29.11. 2023 03:27
Հուզմունքով, ցավագին ընթերցեցի Գրիգոր Մկրտչյանի հոդվածը, որ ես խոստովանանք կկոչեի («Սովետական արվեստ» № 5, 1989): Հուզմունքով, որովհետև այն մի անգամ ևս խառնեց իմ չփակված «վերքը»: Վերք, որ հարուցված է արժանավորի հանդեպ վերստին դրսևորվող անարդար, շատ անարդար անտարբերությամբ։ Եվ եթե նրա տխուր հետևանքները չմիանային մեր թատերական կյանքի ուրիշ խոհերին՝ թերևս այս անգամ էլ ցավս սեղմեի ու լռեի:
Իսկապես, ինչի՞ց և ինչու՞ է շատերին, որոնք Մկրտչյանի արժանավորության կեսն էլ չունեն, այնքան հեշտությամբ և՛ տեղ տրամադրվում, և՛ թատրոն, իսկ նրան մշտապես թողնում են բախտի քմայքին, ջուրն ընկած տաշեղի պես այս ու այն կողմ զարնվելու... Հավանաբար իմ այս մտքերը չէի գրի առնի, եթե քանիցս համոզվելու առիթ չունենայի, որ իմ արվեստակիցներից շատերն են նույն կերպ մտածում։ «Կազմակերպչական ջիղ» չունի՞: Իսկ գուցե դա հարմարվելու, «լեզու գտնելու» անկարողությու՞ն է: ստեղծագործական ընթացքը պլանավորման շրջանակների մեջ պարփակել չկարենալու բնությու՞ն: Իսկ չի՞ կարող պատահել, որ նա շատ սրբասուրբ համոզմունքներ ունի, որոնք զիջել դժվարանում է, պարզապես սարսափում իր անհատականության կորուստից... Ըստ երևույթին՝ որոշակի և տևական մամլիչի ենթարկված մեր հոգեբանությանն ու ընտելություններին դեռևս այնքան էլ հասու չեն հիշյալ նրբությունները, բայց գեթ մի բան հասու է, որ տաղանդավոր մարդուն պետք է օգնել, նրանից կորզել այն, որի օգտակարությունն ու հեռանկարային արժեքը երևի դժվար է գերագնահատել։ Վերջին, թատրոնի մի քանի տասնամյակների պատմության մեջ այնքան էլ շատ չեն առիթները, երբ մենք ազգովին հպարտության լիացնող-վեհացնող զգացում ենք ապրել բազմաթիվ օտար մասնագետների առջև՝ մեր ժողովրդի ըս.. տեղծագործական թռիչքի, հազվա- գյուտ շնորհվածության համար: Հիշենք թեկուզ Մկրտչյանի լենինականյան վերջին բեմադրությունները. «Տիտոս Անդրոնիկոսը» և «Ռևիզորը»։ Եվ դրանց առիթով մեր երկրի շատ բան տեսած և դժվարահաճ քննադատների համակ հիացմունքը։ Արդ ի՞նչ է պատահել: Ստեղծագործական շոշափելի փորձ հմտություն, ես կասեի, եզակի տեսական պատրաստություն, ճաշակ ունեցող և հասուն տարիքին հասած մարդը ցանկանում է օգտակար լինել մեր արվեստի կադրերի դարբնոցին: Մեր կարծիքով, նրա արածը համենայն դեպս վնասակար չի կարող լինել: Ուրեմն ինչու՞ այդքան ծանրացվում դժվարացվում է գործը: Մի՞թե մենք արդեն նման մի վրիպումից չխրատվեցինք, երբ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի ղեկավարությունը վիրավորական է, թերագնահատանք ցուցաբերեց ժամանակին մեծն Վահրամ Փափազյանի հանդեպ՝ մինչև մահ չսպիացող վերք թողնելով նրա սրտում... Ի վերջո, ե՞րբ պետք է շրջանցվեն օրենքի ուժ ստացած «շկալաները» ու տիտղոսները և մարդը գնահատվի իրական արժանիքներով, հենց թեկուզ նրա համար, որ նա ոչ ոքի և բոլորի պես չի մտածում...
Ես ուզում եմ հիշել Գր. Մկրտչյանի կարճատև, բայց շատ արդյունավետ գործունեությունը հեռուստատեսային էկրանում, որտեղ, թերևս, ամենից շատ է գործում ժամկետի ու պլանավորման լոգիկան (բնույթն է այդպիսին): Ու թեև չխրախուսվեց դերասանի արտահայտչամիջոցները մարզելու տեխնիկան, մանկավարժական մարզեցումների մեթոդը, որ կիրառում էր՝ Սկրտչյանը, սակայն նրա և մի քանի նվիրյալների ջանքերի արդյունքը բարձր գնահատվեց՝ որպես էկրանում դերասանի կարելիությունների հայտածման ու ռեժը - սորական թարմ ու ինքնատիպ մտածողության օրինակ։ Խոսքը Պիրանդելոյի «Մերկ կյանք», կամբոջական «Երկուսը միևնույն հովանոցի տակ» և Բ. Բորհերթի «Հացը» ներկայացումների մասին է, որտեղ հոգեբանական խորքը զուգակցված է աչքի համար տեսանելի ռեժիսորական լուծումներով, ճաշակով, վառ երևակայությամբ և ասոցիատիվ ընկալման հաշվարկով:
Նույնիսկ առօրյա զրույցներում այնքան հետաքրքրական և օգտակար է Գրիգոր Մկրտչյանին լսելը: Տեսական մեծ գիտելիքների հետ տեղյակ է աշխարհի թատերական մտածողության ամենատարազան ու թարմ փորձերին։ Ուրեմն ի՞նչն է խանգարում երիտասարդ փոխարինողներ պատրաստելու նրա կամքին ու ցանկությանը։ Իբրև թատրոնի մարդ, որ արդեն մի քանի տասնամյակ ականատես է նրա ձեռքբերումներին ու կորուստներին, ես իմ ձայնը միացնում են արվեստակիցներիս ձայնին և «պահանջելով խնդրում» Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ղեկավարությանը՝ Գրիգոր Մկրտչյանին տալ աշխատելու այդ հնարավորությունը:
Նյութի աղբյուրը՝ ՛՛Արվեստ՛՛ 1993