28.11.2023 03:17
ԱՍՏՐԱԽԱՆԻ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԻՑ
(Արխիվային նոր նյութեր)
Ներքին սփյուռքի հասարակական - մշակութային կյանքը մեր դարի 20-30-ական թվականներին կարոտ է ուսումնասիրողի ուշադրությանը: Հետհեղափոխական տարիներին ազգային կյանքի կենտրոնները փոխադրվել են հիմնականում Հայաստան, մինչդեռ գաղթօջախներում ազգային լուսավորությունը և մշակույթը՝ սկսած 20-ական թվականների կեսերից, դատապարտված էին աստիճանական վախճանի, իսկ 80-ական թվականներից՝ ուղղակի խափանման։ Այդ պայմաններում մեր հոգու պարտքն է վեր հանել այն սխրագործների անունները, որոնց նվիրումով պահպանվում էր ազգային մշակութային կյանքը:
Նման նվիրյալների շնորհիվ են պահպանվել և գործել Աստրախանի հայերի թատերախմբերը: Վերջին տասնամյակներում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ստացվել են նոր նյութեր (հատկապես ժողովրդական դերասան Վ. Վարդանյանի և աստրախանցի Գ. Սվեշնիկյանի ֆոնդերը), որոնք լրա- ցուցիչ լույս են սփռում այդ հարցի վրա: Ուսումնասիրված չէր նաև Հայաստանի կենտրոնական պետական պատմական արխիվում գտնվող Աստրախանի հայկական բանվորական ակումբի ֆոնդը: Նախահեղափոխական տարիներին (1908 թ. սկսած) Աստրախանում գործել է Հայ գրականության և արվեստի սիրողների ընկերությունը՝ հայտնի փաստաբան և հասարակական գործիչ Ռ. Աստվածատրյանի ղեկավարությամբ: 1917 թ. ամռանը ստեղծվում է հայ արվեստի սիրողների առանձին խմբակը, որի ջանքերով բեմադրվել է «Պաղտասար աղբարը» (պրեմիերան 1918-ի ապրիլի 24-ին) և «Եվգինեն» (1918-ի մայիսի 29-ին):
1918 թ. գարնանը նախաձեռնվել է հայկական գրական-դրամատիկական ստուդիայի ստեղծումը: Այդ պահին Դերբենտից Աստրախան ժամանեց երիտասարդ, հետագայում հայ բեմի հայտնի վարպետ, Հայաստանի ժողովրդական դերասան Անուշավան (Վավիկ) Վարդանյանը, որին հանձնարարվել է գլխավորել այդ ստուդիան:
Չնայած իր պատանի տարիքին Վարդանյանը եռանդով սկսեց այդ պատասխանատու գործը: Առաջին բեմադրված պիեսն էր Ա.Շիրվանզադեի «Պատվի համարը», որի պրեմիերան կայացել է 1918-ի հոկտեմբերի 9-ին: Մի քանի ամիս անց, մարտի 19-ին բեմադրվել է «Նամուսը»: Վարդանյանը ղեկավարել է ստուդիան, իսկ «Նամուսում» կատարել է նաև Սեյրանի դերը, բայց անմիջապես բեմադրողը եղել է տաղանդավոր ռեժիսոր Արամ Իսագուլյանը: Արամ Իսագուլյանը ավարտել էր Լազարյան ճեմարանը, մասնակցել ճեմարանի ուսանողական թատերական խմբակին, ուսանող ժամանակ սովորելով գեղարվեստական թատրոնի վարպետներից: Դժբախտաբար, Իսագուլյանը շուտով վախճանվում է բծավոր տիֆից: 1919 թ. կեսերին՝ Աստրախանի հայտնի պաշտպանության ժամանակ ընդհատվել է հայ թատերասերների գործունեությունը, սակայն 1920թ. Հունվարի 13-ին ցուցադրվել են միանգամից մի քանի պիես՝ Մ. Մանվելյանի «Գանգեն» և ռուսերենից թարգմանված «Սյուրպրիզը» փետրվարի 15-ին «Պատվի համարը», մարտի 28-ին՝ Մ. Մանվելյանի «Մագդան», ապրիլի 18-ին՝ «Նամուսը», մայիսի 12-ին նորից երկու պիես՝ Շիրվանզադեի «Եվգինեն» և Ա. Աբելյանի «Նավթի շատրվանը»: Բեմադրողն եղել է Արամ Իսագուլյանը, իսկ Վ. Վարդանյանը` անփոփոխաբար հանդես էր գալիս որպես պատասխանատու կարգադրիչ և գլխավոր դերակատար (Սուրեն՝ «Պատվի համարում», Վանո՝ «Մագդայում», Ալավերդյան՝ «Եվգինեում» և այլն):
Այսպիսով, այս շրջանի Աստրախանի հայ թատերասերները շեշտը դրել են են հայկական խաղացանկի վրա: Թատերասերները աշխատում էին ոգևորությամբ: Էլեկտրաէներգիա խնայելու նպատակով քաղաքում կեսգիշերին անջատվում էր հոսանքը, որի պատճառով բեմադրություններն սկսվում էին ավելի վաղ: Աստրախանի պարետ Կ. Ղազարյանի կարգադրությամբ պարետային ժամին թատրոնի տոմսը անցաթուղթ էր: 1921-ի սկզբներին քաղաքում եղել է Հայկական բանվորական ակումբ, n-րի ներսում կազմակերպվել է դրամատիկական սեկցիա: Հայկական ենթաբաժնի առաջին ժողովը, որը կա լացել է 1921 թ. փետրվարի 19-ին, nրոշել է միավորել ստուդիայի և ակումբի թատերական ուժերը: Համագործակցության և միավորումի բանակցություններն անցել են հաջող։ Մեկ ամսվա ընթացքում պատրաստվել է համատեղ ներկայացում՝ բաղկացած երկու դրա- մատիկական էտյուդից («Ռաշիդ» և «Հեքիաթ») ու դիվերտիսմենտից: Միացյալ ներկայացումը դրական արձագանք է ստացել: Միասնական խմբակը պիտի գործեր բանվորական կումբին առընթեր, որտեղ կային նաև գրական-գեղարվեստական և երաժշտական սեկցիաներ: Այդ ժամանակ Վ. Վարդանյանը արդեն տեղափոխվել է Աստրախանից Ստավրոպոլ, և նոր խմբակի ղեկավար է ընտրվել Գևորգ Իլյազովը: Գ. Իյազովը մասնագիտությամբ հաշվապահ էր, բայց եղել է մեծ թատերասեր, նվիրյալ և լավ կազմակերպիչ:
Աստրախանահայերի դրամատիկական գործունեությունը (մինչև 30-ական թթ. սկզբները) անփոփոխաբար գլխավորել է Գ. Իլյազովը: Հետագայում նա զոհվել է Հայրենական պատերազմում: Հայկական ակումբի միջոցառումների գրանցման մատյանում կա երեք ներկայացում (1921-ի գարնանը և ամռանը): Ապրիլի 22-ին ներկայացվել է Աբելյանի «Մարվող ճրագներ» դրաման: Չնայած խմբակը ընդամենը մեկ ամսեկան էր, այդուհանդերձ, ըստ կարծիքների, ներկայացումը հաջող է եղել Երեք ամիս անց (հուլիսի 28-ին) «Վոլկան» թատրոնի դահլիճում բեմադրվել է Լ. Մանվելյանի «Վերածնվածը» դրաման: Ներկայացման բեմադրողը եղել է պրոֆեսիոնալ դերասան Գ. Տեր-Ղեվոնդյանը, իսկ դերերը կատարել են խմբակի անդամները (Շահբազյան, Թելկովնիկով, Ակոպովա, Սվեշնիկյան և ուրիշներ)։ Ներկայացումը արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Հայկական ակումբի նախագահության 1922 թ. մարտի 26-ի նիստի արձանագրությունից երևում է, որ 1921-22 թթ. ձմռանը կայացել են ևս երկու ներկայացում։ Հաջորդ արձանագրությունում (1922 թ. ապրիլի վերջերին) նշված է, որ մեկ տարվա ընթացքում (ստեղծվելու օրվանից) խմբակը պատրաստել է ութ ներկայացում: Դժբախտաբար, մեզ չի հաջողվել պարզել այդ տարվա ամբողջ խաղացանկը:
Նախագահության մարտի 26-ի նիստում քննարկվել է նաև հետագա ներկայացումների պլանը: Նախագահող Գ. Իլյազովը զեկուցել է, որ թատերախումբը ի վիճակի է ներկայացնել «Կրեչինսկու հարսանիքը» և «Պատվի համարը» (որոնք խաղացվել են անցած բեմաշրջանում)։ Հունիսի 24-ի նիստում դերասան ու բեմադրող Գ. Տեր-Կարապետյանը հաղորդել է ևս երկու պիես բեմադրելու մասին («Անազնիվ չեն ծնվում» և «Ըստ հայտարարության»): Որոշվել է այդ երկու ներկայացումը ցուցադրել ակումբի երեկույթում, որը նշանակված էր եղել արդեն հունիսի 26-ին կուսդպրոցի շենքում:
Ամենայն հավանականությամբ, այդ բեմադրությունը իրականացվել է և վարչության հաջորդ նիստում (հուլիսի 11-ին) ընդունվել է բեմադրող Գ. Տեր-Ղևոնդյանի առաջարկը՝ Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» հայտնի դրամայի նոր ներկայացման մասին։ Որոշվել է նաև նշել Գաբրիել Սունդուկյանի մահվան 10-ամյակը և պատրաստել Սունդուկյանի որևէ պիեսի բեմադրություն: Սակայն մենք չունենք տեղեկություն՝ իրագործվե՞լ են, արդյոք, այդ պլանները:
1928-ին բանվորական ակումբը դարձել է Աստրախանի հայկական կոմիտե, որին կից շարունակել է գործել դրամատիկական սեկցիան: 1924 թ. հունվարի 10-ին ներկայացվել է «Նամուսը», փետրվարի 29-ին՝ «Չար ոգին», ապրիլի 18-ին՝ «Փաստաբանի մոտ» վոդեվիլը (ռուսերենից թարգմանված), իսկ մայիսի 8-ին՝ «Պաղտասար աղբարը»: Պատասխանատու կարգադրիչը եղել է Հայկական կոմիտեի նախագահ Արշակ Լեխանյանցը, ներկայացումների բեմադրողը և գլխավոր դերակատարը՝ Ա. Տեր-Կարապետյանը, դերերը կատարում էին Գ. Իլյազովը, Ռ. Ավագովը, Գ.Սվեշնիկյանը և ուրիշներ:
1924 թ. ապրիլին Հայկական կոմիտեն հրապարակել է կոչ՝ հասցեագրված Աստրախան քաղաքի հայերին: Հայտարարության մեջ մասնավորապես ընդգծված էր. «Աստրախանի հայկական կոմիտեն, որ ընտրված է քաղաքի աշխատավոր հայերի կողմից, կոչված է կազմակերպել և տնօրինել մշակութային-լուսավորչական աշխատանք Աստրախանի հայ գաղթօջախում, որովհետև աճող սերունդը արդեն խորթանում է ազգային մշակույթից»: Դրա կապակցությամբ կոմիտեն հայտարարել է դրամական մշտական հանգանակություն և որոշել կիրառման կանոնակարգը:
Հաջորդ թատերաշրջանին (1924- 1925 թթ.) կոմիտեն անցկացրել է 30 նիստ, որտեղ քննարկվել են մշակութային գործունեության հետ կապված կազմակերպչական, տնտեսական ու ֆինանսական տարբեր հարցեր: Մասնավորապես, նախկին հայկական իգական դպրոցի շենքում վերանորոգվել է 220 տեղանոց դահլիճը: Վերակառուցվել է դահլիճի բեմը, որը սարքավորվել է էլեկտրական լուսավորությամբ և նոր դեկորացիաներով, ուր 1924-25-ին կազմակերպվել են վեց համերգ և ութ հայերեն բեմադրություն: Նշված ութ ներկայացումից հայտնի միայն հինգը: 1924 թ. հոկտեմբերի 8-ին բեմադրվել է Մ. Մանվելյանի «Մագդան», իսկ դեկտեմբերի 11-ին՝ մեկ գործողությամբ միանգամից երեք պիես՝ Մ. Մանվելյանի «Հեքիաթը», Փառնակեսի «200 հազարը» և «Զոքանչի գալը» վոդևիլը (ռուսերենից թարգմանել է Արաքսյանը): Հայտնի է նաև 1925 թ. հոկտեմբերի 25-ի ներկայացման՝ Վալենտինովի «Հարեմի գաղտնիքներ» երաժշտական կատակերգության մասին (ռուսերենից թարգմանել է Գ. Չուբարը)։ Ներկայացման բեմադրողներն էին երաժշտական սեկցիայի ղեկավար Գ. Յակովլևը, և պատասխանատու կարգադրիչ Գ. Իլյազովը: Թատերասերները մշակել են «Դրամայի և երաժշտական կատակերգության հայկական խմբակի կազմակերպման հիմունքները» (կանոնադրության տիպի), որոնք հաստատվել են 1926 թ. հունվարի 10-ին՝ խմբակի անդամների ընդհանուր ժողովում: «Հիմունքների» առաջին կետում ասվում է, որ Դրամայի և երաժշտական կատակերգության հայկական խմբակի նպատակն է մայրենի լեզվի տարածումը` հայ բնակչությանը ծանոթացնելով ազգային մշակույթին ու գրականությանը:
Աստրախանի հայերի մշակութային կյանքը աշխուժացնելու գործում մեծ վաստակ ուներ ականավոր հայ դերասանուհի Օլգա Մայսուրյանը, որ այն տեղ է եղել 1925–26 թթ. թատերաշրջանում։ Նա եկել է Աստրախան պրոֆեսիոնալ դերասանների խմբով (նրանց մեջ՝ հետագայում ժողովրդական դերասաններ Օ. Գուլազյանը, Պահարեն և ուրիշներ)։ Տեղացի սիրողների հետ միասին նրանք հանդես են եկել մի քանի ներկայացումներով (Գ. Գեի «Տրիլրին», Լ. Սաղաթելյանի «Մի կտոր հողի համարը», Հ. Ստեփանյանի «Քաջ Նազարը», Լ. Շանթի «Հին աստվածները»)։
Հետագա տեղեկությունները վերա բերում են արդեն 1928-29 թթ. շրջանին: Այդ ժամանակահատվածում եղել է յոթ ներկայացում, յոթ հանդիսավոր նիստ, յոթ գրական երեկույթ, երկու գրական բանավեճ, չորս համերգ: Բոլորն էլ հայկական դպրոցի դահլիճում: Պիեսներից` բեմադրվել են «Պատվի համար» (1920 թ. հունվարին և փետրվարին), Վ. Կատանի «Շրջագծի քառակուսին» (մարտին և ապրիլին), «Էդմոնդ Գրեմերը» (նույնպես երկու անգամ), «Փարիզի կոմունան», «Արյունոտ ճանապարհին», «Նորին մեծության դահիճը» (նույնպես 1929 թ. գարնանը), «Նրա քայլերը»: Կուլտսեկցիայի պլաններից և արձանագրություններից երևում է, որ հայ նվիրյալների ծրագրերը շատ ծավալուն են եղել: Դա ավելի հասկանալի կլինի, եթե նշենք, որ այդ սեկցիայի աշխատանքները ղեկավարել է հայտնի հասարակական գործիչ, հայ գրականության և արվեստի սիրողների ընկերության (1905-1917 թթ.) նախագահ Ռոմանոս Աստվածատրյանը: Բայց ծրագրերը ավելի լայն էին, քան թե աստրախանցի թատերասերների հնարավորությունները։ Սեկցիայի նիստերում անընդհատ խոսվում է խմբակի մասնակիցների ցածր կարգապահության և կատարման թույլ մակարդակի մասին: Բացի դրանից, ինչպես երևում է ներկայացումների անվանումներից, դասական պիեսների փոխարեն առաջին պլան է մղվել «հեղափոխական» խաղացանկը:
1930-ին Աստրախան այցելեց հայ բեմի ականավոր վարպետ Հովհաննես Աբելյանը (դրանից առաջ նա եղել է Աստրախանում 1918-ին Արմենյան - ամուսինների հետ)։ Հ. Աբելյանի ղեկավարությամբ հաջողվել է նորից բեմադրել «Պատվի համարը»։ Այդ ժամանակներից պահպանվել է նաև «Մորգանի խնամին» բեմադրության մասնակիցների խմբակային մեծադիր լուսանկար: Նկարի կենտրոնում է գլխավոր դերակատար Գևորգ Իլյազովը (իր հերոսի հագուստով): Հետին պլանի վրա տեղավորված է վահանակ՝ խոշոր թվագրված 19.11.1930:
Նույն թվականներին նոր փորձեր են արվել հայ մշակութային կյանքը վերակենդանացնելու ուղղությամբ: Հաջողվել է վերականգնել Աստրախանի հայկական ակումբը, որը բացվել է 1930- ին և ստացել է Ստ. Շահումյանի անունը: Ակումբի վարչության նախագահ է ընտրվել Գրիգոր Սվեշնիկյանը: Նորից մշակվել է աշխատանքի բովանդակալից պլան։ Այսպես, օրինակ, ծրագրվել է անցկացնել հայ քաղաքացիների կանոնավոր ժողովներ, ստեղծել տարբեր տեսակի խմբակներ, կապեր ամրապնդել հայկական դպրոցի, մանկապարտեզի, գրադարանի, հայաշատ աշխատանքային կոլեկտիվների հետ։ Պարզ է, որ այդ պլանները հեռու են եղել իրականությունից։ 1981-ին արձանագրվել բեմադրության միայն երկու փաստը՝ «Երկու սուր» և «Վանականի հարսանիքը» պիեսները:
Ազգային մշակութային կյանքը մարելու պատճառների մասին խոսելիս, Գ. Սվեշնիկյանն իր հիշողություններում նշում է նյութական միջոցների բացակայությունը։ Հանգանակվող գումարները չէին բավականացնում, և բնակչությունը չի էլ ունեցել անհրաժեշտ միջոցներ՝ հնարավոր էլ չէ XIX դարավերջի և XX դարասկզբի մեծահարուստների եկամուտները համեմատել 30-ականների համեստ ծառայողների աշխատավարձի հետ։ Այնպես որ, ներկայացումներից ստանալիքը եղել է չնչին: Պարզ է, որ այստեղ իր դերն է կատարել նաև նոր «ազգային քաղաքականությունը», որը հաշվի չէր առնում փոքրամասնությունների, հատկապես առանձին համայնքների շահերը:
1990-ականներից քաղաքին հայ համայնքի ազգային կյանքը աստիճանաբար մարում է: Բայց հայ մշակույթի նվիրյալների Աստրախանում ծավալած գործունեությունը պիտի մնա որպես հայ թատրոնի պատմության անբաժանելի մասը։
ՎԱՐԴԱՆ Խաչատրյան
Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛ 1992