29.11.2023 22:46
ԻՍԿ Ի՞ՆՉ ԱՆԵՆ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ, ՈՐ ՓՆՏՐՈւՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՂԻՆԱԿԻՆ
(Խոհեր թատրոն ստուգատեսից հետո)
Մուսաները լուռ են։
Գուցե իրապես գործ ունենք անցման շրջանի խաղերի հետ և մինչև կպարզվի, թե ինչը ինչոց է, մեջտեղ կգան կաղամբով նատյուրմորտներ՝ շքանշանազարդ դիմանկարների փոխարեն:
Մուսաներին պաշտելը անհարիր է շտապումին։ Իսկ ի՞նչ անեն գործող անձինք, որ փնտրում են իրենց հեղինակին։ Եվ ի՞նչ անեն հանդիսականները, որ հայացքները հեռուստացույցներին և օրաթերթերին՝ տենդաբար փնտրում են ճշմարտություն... Ճշմարտություն։
«Չկա ճշմարտություն երկրի երեսին և ոչ էլ նրանից վերև» - մի՞թե: Իսկապես, մի՞թե չկա համընդհանուր մեկ ճշմարտություն, որը վեր է և՛ իմ, և՛ քո, և՛ նրանց ճշմարտությունից: «Փախեք ճշմարտությունը գտածներից և հետևեք ճշմարտությունը որոնողներին», - ասել է արևելյան իմաստունը։
...Բարձրանում եմ Սունդուկյանի թատրոնի չորրորդ հարկ, ուր փորձասրահում հանգրվան է գտել թատրոն-ստուդիա-լաբորատորիան։ Հաստոցների վրա ամֆիթատրոնի ձևով սարքված են նստաշարքեր։ Բեմը հիշեցնում է պատահական, բայց միանգամայն ճանաչելի առարկաների մի հավաքածու։ Անպետքական իրերի հանդես:
Լույսը մարում է և լսելի է, թե ինչպես մեկը խարխափելով մոտենում է պատուհանին և ետ քաշելով լուսարգել վարագույրները, բացում է փեղկերը։ Դահլիճ է խուժում Կարմիր Բանակի փողոցի աղմուկը, անմիջապես հակադրության մեջ մտնելով անիսկական բեմական միջավայրի հետ։ Հնչում են «Ավե Մարիայի» տարբեր կատարումներ։ Ասել է, թե բոլոր ժամանակներում էլ մարդկանց միավորում է հոգևորը - ճի՞շտ հասկացանք, ռեժիսոր Արմեն Մազմանյան։
Աստիճանաբար բեմը լցվում է դերասանական և սպասարկու կազմի անդամներով, որոնք պատրաստվում են սկսել նախատեսված բեմափորձը։ Անեկտոդներ, թեյախմություն, քմծիծաղներ և շեշտված կերպով լրջախոհ ռեժիսորը: Կռահելի չեն կայունացած միջանձնական հարաբերությունները։ Մի խոսքով, թատրոն է կամ Պիտեր Բրուկի ասած՝ «մեռյալ թատրոն»։
Եվ այս քաղցր անդորրի մեջ ներխուժում են վեց գործող անձինք, որոնք փնտրում են իրենց հեղինակին - կամ իրենց ճշմարտությունը: Նրանք իրական կրքերի մի փոթորիկ են բերում՝ հետն էլ մաքրել սրբելով թատերական հնամաշ շտամպները ամբողջությամբ: Նրանք անկասելի են հեղինակի կողմից կիսավարտ թողած իրենց կերպարների ողբերգական գոյության բուն անհեթեթությունը ցուցադրելիս: Ռեժիսորը հմտորեն կառուցում է ներկայացման տեմպո-ռիթմը, հանդիսատեսին մշտապես պահելով լարվածության մեջ: Դրանում նրան օգնում են դերասանները, որոնց մասին շատ լավ բաներ կարելի է ասել, սակայն հատկապես կուզենայի նշել դերասանուհի Կարինե Ջանջաղազյանին՝ Դստեր դերում: Այս մեծաչվի փխրուն աղջիկը չկեղծված պոռթկումների պարզապես փշաքաղվել տվող վայրիվերումներ ցուցադրեց: Իսկ շատրվանի տեսարանում, ուր նա խեղդամահ է անում բուտաֆորական տիկնիկ իր սեփական քրոջը, նրա խաղը ստանում է ճշմարիտ ողբերգականության իմաստավորում: Թատրոնի գործող անձանց այդ վեցյակի միջև հակամարտությունը հասնում է իր գագաթնակետին և անտեր- անտիրական անձինք թողնում են թատրոնը՝ փնտրելու իրե՛նց թատրոնը, իրենց հեղինակին:
Բեմը դատարկվում է, մարում լույսը և հանկարծ հանդիսատեսի աչքի առաջ կործանվում է ստերեոտիպ մտածողությամբ կառուցված աշխարհը, որ այնպես հմտորեն ստեղծվել էր նկարիչ Մկրտիչ Մկրտչյանի արտասովոր սցենոգրաֆիայով:
Հնչում է ռեքվիեմ և առաջին ծափահարությունների հետ գալիս է երջանիկ գիտակցումն այն բանի, որ վկա եղար իր ուրույն ճշմարտությունը որոնող մի նոր թատրոնի ծննդյանը:
...Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնին կից մի քանի տարուց ի վեր գոյություն ունի մանկական երաժշտա-դրամատիկական ստուդիան, որ ղեկավարում է Ռուբեն Թումանյանը: Անվերապահորեն հետաքրքիր այս, արվեստագետը կարողացել է իր շուրջը ժողովել ու կազմակերպել մանկական շնորհալի թատերախումբ: Պատահական չէ թատրոնի խաղացանկը, ուր հիմնականում ընդգրկված են հեքիաթներ, որոնք և՛ դերակատար, և՛ հանդիսատես երեխաներին հաղորդակցում են ժողովրդական իմաստությամբ, մարդասիրությամբ և հավաքաբար՝ արվեստին:
Ստուգատեսին մասնակից մեծական թատրոն-ստուդիաները («Արձագանք», «Երկխոսություն» և Սատիրայի թատրոն-ստուդիա) թեմաները ընտրելիս ավելի շատ սեփական շահով են առաջնորդվում։ Մինչդեռ այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի մեծ հումանիզմով թրծված հստակ դիրքորոշումը: Առկա իրադրության մեջ չարությունը և հուսահատությունը վատ խորհրդատուներ են, իսկ թատրոնի համար՝ պարզապես մահացու: Թատրոն ասվածը չափազանց հզոր միջոց է այդպես ինքնաբեր ուղղակիությամբ արտահայտելու համար ամբողջ մի ժողովրդի իղձերն ու մտածումները, ժողովուրդ, որ ապրել ու ապրում է հոգեկան ու ֆիզիկական ցնցումներ։ Միայն բարձրարվեստ ստեղծագործությունը կարող է բարոյական հենարան դառնալ մեր միասնականության, մեր պայքարի համար:
Շատ թատրոն-ստուդիաներ հաճախ շփոթում են ժողովրդային ու ցեղաբնույթ առանձնահատկությունները: Առաջինը միշտ ճառագում է իբրև բարոյական սկզբունք, իսկ մյուսը փայփայում է իր առանձնակիությունը: Մենք հիմնավորապես մոռացության ենք տվել, որ ներկայացումը գեղարվեստական կերպարների համակարգ է, որ դա կյանքի ճշմարտությունը գեղարվեստական ճշմարտության աստիճանի փոխակերպել հասցնելն է:
Ստուգատեսի օրերին երբեմն թվում էր, թե մեր թատրոն-ստուդիաները մի տեսակ շփոթվել են շատ գործելու իրենց առջև բացվող հորիզոններից։ Եվ այնքան սպասելի թռիչքի փոխարեն մենք հիմնականում տեսանք դոփում տեղում, երբեմն նաև արտահայտչամիջոցների որոնման բացահայտ նահանջ:
« ... Խոլ - խիզախների խենթությանը վեհ երգում ենք փառք մենք»: Այո, նոր ժամանակները հնարավորություն տվեցին մեզ իրերը կոչել իրենց անուններով, և մենք, արվեստի մարդիկս, պետք է ապացուցենք, թե ինչի ենք ունակ: Այս դիտանկյունով ինքնատիպ է «Երիտասարդ ոզնիներ» թատրոն ստուդիան, nր ոչ միայն ցուցադրեց կուլտուրական նոր մակարդակ, այլև որոշակի քաղաքացիական համարձակություն: Շատերին կարող է թվալ, թե այսօր համարձակությամբ ոչ ոքի չես զարմացնի, բայց գեղարվեստական իմաստավորումով անցրած համարձակությունը հասու է միայն տաղանդավոր մարդուն, ինչպիսին է այդ թատրոնի լիդեր, իմպրովիզացիոն բացառիկ շնորհի տեր Վարդան Պետրոսյանը: Ծիծաղ ու մաքրման արցունքներ և ճանաչումի բերկրանք - ահա ինչն է ներազդում թատերասրահում համախմբված և մինչև այդ միմյանց այսքան օտար մարդկանց փոխըմբռնմանը։ Հանդիսասրահում հիմնականում երիտասարդություն է, և դա բնական է։ Ո՞վ, եթե ոչ թատրոն-ստուդիաներն են հեղափոխականորեն տրամադրված երիտասարդության գաղափարների արտահայտիչներն ու կրողները, և էլ ո՞ւմ հետ նրանք պիտի որոնեն այն ճշմարտությունը, որ այսօր ճակատագրական է դառնալու ամբողջ ժողովրդի համար։ Բայց ինչպե՞ս, ի՞նչ եղանակով: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող միմիայն ողջ կատարվածի բարձրարվեստ իմաստավորմամբ։ Այլ ուղի չկա։ Մնացած ամեն ինչ գռեհկաբանություն է, անճաշակություն և սպեկուլյացիա: Թատրոն-ստուդիան պետք է ծնվի կռիվ տալով ուրիշ գեղագիտության, ուրիշ դիրքորոշման ու սկզբունքի հետ և հանուն ուրիշ ճշմարտության գեղարվեստական մարմնավորման: Կամ էլ պետք է զարգացնի ու խորացնի այն ավանդույթները, որոնք կան և հանդիսանում են հիմք նոր սեփական տունը կառուցելու համար: Թատրոն-ստուդիան նաև փորձարարություն է, որի համար, որպեսզի այսօր չհայտնվես հեծանիվ հնարողի վիճակում, պետք է ունենաս տեսական ամուր հիմք:
...Ինչ հաճախ մենք մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում, տարվում ամեն տեսակ իզ- մերով, մոռանալով, որ գանձանակը մեր մեջ է. որ թատրոնը մեր ժողովրդի ներսում է և որ հարկ չկա ուրիշի ավանդույթները զարգացնել. դա իրենք կանեն մեզանից լավ: Արմեն Մեհրաբյանը, «Սոնետ - 101» թատրոն-ստուդիայի ղեկավարը, հասկացավ ու ստեղծեց ստվերների իր թատրոնը, այն թատրոնը, որով մեր նախնիները փնտրում էին իրենց ճշմարտությունը։ Եվ նա ոչ միայն այդ թատրոնը օժտեց նոր տեխնիկայով, այլև նրա ճշմարտությանը տվեց նոր գույն, դրանով կամուրջ գցելով դեպի նոր հայտնագործումներ` լավը լավացնելու զարմանալի այդ որոնման ճանապարհին։ Թատերական ստուդիաների այս ստուգատեսի նախաձեռնողն ու կազմակերպիչը դարձավ Հայաստանի թատերական գործիչների միությունը: Կար մրցատյան, միության փոխնախագահ Ջ. Ստեփանյանի գլխավորությամբ, եղան և մրցանակներ, և՛ դրամական պարգևներ, և՛ եզրափակիչ քննարկումը, որը թեպետ այնքան էլ բովանդակալից չանցավ, բայց այնուամենայնիվ եղավ, կայացավ տոն: Իսկ դա և բարոյական լիցքը. հույժ կարևոր են շատ և շատ թատերական խմբերին:
Այսօր մեր մայրաքաղաքը լցված է վիդեոբարերով, կոոպերատիվ խանութներով և սրճարաններով, որոնք նվաճել են բոլոր նկուղները: Սակայն թատրոնների համար ոչ միայն դահլիճ, այլ նաև ամենատարրական փորձասենյակներ չկան: էնտուզիազմով երկար յոլա չես գնա և հանկարծ կարող է քանդվել խոստումնալի մի թատրոն. այդպես էլ չճանաչվելով հանրության կողմից։
Իսկ ի՞նչ անեն գործող անձինք, որ փնտրում են իրենց հեղինակին:
Ստանիսլավսկու անվան թատրոնի ռեժիսոր
Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛