Սեղմիր
ԷՍՍԵ

10.10.2020  22:10

(Էսս-է)

Էս(հա հե՛նց էս, այլ ոչ թե՝ այս) ամիս մեր մինուճար ‹‹հանճարի*›› գոմշացած ներհայեցական սիմֆոնիան էր իր էսսեական հերթին սպասում: Ես էլ լեզվիս մետաֆորիկ փսփոցներն ապսպրել ու էտ միջազգային համազգայինցու սահմանային վայրախաղի այլաբանական զսպանակներն էի թիզ առ թիզ ‹‹պոմպեզում*››: Որ իմ անոսոկոր անուղղելին կանխազգալեն շարմաղ գալով բլբացներ՝ հենց  գիտեիք, թե կյանքը մեղրաբլիթ է, տարիքն էլ վրայի քաղցրացած քունջութը՞: Հա˜, իմացած եղեք, որ աշխարհքում էլ փողեղեն գաղափարով ապրելու ժամանակ չի մնացել. հետայդու մահը մահացել էր երգով երկունքի, ու լացն էլ որբացել առանց ծիծաղի, զի Գրիգորանց Նարինեն ձագի կորստի հունաողբ տեսալսումով և առնական կեսի փնտրտուքի ու գտանքի միֆական մռլնգոցով ահնիձորցի Հրանտի գրույթին արժանի փելեշյանական գոմշապատում էր խաղացրել: Չէ, չէ, չէ չէ˜, չենք չափազանցնում, իսկը կինոլռության հանճարի պես էր իմպրովիզ սադրող միզանսցենի ակուստիկ ու վիզուալ գործոնները հակամիասնական համակեցության բերել: Լռություն կենդանացնող էնպիսի բեմադրակարգ մոգոնել, որում միայն ու միայն մի ամբողջ ծիսակարգ հոլովող պլաստիկական վճիռը կյանքի իրավունք կունենար: Իբրև ինքնամարտ ապրումակցում՝ մերձիսպանական հեռուներից կոտորակվող խորունկ իգականության և խղճի գերեզմանոցում մարմնացող գայլահևոցի: Ծուռը, թե դուզն ասած, բայց համենայնդեպս ասած, ոչ ավել, ոչ պակաս` բնության տարերքի միկրոմարմնավորում, որպեսզի ի պետս անչափելի ազատության գլոբալի առջև փոքր մեծության ապրած ցավագին անորոշությունը համազգանք: Այլապես չենք նկատի, որ այդկերպ նա իր դերասանական ներկայության նոր շրջափուլի մեկնարկն է տալիս՝ անկախ իր կամքից ապացուցելով, թե 21-րդ դարի հայ թատրոնի համար ինքն այն գեղարվեստա-էսթետիկական արժեքն ու նշանակությունն ունի, ինչը որ անցյալ դարի երկրորդ կեսի հայ գրականության համար գյուղագրությունը վիրտուոզ կերպով փիլիսոփայական ընդհանրացման ենթարկող հանճարեղ Մաթևոսյանը:

                                                                                                                                                                                              Յուղանկարները` Մարո Մխիթարյանի

Թե ոմանցից որոշներն էլ գնահատանքը տեսնելուց հետո կտրտնջան ու կգանգատվեն. բա էդպես ոնց կլինի, բա մենք մեղքը չե՞նք: Ինչ ասենք. երբ որ իրենք էլ բղավոցը մնջախաղային հմտություն հավաստող լռությամբ կպայմանաձևեն, կամ էլ ձայնախաղային ակուստիկ պլաստիկայով սինեսթեզիկ հուզապրումներ կհարուցեն, երաժշտական ձևավորման տեմպոռիթմային նկարագիրը տեսարանների մթնոլորտային խտության փոխլրացման գործոն կդարձնեն, տեքստի հետ աշխատելիս հնարամտորեն կգտնեն, թե խոսքի որ հատվածը հրապարակախոսական հեգնանքի, որը՝ արևելքցու մեղրածոր սենտիմենտի տոնայնությամբ արտաբերել,  խոսքային դադարները էսսեական անցումների վերածել, երեխայական հավատից սերող բեմական ներունակությամբ ակնթարթորեն կվերամարմնավորվեն և ի վերջո կհասնեն դերասանական այն նշաձողին, որ չի լինի աշխարհում մի զազրելի, զզվելի ու սարսափելի երևույթ, որին չկարողանան գեղարվեստական կեցություն ու էսթետիկական տեսք տալ, այդժամ փորկապ ընկածի ծանրախոսությամբ ապրում կեղծողները թող….

Էս ամենը ու դեռ մի բան էլ ավելին, պետք է ամսվա սկզբին ընթերցողի քիմքին դնեինք, բայց շաբաթն, ուրբաթն ինչ է՝ ամեն ինչից շուտ եկավ և պատերազմական անհրավեր ներխուժումով մեռցրեց անպատկերացնելին: Նախապես դժբախտացնելու գնով հաղթության անհավանական բերկրանքի խոստումներ անխնա շռայլեց: Չմոռանալով պաշտոնական լավատեսության դրոշակների ձևացյալ լրջությունը արցունքի միջից ծագող անջրաթափանց ծիծաղի փոխակերպել: Այո, մեզ համոզել էին, ու գրեթե թվում էր, թե աշխարհիս երեսին ներկայիս սարսափներից ամենասարսափելին Քովիդ կոչվածն է՝ իր տնտեսական հետևանքներով: Այնինչ անճակատագիր հիմարից խլված մի չքմեղալից խաղալիք է կյանք կոչվող ‹‹աշխարհակարգն››, ու մթահամ ձայներով քամու պես դեմքիդ քսվող տխուր աշուն է: Երբ չես հասցնում հասկանալ ցավդ է հպարտությունիցդ ծնվում, թե հակառակը: Դա էլ քիչ էր, շատ պատահաբար լուր ստացանք, որ առանց որևէ մեկին տեղյակ պահելու մեր թղթակիցներից կամավորագրվել է Վասիլը: Այն Վասիլը, որին իր մասնագիտական խստության համար հանիրավի, թե հիրավի շատերը չէին սիրում(в этом мы сним одной крови) և տեղից ելնողը նրա հասցեին չարախոսում էր: Պարզ բան է, սկզբունքային տեսակը քաղքենու դրոշմաձևված կենսակերպը չհանդուրժող է բնույթով, որն էլ վերջինիս երբեք ու երբեք չի ներում կարծես թե խավարամիտ զանգվածը: Լավածանոթ իրողություն է, ինչն էլ հիմք է տալիս հավաստելու, որ մեր յուրատեսակ թատերախոսը  խորապես թքած ուներ և ունի նվիրակարգային այն բոլոր անհոգի հանգմանքների վրա, որոնք դույզն ինչ իրեն կխոչընդոտեին ապրել այնպես, ինչպես ինքն է գտնում հարմար: Եվ բնականաբար, այստեղ էլ նա իր բնավորության համաձայն սկզբունքային, թեպետ, ինչու՞ եմ սար ու ձոր ընկնում՝ տղամարդավարի պահեց իրեն: Բայցևայնպես, բոլորի նման նա էլ հետ չգալու իրավունք չունի: Հասկանու՞մ եք, ուղղակի չունի…

Ու մինչ թարմությունը կորցրած ճշմարտությունների կոլեկցիոներ դիվանագետները մահահոլով մտմտումներով ունայնության անպտուղ ժամերն էին ամենաթանկ գնով վաճառում, ապրիլյան քառօրյային վերաբերող ներկայացման մասին Էս գիրդ էր մեզ սպասումի ընկեր դարձել.

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՇԱՑԱ՞Ծ ԷՐ, ԹԵ՞ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱԾ

(Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի «Հարսանիք թիկունքում»

բեմադրությունը Սունդուկյանի անվան թատրոնի բեմում)

<<Ներկայացումն սկսվեց քսան րոպե ուշացումով և ապրիլյան քառօրյայից երկու տարի անց: Արցախյան պատերազմի, առավել ևս ապրիլյան քառօրյայի մասին բեմադրությունը կամ ֆիլմն իր դժվարությունն է բերում՝ դեռ թարմ է հիշողությունը, դեռ պիտի իմաստավորենք այն, ինչ տեղի է ունեցել: Գուցե դեռ վա՞ղ է և «Հարսանիք թիկունքում» ներկայացումն իր ժամանակից առա՞ջ է ընկել: Բայց հնարավոր է, որ գեղարվեստական վերարտադրությունը պետք է մեզ օգնի հաղթահարել այս հոգեկան ցավը: Այդ դեպքում ի՞նչ գեղարվեստական ձև պետք է ընտրվի, ինչպե՞ս այն պիտի իրականացվի, որպեսզի հանկարծ չվերածվի զգայուն թեմայի շահարկման:

Երբ խոսք է լինում նոր գրված պիեսի առաջին բեմադրության մասին, այն էլ պիեսի, որի նյութը նոր տեղի ունեցած իրադարձություններն են, մի փոքր դժվար է առանձնացնել ռեժիսորի աշխատանքը դրամատուրգիական նյութից և դերասանի կերտած կերպարն իրական նախատիպից: Գուցե մենք էլ ավելի օբյեկտիվ պատկերացում ստանանք՝ ընդհանուր հայացք նետելով բեմում ծավալվող իրադրությանը: Իրադրությունը հայտնի է՝ 2016 թ. ադրբեջանական հարձակումը խրվեց մեր խաղաղ կյանքի մեջ դաշույնի պես ամեն ինչ ավիրելով, քանդելով մեր առօրյան: Պիեսի հեղինակը՝ Անահիտ Աղասարյանը, է՛լ ավելի է սրել դրությունը՝ կյանքի ամենաուրախ պահին՝ հարսանիքին է գալիս կռվի լուրը և կյանքը կանգ է առնում, որ պիտի հետո շարունակվի նույն կետից, բայց նույնը լինել չի կարող՝ բոլորիս համար այն կիսվել է «մինչև» և «հետո»-ի: Գաղափարը լավն է, ինչպես և դիպուկ է ընտրված պատերազմի մասին առանց կրակոցների ու մարտերի՝ սովորական մի ընտանիքի անձնական ապրումներով պատմելու սկզբունքը: Սակայն գործողությունը խիստ ձգձգված է, ներկայացման առաջին կես ժամը բեմում ոչինչ չի կատարվում, միայն բավական հանդարտ տեմպով, հանգամանալից ծանոթանում ենք գործող անձանց հետ: Ներածության համար ներկայացման մեկ երրորդը շատ չէ՞: Ընդ որում, դրա արդյունքում դերասաններն ու բեմադրիչը հայտնվել են բարդ դրության մեջ՝ նրանք փորձում են ստեղծել բեմական դրություններ առանց ներքին գործողության: Արդյունքում՝ չարդարացված անցումներն աթոռից բազմոցին և հակառակը, հայելու մոտից՝ սենյակ, տղաների՝ Արմենի և Արամի «բռնոցին», որ դերասաններ Տարոն Գրիգորյանը և Արսեն Սաղաթելյանն անցկացնում են «թատրոն խաղալով»:

Առհասարակ, Արմենի դերակատար Տարոն Գրիգորյանն իր կեցվածքում, քայլվածքում ցուցաբերում է որոշ թափթփվածություն, խոսքին զուգահեռ ձեռքերն անհարկի շարժում է, ինչը լավ չի կապվում իր մարմնավորած վճռական հերոսի հետ:

Որոշ անտեղի տիպականացում է նկատվում նաև Նարեկի դերակատար Գևորգ Գրիգորյանի մոտ՝ եթե մարդը երկար դադարից հետո վերադարձել է Կանադայից, ապա անպայման խոսքը պետք է սկսի՝ «Յե՜» բացականչությա՞մբ, շարժումների մի մասն էլ փոխառի ռեփային տեսահոլովակների՞ց:

Հետաքրքիր է Սուսանա Բաղդասարյանի ստեղծած տատիկի կերպարը, որտեղ խիստ և կտրուկ բնավորության տեր գյումրեցի կնոջ խոսքում դժվար է զատել՝ որն է դերասանուհունը, իսկ որն է գալիս տեքստից:

Նուրբ երանգներ են նկատվում նաև Անահիտ Քոչարյանի մարմնավորած Սանամի կերպարում՝ ուրախության պահին անսպասելի ստանալով որդու մահվան լուրը՝ մայրը չի ճչում, չի բղավում՝ ներքուստ դիմադրում է, չի ընդունում իրողությունը և չի էլ կարող ընդունել: Ներքին վիճակը դերասանուհին տեսանելի է դարձնում բավական կարճ մի դրվագում:

Բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանն ավելի հաջող է ներկայանում սակավամարդ տեսարաններում, հատկապես եթե չի շտապում հագեցնել դրանք ֆիզիկական գործողություններով, այլ որոշակի հավասարակշռված դիրքերում թույլ է տալիս դերակատարներին հանդիսատեսին հասցնել հեղինակային տեքստը (տեքստի բովանդակության մասին կխոսենք ստորև): Ի դեպ, Գարեգին Եվանգուլյանի՝ երկու հարթություններով կազմակերպած բեմական ձևավորումը թույլ է տալիս խաղարկել նման դիրքեր և նույնիսկ պատկերի մաս դարձնել պատուհանից դուրս կատարվող իրադարձությունները: Մինչդեռ մասսայական տեսարաններում տպավորությունն այլ է: Ներկայացման ընթացքում բազմամարդ պատկերների ականատես ենք լինում մի քանի անգամ. գլխավոր հերոսի զոհված քեռու որդու՝ Նարեկի վերադարձին Հայաստան, պատերազմական լուրը հարսանիքի ժամանակ հնչելուց, հարևան Մրոյի մահվան լուրը ստանալիս, գլխավոր հերոսի՝ Արմենի վերադարձին տուն: Եվ գրեթե ամեն անգամ բեմում տիրում է խառնաշփոթ, ամեն մեկն իր համար մոտենում, գրկախառնվում, գլուխը բռնում կամ որևէ այլ գործողություն է գտնում ընդհանուր տրամաբանության մեջ: Բայց այդ ամենն անկազմակերպ տպավորություն է թողնում, կարծես ամեն դերասան ինքն իր համար է որոշում իր անելիքները: Պատկերն ամբողջանում է թերևս այն տեսարանում, երբ Ռուզանը (դերասանուհի Մանե Մխոյան), չտեսնելով իր թիկունքում հարևանուհի Սանամին, հայտնում է իր մորը նրա որդու մահվան մասին: Չգիտեմ, ով է իրադրության հեղինակը՝ դրամատո՞ւրգը, թե՞ բեմադրիչը, բայց մի քանի վայրկյան քարացած դիրքերն առանց ավելորդ ճիչերի բերում են շանթահար վիճակը: Եվ վստահաբար՝ բեմադրիչն է Արմենի և հոր հանդիպման պատկերի հեղինակը՝ երիտասարդը վերադառնում է տուն և բոլորը խառնված իրար փաթաթվում են, համբուրում, հայրն է միայն, որ սպասում է, հետո մոտենում է, որդու հայացքը բռնում, մի պահ սպասում և նոր միայն կտրուկ շարժումով գիրկն է առնում որդուն: Այս դադարը կարծես վեր է բարձրացնում իրենց փոխհարաբերությունները կենցաղային ճշմարտությունից, որ մինչ այդ էր՝ մոր, մորաքույրների հետ, սա վիճակի իմաստավորումն է:

Առհասարակ, բեմադրության մեջ երբեմն հնչում է մի ինտոնացիա, որ թույլ չի տալիս ընկալել ամբողջը որպես մոտ անցյալի գեղարվեստական արտացոլում. հիստերիկ ողբն ու ճիչը: Չենք վիճում, կյանքում կինը հենց այդպես կգոռա ռազմաճակատ մեկնող որդու ետևից, երիտասարդ աղջիկն այդպիսի լացով կսպասի ամուսնուն, բայց դահլիճում հանդիսատեսի հուզմունքը (որի առկայությունը ոչ ոք չի հերքում) պետք է սովորականից վեր լինի, հիշողության մեջ մնա ոչ որպես հերթական հուշ դեպքերի, զոհվածների մասին, այլ որպես կվինտեսենս, գեղարվեստական գերխտացում: Իսկ հանդիսատեսը շունչը պահում է ոչ նրանից, թե ինչպես այս ընտանիքի անդամները ընդունեցին կռվի լուրը, այլ դրան հաջորդած ռազմական գործողությունների մասին ազդարարող իրական հեռուստահաղորդագրությունից:

Իհարկե, վերջերս տեղի ունեցած դեպքեր են և իրականությունը կամա թե ակամա խառնվում է ներկայացմանը, սպասելի են նաև իրական ներդիրներ՝ հեռուստատեսային լրատվություն: Դեմ չենք, բայց ո՞ւր է դրա գեղարվեստական խաղարկումը բեմում, թե՞ դրանք հենց այդպես էլ նախատեսված էին, ուղղակի ազդեցության համար հանդիսատեսի զգացմունքների՞ն, հուշերի՞ն, անձնական ցավերի՞ն: Իսկ իրականությունը ներխուժել է այս ներկայացման մեջ շատ ավելի ընդարձակ ճակատով՝ սկզբից իսկ տեքստը, բացառությամբ մի քանի սրամտությունների, կազմված է մեր առօրյայից փոխառած ստանդարտ, ծեծված ֆրազներից: Ընդ որում, դրանց մի մասը ծեծված է մամուլում, մյուս մասը՝ առօրյա «քաղաքական» բանավեճերում: «Ո՞ւմ համար գնամ կռվեմ», «ո՞վ է երկրի տերը», «լավագույննե՞րը զոհվեցին, թե՞ մենք նրանց իդեալականացրեցինք», «քիչ լափեն, բանակը զինեն», «այնպես արեցին, որ գնանք, ուրիշ երկրում ապրենք», «ռուսը չլիներ, մենք չէինք լինի», «սրանց փոխարեն ով էլ գա, նույնը կլինի», այսպես կարելի է երկար շարունակել, իսկ երկրորդ գործողության մեջ անգամ հասնում ենք՝ «Մահ իմացյալ անմահություն է»:

Կարգախոսներով գրված դրաման, դաստիարակչական նպատակներ հետապնդող թատրոնը հեռանում է մարդուց, գնում է դեպի հրապարակախոսություն, դեպի քաղաքական պայքար: Այո, տեղի ունեցած իրադարձությունները պետք է իմաստավորվեն տարբեր հարթություններում, նաև՝ արվեստում, բայց ամեն տեղ իր նպատակն է, իր միջոցները: Կրկնեմ՝ համամիտ եմ. պատերազմը, որը դեռ չի ավարտվել, որի մասին հիշողությունը թարմ է, պետք է վերարտադրվի բեմում (կամ էկրանին) անհատական ճակատագրով, անձնական ապրումներով, մի ընտանիքի պատմություն դիտելով: Իսկ պիեսի տեքստը պետք է շոշափի այդ նուրբ նյութը, այլ ոչ թե մոտենա հրապարակախոսական ելույթի: Դրամատուրգը և բեմադրիչը, դերասանն ու հանդիսատեսը նույն հանրության մասնիկ են և նորագույն պատմությունը ներքուստ յուրացնելու, հասկանալու և հաշտվելու գործում նույն ճանապարհն են անցնում: Գուցե ստեղծագործական խումբը մի փոքր շտապե՞լ է>>:

*Չակերտներն այս օրերին էլ պղտոր կրքերը չթոթափողների պատվին է: Ոնց որ թե՝ նրանք էլ մարդ են. որ ինչ-որ մեկին չնախանձեն, բարությունից լաց կլինեն:

* Էս մի չակերտն էլ չգիտեմ, թե ինչի համար եմ դնում, բայց դնում եմ:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

ՎԱՍԻԼԻ ԳևՈՐԳՅԱՆ

681 հոգի