Սեղմիր
ԳԻՏԱԿԱՆ

25.11.2023  00:23

Հանդիսատեսի կողմից ներկայացման ընկալման համար մեծ դեր է խաղում բեմանկարչությունը` սցենոգրաֆիան: Հայտնի է, որ ներկայացման հաջողությունը կախված է դերասանի և ռեժիսորի, նկարչի և կոմպոզիտորի միասնական, ներդաշնակ աշխատանքից: Նկարիչը ստեղծում է ներկայացման տեսանելի գեղարվեստական կերպարը: Ցավոք, հանդիսատեսին միշտ չէ, որ հետաքրքիր է թե ով է ձևավորել ներկայացումը, ով է գրել երաժշտությունը: Այս աշխատանքները հիմնականում մնում են ստվերում, նույնիսկ այն դեպքում, եթե դրանց թիկունքում կանգնած են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Արամ ԽաչատրյանըԴիմակահանդես») կամ Առնո ԲաբաջանյանըԻմ սիրտը լեռներում է»), Մարտիրոս ՍարյանըԱլմաստ») կամ ՄինասըԳայանե»): Մեծ աշխատանք կատարող արվեստագետներին  փառքի դափնեպսակից, լավագույն դեպքում, միայն տերևներ են հասնում:

Պետք է նշենք, որ մինչև 20-րդ դարասկիզբ թատերական նկարիչը ընկալվել է որպես դեկորատոր: Ներկայացման արտաքին ձևավորումն արվել է դերասանապետերի կամ առաջատար դերասանների ճաշակով:  Հարմարեցվել են ձեռքի տակ եղած դեկորներն ու զգեստները, չեն ունեցել գործողության միջավայրը վերարտադրելու հավակնություն: Ժամանակի հետ, բեմանկարչի աշխատանքն իր մեջ ներառել է դեկորների, զգեստների, լուսավորման և երբեմն նույնիսկ գրիմավորման ասպարեզները: Թատերական արվեստի զարգացման հետ, աստիճանաբար ձեռք է բերել ամբողջ ներկայացման բովանդակության, գործողության միջավայրի բացահայտմանը նպաստող, ներկայացման տեսանելի գեղարվեստական կերպարը ստեղծող հատուկ արվեստի նշանակություն[1]

Բեմի ձևավորման իրականացման ուղին` հայեցակարգից դեպի էսքիզ, մոդել, գծագրում, դեպի իրական գոյություն ունեցող միջավայր, չափազանց երկար և բարդ է: Այս ճանապարհին, մեկ անգամ չէ, որ անճանաչելիորեն փոխվում է նախնական պլանը:

Բեմի հարդարման հայ առաջին մասնագետները համարվում են Հ. Պաղտատլյանը, Հ. Հեքիմյանը և Ս. Աբամելիքյանը: Բեմանկարչության արվեստի հայ առաջին վարպետը Վարդգես Սուրենյանցն է, ով կապված է եղել Մոսկվայի և Պետերբուրգի թատրոնների հետ: Հայ բեմում առաջին փորձերն արել են Հարություն Շամշինյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Եղիշե Թադևոսյանը, Գրիգոր Շարբաբչյանը: Հայ թատրոնում առանձին պիեսի համար արված նկարչական ձևավորմամբ ցույց տրված առաջին ներկայացումը եղել է 1913 թվականին Արմեն Արմենյանի «Հին աստվածների» բեմադրությունը: Բեմանկարիչներն են եղել Գ. Բաշինջաղյանը, Ա. Ֆետվաճյանը, Ե. Թադևոսյանը[2]:

Խորհրդային թատրոնի համակարգում առաջին իսկ տարիներից բեմանկարչությունն ունեցել է իր հաստատուն տեղը: Շատ բեմանկարիչներ են թատրոն եկել գեղանկարչությունից: Եվ նրանց ստեղծագործական կենսագրության մի մասն է կազմել այս արվետը: 1920-50-ական թվականներին թատրոնների համար ստեղծագործել են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Գեորգի Յակուլովը, Ստեփան Թարյանը, Միքայել և Սարգիս Արուտչյանները, Արա Սարգսյանը, Խաչատուր Եսայանն ու ուրիշներ: Դատելով այն ժամանակվա մամուլից, թատերասերները հիմնականում գոհ են մնացել թատերական նկարիչների աշխատանքներից, նրանցից յուրաքանչյուրը իրենց ճաշակն ու ոճն են բերել:

Թատերական նկարիչները հիմնականում կրթվելով ռուսական բուհերում ու գեղարվեստական դպրոցներում, կրել են ռուսական դպրոցի ազդեցությունը: Սակայն, սա բոլորովին չի նշանակում, որ նրանք եղել են ռուս բեմանկարիչներին ընդօրինակողներ: Նրանց մտածողությունը  եղել է ինքնուրույն, ունեցել են ազգային ինքնատիպություն, և որոշ դեպքերում, նույնիսկ, իրենց ազդեցությունն են թողել ռուսական բեմանկարչական արվեստի վրա: Կարող ենք հիշել Մարտիրոս Սարյանի աշխատանքները ռուսական թատրոններում: Նա Ստանիսլավսկու հրավերով ձևավորել է Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքլորիկը» օպերային թատրոնում և Ռուբեն Սիմոնովի հրավերով Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանոն» Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնում: Ընդհանուր թվով, նկարիչը թատրոնում արված ունի տասնչորս աշխատանք, իհարկե, ոչ բոլորն են իրագործվել: Սարյանի առաջին թատերական էսքիզն արվել է 1921 թվականին, իսկ թատրոնում արված վերջին աշխատանքը եղել է 1956 թվականին:

Ինքնատիպ մտածողությամբ հայտնի է նաև Գեորգի Յակուլովը, ում ազդեցությունը մեծ է եղել և´ հայ, և´ ռուս բեմանկարիչների արվեստում: Նա համարվել է ավանգարդի վարպետ, ձեռք է բերել համաշխարհային ճանաչում`թատրոն բերելով իր ճարտարապետական լուծումները: Նկարչի ձևավորած՝ Պ. Կլոդելի «Փոխանակություն» (1918), Թ. Ա. Հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա» (1920), Շ. Լեկոքի «Ժիրոֆլե-ժիրոֆլյա» (1922) բեմադրությունները (Մոսկվայի կամերային թատրոն) բարձր են գնահատվել Փարիզում: Նա 1918 թվականին մասնակցել է Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը, դարձել դեկորացիոն բաժնի վարիչ: Հետագայում, Հայաստանի Առաջին պետական թատրոնում (այժմ՝ Գ. Սունդուկյանի անվ.) ձևավորել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1926) և Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (1927) ներկայացումները: Այժմ նրա գործերը պահվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Բախրուշինի անվան թատերական և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարաններում: Նման արվեստագետների ներկայությունը թատերական նկարչության ասպարեզում, մյուսներին մղել է ավելի պրոֆեսիոնալ լինելու, հետևելու ժամանակի տենդենցներին: Գրաֆիկական-ճարտարապետական լուծումներ է առաջարկել Սարգիս Արուտչյանը` Պատանի հանդիսատեսի թատրոնում Օստրովսկու «Անմեղ մեղավորներում»: Փորձելով չկրկնել իր ձևավորումները, նա բեմին տվել է կոնստրուկտիվ, ծավալային լուծումներ:  «Ձևավորման մեջ առանձին տեսարանները հաջորդում էին մեկը մյուսին`սպիտակ գույնի ճարտարապետական մի ֆրագմենտի տեղափոխմամաբ միայն, որը ներդաշնակելով բեմում դրված կահույքի հետ, ստեղծում էր մի ամբողջություն: Յուրաքանչյուր դեպքում այդ ամբողջությունը որաշակի ժամանակ, գործողություն, տրամադրություն էր արտահայտում: Ներկայացման պաստառների պլաստիկան ընդգծվում էր բեմական լույսի օգնությամբ»[3]: «Բոռի» ձևավորման ժամանակ Արուտչյանը կերպարայնության պահանջ է դրել: Ուշադրությունը կենտրոնացրել է դեկորների ուրվագծերի արտահայտչականության վրա, ծավալային դեկորների հետ օգտագործվել են վարագույրներ:

Նկարչի նոր և թարմ մտածողությունը չի վրիպել Սունդուկյանի թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Գուլակյանի աչքից: Նա Սարգսին հրավիրել է Մայր թատրոն: Հանձնարարվել է Սոֆրոնովի «Մոսկովյան բնավորություն» պիեսի ձևավորման աշխատանքները: Հետաքրքիրն այն փաստն է, որ նույն պիեսը հանձնարարվել է ևս երկու նկարչի: Ինչպես դերասանները, այնպես էլ նկարիչները կարող էին աշխատել նույն ներկայացման վրա: Նման փորձերը ստեղծագործողներին մղել են ավելի լուրջ և խորը աշխատանքի: Էսքիզների ցուցադրման ժամանակ ընտրվել է Սարգիս Արուտչյանի աշխատանքը: Գեղարվեստական ղեկավարը հսկողության տակ է պահել թատրոնի ողջ գործողությունը: Աշխատանքը վերահսկել է նախագծման պահից, հետևել գործի ընթացքին: Գուլակյանը հայտնի է եղել իր խստապահանջությամբ, ուղղամտությամբ և հաստատակամությամբ: Նա սիրել է աշխատել երիտասարդների հետ: Ռեժիսորի կողքին ստեղծագործական վերելք են ապրել աշխատասեր արտիստներն ու կրտսեր գործընկերները: Իչպես դերասանները, այնպես էլ նկարիչները, երբեմն, նեղսրտել են նրա խստապահանջությունից: Պատմում են, որ Սարգիս Արուտչյանը նույնիսկ փորձ է արել աշխատանքից ազատվելու: Բայց Գուլակյանը թույլ չի տվել. «Սիրելիս, ես խիստ եմ միայն նրանց հանդեպ, որոնց հավատում եմ, որոնց հետ մեծ հույսեր եմ կապում»[4]: Երիտասարդների ստեղծագործական աճը ապահովելու համար Գուլակյանը թատրոն է հրավիրել ավելի փորձառու բեմանկարիչների: Երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչներն աշխատել են կողք կողքի` Միքայել և Սերգեյ Արուտչյանները, Սարգիս Արուտչյան, Կարո Մինասյան, Ա. Միրզոյան, Ա. Շաքարյան...  Կարծում ենք, բեմանկարիչների համար շատ հետաքրքիր ժամանակաշրջան է ձևավորվել: Տարբեր տարիներին, տարբեր ռեժիսորների կողքին նրանք, երբեմն ձևավորել են նույն պիեսը: Հատկապես Սունդուկյանի պիեսները բեմադրվել են տարբեր սկզբունքներով; Օրինակ. «Էլի մեկ զոհը» Միքայել Արուտչյանից և Ստեփան Թարյանից հետո ձևավորել է Սարգիս Արուտչյանը: Եղել են բեմադրություններ, ինչպես օրինակ Աճեմյանի «Քաոսը», որ երկու նկարիչ աշխատել են համատեղ: Ձևավորումը հանձնարարվել է Միքայել և Սարգիս Արուտչյաններին: Նրանք միասին են աշխատել նաև Ղափլանյանի «Չմարող աստղեր» բեմադրության վրա:

50-ական թվականներին թատերական ասպարեզ են եկել նոր ռեժիսորներ` Մարատ Մարինոսյան, Ալբերտ Մկրտչյան, Կիմ Արզումանյան, Զավեն Տատինցյան... Ինչպես ռեժիսուրայի, այնպես էլ բեմանկարչության մեջ սկսել է նկատվել ոճերի փոփոխություն և նոր անուններ`Վասիլի Վարդանյան, Իրինա Շտենբերգ, Սիմոն Ալաջալյան, Արմեն Չիլինգարյան...  Նրանցից շատերը հետագայում իրենց դրսևորել են նաև հայ կինեմատոգրաֆիայում:

Պետք է նշել, որ ոչ բոլոր ստեղծագործողների`Ա. Թամանյան, Կ. Հալաբյան, Ե. Թաթևոսյան, Զ. Սիմոնյան, Ե. Լևխանյան, աշխատանքներն են պահպանվել[5]: Մեզ չեն հասել ոչ ներկայացման մանրակերտերը, ոչ դեկորացիաները, որոշ ներկայացումներից չեն պահպանվել նույնիսկ լուսանկարներ: Պահպանվել են միայն որոշ ներկայացումներից տեղեկություններ, որոնցից պարզ է դառնում միայն բնագավառի զարգացման ընդհանուր տենդենցները:

Ժամանակների հետ փոխվել են նկարիչների ոճերը, բայց նրանցից յուրաքանչյուրը չի կրկնել մյուսին, իրենց ինքնատիպ խոսքն են ասել բեմանկարչության մեջ:  Որպես ինքնուրույն բնագավառ, նկարչության ճյուղ, բեմանկարչությամբ ի հայտ են եկել նկարիչների ստեղծագործական դիմանկարներ, որոնց արվեստի քննությունը հարստացնում է կերպարվեստի և թատրոնի պատմության էջերը:

Օգտագործված գրականություն

[1] Տես Լ.Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Եր., Հայաստան հրատ., 1986, էջ 29:

[2] Նույն տեղում:

[3] Ջ. Գրիգորյան, Սարգիս Արուտչյան, Եր., ՀԹԸ, 1977, էջ 10:

[4] Նույն տեղում, էջ 13:

[5] Տես Хачатурян К, Театрально-декорационное искусство Советской Армении, М., Изобразительное искусство, 1979, с. 15.

ՆԱԻՐԱ Շահվալադյան

468 հոգի