Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԲՈւՌԼԵՍԿ

Իտալ. - burlesco, burla, burlesca, burda - կատակ, հեգնական, կատակային

ֆրանս. - burlesque

անգլ. - burlesque

գերմ. - burleske

իսպ. - buriesqo

ռուս. - бурлеск

1. Կատակերգական չափազանցության ձև  և ոճ, 2. Կատակերգական թատրոնի ժանր, 3. Կոմիկական բնույթի գործիքային երաժշտությամբ պիես՝ հարազատ կապրիչոյին և հումորեսկին, 4. Վոդևիլին մերձ պարոդիական ոչ մեծ օպերա: 5. Կոմիկական օպերետ - burletta:

Յուրահատկությունը՝ երևույթների հեգնախառն, ծաղրական, պարոդիական պատկերում, «վսեմ» թեմաների մատուցումը «նսեմի» լեզվով, բուֆոնային թատերական եղանակներով: Տերմինն առաջացել է իտալական burla կատակ բառից: Ժանրային առանձնահատկություններով մոտ է մյուզիքլին և վոդևիլին: Նմանատիպ շոու այսօր կարելի է տեսնել կաբարեյում: Բուրլեսկի հիմնական բաղարդրատարրերն են պարային, կրկեսային, կատակերգական և խոսքային համարները: 

Կա վարկած, որ առաջին բուռլեսկյան ստեղծագործությունը ստեղծվել է Հին Հունաստանում: Դա Հոմերոսի «Իլիականի» հիման վրա անհայտ հեղինակի գրված պարոդյան էր՝ Տրոյական պատերազմի թեմայով, որտեղ մասնակցում են և՛ աստվածները, և՛ մարդիկ: Բուռլեսկյան պոեմը կոչվել է «Բատրախոմիոմախիա» («Գորտերի և մկների պայքարը»): Այնտեղ մրատնչում էին մկներն ու գորտերը, որոնց ինչպես և «Իլիականում»  օգնում էին աստվածները:

Ֆրանչեսկո Բերնին առաջիններից էր, ով իր չափածո գործերը սկսեց այդպես անվանել: Նրա ստեղծագործությունները ծաղրանմանակաում էին անտիկ և միջնադարյան պոեմները: Հետագայում հին սյուժեները վերափոխել սկսեցին այլ իտալացի հեղինակներ ևս. 1548 թվականին լույս տեսավ Ջովաննի դելլ Կասայի, Բենեդոտտո Վարկի և Ջովաննի Մաուրոյի կատակերգական ստեղծագործությունների ժողովածուն, որն անվանել էին «Opere burlesche» («բուրլեսկի ոճով ստեղծագործություններ»):

Բուռլեսկի ժանրը գրական ժանրի համարում է ստանում 17-րդ դարի կեսերին: Ֆրանսիական տոնավաճառային թատրոնն այս ժանրի միջոցով հակադրվել է «Կոմեդի ֆարնսեզ» արտոնյալ թատրոնի վերամբարձ ոճին, բարձրաշունչ արտասանությանը, նրբագեղ արտահայտչական ձևերին: Հակադրվելով կլասիցիզմի խիստ սահմանափակումներին՝ Ֆրանսիայում տպագրվում են Սկարոնի (Բուրլեսկյան բանստեղծությունների ժողովածու, 1643, Հակառակ Վերգիլիուսի (որտեղ Աստվածները խոսում էին շուկայում առևտուր անող կանանց լեզվով), 1648), Դը՝ Ասուսի (Սուդ Պարիսա, 1648), Պեռոի (Տրոյական պատեր, 1653) ստեղծագործությունները:

Բուռլեսկը հաճախ արտահայտվում է պամֆլետի, սոցիալական և քաղաքական սատիրայի ձևերով: Հավանական է, որ այդ ձևերի պարոդիկ կրկնօրինակման պատճառով էր, որ այն այդպես էլ ինքնուրույն ժանր չդարձավ:

18-րդ դարի վերջին բուռլեսկյան հեղինակների ոճը սկսեցին օգտագործել նաև լրագրող-սատիրիկները:

Որպես շոու-զվարճանք առավել տարածում և պահանջվածություն ձեռք բերեց 19-րդ դարում, Եվրոպայում: Առաջին բուռլեսկ – շոուն էր Լիդիա Թոմպսոնի ղեկավարությամբ «Բրիտանական շիկահերները» (1868թ.), որն ԱՄՆ-ում մեծ հաջողություն ունեցավ:

Ժամանակի ընթացքում բեմադրություններում ընդգծվում է կանացի մերկությունը: Որոշ դեպքերում որպեսզի չընդգծվի աղջիկների պարել չկարողանալու փաստը, ներմուծվում են շքեղ բեմական զգեստներ, ռեկվիզիտներ և դեկորներ, որոնց օգնությամբ լցնում են համարները: Ժամանակի ընթացքում դրանք դառնում են ժանրի կարևոր բաղադրիչներից մեկը: Բացի պարային համարներից, ընդգրկվում էին նաև այլ երաժշտական համարներ, որտեղ մասնակցում էին կատակերգակներ, ելույթավարներ (կոնֆերանսիե):

1930-ականներին ԱՄՆ-ում հաշվում էին բուրլեսկի մոտ 150 առաջատար դերասանուհիներ, որոնց շարքում էին Սալլի Ռենդը (նա է հնարել հսկայական հովհարով պարային համարը, որը հետագայում դառնում է բուռլեսկի այցեքարտը), Ջիփսի Ռոուզ Լին, Դիքսի Էվանսը, Թեմփեստ Սթորմը, Լիլի Սենթ-Սիրը, Բլեյզ Սթարը: Բուռլեսկ-թատրոնների հետ աշխատել են այնպիսի հայտնի ջազային կոմպոզիտորներ, ինչպիսիք են Քոուլ Փորթերը և Լորենց Հարդը, կոմիկներ Մեյ Ուեսթը, Ֆաննի Բրայսը և այլն:

Ժամանակի ընթացքում համարները դառնում էին ավելի անկաշկանդ, իսկ հանդիսատեսն ավելի անկառավարելի. ոգելից խմիչքների ազդեցությամբ առավել վտանգավոր էին դառնում:

Չնայած իր այդքան մեծ հաջողությանը, 1935 թվականին Նյու-Յորքի քաղաքապետի որոշմամաբ՝ տվյալ նահանգի տարածում բուռլեսկն արգելվում է: Մյուս նահանգներում դրանց վրա հստակ սահամանափակումներ են  դրավում. դերասնուհիների մերկության չափին առնչվող: Սա նպաստում է նրան, որ դերասանուհիները սկսում են ավելի մեծ ուշադրություն դարձնել զգեստի ստեղծման և զվարրճահանդեսի կազմակերպման գործին, միևնույն ժամանակ չմոռանալով մերկանալ՝ համապատսխան գործող կանոններին:

Տարբեր ժամանակներում բուռլեսկ-թատրոններում հայտնվում են վարժեցված թռչուններով, ստորջրյա,  ճոճաձողի վրա համարներ:

1970-ականներին սեքսուալ հեղափոխության շրջանում բուռլեսկը որդեգրում է  «քիչ շոու, շատ մարմին» կարգախոսը: Այս շրջանում ակումբներն ու թատրոնները աշխատում էին գրավել ավելի շատ պարուհիների քանակով և բազմազանությամբ, ոչ թե ներկայացման որակով: Ուստի այնտեղից աստիճանաբար հեռանում են կատակերգակ դերասանները, երաժիշտները, շքեղ զգեստն ու դեկորացիան: 1970-ակաների կեսերից ներկայացման մեջ էրոտիկ տարրեր ներմուծելու փաստի հիման վրա, բուռլեսկը սկսում են համարել ժամանակակից մերկապարի նախատիպը:

Լայն առումով բուռլեսկը ոճ է, ստեղծագործական գեղագիտական սկզբունք: Բուռլեսկը անհեթեթությունների դրամատուրգիա է, որը հիմնված է օբյեկտի առաջարկվող գաղափարի և դրա իրական գաղափարի միջև անհամապատասխանելիության վրա: Այդ անհամապատասխանությունը ստեղծելու համար կա երկու սկզբունք՝ ամենավսեմ կամ շքեղ թեման էժանագին ոճով արտահայտելու միջոցով: Հակառակ ընդունված կարծիքի, բուռլեսկը ամենևին էլ կոպիտ և գռեհիկ ժանր չէ, ընդհակառակը, այն բավականին նրբաճաշակ արվեստ է, ինչը ենթադրում է, որ ընթերցողը պետք է ունենա լայն մտահորիզոն և ծանոթ լինի ինտերտեքստ ասված երևույթին։

Բուռլեսկյան օրիգինալ գիրը գրականության մեջ ընդունված ձևերի ոճական դեֆորմացիա է, արտահայտման նախամտածված գեղարվեստական ​​եղանակ, ոչ թե հանրաճանաչ և ինքնակա ժանր: Ժանրով ստեղծագործող հեղինականերն առանձնանում են հեգնական մտքի օժտվածությամբ, ովքեր իրենք էլ հիանում են ծաղրվող առարկայով, սակայան սլաքները երբեք չեն տեղափոխում շինծու չափազանցություններով կառուցված ձևի և թեմայի կոմիկական էֆեկտների կողմը:  Կատակերգական ձևերից բուռլեսկը հստակ առանձնացնելը դժվար է, սակայն ակնհայտ է որ բուռլեսկը մերժում է սատիրային հատուկ բարոյախոսական և քաղաքական լեզուն, այն չի ձգտում յուրացնել գրոտեսկին հատուկ աղետալի և նիհիլիստական տրամադրությունները, և վերջապես, այն իր վրա «ոճական վարժանքի» դեր է ստանձնում՝ վերածվելով ազատ և չհիմնավորված գարականության:

Իր արտահայտըությունը գտնում է նաև կինեմատոգրաֆում՝ Բ.Կիտոնի, Մ. Սեն Ներգայի կոմեդիաներում, որտեղ օգտագործված վիզուալ անհեթեթ իրավիճակները համապատասխանում են դասական բուռլեսկի ոճական առանձնահատկություններին: 20-րդ դարասկզբին հետաքրքրությունը ժանրի հանդեպ պակասում է՝ իր տեղը զիջելով երաժշտական կոմեդիային: Առավել շատ այն զարգացել է ԱՄՆ-ում:

Նեո-բուռլեսկ

Բոլոր ոճերի միջտեքստային միախառնումները բուռլեսկը այնուամենայնիվ դարձնում են ժամանակակից ժանր: Այն ձեռք է բերում է կատարման ոճերրի ընդգրկուն դիապազոն. դասական մերկապարից մինչև  ժամանկակից պար, կոմիկական քաոս ու թատերական փոքրիկ դրամաներ: Ժանրի վերածնունդը տեղի է ունենում 1990-ականների սկզբին, Դիկսի Էվանսի շնորհիվ: Նա Նևադա նահանգում գտնվող իր ագարակում հիմնում է բուրլեսկի թանգարան «Exotic World» անվամբ: Թանգարանի առօրյա ծախսերի համար ամեն տարի կազմակերպվում է «Miss Exotic World Pageant» մրցույթը, որը տարիների ընթացքում վերածվում է աշխարհում ամենահեղինակավոր բուրլեսկ - փառատոնի: 2006 թվականին թանգարանը տեղափոխվում է Լաս-Վեգաս և վերանվանվում է «Burlesque Hall of Fame», իսկ փառատոնը «Burlesque Hall of Fame Weekend», որը համախմբում է հազարավոր հանդիասական և տասնյակ արտիստների աշխարհի տարբեր ծայրերից:

Բուրլեսկ-փառատոն անցկացվում  է նաև Երոպական մեծ քաղաքներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Լոնդոնում (London Burlesque Festival, World Burlesque Games)

Փարիզում (Paris Burlesque Festival)

Բերլինում (Berlin Burlesque Festival)

Հռոմում (Caput Mundi Burlesque Award)

Սթոքհոլմում (Stockholm Burlesque Festival)

Ամստերդամում (Amsterdam Burlesque Award)

Ժնևում (Geneva Burlesque Festival)

Նյու-Յորքում (New York Burlesque Festival)

Ռիչմոնդում (Virginia Burlesque and Sideshow Festival

Դալլասում, Լաս-Վեգասում (Viva Las Vegas)

Նոր Օրլեանում (New Orleans Burlesque Festival)

Վանկուվերում, Օտավայում,Տորոնտոյում, Սիդնեյում (New Zealand Burlesque Festival)

Ռուսաստանում այն տարածում է գտել 2006 թվականին, և վերջին տարիներին տարածվել ողջ երկրով մեկ: Ռուսաստանում այս ժանրով ստեղծագործել են Վասիլի Մայկովը, Ալեքսանդր Կոտելնիցկին, Իվան Կոտլյարեվսկին2012 թվականին Մոսկվայում անց է կացվում առաջին ռուսական փառատոնը «Мисс Бурлеск» անվամբ, այդ օրվանից այն ամեն տարի տեղի է ունենում՝ ապրիլի վերջին շաբաթվա ոչ աշխատանքային օրերին՝ իր շուրջը համախմբելով ռուսաստանյան և արտասահմանյան տարբեր տեղերից ժամանած ստեղծագործողների: Փառատոնն անցկացվում է մրցույթային կարգով «Լավագույն դեբյուտ», «Ավանդականության թագուհին», «Ակումբային բուռլեսկի թագուհին» (լավագույն պարուհի), «Բուրլեսկի թագուհին» (գրան-պրի):

Բուրլեսկ ներկայացման մասնակիցները ծաղրերգական, պարային և կրկեսային համարների, անսովոր հնարքների օգնությամբ հանդիսատեսին են մատուցում պատումի բարդ սյուժեն: Հեղինակները կանխամտածված միախառնում էին մի քանի ոճ, միաժամանակ օգտագործելով և՛ պարզունակ, և՛ բարձրագոչ լեզու: Հաճախ, դիտավորյալ կերպով թույլ էին տալիս քերականական սխալներ, աղճատում էին հայտնի հասկացությունները:

Օգտագործված գրականություն

1. Հախվերդյան Լ., Թատերագիտական բառարան, Եր., 1986:

2. Լ.Տիմոֆեև, Ն.Վենգրով., Գրականագիտական տերմինների համառոտ բառարան, Երևան - 1957

3. Патрис Пави., Словарь театра, М., 1991.

4. Музыкальный энциклопедический словарь., глав.ред. Г.В.Келдыш, Москва – 1990

5. История западноевропейского театра. Том 2, М., 1957.

6. Словар иностранных слов, вед. ред. Л.Н. Комарова, Москва - 1988

7. Театральная энциклопедия, в 5 т., Т-1 М., 1964.

8. А.М. Бабкин, В.В. Щендецов. Словарь иноязычных выражений и слов, в двух книга книга 1, Москва - 1966

9. Необурлеск., hmong.ru/wiki/Neo-burlesque

 Համահավաքող՝ ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

Խմբագրելի

23.11.2023   03:29

560 հոգի