ հասկանալ կարող է։ Նախ, որովհետև ես հայ եմ, երկրորդ, որովհետև միշտ երազած եմ մի բան, բոլոր ուժերս, գիտելիքներս տալ իմ ժողովրդին ծառայելուն, բայց միշտ ինձ համար անհասկանալի ինչ-ինչ ուժեր, պատճառներ զրկել են այդ անելու հնարավորությունից, այժմ անասելի հուզմունք և միաժամանակ հպարտություն եմ ապրում իմ ժողովրդի համար։

Որտեղ էլ խաղացել եմ, ամբողջ աշխարհի բեմերում՝ Հռոմում, Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում և այլուր, միշտ և ամենից առաջ ես մնացել եմ ՀԱՅ։

Հրաշալի իմանալով ֆրանսերեն՝ ֆրանսիական թատրոններում, իտալական թատրոններում ունենալով հաջողություն, եթե կուզեք՝ փառք, ես հպարտ եմ եղել, որ այդ փառքն ու հաջողությունը հայ արտիստինն է եղել... Եվ հանկարծ հիմա, հայ արվեստի տասնօրյակին ես մեկուսացվում եմ... Ես, որ ամբողջ կյանքս, ինձ շնորհված ուժերս տվել եմ արվեստին։ Ինչու՞: Չեմ ուզում զբաղվել այդ պատճառների քննությամբ, ինչ-որ շատ մանր ու անարժան է այդ ամենը, մարդկանց ինտրիգների կամ նման բաների մասին խոսելը՝ այնպիսի նշանակալի առիթի առջև, որ իմ ժողովրդի համար այս հանդիսությունն է: Կարող եմ բերել միայն մի օրինակ՝ թատրոնի նախկին ղեկավարներից մեկի խոսքից։ Իմ խնդրանքիս՝ Հայաստանում ինձ աշխատելու հնարա- վորություն տալու մասին, նա ասաց. «Թույլ խաղաս՝ կարող ես աշխատել մեզ մոտ, այլապես ամբողջ խումբը կկորչի կողքիդ...»:

Դե, ի՞նչ պատասխան տաս դրան... Ճիշտ է, այդ մարդիկ հետո մերկացվեցին՝ որպես ժողովրդի թշնամիներ, բայց ինչու՞ է նրանց քաղաքականությունը շարունակվում մինչև օրս... Բայց հիմա խոսքս դրա մասին չէ։ Անաստաս Իվանովիչ, ես Ձեզ գրում եմ, որովհետև սեփական իրավացիության գիտակցությամբ և անկասկած իմ անհերքելի իրավունքով կարծում եմ, որ իրավունք ունեմ մասնակիցը դառնալու այս տասնօրյակի։ Սա իմ ժողովրդի արվեստի տասնօրյակն է, և ոչ ոք չի կարող խլել ինձանից նրա մասնակիցը լինելու, սեփական կարողությունները, գիտելիքները, հայ դերասանի արվեստը ցույց տալու իրավունքը, մշտապես նրա դերասանը լինելու, այդ անունը կրելու հպարտությունը, միշտ և անմնացորդ նրա արվեստին ծառայելու իրավունքը։

Ի՞նչ է ուզածս. Ձեր անմիջական և ուղղակի կարգադրությունը, այլապես որևէ արդյունքի չեմ հասնի. գոնե համերգային կատարմամբ։ Եվ շատ ափսոս, որ հայկական դրամատիկական արվես- տը ինձ համար անհասկանալի է, ու՞մ կամեցողությամբ չի ցուցադրվելու Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում, մինչդեռ հենց այստեղ է, որ հպարտանալու իրավունք կունենար հայ ազգային թատրոնը:

Սրտանց՝ Ձեր Վահրամ Փափազյան, հոկտ. 1939 թ.

***

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար ընկ. Գ. Հարությունյանին (անձամբ)

Հայաստանի ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանից

Ընկեր Հարությունյան

Երկար սպասելուց հետո մի պատասխանի, ա՛յն նամակին, որ երեք ամիս սրանից առաջ ես գրեցի Ձեզ և հանձնեցի Մոսկվայում ընկ. Շեկոյանին, այսօր կրկին օգտվում եմ հանգամանքից և Ձեզ գրում եմ երրորդ անգամ՝ այս տարվա ընթացքին: Իմ նախորդ նամակում խնդրում էի Ձեզանից վերացնել այն արգելքները, որ զանազան չարակամ մարդիկ կարողացել են այս վերջին տարի ների ընթացքին կուտակել իմ առաջ և փակել իմ մայրենի թատրոնի դռները իմ առաջ։ Խնդրում էի նույնպես մասնակցել հայ արվեստի տասնօրյակին։ Այժմ կրկնում եմ նույն խնդիրքը։ Համենայն դեպս, սպասում եմ Ձեզանից մի պատասխանի: Ինչքան էլ զբաղված լինեք, ընկ. Հարությունյան, խնդրում եմ նկատի առնել իմ տարիների անթաղ աշխատանքը մեր թատրոնի ասպարեզում, իմ դիրքը, փորձառությունն ու տիտղոսը և պատասխանել ինձ։ Եթե պետք է անձամբ տեսնվել Ձեզ հետ, ես կգտնեմ ժամանակ և կգամ Ձեզ մոտ, կրկնում եմ, ինչ էլ որ լինի, այս խնդիրը պետք է լուծել, գոնե նրա համար, որ ես իմանամ, թե ինչու՞ եմ ես կրում Հայաստանի ժողովրդական դերասանի անունը և հպարտանում այդ տիտղոսով, թե ինչու՞ Հայաստանի կառավարությունը չի վերցնում արգելքները իմ ճանապարհից, վերադարձնում իմ մայրենի թատրոնին: Սպասելով շուտափույթ պատասխանի, մնում եմ Ձեր՝ Վահրամ Փափազյան

31-08-1939 թ.

***

Հայաստանի արվեստի գործերի կոմիտեի պետ ընկ. Աղբալյանին՝ հանրապետության Ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյանից

Լենինգրադ, 6, Սովետսկայա №5, բն. 6

Հայ արվեստի տասնօրյակին իմ մասնակցության անհրաժեշտությանը վերաբերող Ձեզ հասցեագրված նամակիս հարկ չեք համարել պատասխանել, չնայած այսօր Ձեզ հետ ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ Դուք հաստատեցիք, որ նամակս ստացել եք: Բացարձակապես անհիմն եմ համարում տասնօրյակին իմ մասնակցության անհնարինության վերաբերյալ Ձեր փաստարկը՝ թե ես Հայաստանի մշտական աշխատողը չեմ։

1. Ձեր ողորմածությամբ չէ, որ ես հայ եմ ծնվել ու հայ էլ կմեռնեմ։

2. Մշտապես Հայաստանում չեմ աշխատել, բայց աշխատելով մեր Մեծ Միության բոլոր քաղաքներում, համենայն դեպս, ես միշտ հայ եմ մնացել և իմ ամբողջ հաջողությունը եղել է հա՛յ արտիստի հաջողություն, որը կարծում եմ Դուք չեք կարողանա ժխտել:

Ես կարծում եմ, որ այս իմաստով Դուք կհամաձայնեք իմ փաստարկներին և չեք հապաղի ուղարկել ինձ տասնօրյակին մասնակցելու պաշտոնական հրավեր:

Ձեզ հարգող՝ հանրապետության ժողովրդական արտիստ Վահրամ Փափազյան, հոկտ. 39 թ.

***

Այսօր առավոտյան հեռախոսով Ձեզ հետ ունեցած խոսակցությունից հետո վճռեցի գրել երկու նամակ։ Առաջինը պաշտոնական՝ հասցեագրված պաշտոնական մարդուն, որը Դուք պետք է ընդունեք որպես հանրապետության ժողովրդական արտիստի նամակ՝ իր պետին՝ Հայաստանի արվեստի գործերի կոմիտեի պետին, իսկ երկրորդ նամակով ես դիմում եմ ընկ. Աղբալյանին, լավ հային, բարեկամին, և Դուք դա պետք է հենց այդպես էլ հասկանաք և չվիրավորվեք։

Թանկագին եղբայր, Դուք մեծ սխալ եք գործել, և ես ցավում եմ Ձեզ համար, ավելի ճիշտ, այն ժողովրդի արվեստի համար, որը Դուք եք ղեկավարում: Այսօր առավոտյան Դուք ինձ հեռախոսով ասացիք, թե Մոսկվայում հայերեն լեզվով դրամատիկ ներկայացում չի ցուցադրվելու։ Բայց թանկագին իմ բարեկամ, մի՞թե Դուք չգիտեք, որ հայ դրամատիկական արվեստն արդեն մեկուկես դար է, որ գոյություն ունի, որ այն ծնվել է Արևմուտքում, որ նույնիսկ Կովկասում նրա գոյությունը բավականին պատկառելի տարիք ունի, մոտ 100 տարվա, և որ մենք ունեցել ենք և ունենք արտիստներ, որոնք մեծ բարձունքի են տարել այդ արվեստը, և որ պետք էր Մոսկվա գալով դրամատիկ ներկայացում ցույց տալ և գեթ այդ առիթով հրավիրել ամբողջ Միությամբ ցրված արտիստներին։ Պետք էր անել այն, ինչ մեզանից առաջ արդեն արել են ուկրաինացիք, վրացիք, և չի կարելի մոռանալ, որ մեր թատերական արվեստը բոլորովին էլ կրտսեր չէ ուրիշների, մեր եղբայրական հանրապետությունների դրամատիկ արվեստից և իրավացիորեն է հպարտանում իր դրամատիկ արվեստով։ Գուցե իմ գործը չէ քննել, թե ինչու՞ դա չեք անում, բայց լռե՞լ այդ մասին ես որպես հայ, որպես արտիստ, չեմ կարող։ Դուք, երևում է չգիտեք, որ վերջին տասը տարվա ընթացքին ես մի քանի անգամ եմ դիմել կառավարությանը և Հայաստանի պետթատրոնների ղեկավարությանը, խնդրելով ու պահանջելով, որ ինձ հնարավորություն և պայմաններ տրվի կրկին հարազատ թատրոնս վերադառնալու և իմ փորձով, գիտելիքներով օգնելու թատրոնական գործի խորացմանը, հարստացմանն ու բարգավաճմանը: Սակայն իմ բոլոր դիմումները արձագանք չեն գտել: Խորհուրդ կտայի Ձեզ հետաքրքրվել դրա պատճառներով։ Հավանաբար Ձեզ մոտ կգտնվեն իմ մի շարք նամակները: Ամռանը ես պատիվ եմ ունեցել անձամբ Ձեզ գրել և առաջարկել նամակս փոխանցել Մոսկվայում Հայաստանի ներկայացուցչությանը, և այսօր առավոտյան հեռախոսով Դուք հաստատեցիք, որ այն ստացել եք։ Այնուհանդերձ, Դուք նույնիսկ հարկ չեք համարել պատասխանել ինձ։ Եվ այդ Դու՛ք, մեր ժամանակի լավագույն մարդկանցից մեկը, հարկ չի համարել պատասխանելու Հայաստանի ժողովրդական արտիստին, որն ունի 40-ամյա թատերական աշխատանքի ստաժ, մարդ, որն իր կյանքում չի եղել, որ իրեն հասցեագրված որևէ նամակ անպատասխան թողած լինի... Բայց ո՛չ Դուք, ո՛չ Ձեր նախորդները երբևէ նվազագույն չափով իսկ չեք հետաքրքրվել, թե որտե՞ղ եմ ապրում, ի՞նչ վիճակում եմ, որտե՞ղ եմ աշխատում, ինչո՞վ եմ շնչում...

Իսկ եթե երբևէ, որևէ տեղ Ձեզանից՝ հայերիցդ մեկն ու մեկը պատահմամբ ներկա լիներ մեր մեծ երկրի քաղաքներում իմ մասնակցությամբ տրվող ներկայացումներին կամ կարդար տեղական կամ արտասահմանյան թերթերում ու ամսագրերում տպված դրվատական տողերը` այնժամ կհիշեր, որ ես հայ եմ և կհպարտանար ինձանով...

Նույնը և Երևանի, Լենինականի, Բաքվի կամ Թիֆլիսի մեր հայկական թատրոնները, որոնք մեծ մասամբ հրավիրում են ինձ այն ժամանակ, երբ որևէ գործարք պիտի կնքեն կամ ֆինանսական ճեղք փակեն և ոչ թե նրա համար, որ հնարավորություն տան ինձ ծնող ժողովրդին մեկ-մեկ ինձ տեսնելու-լսելու:

Այս առավոտ Դուք ասացիք, թե ես Հայաստանի մշտական աշխատողը չեմ։ Իսկ երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչ պայմանների մեջ էի, երբ հեռավոր Պոլսից եկա Երևանի պետթատրոն մշտական աշխատելու... Գիտե՞ք, թե ինչ բացառիկ ծանր պայմաններում էի ապրում ընտանիքիս հետ։ Գիտե՞ք, թե ինչ ինտրիգների ու բանսարկությունների դեմ եմ ստիպված եղել պայքարել... Եվ մարդիկ, որոնք իմ շուրջը թշնամական մթնոլորտ էին ստեղծում՝ ժողովրդի թշնամի դուրս եկան, բայց ինչու՞ է նրանց քաղաքականությունը շարունակվում մինչև օրս...

Այս առավոտ հեռախոսով Ձեր խոսքը, թե ես Հայաստանում մշտական չեմ աշխատում, թե չգիտեք ինձ ինչպե՞ս ներմուծեք տասնօրյակի ծրագրի մեջ՝ որպես Հայաստանի արտիստի, ինձ ավելի քան ցավ պատճառեց, որովհետև այդ ամբողջ ընթացքին, բոլոր ճանապարհներից՝ Վլադիվոստոկից մինչև Կիև, Մուրմանսկից՝ Օդեսա, Փարեզից՝ Եգիպտոս, երկրագնդի բոլոր անկյուններում ինչ լեզվով էլ խաղացել և իբրև արտիստ որքան դափնիներ եմ ստացել դրա մեծ մասը պատկանել է իմ հարազատ ժողովրդի արվեստին, քանի որ ինձ նման արտիստը որտեղ էլ որ աշխատելու լինի, ինչ լեզվով էլ որ խաղալու լինի, ուզենա, թե չուզենա, միշտ էլ ավելացնելու է իր հարազատ ժողովրդի փառքը։

Ես հայ արվեստի պատմությանը տվել եմ հոյակապ Օթելլո, և այսօր մենք կարող ենք առանց զիջումների ասել, լավագույն Օթելլոներից մեկը։ Ցավոք, ես ինքս ստիպված եմ դա ասել Ձեզ, այլապես ինչպե՞ս և ինչո՞վ կարողանամ Ձեր կողքին լինել և օգնել Ձեզ: Ես Ձեզ տվել եմ Համլետ, տվել եմ Քին, տվել եմ Մակբեթ, և այդ ամենի դիմաց՝ քար անտարբերություն, ոչնչով չարդարացվող ատելություն... Եվ եթե ինձ շրջապատած չլիներ մի մեծ ժողովուրդ իր մեծ սրտով, ո՞վ գիտե, գուցե որևէ տեղ վաղուց քաղցից մեռա՞ծ լինեի։

Այսօր գալով Մոսկվա, փոխանակ ինձ Ձեր մեջ առնելու և իրավացիորեն հպարտանալու այդ մեծ ժողովրդի առաջ, Դուք չե՞ք կարողանում մեր Հայրենիքին ցույց տալ մեր ազգային դրամատիկ արվեստը, որը մեկ և կես դար տարիք ունի, գերադասում եք մոսկովյան հանդիսատեսին ցույց տալ նոր-նոր ծնված օպերային արվե՞ստը։ Դուք չպետք է վիրավորվեք իմ նամակից։ Իմ մեջ հիմա խոսում է մեծ դերասանների ձայնը, որոնց Դուք չեք տեսել, բայց որոնք ապրել են իմ հոգում, իմ ժողովրդի հոգում և Դուք պարտավո՞ր էիք ունկնդրել այդ ձայնին։ Եվ հիմա ես խոր ցավ եմ զգում Ադամյանի համար, Սիրանույշի համար, Աբելյանի ու, գրողը տանի, նաև ինձ համար... Դուք հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչեր կանեի ես՝ եթե ժամանակին ինձ հնարավորություն տայիք Մոսկվայի համար մի լավ ներկայացում պատրաստել-ցույց տալու։ Ես առյուծի պես կկռվեի հանուն Ձեզ և հաղթանակ ու փառք կբերեի Ձեզ։ Հասկանու՞մ եք, որ անձամբ ինձ չէ, որ պետք է այդ փառքն ու հաջողությունը, ես դա ունեմ և տա էլ գրում եմ ո՛չ փառքի ու ծափերի համար, ես այդ ամենը տեսել եմ և շատ եմ տեսել։ Այդ ամենը իմ ժողովրդին է պետք, իմ ազգի արվեստին։ Կրկին անգամ ներողամտություն եմ խնդրում, որ գուցե կտրուկ է նամակիս տոնը, բայց, ախը, շատ է ցավում սիրտս... Եվ թույլ տվեք ասել, որ ամբողջ կյանքիս ընթացքին, որքան ես lihanat lai hia, ny tip pat i glipu prea suntanu ting մարդուց, չնայած միշտ ապրել եմ իմ ժողովրդի ցավով և ուրախությամբ ու ինչ էլ որ տվել եմ, ինչի վրա էլ ուժերս ծախսել եմ` իբրև դերասան՝ նրա ուրախությունից ու ցավից եմ սնունդ քաղել։ Դուք չպետք է դա թույլ տայիք։ Չէ՞ որ ես հաղթանակ եմ տարել Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Լենինգրադում, աշխարհի բոլոր քաղաքներում, ուրեմն ինչու՞ հնարավորություն չեք տալիս այստե՛ղ, իմ ժողովրդի համար հաղթանակ տանել...

Ես չափից շատ եմ հուզվում և պետք է ավարտեմ նամակս... Ներելի չէ... Բայց խաղալով իմ դերերը, ապրելով նրանց վշտերով, նրանց սրտով, նրանց կյանքով, միշտ կարողացել եմ հասկանալ ամեն ինչ ու ներել... Բայց Դուք պետք է գիտենաք, որ սխալն ուղղելու համար երբեք էլ ուշ չէ, որ վաղ թե ուշ Հայաստանի դրամատիկական արվեստը պետք է ցուցադրվի մեր հայրենիքի մայրաքաղաքում՝ իր բովանդակ մեծությամբ, խորությամբ, թարմությամբ։ Դեռևս ուշ չէ, և Դուք պետք է միջոց տաք ինձ՝ Ձեզ օգնելու: Որպես արվեստի ներկայացուցիչ, երբեք մի մոռանաք, որ արվեստի ծաղիկը երբևիցե չի ծլարձակի քար անտարբերության և անհոգի միջավայրում։ Մարդը, որ արժանացել է մի ամբողջ ժողովրդի արվեստի ղեկավարը լինելու պատվին, պետք է ունենա մեծ ու կարեկից սիրտ, պետք է կարողանա խոսել մարդկանց հետ, ստեղծագործական ճակատի աշխատողների հետ, քանզի միմիայն նյութական բարեկեցությամբ չէ՛, որ իսկական արվեստ է ծնվում. այն ծնվում ու փթթում է միայն ջերմ մթնոլորտում, ջերմ և կրկին ջերմ մթնոլորտում:

Մեկ անգամ ևս ներում եմ խնդրում, բայց գլխավորը այն է, որ հասկանաք։ Եվ երբ կամենաք ուղղել ուղղելին՝ ձայնեք ինձ։ Ես միշտ եղել եմ արվեստի ճակատի հավատարիմ զինվորը, իսկ եթե Դուք ուզում եք լավ հրամանատար լինել՝ կարողացեք խոսել շարքային զինվորի հետ։ Ես և Դուք չունենք և չենք կարող ունենալ ուրիշ շահեր և աշխատում ենք նույն բանի համար՝ հայ ազգային արվեստի ծաղկման և բարգավաճման համար։ Ասում եք, թե մշտական չե՛մ աշխատել հայկական թատրոնում, Ձեզ, ավելի քան մեկ ուրիշի, քաջ հայտնի պիտի լինի ամեն ինչ, և մի՞թե Ռ.Սիմոնովը, որին ես բարձր գնահատում ու շատ հարգում եմ որպես դերասանի, Հայաստանում աշխատել է մշտապես...

Վահրամ Փափագյան. Հոկտեմբեր - 1939 թ.

***

Հայկ. ԽՍՀ ժողովրադական կոմիսարների Խորհուրդ ընկ. Աղբալյանին

Մեծարգո ընկ. Աղբալյան.

Երկար խորհելուց հետո վճռեցի դիմել Ձեզ՝ որպես իմ անմիջական ղեկավարի և պատմել մի պատմություն, որ ուրախ չէ բնավ, ոչ ինձ համար, ոչ մեր հանրապետության, ոչ մեր հարազատ թատրոնի:

Այն հազվադեպ հանդիպումները Ձեզ հետ. որի բախտավորությունն ունեցել եմ, այնպես են տրամադրել ինձ, որ անզոր եմ չբանալ սիրտս Ձեր առջև՝ ոչ միայն իբրև ղեկավարի, այլև եղբոր: Մեր թատրոնի տասնօրյակից հետո, երբ ես Ձեր անձնական օգնության շնորհիվ, գուցե հակառակ մեր թատրոնի որոշ մարդկանց ցանկության, մասնակցելու բախտ ունեցա վերջին ներկայացումով, ես վերադարձա Լենինգրադ, որպեսզի վերջացնեմ Լենինգրադի արվեստի վարչության հետ նախնական պայմանավորվածությամբ տալիք ներկայացումներս:1

1 Փափազյանի ջանքերն արդյունք տվեցին 1939թ. Մոսկվայում հայ արվեստի տասնօրյակի վերջին օրը Փափազյանին իր խմբի հետ իրավունք տրվեց խաղալու «Օթելլո», որը հիացմունքի ալիք բարձրացրեց թատերական հասարակայնության մեջ և Հայաստանի մշտական ներկայացուցչությունում:

Ենթադրում էի, որ մի քիչ կհանգստանամ ու կմեկնեմ Երևան, թատրոնի դիրեկտոր Ղազարյանի տնօրինության տակ, որի հետ արդեն մինչև այդ պայմանավորվել էինք Մոսկվայում, բայց պատերազմն ինձ հանկարծակիի բերեց:

Ճակատագրական պահին բարոյապես շատ ծանր կլիներ լքել այն քաղաքը, որն ինձ սիրում է, և հետո դա ֆիզիկապես էլ անհնար էր, ահավոր խառնաշփոթության մեջ հարազատներս չէին կարող ինձ հետ էվակուացվել։ Դեկտեմբերին, երբ արդեն քաղցն այն աստիճան էր հյուծել ինձ, որ ես զգացի կարող եմ աչքերս փակել՝ առանց տեսնելու հարազատ հողս ու արևս, հեռագրով հայտնեցի Անդրանիկ Շահինյանին մինչև վերջ սիրած քաղաքում մնալու և նրա վիշտն ու ուրախությունը բաժանելու վճիռս: Միաժամանակ հայտնեցի կնոջս ու դստերս հետ ընդունած որոշումս՝ Լենինգրադի խնայդրամարկղում ունեցած իմ խնայողությունից 65 հազարը իմ ազգային թատրոնին նվիրելու մասին։ Բացի այդ, հայտնեցի նաև տունս իր պարտեզով, գրադարանս ու թատերական զգեստներս ազգային թատրոնի արվեստակիցներիս՝ իբրև հանգստյան տուն նվիրելու որոշումս։ Այս ամենը հաստատող փաստաթղթերը, Լենբանկի ու նոտարական հաստատումներն ուղարկեցի Շահինյանի անունով։ Ես, Լենինգրադի «Արարատ» գործարանի դիրեկտոր Մայիլյանը և արվեստի գործերի վարչության պետ Զագորսկին Շահինյանից ստացանք հեռագիր, որ ամեն ինչ ստացել է և խնդրում է վերոհիշյալ ընկերներին ամեն կերպ օգնել ինձ՝ Երևան փոխադրվելու համար։ Հեռագրում ասված էր նաև, որ այդ հարցը համաձայնեցված է ղեկավար մարմինների հետ։ Բայց հենց այդ ժամանակ էլ անհնար դարձավ քաղաքից հեռանալը, և ինձ ոչ ոք չօգնեց. ընդհակառակը, երբ դիմեցի ընկ. Մայիլյանին՝ անհրաժեշտ ճանապարհածախս կամ կազդուրիչ որևէ գինի տալ՝ առողջությունս ամրապնդելու համար, քանիցս արված դիմումներիս պարզապես մերժում ստացա:

Որոշ ժամանակ անց ինձ դժբախտություն պատահեց, գերմանական ռումբն ընկավ իմ այգին, ուր գտնվում էի կնոջս հետ, տեղնուտեղը սպանեց կնոջս, ծանր վիրավորեց ինձ։ 15 օր ես պառկած եմ եղել բացարձակապես առանց գիտակցության նշույլի, բայց շնորհիվ զինվորական հոսպիտալի բժիշկների համառ ջանքերի, ես ոտքի կանգնեցի և մի կերպ թռա Մոսկվա, որտեղ հույս ունեի հարկավոր օգնություն գտնել՝ Երևան մեկնելու համար։ Ես մտածում էի Մոսկվայում հանդիպել ընկ. Շահինյանին՝ հուսով, թե սփոփանք կգտնեմ այն բոլոր ծանր ու տառապալի փորձությունների համար, որ ինձ բաժին ընկավ այդ կես տարում։ Ես տարել էի ամեն կարգի տառապանք, սով, ռմբակոծություններ, վիրավորվել և ամեն զրկանք, որ ապրել էր Լենինի փառահեղ քաղաքը՝ շրջափակման մեջ։ Մոսկվայում՝ «Մետրոպոլ» հյուրանոցում ես հանդիպեցի արվեստակցիս՝ Վաղարշյանին, որը որպես դեպուտատ եկել էր Մոսկվա՝ Գերագույն խորհրդի սեսիային։ Բայց ավաղ, ընկերս ոչինչ չարեց ինձ համար՝ ոչ որպես Գերագույն խորհրդի դեպուտատ, ոչ որպես արվեստակից: Ինձ հասած դժբախտության համար նրա մոտ նվազագույն սփոփանքի ու կարեկցանքի չարժանացա։ Նա գաղափար չուներ իմ արած նվիրատվությունից:

Այդ ամենը, հարկավ, ինձ այնքան էլ չզարմացրեց, քանի որ նման վերաբերմունքի սովոր էի և փիլիսոփայորեն էի նայում այդ ամենին: Երկար տարիներ իբրև մտածող- դերասան, ես զննել էի մարդուն և եկել այն եզրակացության, որ ոչ մի բանի վրա չպետք է զարմանալ։ Որչափ էլ դառը, բայց մինչև օրս կենսունակ դուրս եկավ լատինական առածը. «Մարդը մարդուն՝ գայլ»։

Բայց ամենից շատ ինձ զարմացնողն այն էր, որ Մոսկվայում երկու ամիս մնալուց հետո, երբ սկսել էի մոռանալ կրածս սարսափն ու համարյա սկսել էի առողջական նորմալ վիճակի գալ, մտածել Լենինգրադ գնալու՝ ձմեռային իրերս վերցնելու և այնտեղից ուղիղ Երևանի ճանապարհվելու մասին, Մոսկվայում հանդիպեցի ընկ. Շահինյանին և դիմեցի նրան՝ խնդրելով համապատասխան գումար տալ՝ երկար ու ծանր ուղևորությանս համար, որ պետք է կատարեի՝ ստացա պատասխան, թե քանի որ ուշացել, ժամանակին չեմ ներկայացել Երևան, հետևապես դուրս եմ մնացել իմ ազգի թատրոնի կազմի մեջ մտնելու տարեկան պլանից:

Այդքան տառապած, նյարդերս քայքայված վիճակում ես հույս ունեի, թե գոնե հայրենակիցներիս կարեկցանքին կարժանանամ, զուր հույսեր։ Որպես իմ պետի ուզում եմ Ձեզ ասել, որ ես շատ եմ կարոտում մայրենի լեզվիս, իմ երկրի տաք արևին։ Հյուսիսն ինձ ամեն ինչ կարող է տալ, բայց ո՛չ այս երկուսը։ Եթե դուք ինձ հասկանաք գործով, ո՛չ խոսքով, ապա մանր ինտրիգներով զբաղվող մարդկանց՝ իրենց տեղը կդնեք և կօգնեք իմ ժողովրդի գիրկը վերադառնալ՝ նրա համար այս ծանր ժամին։ Եթե մինչև օրս ես բավարարել եմ նրա գեղագիտական պահանջմունքները, ապա այսօր կարող եմ նրան օգնել պահելու իր հպարտ ոգին կամ ավյուն ներշնչել ու հանգիստ քուն բերել նրա վիրավոր ռազմիկներին: Միայն այս զգացումներն են ներշնչել ինձ, որ այս նամակը գրել եմ Ձեզ։ Խնդրում եմ իմ այս դիմումի մասին տեղյակ պահել Գրիգոր Հարությունյանին և էլի ում անհրաժեշտ կգտնեք և Ձեր օգնությունն ինձ ուղարկել Լենինգրադի արվեստի վարչության պետի անունով: Այդ օգնությունը պետք է կազմի ճանապարհածախսը, որպեսզի ես կարողանամ մեկնել։ Ես պատրաստ եմ տեղ հասնելուն պես մի կարճ միջոց շունչ քաշելուց հետո սկսել խաղալ «Համլետ», «Օթելլո» որքան կամենաք:

Խոր հարգանքներով՝ Վահրամ Փափազյան, 1943 թ.

Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛ 1991

1386 հոգի