Ռուս. - Предлогаемые обстоятельства
Կ.Ս.Ստանիսլավսկու սիստեմ-ուսմունքի ելակետային տերմիններից մեկը: Լայն առումով՝ սիստեմի հեղինակի համար առաջադրվող հանգամանքները պիեսի ֆաբուլան, փաստերը, իրադարձությունները, գործողության տեղը և ժամանակը, կերպարների փոխահարաբերությունները, կենսապայմաններն ու դարաշրջանի առանձնահատկություններն են, որոնք դրամատուրգի կողմից առաջադրվում են դերասանին և ռեժիսորին։ Նեղ առումով՝ կոնկրետ գործողություններ թելադրող առաջադրված հանգամանքները կերպարի վարքագծի դրդապատճառներն են: Կերպարը գործում է այս կամ այն կերպ՝ ելնելով առաջադրվող հանգամանքներից։ Կերպարի կյանքի հանգամանքները վերլուծելը դերասանի և ռեժիսորի ամենակարևոր խնդիրն է դերի վրա աշխատելիս: Որքան շատ հանգամանքներ առաջադրվեն, այնքան ավելի վառ արտահայտված կլինեն պիեսի թեման, խնդիրը և կոնֆլիկտը։ Առաջադրվող հանգամանքների միջոցով, դերասանը տեղեկություններ է հավաքում դերի մասին, առանց որի հնարավոր չի կերպարի կերտումը
«Առաջադրվող հանգամանքներ» բեմական տերմինի առաջացումը կապված է քերականական համանուն հասկացության հետ, որը նշանակում է գործողության վայր, գործողության ժամանակ, գործողության ձև, եղանակ և այլն։ Նույն կերպ նաև բեմական առաջադրվող հանգամանքներն այն հանգամանքներն են, որոնցում տեղի են ունենում պիեսի և նրա բոլոր կերպարների գործողությունները։
Տերմինի այլընտրանքային նախաձևն ի հայտ է եկել գրական տիրույթում՝ Ա. Ս. Պուշկինի հայտնի ձևակերպման մեջ: Այդ ձևակերպմամբ դրամատուրգից ակնկալվում էր կրքերի իսկություն, ապրումների ճշմարտանմանություն ենթադրվող հանգամանքներում»: Ստանիսլավսկին այս աֆորիստիկ ձևակերպում ընդունելով մասնակի՝ գտնում է, որ հանգամանքները կարող են ենթադրվող լինել թատերագրի պարագայում, բայց դերասանի դեպքում դրանք անպայմանորեն առջադրվող են (ինքնակենսագրական դրամատուրգիայի դեպքում դիպվածգրի պատմության կենսական հանգամանքները ևս առաջադրվող են): Դերասանների համար հանգամանքները դրամատուրգի կողմից պատրաստի-առաջադրված են: Թեպետ, երկուսն էլ՝ և՛ առաջադրվողը և՛ ենթադրվողը պայմանական հանգամանքների փոխկապակցված համամասնություններն են, քանի որ դերասանի համար բեմ մտնելը ձևաբանական անցում է իրականությունից պայմանականություն: Երկրորդված կյանքի խաղապայմանը, որը պահանջում է վարքագծային պատասխանով արտահայտվող կենդանի պահ՝ անկենդան հանգամանքներում:
Դերասանից կերպար տանող բարդագույն ճանապարհը գտնելու հիմնական միջոցը, որը ալեկոծում է դերասանի հույզերը, արթնացնում է անցյալի հիշողությունները, շարժման մեջ է դնում ասոցիատիվ զուգորդման շղթան նախևառաջ առաջադրվող հանգամանքների յուրացումն է դերասանի կողմից։ Սա է դերասանին տանում դեպի վերամարմնավորում (ինչը հենց կերպարի ստեղծումն է): Դերի հոգևոր կյանքի այդ մտացածին լրացումներ առաջադրվող հանգամանքները Ստանիսլավսկու համար այն ճանապարհի ռելսերն են, որով անձը մոտենում է կերպարին, իսկ կերպարը անձին։
Առաջադրվող հանգամանքներ ասելով Ստանիսլավսկին նկատի ուներ նաև դերասանի և ռեժիսորի պիեսի բեմադրման տեսլականը: Սակայն դերասանը նախևառաջ պետք է կենտրոնանա բոլոր առաջադրվող հանգամանքների վրա, որոնք բխում են պիեսից, այնուհետև ռեժիսորի և սեփական տեսանկյուններից: Եվ´ դերասանական մետամորֆոզի և´ ներկայացման հաջողության ընդհանուր արդյունքը մեծապես կախված է նրանից, թե որքանով են ճշգրիտ, տրամաբանական և հետևողական առաջադրվող հանգամանքները. որքանով են կենսահաստատ և որքանով են վառ նկարագրված այդ հանգամանքներն, ու ինչ կոնկրետության մանրամասներ կան դրանցում։ Այդ իսկ պատճառով Ստանիսլավսկին ընդհանուր պայմանական հանգամանքների հետ տարվող աշխատանքում տարբերակում էր արտաքին և ներքին առաջադրվող հանգամանքներ: Հեղինակի առաջարկած արտաքին հանգամանքները, այսինքն՝ փաստերի և դեպքերի արտաքին կյանքը պարզելու համար նախ և առաջ պետք է որոշել դրանց առկայությունը, հետևողականությունն ու փոխազդեցությունը: Պիեսի և դերի հոգևոր կյանքի ներքին հանգամանքները գոյանում են ամեն մի գործող անձի անձնական կյանքի պայմաններից, որոնք մեծապես կախված են արտաքին հանգամանքներից և ուրիշ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերություններից: Թեև դժվար է դերասանին արդյունավետ աշխատանքի մղող առաջադրվող հանգամանքների բոլոր շերտերը թվարկել, բայց կան հիմնարար նշանակության կետեր, որոնցով առաջնորդվելը ստեղծագործական գրեթե անփոխարինելի անհրաժետություն է: Դրանք են.
պատմական հանգամանքները- դարաշրջանը, այդ ժամանակ կատարվող իրադարձությունները, դարաշրջանի հիմնական առանձնահատկությունները:
սոցիալական հանգամանքները - հերոսի պատկանելությունը այս կամ այն սոցիալական շերտին, սոցիալական շրջանակին, նրա ծագումն ու դաստիարակությունը:
հոգեֆիզիոլոգիական հանգամանքներ - հերոսի տարիքը, ֆիզիկական վիճակը, հարաբերություններն ուրիշների հետ:
տարածաժամանակային հանգամանքներ - գործողության վայրն ու տևողության ժամանակահատվածը, ինչպես նաև ժամանակաշրջանը, որում տեղի է ունենում պիեսի գործողությունները, ֆիզիկական միջավայրը յուրաքանչյուր տեսարանում (շոգ, ցուրտ և այլն),
Ուտիլիտար հանգմամանքներ - հերոսի ապրելակերպը, նրա տարազը և այլն։
Մարդը, հետևաբար նաև կերպարը բարդ փոխհարաբերությունների մեջ են բնության և հասարակության հետ, ուստի անհրաժեշտ է առաջադրվող հանգամանքները դիտարկել ոչ թե որպես թատերական կամ բեմական, այլ հենց իրական կյանքի հանգամանքներ։ Դերասանի զգացմունքները իր սեփական զգացմունքներն են, որոնց աղբյուրը նրա ներաշխարհն է։ Այն բազմակողմանի է, ուստի դերասանն առաջին հերթին ինքն իրեն է հետազոտում ձգտելով իր մեջ գտնել անհրաժեշտ հիշողությունները, կամ փորձում է երևակայել, որպեսզի իր մեջ գտնի մի բան, որը երբեք չի ապրել իրական կյանքում:
Ստանիսլավսկին ընդգծում էր նաև այն պահի կարևորությունը, երբ դերասանը գիտակցում է, որ ինքը իրոք ստեղծագործում, արարում է, երբ բեմում վերաստեղծվում, վերապատկերվում է իրական կյանքից մի կտոր։ Հետևաբար խիստ արժեվորում էր, որ դերասանը իր մեջ որսա այդ իրական վիճակը, բաց չթողնի, և բոլոր հնարավոր միջոցներով այն ամրապնդի իր մեջ։
Նա հաստատակամ էր նաև այն հարցում, որ առաջադրվող հանգամանքները և «եթե իրոքը»-ը կարող են մեծապես օգնել դերասանին գործողությունների ճիշտ գիծը գտնելու հարցում: Կարծում էր, որ «Եթե իրոք»-ն ու «Առաջադրվող հանգամանքներ»-ը առանձին-առանձին չեն կարող գոյություն ունենալ և անհրաժեշտ խթանիչ ուժ հանդիսանալ դերասանի համար: Այդուհանդերձ նրանց գործառույթները փոքր-ինչ տարբեր էր համարում: Ըստ Ստանիսլավսկու՝ «եթե իրոք»-ը արթնացնում է քնած երևակայությունը, լծակ է հանդիսանում արվեստագետի համար, նրան իրականությունից տեղափոխելով դրամատուրգի ստեղծագործական երևակայությամբ ստեղծված աշխարհ, օգնում է դերասանին այն լրացնել սեփական գեղարվեստական երևակայությամբ։ Իսկ առաջադրվող հանգամանքները ծառայում են «եթե իրոք»-ը հիմնավորելուն, նպաստում են դերասանի ներսում՝ ակնթարթորեն առաջացած գործողությունների դասավորմանն ու վերադասավորմանը՝ և տեղի է ունենում այն «տեղաշարժը», որի շնորհիվ հնարավոր է դառնում բեմական տիրույթում ստեղծագործելը։ Նույնիսկ բեմում դերասանի պահվածքը կախված է բազմաթիվ հանգամանքներից. ստեղծագործական ընթացքը միշտ սկսվում է «Եթե իրոքը»-ից, իսկ «առաջադրվող հանգամանքները» շարունակում են այն:
Որպեսզի կերպարը հետաքրքիր լինի դիտողին, դերասանը պետք է շատ մանրամասներ իմանա իր կերպարի մասին՝
ո՞վ է նա
որտեղի՞ց է եկել
ու՞ր է գնում և ինչի ձգտում
որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ է տեղի ունենում այս ամենը
Ուսանողների ուսումնառության գործընթացում առաջադրվող հանգամանքների ինքնությունն ավելի պատկերավոր դարձնելու համար, Տորցով-Ստանիսլավսկին նրանց հանձնարարում էր գործնական վարժություններ և տնային աշխատանքներ: Օրինակ՝ «Գլխարկի ընտրություն»-վարժությունը։
Առաջարկվող հանգամանքները հետևյալն են՝ Դուք գալիս եք գլխարկների խանութ՝ գլխարկ ընտրելու, քանի որ... դրսում ցուրտ է: Բայց նախ պետք է ինքնուրույն հանդես գալ առաջադրվող հանգամանքներով՝ պատասխանելով հարցերին. Ինչի՞ համար ընտրել գլխարկ: Որոշեք, թե տարվա ո՞ր եղանակի գլխարկ է ձեզ հարկավոր՝ ամառվա՞ թե՞ աշնան համար, թե՞ որսի կամ ինչ-որ հատուկ առիթի համար: Որքան կոնկրետ լինեն հարցերի պատասխանները, այնքան ավելի հեշտ է գոյություն ունենալ առաջադրվող հանգամանքներում։
Ստանիսլավսկին ուսանողների ուշադրությունը մարզելու նպատակով, նրանց հանձնարարում էր Տնային առաջադրանքներ «Կյանքի իրական հանգամանքների դիտարկում» թեմայով: Պահանջում էր ուշադիր լինել ոչ միայն բեմում, այլև կյանքում, փորձել հետևել, թե ինչ է կատարվում շուրջը, ինչը հետագայում նկատելի է դառնում ֆրանսիական դրամատիկական և մնջախաղային արվեստի վառ ներկայացուցիչներից Ժան Լուի Բարրոյի և Մարսել Մարսոյի աշխատելակերպում նաև։
Խնդիրն այսպիսին է՝ պետք է ուշադիր նայել շուրջբոլորը, ընտրել դիտարկման օբյեկտ, որը կարող է տեղակայված լինել ցանկացած վարում: Օրինակ՝ ավտոբուսում, կանգառում, կլինիկայում, գրադարանում, խանութում։ Դիտարկել նրան, թե ինչպես է նա արձագանքում որոշակի հանգամանքների: Պատրաստել փոքրիկ էտյուդ:
Դերասանը չպետք է զգացմունք խաղա զգացմունքները: Զգացմունքները պետք է բխեն առաջադրվող հանգամանքներից և դերասանին մղեն որոշակի գործողությունների։ Այդ հանգամանքները կօգնեն դերասանին հասնել օրգանիկ բեմական ինքնազգացողության. օգտագործել իր ստեղծագործական եսը՝ բեմում գործողություններ և զգացմունքներ ստեղծելու համար:
Օգտագործված գրականություն
1. К.С. Станиславский., Работа актера над собой, 2 том, часть 1, 1954г. Москва,
2. Зверева Н.А., Ливнев Д.Г., - Словарь театральных терминов, Москва 2007
3. К.С. Станиславский, Собр. соч в 8 томах, 2 том, Москва - 1954г.
4. М. Кнебель., О действенном анализе пьесы и роли, Москва – 1982
5. Театральная энциклопедия, в 5-и томах, Том4, Москва - 1965
6. Пушкин и театр, Москва - 1953, բերված է՝ М. Кнебель., О действенном анализе пьесы и роли-ից
7. Հ. Հովհաննիսյան., Ստանիսլավսկու ‹‹Սիստեմը›› և խաղի պարադոքսը, Երևան-2012:
8. Գ.Օրդոյան., Դերասանի արվեստի երկու հակադիր տեսություն, ԵԹԿՊԻ, Հանդես (Գիտամեթոդական հոդվածների ժողովածու) № 13, Երևան -2012:
9. Լ.Հախվերդյան., Թատերագիտական բառարան, Երևան -1986
10. Հ.Հովհաննիսյան., Դերասանի արվեստի բնույթը / Էսթետիկական քննություն, Երևան – 2002:
11. Ժան Լուի Բարրո., Դերասանական արվեստի սովորականն ու արտասովորը
12. Տիգրան Մարտիրոսյան., Մնջախաղի տեսությունը՝ Մարսոյի արվեստից ելնելով և Մարսոյի արվեստը մնջախաղի տեսությունից ելնելով, ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈ -100
13. Л. Новицкая Уроки вдохновения
14. Занятие по теме "прелогаемые обстоятельства",
Համահավաքող՝ ԳԱՅԱՆԵ Թովմասյան
Խմբագրելի