«Ապրել առանց վախի» կամ պատվիրակել, որ քո փոխարեն ապրեն դերասանները
Իրական փաստն ու թատրոնի բեմը հարաբերվում են դժվարությամբ։ Բայց երբ կայանում է այդ հարաբերությունը, կարող են իսկական հայտնություններ ծնվել։
Միշտ բարդ է ուղեղում տեղավորել, որ արհեստականորեն լուսավորվող բեմի քառակուսին ու դեր կատարող մարդիկ հենց այնպիսին են, ինչպիսին կան կյանքում։ Եվ բեմ են դուրս գալիս՝ շարունակելով ապրել իրենց առօրյայի մի քանի ժամանոց խտացումը։ Այսինքն, ոչ թե դեր ասող են, այլ հենց դեր։
Պատմականորեն վավերագրական թատրոնի հումք են հանդիսացել դատական ակտերը, արձանագրությունները, փաստաթղթերը, վկաների խոսքերը, լրատվամիջոցների տեքստերը, կամ էլ անհատական վերապրումները, որոնք դերաբաշխվում են ու բեմից հնչում որպես դիալոգներ։
Հայաստանում վավերագրական թատրոնի (դոկու թատրոնի կամ վերբատիմ մեթոդով կառուցված) ներկայացումների օրինակները քիչ են։ Բայց շատ վառ հետք են թողնում։ Դրանք կարծես մաքրում են հանդիսատեսի սպասումը, որ բեմում պետք է անպայման լինի հորինվածք։ Հետևաբար նաև՝ բարոյախոսական խրատներ, այլաբանություններ, հնարքների առատություն ու պաթետիկ խաղաոճ, որն ավանդապես դարձել է մեր թատրոնի հոմանիշն ու խիստ սահմանափակել բեմի ազդեցությունը։
Վավերագրական թատրոնում կարևորը տեքստն է, անգամ ոչ դերասանները և հաստատ ոչ խաղը որպես այդպիսին (այն միտումնավոր պարզեցվում է, մոտենում իրական վաքագծի)։ Վավերագրական թատրոնը կոնկրետ է, շատ դեպքերում նվազագույն դեկորացիաներով ու գրիմով։ Տեքստն այստեղ փաստաթուղթ է։ Եվ դրանում է վավերագրական թատրոնի ուժն ու հմայքը։
«Ապրել առանց վախի» կամերային ներկայացումը, որը կոչվում է «խաղ երկուսի համար», այն օրինակներից է, երբ իրավիճակն ու խոսքը բեմում կառուցված են բացառապես իրական մենախոսություններից ու փաստերից։ Բեմը պայմանական է, բայց մարդիկ բեմից ասում են ոչ թե հնարված, այլ արդեն իսկ մեկ անգամ իրական մարդկանց շուրթերից հնչած խոսքեր։
Ի դեպ՝ նման խիստ մոտեցումը բնավ էլ պարտադիր չէ վավերագրական թատրոնում, կարելի է շատ բան մոնտաժել, խմբագրել, փոփոխել, բայց այս ներկայացման հեղինակների համար սկզբունքային էր ոչ մի բառ չփոխելն ու չխմբագրելը։ Ինչ ասել են իրական մարդիկ, այն էլ դարձել է դրամատուրգիական հիմք։
Ներկայացման բեմադրիչ ու տեքստի հեղինակ Գագիկ Ղազարէն շատ երկար նախապատրաստական աշխատանք է արել։ Որոշելով վավերագրական ներկայացման առանցքը դարձնել ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող մարդկանց, նա անցկացրել է անանուն հարցազրույցներ, համադրել բժշկական ու սոցիոլոգիական հետազոտություններ, մեկ անգամ էլ անցկացրել հարցազրույցներ, սղագրել, մոնտաժել, գրել երկու մարդու պայմանական երկխոսություն։
Վավերագրական թատրոնում հեղինակը նաև լրագրող է, քանի որ նյութ հավաքելու գործիքները լրագրողական են և արդյունքում պետք է կարողանա հարցազրույցներից ստանալ դրամատուրգիական բախում։ Եվ այդ բոլոր փաստերից կառուցվել է ամբողջական պիես։ Լրիվ ճշմարտացի, բայց հարմար բեմի համար։
Ղազարէն ոչ մի բառ կամ դրվագ չի ավելացնել այն մարդկանց խոսքին, որոնք համաձայնել են պատմել իրենց տրավմատիկ փորձի ու ներկա կյանքի մասին։ Դա անելը կրկնակի բարդ է, երբ գործ ունես ՄԻԱՎ ախտորոշում ունեցող մարդկանց հետ, որոնք կանկեղծանան ու կխոսեն միայն, երբ լիովին վստահեն իր զրուցակցին։
Ի դեպ՝ նրանց կյանքի շատ մանրամասներ անգամ իրենց հարազատներն ու ընկերները չգիտեն։ Գիտե միայն նրանց լսող դիպվածագիր - դրամատուրգը։
ՄԻԱՎ ախտորոշում ունեցող մարդկանցից շատերը բնավ էլ չեն ուզում, որ իրենց մասին խոսեն բեմից, անգամ ընդհակառակը՝ խխունջանում են իրենց խնդիրների մեջ ու ապրում՝ ձգտելով լինել աննկատ, անդեմ, փակ։ Նրանք հայտնվել են կյանքի լուսանցքում ու հաճախ գերադասում են լուսանքում էլ մնալ, քանի դեռ տարբեր խարաններն ու սնահավատ վախերը ունեն մեծ հասարակական ներգործություն։
Եվ ստացվում է, որ թատրոնը ստիպում է նրանց երևալ։ Լինել տեսանելի ու խոսել սեփական բառերով (թեև պատվիրակելով, որ իրենց խոսքերն ասեն դերասանները)։ Ու առաջանում է հարց՝ հանուն ինչի՞…
Իհարկե, պատասխաններից մեկը իրազեկման գործոնն է։ Թատրոնը պատմելով, իրազեկում է թե՛ բուն վարակի, թե՛ դրա կանխարգելման միջոցների, վարակակիրների հետ շփման անվտանգ եղանակների մասին և այլն։ Ընդ որում՝ այս ներկայացումից հաստատ շատ ինֆորմացիա կստանանք նույնիսկ, եթե կարծում ենք, որ ամեն ինչ գիտեք ՄԻԱՎ-ի մասին։ Մանավանդ, հաշվի առնելով, որ դրամատուրգիական նյութում նաև փաստեր են, հետազոտական եզրակացություններ, վիճակագրական տվյալներ։
Սակայն անգամ դա չէ կարևորը, երբ հարցնում ենք՝ հանուն ինչի՞։ Ինչու՞ պետք հիմա խոսել այս մարդկանց մասին։ Ի վերջո, կարելի է հակադարձել, որ մեր հասարակության առաջ կանգնել են շատ ավելի ակտուալ ու ցավոտ հարցեր, որոնց մասին արժե խոսել թե՛ գոյաբանական տեսակետից, թե՛ սիմվոլների։ Ինչու՞ ՄԻԱՎ։
«Ապրել առանց վախի» ներկայացումը ունի պատասխան։
Եվ այդ պատասխանը շատ լավն է։ Որովհետև, այդ մարդիկ էլ են մենք։ Որովհետև կարող ենք տեսնել, թե ինչպես է ապրելու վախը քայքայում անհատականությունը։ Վախ, որ քեզ չեն ընդունի, որ դու արժանի չես, որ կեղտոտ ես, որ լավը չես, որ մեղավոր ես։
Եվ հակառակը. շատ հեշտ է մյուսին վախեցնել ու պարփակել վանդակում, եթե անընդհատ ցույց տաս, որ նա չի տեղավորվում ընդունված նորմերի մեջ։ Այլ է։ Ուրիշ է։ Նման չէ մեծամասնությանը։
Ասենք, ոչ թե ՄԻԱՎ կարգավիճակ ունի, այլ համարձակվել է սիրել նրան, ում սիրել չի խրախուսվում։ Կամ մազերը ներկել է կամիր-կանաչ։ Կամ էլի հազար ու մի ավելի մանր քայլերով ցույց է տվել, որ ունի իր ճակատագիրը և այն այլևս անբեկանելի է։
Դերասաններ Գայանե Եղիազարյանն ու Սուրեն Առաքելյանը բեմում գրեթե ոչինչ չեն անում, միայն երևակայական զրույց են վարում իրար հետ՝ փոխանակելով վարակվելու, վարակի հետ ապրելու, ընտանիքի անդամների հետ շփվելու (կամ չշփվելու) իրենց փորձառությամբ։ Իրար են հարցնում ու իրար լսում։ Եվ հանդիսատեսը ընկղմվում է նրանց մտքրերի ու զգացմունքների մեջ՝ դանդաղ, բայց անկասելիորեն վերապրելով նրանց վիճակը, ճակատագիրը։ Որոշ դեպքերում՝ ըմբոստանում է թուլակամ որոշումներից, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես կարեկցում։
Շատ մոբիլ, կամերային, պարզ արտահայտչամիջոցներով այս ներկայացումը երկխոսում է հանդիսատեսի հետ՝ օդում կախելով հարց՝ իսկ եթե նրանց տեղում հանկարծ լինես դու՞…
«Ապրել առանց վախի» ներկայացումը պատրաստել է Արվեստի բաց հարթակ միավորումը, որն իր թատերական զինանոցում արդեն երկու դոկումենտալ ներկայացում ունի։ Նաև «Մամայի համար» ներկայացումը, որի հիմքում ընտանեկան բռնության ենթարկված կանանց պատմություններն են։
Եվ դիտելով նրանց աշխատանքը, ընդունում ես, որ վավերագրական թատրոնը շատ ավելի մեծ հեռանկարներ ունի Հայաստանում, քան կարող ենք ենթադրել։
Վավերագրական թատրոնը բարդ ժանր է, բայց շատ գրավիչ։ Ուժեղ հույզերով ու հարգանքով իրականության հանդեպ։ Այդ ժանրը յուրահատուկ փրկօղակ է, երբ ռմբակոծվում ես տեղեկատվությամբ ու փորձում թատրոնի պայմանականության մեկնակետի հետ հաշտեցնել գերտեղեկացվածությունը։
Միգուցե տարօրինակ թվա, բայց հենց մեր օրերի տեղեկատվական աղմուկի մեջ վավերագրական թատրոնը ստանում է ծանրակշիռ հնարավորություն լուսավորելու (որքան էլ դա վերամբարձ հնչի) և իր բեմական լույսերի տակ առնելու այն, ինչը չի երևում, բայց կարևոր ու արդիական է։ Ընդգծելու այն միտքը, իրավիճակը, մարդկանց, որոնց չես տեսնում ոչ թե այն պատճառով, որ դրանք հասանելի չեն, այլ պարզապես լսելի չեն աղմուկի մեջ։ Երբ խոսում են բոլորն ու ամեն կողմից, պետք է մեկը, որ զտի, խոշորացնի ու կոնկրետացնի ձայնային հոսքերը։ Եվ դա լավ է անում հենց թատրոնը, անգամ ոչ կինոն, քանի որ թատրոնն ունի առավելություն՝ այն ամեն օր տարբեր է։
Խիզախություն է պետք այդ ժանրում աշխատելու համար։ Եվ համբերություն։ Այդ երկու հատկությունները հույժ պակասում են մեր թատրոնում ու անասելի կարևոր են։
22.11.2023 23:16